էկոլոգիա Տնտեսություն

Նռան 5 ծառից 4-ն անցել է ադրբեջանցիներին․ Արցախի կորուստները գյուղատնտեսության ոլորտում

Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն և Սարուշեն գյուղերն ու հարակից ցորենի ու գարու արտերը։ Լուսանկարիչ՝ Գարիկ Ղազարյան

Պատերազմի հետևանքով Արցախի ամեն 5 նռան ծառից 4-ը անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դա եղել է հարավային տարածքների կորստի ու նախկին ադրբեջանական 7 շրջանների հանձնման հետևանքով։

Արցախի նռան անկումը

Հայկական վերահսկողության տակ է մնացել նռան 2300 հեկտար այգիներից միայն 500 հեկտարը, որի մի մասում էլ ծառերը նորատունկ են։ Այս մասին «Ամփոփ Մեդիային» հայտնել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։ Նրա տվյալներով՝ այգետերերը չեն էլ հասցրել բերքահավաք անել, քանի որ սեզոնը համընկել է պատերազմական գործողությունների հետ։

Քարտեզում նման մի օրինակ է Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղից, որը Ադրբեջանին է անցել նոյեմբերի 20-ին որպես նախկին ադրբեջանական Աղդամի շրջանի տարածք։ 2004 թվականի արբանյակային լուսանկարում երևում է տարածքի ամայությունը, 2020-ի սեպտեմբերի լուսանկարում՝ նռան այգիները։

Պատերազմին նախորդած տարին՝ 2019 թվականը, խիստ բերքառատ էր եղել Արցախի նռան համար։ Համախառն բերքը կազմել էր 4890 տոննա՝ նախորդ տարվա 2470 տոննայից գրեթե կրկնակի ավելի։ Այս տվյալները 2019-ի նոյեմբերին ներկայացրել է Արցախի գյուղնախարարի տեղակալը։

Մեկ տարի անց՝ 2020-ի նոյեմբերի նույն օրերին, Արցախի բնակչության մի մասը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո լքում էր իրենց տները՝ հասունացող բերքը թողնելով Ադրբեջանին անցնող Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի (Աղդամի) այգիներում։ Այդ այգիներում են մնացել նաև նորատունկ 160 հեկտար այգիներ։


Կարդացեք նաև․ Հողերի հանձնման հետևանքները․ Արոտավայրերի կորուստ, անասնապահության անկում


Թթի այգիները՝ գծից այսկողմ ու այնկողմ

Նույն ճակատագրին արժանացան արցախյան հանրահայտ թթի այգիները։ Այս հատապտղի դերն այնքան մեծ է Արցախում, որ վիճակագրության մեջ առանձին հիշատակվում են դրա տնկարկների տարածությունների և բերքի ծավալները։

2019 թվականի տվյալներով՝ Արցախում թթի բերքը կազմել է 2581 տոննա։ Դրա կեսից ավելին բաժին է ընկնում Մարտունու շրջանին, որի զգալի մասը, բարեբախտաբար, շարունակում է մնալ հայկական վերահսկողության տակ։

Սակայն թթի տնկարկների առավել մեծ կորուստներ արձանագրվել են Հադրութի շրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս շրջանը ամենաբարձր բերքատվությունն է ունեցել թթի տեսանկյունից։

2019 թվականի տվյալներով Մարտունիում 1 հեկտար տնկարկներից ստացվել է 2,9 տոննա թութ, Հադրութում՝ 8,9 տոննա։ Արդյունքում, չնայած տնկարկների տեսանկյունից Հադրութին 2019-ին բաժին է ընկել 11%-ը, շրջանը ապահովել է Արցախի թթի բերքի շուրջ 23%-ը։

Զգալի են կորուստները նաև Ասկերանի շրջանում, որի մեջ է մտնում նաև Աղդամի շրջանի այն մասը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Սակայն այստեղ հաշվարկը պետք է իրականացնել ըստ առանձին գյուղերի, քանի որ շրջանի մի մասը մնացել է հայկական վերահսկողության տակ։

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը «Ամփոփ Մեդիային» հայտնել է, որ նախքան պատերազմը Արցախում առկա 950 հա թթի այգիներից հայկական վերահսկողության տակ է մնացել 650 հեկտարը։


Կարդացեք նաև․ Կռիվ էր սկսել․․․ «Մտածում էի՝ փոխենք մեր հագուստը, որ վիրավորվենք, տնային հագուստով չլինենք, ամոթ է»


Գյուղատնտեսության դերը Արցախում

Արցախի տնտեսության մեջ գյուղատնտեսության արտադրանքը 2019 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 20.6-ը՝ նախորդ տարիներին շարունակ կրճատելով իր տեսակարար կշիռը։

Նախարար Աշոտ Բախշիյանի գնահատմամբ՝ բացառությամբ Ստեփանակերտի, Արցախի բնակչության շուրջ 90% -ը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:

Նախարարության տվյալներով՝ պատերազմի հետևանքով կորսվել է Արցախի վարելահողերի մոտ 75%-ը, ինչի հետևանքով անհրաժեշտություն է ստեղծվել վերանայել գյուղատնտեսության ոլորտում վարվող քաղաքականությունը։

Ոչ մի թիզ հող

Արցախում ցորենի ցանքատարածությունները սկսվում էին անմիջապես առաջին գծի դիրքերից՝ խրամատներից անմիջապես հետո՝ հաճախ ավելի մոտ լինելով առաջնագծին, քան հրամանատարական հենակետերը։ Ամեն մի թիզ հողը ենթակա էր մշակման։

Քարտեզով ներկայացված են ցանքերի հեռավորությունը դիրքերից [սեղմիր նշաններին]

Ըստ հրապարակված քարտեզների՝ կոնկրետ այս տեղանքը արդեն ադրբեջանական վերահսկողության տակ է, թեև Մարտունու շրջանում է և նախկին ԼՂԻՄ տարածքի մեջ է մտնում։ Բայց ցանքատարածությունների զգալի մասը գտնվում էր նաև ԼՂԻՄ տարածքից դուրս՝ Քաշաթաղի ու Հադրութի շրջաններում՝ հարավում։

Արցախի գյուղատնտեսության նախարարի նախնական գնահատականով՝ կորսվել է շուրջ 95 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություն և այգիներ։

Այսպես՝ պատերազմի ժամանակ կորսված ու դրանից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած տարածքներից Հադրութի և Քաշաթաղի շրջաններում միասին կար հացահատիկի 34 հազար հեկտար ցանքատարածություն։ Այս կորստին կգումարվեն նաև Ասկերանի ու Մարտունու շրջանների որոշ հատվածների կորուստները. այս երկու շրջաններում հիմնականում ցորեն էր ցանվում։

Արցախի գյուղնախարարի խոսքով՝ հացահատիկային մշակաբույսերի մասով Արցախն ամբողջությամբ ինքնաբավ էր, ավելին՝ Արցախում ստացված բերքը 25%-ով բավարարում էր նաև ՀՀ ցորենի պահանջարկը: Նախարարության նախնական հաշվարկներով, ներկա պահի դրությամբ Արցախում առկա է մոտ 35 000 հա վարելահող:

«Այդ ռեսուրսի ճիշտ ու գրագետ կառավարումը թույլ կտա մեզ ժամանակի ընթացքում լիարժեք ապահովել Արցախի ժողովրդի պարենային անվտանգությունը՝ այդ թվում և հացահատիկի մասով», – նշում է նախարար Բախշիյանը։

Ամփոփեց Գարիկ Հարությունյանը

Գծապատկերները՝ հեղինակի

Լուսանկարը՝ Garik Ghazaryan Photographer էջից

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/02/2021