Առողջություն

Չստուգված մսի օգտագործման վտանգները

Հայաստանը շարունակում է մնալ այն երկրների շարքում, որտեղ բակերում պահպանվում է կենդանու մորթ իրականացնելու պրակտիկան։ Խնդրի հանրային առողջապահական կողմին անդրադառնալիս՝ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը նախ և առաջ մանրէաբանական ռիսկերն է մատնանշում։

«Բակում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությամբ ու առանց նախնական զննության սպանդի ենթարկված կենդանու միսը մարդկանց մոտ տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ»,- ասում է Պիպոյանը։

Ըստ նրա` որպեսզի ախտածին միկրոօրգանիզմներով վարակված միսը չհասնի սպառողին, կենդանին պետք է սպանդի ենթարկվի բացառապես սպանդանոցում։

Ներկա պահին հանրապետությունում գործող սպանդանոցների թիվը 17-ն է։ Եվս 25 սպանդանոց, համաձայն Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, վերանորոգման կամ կառուցման փուլում է։ Մայրաքաղաք Երևանում սպանդանոց չկա։

Սպանդանոցների հետ կապված սեփական դիտարկումներն է արել Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը, որը գործում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կազմում։ Ըստ այդմ՝ սպանդանոցների թիվն անբավարար է, եղածի մեծ մասն էլ քաղաքային համայնքներում է։ Որպեսզի սպառողին հասնի անվտանգ միս և տեղափոխման համար չծախսվի շատ գումար, մասնագետներն առաջարկում են սպանդանոցները կենտրոնացնել գյուղերում՝ այդպիսով զարգացնելով նաև գյուղական համայնքները։

Անառողջ մսից փոխանցվող հիվանդությունները

Անասնաբույժ Օլեգ Շչերբակովն Ամփոփ Մեդիայի հետ զրույցում նախ նշում է 3 ամենավտանգավոր հիվանդությունները, որոնցով մարդը վարակվում է՝ օգտագործելով հիվանդ կենդանու միսը։

Տրիխինելյոզ. վարակվում են ընտանի կամ վայրի հիվանդ խոզից, որսի մսից։ Հայաստանում այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, բայց ծանր հետևանքներ է ունենում, երբեմն՝ ավարտվում մահով։ Արտահայտվում է մկանացավով։ Նախանշաններից են՝ ալերգիկ ռեակցիաները, բարձր ջերմությունը։

Եթե մսի մեջ առկա հիվանդությունների հարուցիչները 80 աստիճանից բարձր ջերմաստիճանում 30 րոպե ջերմային մշակում անցնելուց հետո հիմնականում ոչնչանում են, ապա տրիխինելյոզի դեպքում ջերմային մշակումը չի օգնում։

Տոքսոպլազմոզ. հիվանդությունը ծանր հետևանքներ է ունենում հղիների մոտ։ Վարակված կենդանու միսը կամ կաթը հում, կիսահում վիճակում օգտագործելու դեպքում հավանական է, որ հղին կամ կվիժի, կամ էլ երեխան կծնվի որևէ արատով։

Սպանդանոցներում առայժմ կենդանու՝ այս հիվանդությամբ վարակվածությունը չի ստուգվում։

Խոզի և եզան երիզորդներ. հիվանդանում են վարակված տավարի ու խոզի հում, կիսահում մսից։ Մարդու աղիքներում զարգանում են մինչև 10 մետր երկարությամբ ժապավենաձև որդեր։

Հիվանդությունն ուղեկցվում է մարսողության խանգարումներով, հյուծվածությամբ։

Անառողջ մսից մարդուն կարող են փոխանցվել նաև բրուցելյոզ, տուբերկուլյոզ, սալմոնելա և այլն, որոնք գուցե ավելի շատ ճանաչված են հանրության շրջանում։ Վիճակագրության համաձայն, Հայաստանում 2018թ․-ի 12 ամիսների ընթացքում գրանցվել էր բրուցելյոզով հիվանդացության 200 դեպք։ Իսկ 2019թ. հունվար-հունիս ժամանակահատվածում հիվանդացության դեպքերը 110-ն են:

Այնպես որ, առնվազն 30 րոպե պարտադիր 90-95 ջերմաստիճանով ջերմային մշակում անցկացրեք միսը՝ նախքան դրանով ուտեստ պատրաստելը։

 

Քանի գրամ միս է ուտում Հայաստանի բնակիչը

Օրգանիզմի նորմալ կենսագործունեության և աճի համար սննդակարգում մսի ներառումը կարևոր է, քանի որ այն սպիտակուցների, երկաթի, ցինկի, B12 վիտամինի հիմնական աղբյուրներից է։

Սակավարյունության դեպքում առավել օգտակար է կարմիր միսը՝ տավարի, խոզի, ոչխարի, քանի որ դրանցում երկաթի պարունակությունն ավելի շատ է։

Սակայն չափից շատ մսի օգտագործումն էլ լավ չէ, քանի որ առողջական խնդիրներ կարող է առաջացնել։ Օրինակ՝ ուռուցքային հիվանդություններ։ Մսի օրական չափաբաժինն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ չպետք է գերազանցի 70 գրամը։

Օրինակ Երևանում՝ բնակիչները կարծես գտել են սպառման «ոսկե» միջին չափը։ Այն ԱՀԿ-ի սահմանած չափից 25 գրամով պակաս է։ Այսպիսի տվյալներ են ստացել Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնում, որը պարբերաբար նման հարցումներ է իրականացնում։ Համաձայն այդ տվյալների՝ մայրաքաղաքի մեկ բնակիչն օրական ուտում է 22 գրամ տավարի, 20 գրամ հավի և 3 գրամ խոզի միս։

Մսի սպառման գրամներով հաշվարկ տրամադրում է նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեն։ 2018թ. զեկույցի համաձայն՝ հանրապետությունում տավարի մսի սպառման օրական ծավալը մեկ շնչի հաշվով կազմում է շուրջ 75 գրամ, խոզինը՝ շուրջ 30, թռչնինը՝ 45 գրամ։ Սույն տվյալները հիմնված են միայն սպանդանոցներում ստացված մսի քաշի վրա։ Ընդ որում՝ ցուցանիշը ներառում է մսից ստացված այլ մթերքներ ևս՝ պահածոներ, երշիկեղեն և այլն։

Ինչո՞ւ է կարևոր ձեռք բերել միայն սպանդանոցային ծագման միս

Մսի ջերմային մշակումը թեպետ ոչնչացնում է մի շարք հիվանդությունների հարուցիչներ, սակայն վտանգն ամբողջությամբ չի վերացնում։

Խոհանոցում և այլ մթերքներում դրանք արագորեն տարածվում են անառողջ մսի հետ առնչված առարկաների միջոցով՝ դանակ, տախտակ, ափսե և այլն։

Հանրային առողջապահության տեսակետից՝ կենդանական ծագում ունեցող մթերքները բարձր ռիսկային են համարվում։

«Գոյություն ունի կենդանական ծագման մթերքի, մասնավորապես՝ մսի անվտանգության երաշխավորման համակարգ՝ սպանդային մորթ։ Այս դեպքում՝ կենդանին ենթարկվում է և՛ նախասպանդային, և՛ ետսպանդային զննության»,- ասում է Պիպոյանը։

Ըստ նրա՝ շուկա մտնող մսամթերքի անվտանգությունը երաշխավորելու համար առայժմ բավարար մեխանիզմներ չկան։

Պիպոյանն ասում է, որ շուկան հնարավոր կլինի լիարժեք վերահսկել, եթե ստեղծվի կենդանիների ռեեստր և գործի հետագծելիության մեթոդը։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կենդանի պետք է ունենա իր համարը և տեսանելի լինի նրա շարժը՝ ծնված պահից մինչև մորթ կամ անկում. «աշխարհագրական մակնշման և հետագծելության օրենքի համաձայն՝ կենդանին սպանդանոցում քանի կտորի որ բաժանվել է, յուրաքանչյուրի վրա նշվում է և´ համարը, և´ ծագման վայրը, և´ թե որտեղ է բտվել ու սպանդի ենթարկվել»։

Տեսչական մարմնից վստահեցնում են, որ այս երկու կարևոր փոփոխությունները չեն ուշանա։ Անառողջ մսի մուտքը շուկա թույլ չտալու համար 2020թ. հունվարի 15-ից  նախատեսվում է պարտադիր դարձնել ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությունը։ Հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Դա նշանակում է, որ խանութը կամ սննդի կետը միսը պետք է ընդունի միայն նրա՝ սպանդանոցային ծագման լինելը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Բացառապես սպանդանոցային ծագման միս մայրաքաղաքում առայժմ առաջարկում է ընդամենը երկու խանութների ցանց և հասարակական սննդի մեկ ցանց։

Մսամթերքի շուկան լիարժեք վերահսկելի դարձնելու համար 2020թ.-ից կմեկնարկի նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման եռամյա ծրագիր։

Հեղինակ` Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գևորգյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/12/2019