Առողջություն

Կաթնամթերքի արտադրության մութ կողմերը

Կաթնամթերքի հայկական շուկայում անարատ կաթից պատրաստված մթերք գտնելը շարքային սպառողի համար բարդ է։

Հիմնական պատճառն այն է, որ սպառողի մոտ չկա վստահություն արտադրողի բարեխիղճ աշխատանքի նկատմամբ։ Արդյոք այն, ինչ վաճառվում է կաթի կամ կաթնամթերքի անվան տակ, լիովին համապատասխանո՞ւմ է մակնշմանը, որն առկա է տարայի վրա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բազայում ներկայումս գրանցված է կաթնամթերք արտադրող 144 կազմակերպություն։

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ընթացքը կարգավորում է 2017թ-ին «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա։ Համաձայն այդ փոփոխությունների՝ եթե արտադրանքը պարունակում է ոչ թե կաթ, այլ կաթնային յուղի փոխարինող (բուսական յուղ), ապա բաղադրության մեջ պարտադիր պետք է նշվի դրա մասին։

Պետք է հստակ լինի նաև մթերքի անվանումը։ Օրինակ՝ չի թույլատրվում թթվասեր գրել այն մթերքի տարայի վրա, որի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ։ Այս դեպքում մթերքը կարող է կոչվել օրինակ՝ կաթնային յուղի փոխարինող պարունակող մթերք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով։

Այդուհանդերձ, արտադրանքի բաղադրությանն ու մակնշմանը ներկայացվող պահանջները ոչ միշտ ու ոչ բոլոր ընկերություններն են պահպանում։ Դրա մասին են վկայում Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերած խախտումները։

Կեղծ մակնշումների բազմաթիվ դեպքեր հայտնաբերել են նաև ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի աշխատակիցները։ Կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ ավելի հաճախ օգտագործվում է պաղպաղակի մեջ։ Հատկապես այդ մթերքում, որի սպառողների զգալի մասը երեխաներ են, բուսական յուղ ընդհանրապես չպետք է լինի։

Բուսական յուղը հագեցած ճարպաթթուներ է պարունակում և նպաստում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Մեր զրուցակիցն ասում է՝ որպես կանոն՝ այն մթերքները, որոնց բաղադրության մեջ շատ են պահածոյացնող նյութերը, համահոտային հավելումները, ինչպես օրինակ՝ յոգուրտները, ռիսկային են։ Դրանք պետք է բացառել հատկապես երեխաների սննդակարգից։

Տրանսճարպաթթուներ և հակաբիոտիկներ. ո՞ր դեպքում են վտանգավոր

Կաթն ու կաթնամթերքը բնականից պարունակում են որոշ քանակությամբ տրանսճարպաթթուներ։ Դրանց քանակությունն այնքան փոքր է, որ առողջական խնդիրներ մարդու մոտ չեն կարող առաջացնել։ Սակայն լինում են դեպքեր, երբ արտադրողները, նախընտրելով էժան հումքը, կաթնամթերքին ավելացնում են տրանսճարպաթթուներ, որոնք ստացվում են բուսական յուղի հիդրոգենացման ճանապարհով, այսինքն՝ արհեստականորեն են սինթեզվում։ Այդ մթերքներից են՝ մարգարինը, սպրեդը, մայոնեզը, տարբեր տեսակի թխվածքաբլիթները, «ֆաստ ֆուդերը» և այլն։

Տրանսճարպաթթուներն օրգանիզմի կողմից չեն յուրացվում, կտրուկ բարձրացնում են խոլեստերինի մակարդակը։ Դրանցից խուսափելու համար կարևոր է մթերքը գնելուց առաջ համոզվել, որ բաղադրության մեջ հիդրոգենացված կամ մասամբ հիդրոգենացված բաղադրիչ չկա։

Կաթի ու կաթնամթերքի ժամկետը երկարացնելու համար արտադրողներն ավելի հաճախ օգտագործում են հակաբիոտիկներ։ Օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար մանրէաբան-կենսատեխնոլոգ Ինգա Բազուկյանը կիրառության ոսկե կանոնն է հիշեցնում.

«Այն հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են սննդի արդյունաբերության մեջ, երբեք չպետք է նման լինեն այն միացություններին, որոնք օգտագործվում են մարդուն բուժելու համար։ Դրանք, ինչպես նաև կենդանուն բուժելու նպատակով օգտագործվող հակաբիոտիկները, պետք է միացությունների առանձին խմբեր լինեն»։

Եթե կաթը պարունակում է հակաբիոտիկ, հնարավոր է, որ այն չմերվի։ Չնայած «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Ինգա Բազուկյանն նշում է, որ կաթնաթթվային մանրէներն արդեն կայունություն են ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ, և դրանց առկայության դեպքում էլ կաթը կարող է մերվել։

Եթե կաթը եռացնելն օգնում է ազատվել մանրէաբանական աղտոտվածությունից, ապա հակաբիոտիկների ու ծանր մետաղների դեպքում չի օգնում։

Հանքարդյունաբերական գոտիներում արածեցված կովի կաթը որքան էլ եռացնենք, նրանում պարունակվող ծանր մետաղները չեն վերանա։

Ո՞րն է անվտանգ. գործարանայի՞ն կաթը, թե՞ գյուղացուց ձեռք բերվածը

Գործնականում այն վտանգները, որոնք հանդիպում են գործարանային կաթի ու կաթնամթերքի մեջ, չի բացառվում, որ գյուղացուց գնված կաթում էլ հանդիպեն։ Ի վերջո, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հումք են ձեռքբերում գյուղացիներից։ Օրինակ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէները, որ կաթի ու կաթնամթերքի մեջ հաճախակի են հայտնաբերվում, կաթի մեջ են անցնում կովի կղանքից։ Եթե կովի կուրծքը նորմալ չի լվացվում կթելուց առաջ, ապա կաթի մեջ է անցնում աղիքային ցուպիկի հարուցիչը։

Կարդացեք նաև

Չստուգված մսի օգտագործման վտանգները

Հայաստանում տարածված հիվանդություններից մեկն էլ բրուցելյոզն է, որի հարուցիչը դարձյալ մարդու օրգանիզմ է անցնում կաթի ու կաթնամթերքի միջոցով։ Ուղղակի այս դեպքում վարակման աղբյուրը հիվանդ կովն է։ Ինգա Բազուկյանն ասում է, որ բրուցելյոզի առումով խոցելի են հատկապես այն մթերքները, որոնք ջերմային մշակում կամ պատշաճ պաստերիզացում չեն անցել։ Ըստ այդմ՝ ամենավտանգավորը պանիրն է, հատկապես՝ «չանախ» տեսակինը։

Բրուցելյոզի հարուցիչը կոչնչանա, եթե կաթը 100-120 աստիճանում ջերմային մշակման ենթարկվի կամ պանիրը 3 ամիս պահվի 17 տոկոսանոց աղաջրում։ Ընդհանրապես կաթի մեջ հանդիպող վտանգավոր մանրէների զգալի մասը վերանում են այն առնվազն 10 րոպե եռացնելու դեպքում։

Մյուս հաճախ հանդիպող հարուցիչը, որը մարդուն է անցնում կաթնամթերքի միջոցով, ոսկեգույն ստաֆիլակոկի հարուցիչն է։ Այս դեպքում վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Ախտածին մանրէները կաթի մեջ կարող են անցնել հիվանդ կթվորից, աշխատակցից։

Խոսելով կաթի ու կաթնամթերքի միջոցով մարդուն անցնող ամենատարածված հարուցիչների մասին՝ մանրէաբան-կենսատեխնոլոգը հիշեցնում է, որ վնասակար մանրէներից զատ, կաթի մեջ կան նաև օգտակար մանրէներ։ Դրանք ոչ միայն կաթը թթվեցնում և վերածում են մածունի, այլև նպաստում են մարսողական համակարգի աշխատանքին, սինթեզում հակաօքսիդանտներ ու մի շարք մանրէասպան միացություններ։

Հեղինակ` Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գևորգյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 11/12/2019