Մեր մասին Էթիկա











Տնտեսություն Քաղաքական

Հայկական ձուկը մնացել է առանց ռուսական շուկայի․ ինչն է հաստատ, ինչը՝ ոչ

Հայկական ձկան և ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան փաստացի դադարեցվել է ռուսական սահմանափակումների հետևանքով։ Սա լուրջ խնդիր է ոլորտի համար, քանի որ Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է հայկական ձկնարտադրանքի հիմնական շուկան։

Միաժամանակ մեդիա և սոցիալական հարթակներում շրջանառվում է, որ Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներով պատժում է Հայաստանին եվրոպական արտաքին քաղաքական ուղղության համար, իսկ որպես հնարավոր այլընտրանքային շուկաներ նշվում են Եվրամիությունը, Վրաստանն ու Ղազախստանը։

«Ամփոփ Մեդիան» համադրել է պաշտոնական հաղորդագրություններն ու արտաքին առևտրի տվյալները՝ պարզելու՝ ինչն է հաստատված, ինչը՝ դեռ գնահատական կամ չապացուցված պնդում։

Կարճ պատասխան

Հայկական ձկան արտահանումը Ռուսաստան դադարել է ռուսական սահմանափակումների պատճառով։ Սա հաստատված է։

Հաստատված է նաև, որ հայկական ձկնարտադրանքի արտահանման շուկան մեծապես կախված էր Ռուսաստանից։ ՊԵԿ արտաքին առևտրի տվյալներով՝ 2025-ին Հայաստանի ձկան և ձկնամթերքի արտահանման շուրջ 90%-ը՝ քանակով, և 97.4%-ը՝ արժեքով, բաժին է ընկել Ռուսաստանին։

Սակայն հրապարակային հասանելի տվյալները բավարար չեն պնդելու, որ ձկնամթերքի սահմանափակումները կիրառվել են Հայաստանին եվրոպական արտաքին քաղաքական ուղղության համար պատժելու նպատակով, քանի որ ռուսական կողմը այդ սահմանափակումները պաշտոնապես հիմնավորել է անասնաբուժական և սննդային անվտանգության խնդիրներով։

Հաստատված չէ նաև, որ ԵՄ-ն կամ այլ շուկաներ կարող են դիտարկվել որպես ռուսական շուկայի այլընտրանք։

Ինչն է հաստատված․ ռուսական սահմանափակումներից հետո արտահանումը դադարեցվել է

«Ռոսսելխոզնադզորի» ստուգումներից հետո ռուսական կողմը նախ սահմանափակեց հայկական գրեթե բոլոր տնտեսավարողների մատակարարումները։ Երկու ընկերություն՝ «ՄՖ Էքսպորտ»-ը և «Ինվեստ Պլյուս»-ը, որոշ ժամանակ դեռ կարող էին արտահանել, սակայն հունիսի 19-ից դադարեցվեց նաև նրանց արտադրանքի անասնաբուժական սերտիֆիկացումը։ Դրանից հետո Ռուսաստան ձուկ և ձկնամթերք արտահանելու իրավունք ունեցող հայկական ընկերություն այլևս չմնաց։

Հուլիսի 27-ին հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։ Հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանափակումները հակասում են երկկողմ իրավապայմանագրային դաշտին և ԵԱՏՄ կարգավորումներին։

Այսինքն՝ արտահանման դադարեցման պատճառը ռուսական կողմից սերտիֆիկացման սահմանափակումն է։ Բաց է մնում սահմանափակումների իրական շարժառիթի հարցը։

Ռուսաստանից կախվածությունը՝ թվերով

ՊԵԿ արտաքին առևտրի տվյալներով՝ 2025-ին Հայաստանը արտահանել է 11.2 հազար տոննա ձուկ և ձկնամթերք, որից շուրջ 10.1 հազար տոննան՝ Ռուսաստան։ Ռուսաստան արտահանված արտադրանքի արժեքը կազմել է 81.3 մլն դոլար։

Այսպիսով, Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման շուրջ 90%-ը՝ քանակով, և 97.4%-ը՝ արժեքով։

Կից գրաֆիկը ցույց է տալիս, որ 2023-2025 թվականներին Ռուսաստանը կայուն կերպով մնացել է հայկական ձկան և ձկնամթերքի արտահանման գերակշիռ ուղղությունը։

2026-ի առաջին եռամսյակում՝ դեռ մինչև սահմանափակումները, Ռուսաստան արտահանվել է 2.2 հազար տոննա ձուկ և ձկնամթերք՝ 18.1 մլն դոլար արժեքով։ Այսինքն 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը քանակով աճել էր մոտ 47%-ով, իսկ արժեքով՝ 64%-ով։

Այս թվերը ցույց են տալիս, որ մինչև սահմանափակումները ռուսական շուկայի նշանակությունը չէր նվազել։ Հետևաբար ռուսական շուկայի կտրուկ փակումը բնականաբար կարող է ծանր հետևանք ունենալ ոլորտի համար։

15 հազար տոննա ձուկ․ դեռևս չհաստատված ցուցանիշ

Հուլիսին ձկնաբույծները հայտարարել են, որ տնտեսություններում կա շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ, որի իրացումը խնդիր է դարձել։

Պաշտոնական արտահանման տվյալները նման ծավալի առկայությանը չեն հակասում, բայց դրանցով հնարավոր չէ հաստատել, որ տնտեսություններում իսկապես կա 15 հազար տոննա կենդանի ձուկ կամ որ ամբողջ այդ ծավալը կուտակվել է ռուսական սահմանափակումների հետևանքով։

Ուստի 15 հազար տոննան առայժմ ձկնաբույծների գնահատականն է, ոչ թե պաշտոնապես հաստատված ցուցանիշ։

ԵՄ-ն, Վրաստանը և Ղազախստանը կարո՞ղ են փոխարինել Ռուսաստանին

Հայաստանը ԵՄ որոշակի տեսակի ձուկ և ձկնամթերք արտահանելու իրավական հնարավորություն ունի։ ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ին հաստատել է ԵՄ TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման և առողջության սերտիֆիկատների տրամադրման կարգը։

Բայց ԵՄ արտահանելու հնարավորությունը դեռ չի նշանակում, որ այնտեղ արդեն ձևավորված է հայկական ձկան վաճառքի շուկա։ Ռուսաստան գնացող ծավալները այլ ուղղություններ տեղափոխելու համար անհրաժեշտ են գնորդներ, սերտիֆիկացում, լոգիստիկ լուծումներ և մրցունակ գին։

Որպես նոր ուղղություն դիտարկվում է նաև Վրաստանը։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հայկական ձկնարտադրանքի իրացման շուրջ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել։ Սակայն փաստացի մատակարարումների ծավալները դեռ պարզ չեն։

Ղազախստանը նույնպես նշվում է որպես հնարավոր լրացուցիչ ուղղություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ղազախ գործընկերոջ հետ օգոստոսյան հանդիպմանը խոսել է ղազախական շուկայում հայկական գինու, մրգի, բանջարեղենի և ձկնամթերքի ներկայացվածությունը մեծացնելու ներուժի մասին, սակայն փաստացի մատակարարումների նոր ծավալներ դեռ չեն ներկայացվել։

Ուստի այն գնահատականը, որ այլ շուկաներ չեն կարող շատ կարճ ժամանակում ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկային, տնտեսական հիմք ունի։

Որտեղից է տարածվել քաղաքականացված պնդումը

Հայկական ձկան արտահանման խնդրի շուրջ քաղաքականացված մեկնաբանություններից մեկը տարածվել է ռուսալեզու Telegram-ի tzitzak ալիքով։ Օգոստոսի 7-ի հրապարակման մեջ ռուսական սահմանափակումները ներկայացվել են ոչ միայն որպես անասնաբուժական կամ առևտրային խնդիր, այլ որպես Հայաստանի «եվրոպական ընտրության» ձախողման ապացույց։

Այդ մեկնաբանությունը կառուցվում է իրական փաստերի վրա՝ ռուսական սահմանափակումներ, ձկան և ձկնարտադրանքի արտահանման մեծ կախվածություն ՌԴ շուկայից, ԵՄ և այլ շուկաներով արագ փոխարինման դժվարություններ։ Բայց այդ փաստերից արված քաղաքական եզրակացությունը լրացուցիչ ապացույցների կարիք ունի։

Արդյոք սա քաղաքական պատի՞ժ է

Ռուսական կողմը սահմանափակումները պաշտոնապես հիմնավորել է անասնաբուժական և սննդային անվտանգության խնդիրներով։

Միաժամանակ ԵՄ-ում Ռուսաստանի տնտեսական գործողությունները Հայաստանի նկատմամբ մեկնաբանվել են որպես քաղաքական ճնշում։ Հունիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանը տնտեսական կապերն օգտագործում է Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար։

Այստեղ կարևոր է տարբերակել երկու հանգամանք։ Հայկական ձկան արտահանումը դադարել է ռուսական սահմանափակումների պատճառով․ սա հաստատված է։ Բայց հրապարակային հասանելի տվյալներն առայժմ բավարար չեն պնդելու, որ այդ սահմանափակումները կիրառվել են Հայաստանին եվրոպական արտաքին քաղաքական ուղղության համար պատժելու նպատակով։

Ամփոփում

Հաստատված է, որ հայկական ձկան արտահանումը Ռուսաստան դադարեցվել է ռուսական սահմանափակումների հետևանքով, իսկ ռուսական շուկան ոլորտի համար գերակշիռ ուղղություն էր։ Նոր շուկաների որոնումը կարող է նվազեցնել այդ կախվածությունը, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչ ծավալով և ինչ արագությամբ։

Այս իրավիճակը ցույց է տալիս մեկ շուկայից բարձր կախվածության ռիսկը։ Իսկ պնդումը, թե խնդիրը Հայաստանի «եվրոպական ընտրության ձախողման» կամ Ռուսաստանի քաղաքական պատժի հետևանք է, առայժմ մնում է չապացուցված մեկնաբանություն։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/08/2026