Մեր մասին Էթիկա











Տնտեսություն

Firebird AI-ը Հայաստանում․ որտեղ է ավարտվում փաստը և սկսվում «ամերիկյան վերահսկողության» պնդումը

Հրազդանում բացված Firebird AI-ի տվյալների կենտրոնը Հայաստանի կառավարությունն ու ընկերությունը ներկայացնում են որպես երկրի տեխնոլոգիական զարգացման նոր քայլ։ Միաժամանակ նախագծի շուրջ տարածվում են պնդումներ, թե այն կարող է մեծացնել Հայաստանի կախվածությունը ԱՄՆ-ից և ամերիկյան ազդեցության գործիք դառնալ։

Այս պնդումները զրոյից չեն կառուցված։ Firebird AI-ն իսկապես օգտագործում է ամերիկյան տեխնոլոգիաներ, NVIDIA-ի հզոր չիպերի Հայաստան մատակարարումը պահանջել է ԱՄՆ արտահանման թույլտվություն, իսկ նախագիծը զարգանում է Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցության շրջանակում։

Հարցն այն է, թե այս իրական կապերից որտեղ է ավարտվում փաստը և սկսվում մեկնաբանությունը․ արդյո՞ք դրանցից հետևում է, որ ԱՄՆ-ը վերահսկողություն կամ ազդեցություն է ստանում Հայաստանի տեխնոլոգիական, էներգետիկ կամ այլ ռազմավարական ռեսուրսների նկատմամբ։

Որտեղի՞ց է տարածվել պնդումը

Firebird AI-ն ԱՄՆ ազդեցության հնարավոր գործիք ներկայացնող հրապարակումներ տարածել են ռուսալեզու Telegram-ի Tovgeneral և Parallel95 ալիքները։ Դրանք NVIDIA-ի ամերիկյան տեխնոլոգիաները, ԱՄՆ արտահանման լիցենզիաներն ու Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը կապում են ավելի լայն քաղաքական եզրակացության հետ՝ նախագծի միջոցով Հայաստանի կախվածության և արտաքին ազդեցության հնարավոր մեծացման մասին։

«Ամփոփ Մեդիան» ստուգել է ոչ թե նախագծի վերաբերյալ քաղաքական գնահատականները, այլ դրանց փաստական հիմքը՝ ովքեր են իրականացնում և ֆինանսավորում Firebird AI-ն, ինչ մասնակցություն ունի պետությունը, ինչ դեր ունի ԱՄՆ-ը, և հրապարակային փաստաթղթերից ու տվյալներից ինչ է իրականում հնարավոր եզրակացնել։

Ինչ է Firebird AI-ի նախագիծը և ինչպես է այն ձևավորվել

Հայաստանում արհեստական բանականության խոշոր ենթակառուցվածք ստեղծելու գաղափարը, ըստ NVIDIA-ի ներկայացուցիչ (արհեստական բանականության և գրաֆիկական պրոցեսորների արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերություն) Ռև Լեբարեդյանի, ձևավորվել էր դեռևս 2018-ին։ 2025 թվականի հուլիսին «Հետք»-ի հետ զրույցում նա պատմել էր, որ 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացրել ԱԲ ոլորտի զարգացման հնարավորությունները։ Մի քանի ամիս անց Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ առաջացել էր Հայաստանում ԱԲ գործարան ստեղծելու գաղափարը։

Նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ Լեբարեդյանը հետագայում աշխատել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Հակոբ Արշակյանի հետ, սակայն աշխատանքները դադարել էին 2020-ի համավարակի և պատերազմի պատճառով։ Դրանք վերսկսվել էին 2022-ին՝ NVIDIA-ի՝ Հայաստանում գրասենյակ բացելուց հետո։ Այդ ընթացքում նախագծին միացել էին Ալեքսանդր Եսայանը ( Team Telecom Armenia-ի համահիմնադիր), Ռազմիկ Հովակիմյանը (տեխնոլոգիական ոլորտի մասնագետ) ու Նուբար Աֆեյանը (Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն)։ 

Նախնական պատվերների ու հետաքրքրվածության ձևավորումից հետո NVIDIA-ն ևս պատրաստակամություն էր հայտնել աջակցել նախագծին։

Այս գաղափարի շուրջ ձևավորված նախաձեռնությունը հետագայում ստացավ Firebird AI ընկերության ձևը։ Ընկերությունը, ըստ իր պաշտոնական կայքի, հիմնադրվել է 2025-ին և գլխամասային գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Հայաստանում դրա առաջին խոշոր նախաձեռնությունը Հրազդանի մերձակայքում արհեստական բանականության ենթակառուցվածքի ստեղծումն էր։

Նախագիծը գործնական փուլ մտավ 2026-ի օգոստոսի 8-ին, երբ տեղի ունեցավ AI գործարանի պաշտոնական բացումը։ Միջոցառմանը մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, Firebird AI-ի համահիմնադիրներն ու NVIDIA-ի ներկայացուցիչները։ 

Գործարանը նախատեսված է արհեստական բանականության մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մեծածավալ հաշվարկների իրականացման համար։

Firebird AI-ի կապը ԱՄՆ-ի հետ

Նախագծի առաջին փուլի համար անհրաժեշտ NVIDIA գրաֆիկական պրոցեսորների (GPU)՝ արհեստական բանականության համար մեծածավալ հաշվարկներ կատարող հզոր չիպերի՝ Հայաստան մատակարարումը պահանջում էր ԱՄՆ կառավարության արտահանման թույլտվություն։

2025-ի նոյեմբերին Firebird-ը հայտնել էր, որ ստացել է այդ թույլտվությունը։ Իսկ 2026-ի փետրվարին ընկերությունը հայտարարեց, որ լրացուցիչ 41 հազար NVIDIA GB300 GPU-ի Հայաստան մատակարարումը նույնպես դարձել է հնարավոր ԱՄՆ արտահանման լիցենզիաների և կարգավորող հաստատումների արդյունքում։

Այս տեխնոլոգիական կապը զուգահեռվում է նաև միջպետական համագործակցությամբ։ Firebird-ի հայտարարության համաձայն՝ նախագիծը կապված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված՝ ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների ոլորտում համագործակցության հուշագրի հետ։

Այսպիսով, նախագծի ԱՄՆ-ի հետ կապը հիմնված է մի քանի կոնկրետ բաղադրիչների վրա՝ ամերիկյան տեխնոլոգիաների և GPU-ների մատակարարում, ԱՄՆ արտահանման թույլտվություններ, միջպետական տեխնոլոգիական համագործակցություն։

Ով և ինչ է ֆինանսավորում

Հայաստանի պետական մասնակցությունը պետք է տարբերակել Firebird AI-ի կողմից հայտարարված ներդրումներից։

Firebird-ը առաջին փուլը ներկայացրել է որպես 500 մլն դոլարի ներդրում, իսկ 2026-ի փետրվարին երկրորդ փուլի մեկնարկով նախագծի ընդհանուր արժեքը գնահատել է 4 մլրդ դոլար։ Ընկերությունը այդ գումարները ներկայացնում է որպես իր բազմափուլ նախագծի ներդրումային ծավալ։

Հայաստանը, իր հերթին, նախագծում ունի առանձին ֆինանսական մասնակցություն։

2026-ի ապրիլի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI-ի միջև ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ պետությունը Firebird-ից հինգ տարվա ընթացքում ձեռք է բերելու 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ։ 

Այդ ռեսուրսները նախատեսվում են արհեստական բանականության ոլորտի մասնագետների, հետազոտողների, գիտնականների, կրթական և գիտահետազոտական հաստատությունների, ստարտափների և պետական հատվածի համար։

Իսկ հուլիսին Կառավարության որոշմամբ ծրագրի համար հատկացվել է 957,9 մլն դրամ։ Գումարը նախատեսված է Firebird-ի GPU-ների միջոցով հասանելի հաշվարկային ռեսուրսից օգտվելու համար։

2026-ի մարտի 26-ին Firebird AI-ի նախագծի ֆինանսավորման համար վարկային համաձայնագիր է ստորագրվել վեց ֆինանսական հաստատությունների՝ Արդշինբանկի, Ակբա Բանկի, Էվոկաբանկի, Ֆասթբանկի, «C-Quadrat Ampega Asset Management Armenia»-ի և «Amundi-Acba Asset Management»-ի միջև։

Այս ֆինանսավորումը ևս պետք է տարբերել Firebird-ի կողմից հայտարարված ներդրումներից և ՀՀ բյուջեից հատկացված գումարից։

Ի՞նչ է ստանում Հայաստանը

Պետության կողմից ձեռք բերվող հաշվողական ռեսուրսները նախատեսվում է օգտագործել ոչ միայն պետական կառույցների, այլև գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների կարիքների համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով ՝ դրանք հասանելի կլինեն նաև ստարտափներին և հետազոտական խմբերին։

2026-ի մայիսի 29-ին Firebird-ը հայտարարել է նաև Firebird Labs-ի գործարկման մասին։ Ընկերության ներկայացմամբ՝ այն Հայաստանում ներդրումներ կատարելու, տեխնոլոգիական ընկերություններ ինկուբացնելու և համատեղ զարգացնելու հարթակ է։

Նախատեսվում է աշխատել, մասնավորապես, ռոբոտաշինության և արհեստական բանականության, ավիատիեզերական և կենսաբանական գիտությունների ուղղություններով։

Firebird-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրով նախատեսվում է արհեստական բանականության գործիքների հասանելիություն ապահովել Հայաստանի 50 հազար ուսանողների, ուսուցիչների և հետազոտողների համար։

Նախաձեռնությանը միացել է նաև OpenAI-ը՝ տեխնոլոգիական հասանելիությամբ, թիմային աջակցությամբ և API կրեդիտներով։

Firebird-ի տվյալներով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև OpenAI-ի ChatGPT Edu-ի և Codex-ի օգտագործումը Հայաստանի կրթական համակարգում։Firebird Labs-ը նախատեսում է նաև աշխատել հայկական, ամերիկյան և եվրոպական համալսարանների հետ և աջակցել տեխնոլոգիական թիմերին՝ տրամադրելով GPU հզորությունների և OpenAI-ի տեխնոլոգիաների հասանելիություն։

Տվյալների կենտրոնը և էներգետիկ համակարգը

Firebird-ի նախագծի առանձնահատկություններից մեկը դրա մեծ էներգետիկ պահանջարկն է, որը պայմանավորված է տվյալների կենտրոնում տեղակայվող մեծ թվով GPU-ներով։

Նշվում է, որ կենտրոնում գործարկումից հետո կաշխատի ավելի քան 6,000 NVIDIA Blackwell GPU՝ 18 ՄՎտ հզորությամբ և մինչև 110,6 էքսաֆլոպ հաշվողական հզորությամբ։ 

Նախագիծը նախատեսվում է նաև ընդլայնվել։ Firebird-ի և NVIDIA-ի հայտարարությունների համաձայն՝ մինչև 2027 թվականի վերջը Հայաստանում նախատեսվում է տեղակայել ավելի քան 70 հազար NVIDIA Blackwell և Rubin GPU և հասնել մոտ 300 ՄՎտ AI ենթակառուցվածքի հզորության։ 

Էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման համատեքստում Firebird AI-ը նախատեսում է նաև մինչև 1 ԳՎտ հզորությամբ մարտկոցային էներգիայի կուտակման համակարգի (BESS) տեղակայում, որը պետք է ապահովի էլեկտրական ենթակառուցվածքի կայունությունն ու վերականգնվող էներգիայի ինտեգրումը։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է Firebird AI-ի և Եվրոպական հանձնաժողովի (DG ENEST) միջև ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագրի առանցքային մասերից մեկը։

Հռչակագիրը, որը ստորագրվել է ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակում, նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տեխնոլոգիական և ԱԲ ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն, ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է նախաձեռնությանն աջակցելու և դրա իրականացման համար ֆինանսական գործիքակազմի մոբիլիզացման հնարավորությունները դիտարկելու պատրաստակամության մասին։ 

Ամփոփում

Այսպիսով, Firebird-ի նախատեսվող ընդլայնումը կարող է Հայաստանի էներգետիկ համակարգի համար ստեղծել զգալի լրացուցիչ պահանջարկ։ Սակայն տվյալների կենտրոնի բարձր էներգասպառումը կամ էներգիայի կուտակման ենթակառուցվածքի հնարավոր ստեղծումը ինքնին չի նշանակում, որ Firebird-ը կամ ԱՄՆ-ը ձեռք են բերում Հայաստանի էներգետիկ ակտիվների նկատմամբ սեփականության կամ վերահսկողության իրավունք։

Հրապարակային տվյալները հաստատում են նախագծի ամերիկյան տեխնոլոգիական և կարգավորող կապերը։ Միաժամանակ, «Ամփոփ Մեդիայի» ուսումնասիրած փաստաթղթերն ու տվյալները չեն հաստատում Telegram-յան հրապարակումներում շրջանառվող պնդումը, թե Firebird AI-ի նախագծի շրջանակում ԱՄՆ-ին կամ ընկերությանը փոխանցվել է Հայաստանի ռազմավարական ռեսուրսների նկատմամբ սեփականության կամ վերահսկողության իրավունք։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/08/2026