Առողջություն

Ծնունդները և ծնելիության խթանման քաղաքականությունը

Ծնելիությունը Հայաստանում աճ չի գրանցում, և դա ունի ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալական պատճառներ։ Ըստ առողջապահության նախարարության տարեկան զեկույցի՝ ՀՀ-ում ծնունդների նվազման պատճառներ են անպտղությունը, կեսարյան հատումներով ծննդաբերությունը, մինչծննդյան հիվանդությունները, նորածինների մահացությունը և այլն։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ տասը տարվա ընթացքում՝ 2009-2018թթ․ ծնունդների քանակը նվազել է 18%-ով՝ 2018թ․ կազմելով 36 502 երեխա։

2019թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 26 535 երեխա, ինչը 20 երեխայով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։

Ծնելիության նվազման պատճառ է նաև սոցիալական գործոնը՝ արտագաղթ, երեխա ունենալու տարիքին հասած երիտասարդների թվի նվազում, ֆինանսական խնդիրներ, գործազրկություն, մայրերի հանդեպ աշխատանքային խտրականություն։

Առողջապահական գործոնները

Ըստ Առողջապահական համակարգի գնահատման զեկույցի՝ կեսարյան հատումներով ծննդաբերությունների ընթացքում ավելի հաճախ են զարգանում հետծննդյան բարդություններ: Բացի դրանից, բժիշկները կեսարյան հատումով ծննդաբերած կանանց խորհուրդ են տալիս ծննդաբերել 2-3 տարի անց: Այդ է պատճառը, որ Հայաստանում կեսարյան հատումների նվազեցումը դիտարկվում է ծնունդների թվի ավելացման գործոն։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ աճել է մայրանալու տարիքը, նվազել է ծնելիության գործակիցը, այսինքն՝ մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների քանակը։ Այսօր յուրաքանչյուր երկու կնոջ հաշվարկով ծնվում է 3 երեխա։

Կանայք մայրանում են միջինը 27 տարեկանում, մինչդեռ 10 տարի առաջ 24․6 տարեկանն էր մայրանալու միջին տարիքը։ Ընդ որում՝ քաղաքում մայրանալու տարիքն ավելի բարձր է՝ 27․7, իսկ գյուղում՝ ավելի ցածր՝ 25․7։ Քաղաքում բարձր է նաև ծնելիության գործակիցը՝ 1.6, մինչդեռ գյուղում՝ 1.5։

Կարդացեք նաև

Պետության ֆինանսական աջակցությունը ծնելիությանը

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/12/2019