Առողջություն

Պետության ֆինանսական աջակցությունը ծնելիությանը

Հայաստանում ամեն ծնված երեխայի համար ծնողները պետությունից ստանում են երեխայի ծննդյան միանվագ վճար՝ 50 հազարից մինչև 1,5 մլն դրամ։ Գումարի կեսը փոխանցվում է երեխայի անունով բանկում բացված հաշվեհամարին։ Ծնողները այն չեն կարող տնօրինել, մինչ երեխայի 18 տարեկան դառնալը։ Իսկ գումարի մյուս կեսը տրամադրվում է ծնողներին նոր ծնված երեխայի կարիքները հոգալու համար։ Չնայած ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ գումարն ամբողջությամբ կարող է ծնողներին տրամադրվել, եթե նրանք վատ սոցիալական պայմաններում են ապրում և դիմում են գումարն ամբողջությամբ ստանալու համար։

ՀՀ կառավարության 2020թ․-ի հունվարի 9-ի որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 հազար դրամ։ Նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:

2020թ. հուլիսի 1-ից կավելանա նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը, այժմ տրվող ամսական 18 000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25 500 դրամ 2 տարի շարունակ։

Գյուղական բնակավայրում այս գումարը կտրվի թե աշխատող, թե չաշխատող մայրերին, իսկ քաղաքային բնակավայրերում՝ միայն աշխատողներին։

Այն մայրերը, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարող են պետությունից ստանալ նաև մինչև 55 հազար դրամ՝ երեխային խնամող դայակ վարձելու կամ երեխայի մասնավոր մանկապարտեզի վարձը վճարելու համար, եթե մինչև երեխայի 2 տարին լրանալը վերադառնան աշխատանքի։ Այս ծրագրի նպատակն է օգնել մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին ավելի շուտ վերադառնալ աշխատանքի և չկորցնել աշխատանքային հմտությունները։

Դայակի կամ մանկապարտեզի համար պետությունը տրամադրում է նրա աշխատավարձի կամ վարձի 50%-ը, բայց առավելագույնը ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով։ Օրինակ՝ եթե դայակի աշխատավարձը 90 հազար դրամ է, պետությունը տրամադրում է 45 հազար դրամ, սակայն եթե 140 հազար դրամ է, տրամադրում է 55 հազար դրամ։ Ընդ որում՝ դայակ կարող է լինել ցանկացածը, ով չի բնակվում մոր հետ միևնույն հասցեում, այդ թվում՝ շահառուի ազգականը։

Եթե մայրերը ցանկանում են օգտվել այս ծրագրից, ապա պետք է դիմեն մինչ աշխատանքի վերադառնալը։ Դայակի համար գումար հնարավոր է ստանալ մինչ երեխայի 2 տարեկան դառնալը։

Եթե ընտանիքում ծնվել է մի քանի երեխա, կամ կա մինչև 2 տարեկան այլ երեխա, ապա յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ իր դայակը, քանի որ պետությունը վճարում է մեկ երեխային-մեկ դայակ սկզբունքով։

Կարդացեք նաև

Ծնունդները և ծնելիության խթանման քաղաքականությունը

Բացի այս օժանդակությունից կա նաև մայրության նպաստ, որը աշխատող մոր դեպքում վճարում է գործատուն, իսկ չաշխատող մոր դեպքում վճարում է պետությունը։ Այս դեպքում նվազագույն աշխատավարձի 50%-ը բաժանվում է 30,4-ի և բազմապատկվում 140-ով։ Վաղաժամ ծննդաբերության դեպքում նպաստը տրվում է 70 օրվա համար, այսինքն՝ բազմապատկվում է 70-ով։

Աշխատող մոր դեպքում աշխատողի միջին աշխատավարձն է բաժանվում 30,4-ի և բազմապատկվում այն օրերի քանակով, որոնք հաշվարկվում են որպես հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 140-180 օր՝ կախված ծննդաբերությունից։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 12/12/2019