Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահը խոսել է հայ-ռուսական հարաբերությունները «հանգիստ ռեժիմով» քննարկելու, տարածաշրջանային հաղորդակցությունների և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության մասին
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ՌԴ նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացմանը և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցին։
Մինչ այդ Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածում կողմերը խոսել էին Հայաստանի եվրոպական ուղղության, ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության և այդ երկու ուղղությունների հնարավոր անհամատեղելիության մասին։ Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի «բնական, օրինական իրավունքն է», բայց դա կարող է խնդիրներ ստեղծել ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության համար։ Փաշինյանն իր հերթին շեշտել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի հայտարարել և այս պահին «հստակ ընտրության» պահը դեռ չի հասունացել։
Պուտին–Փաշինյան հանդիպում Բիշքեկում․ ինչ էին սպասում և ինչ քննարկվեց բաց հատվածում
«Հանգիստ ռեժիմով» քննարկելու պայմանավորվածություն
Լրագրողների հետ զրույցում Պուտինը նշել է, որ Փաշինյանի հետ պայմանավորվել են երկկողմ օրակարգի հարցերը շարունակել քննարկել առանց լարվածության և առանձին ուղղություններով։
Նրա խոսքով՝ այդ նպատակով ինքը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, որտեղ հնարավոր կլինի երկու երկրների կառավարությունների և մասնագետների մասնակցությամբ մանրամասն քննարկել հարաբերությունների տարբեր ոլորտները։
«Պայմանավորվեցինք, որ հանգիստ ռեժիմով կաշխատենք բոլոր ուղղություններով՝ առանձին-առանձին։ Ես նրան հրավիրեցի Մոսկվա, որպեսզի նրա մասնագետների և մեր մասնագետների մակարդակով քննարկենք բոլոր ուղղությունները»,– ասել է Պուտինը։
Հաղորդակցությունների բացում․ ներդրումները կախված են բեռնահոսքից
Պուտինը խոսել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների և երկաթուղային ենթակառուցվածքների հնարավոր զարգացման մասին։ Նրա խոսքով՝ նման նախագծերում ներդրումների հարցը կախված է նրանից, թե որքան բեռնահոսք կձևավորվի։
ՌԴ նախագահի ձևակերպմամբ՝ եթե տարածաշրջանում հաղորդակցությունների բացումից հետո իրական բեռնափոխադրումներ լինեն, ենթակառուցվածքների զարգացման մեջ կարող են ներդրումներ անել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
«Հարցն այն է՝ նախագիծը տնտեսապես կենսունա՞կ է, թե՞ ոչ»,– ասել է Պուտինը։
Այս ձևակերպմամբ նա հաղորդակցությունների թեման ներկայացրել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հաշվարկի տեսանկյունից․ եթե ճանապարհները բացվեն, բայց բեռնահոսք չլինի կամ այն բավարար չլինի, ներդրումների իմաստը կասկածի տակ կարող է դրվել։
Ինչ է ասել Պուտինը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին
Բիշքեկում լրագրողների հետ շփման ընթացքում Պուտինը անդրադարձել է նաև Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ բան պարտադրել Հայաստանին։ Պուտինի խոսքով՝ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»,– ասել է ՌԴ նախագահը։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ եթե Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է ռուսական ռազմական ներկայության պահպանմամբ, Ռուսաստանը պատրաստ է մնալ և շարունակել համագործակցությունը։
Ռուսական մամուլը հատկապես առանձնացրել է ռազմաբազայի թեման
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ Պուտինի՝ լրագրողների հետ շփումից առանձնացրել են հատկապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության մասին հատվածը։ «Газета.Ru»-ն և RT-ն իրենց հրապարակումներում շեշտադրել են Պուտինի այն միտքը, որ եթե հայկական կողմը ռուսական ռազմաբազայի ներկայությունը չի ցանկանում, Ռուսաստանը կարող է հեռանալ։
Այս շեշտադրումը կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ֆոնին։ Վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում առանցքային հարցերից են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը, ԵՄ-ի հետ գործընթացը, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև անվտանգային համակարգի վերանայման մասին քննարկումները։
Ինչ է փոխվում այս հայտարարությունից հետո
Պուտինի հայտարարությունը ինքնին նոր որոշում չէ ռուսական ռազմաբազայի հեռացման մասին։ Այն ավելի շուտ քաղաքական ազդակ է՝ ուղղված այն բանին, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ձևաչափը կապում է Երևանի ընտրությունների և դիրքորոշումների հստակեցման հետ։
Նույն տրամաբանությունը երևացել էր նաև Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածում․ Ռուսաստանը պնդում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացն անհամատեղելի է ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության հետ, իսկ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ ձևավորելով այլընտրանքային արտաքին քաղաքական հնարավորություններ։
Պատրաստեց Սեդա Մարտոյանը
Լուսանկարը՝ Սպուտնիկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/09/2026









