Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Պուտին–Փաշինյան հանդիպում Բիշքեկում․ ինչ էին սպասում և ինչ քննարկվեց բաց հատվածում

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպումից առաջ թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ ռուսական և հայկական փորձագիտական շրջանակները հիմնականում սպասում էին, որ քննարկման առանցքում լինելու են Հայաստանի եվրոպական ուղղությունը, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները և հայ-ռուսական տնտեսական օրակարգը։

Բաց հատվածում այդ սպասումները հիմնականում հաստատվեցին․ կողմերը խոսեցին ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի, ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայիս կարգավիճակի և այդ երկու ուղղությունների հնարավոր անհամատեղելիության մասին։ Միաժամանակ, չքննարկվեց Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների հարցը։

Ինչ էին սպասում հանդիպումից

Հանդիպման մասին Մոսկվան պաշտոնապես հայտնել էր օգոստոսի 28-ին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերությունների հարցը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքին գործերին․ «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը»։

Փաշինյանն իր հերթին ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ նշել էր, որ Պուտինի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։

Հանդիպմանը նախորդող օրերին ռուսական և հայկական հարթակներում տարբեր գնահատականներ էին հնչում։ Որոշ մեկնաբաններ կանխատեսում էին բարդ կամ «թեժ» խոսակցություն՝ հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում կուտակված խնդիրները, Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը և տնտեսական սահմանափակումների շուրջ փոխադարձ հայտարարությունները։

Ռուսական մամուլում առանցքային շեշտը դրվում էր հատկապես մեկ հարցի վրա՝ արդյոք Հայաստանը կարող է միաժամանակ շարունակել ԵԱՏՄ-ում մասնակցությունը և առաջ տանել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։

Նյութերից մեկում փորձագետի կարծիքով՝ երկու երկրների ղեկավարների համար հեշտ չի լինելու համաձայնության գալ։ Մասնավորապես, նշվում էր, որ Փաշինյանն ամեն ինչ կանի հանրաքվեի անցկացումը կանխելու համար՝ նույնիսկ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները խզելու գնով։

Նույն փորձագետը խոսել էր նաև այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին գազ մատակարարել ցածր գնով։ Միաժամանակ նշվում էր, որ չպետք է մոռանալ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայության մասին, և այդ հարցերը նույնպես պետք է լուծվեն։ 

Մեկ այլ հոդվածում, հղում անելով օգոստոսի 28-ին Ուշակովի հայտարարությանը, նշվում էր, որ Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը պաշտպանող այլ հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունների հարցը։

Ուշակովը հայտարարել էր. «Այս զրույցը տեղի է ունենում բավականին անսովոր ֆոնի վրա, երբ Հայաստանում տեղի են ունեցել այն, ինչ ես կանվանեի ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալություններ, մասնավորապես այն առաջնորդների, ովքեր պաշտպանել և շարունակում են պաշտպանել մեր երկու երկրների միջև ավանդաբար բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»։

Նա նաև նշել էր, որ Մոսկվան մտահոգված է Երևանի նման գործողություններով։

Անդրադառնալով ռուսական սահմանափակումներին՝ հայ քաղաքագետներից մեկը նշել էր, որ դժվար է ակնկալել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում որևէ էական դրական տեղաշարժ կարձանագրվի։ Նրա խոսքով՝ քիչ հավանական է նաև, որ, օրինակ, հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա կարող է բացվել կամ նման այլ հարցեր կարող են կարգավորվել հանդիպման ընթացքում։

Իսկ ինչ ստացվեց

Պուտին․ ԵՄ ուղղությունը կարող է խնդիրներ ստեղծել ԵԱՏՄ-ում

Բաց հատվածում Վլադիմիր Պուտինը նախ ընդգծեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ «բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման» օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։ Նա նաև նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ մոտ 30% մասնաբաժնով, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2.5 մլրդ դոլար։

Միևնույն ժամանակ Պուտինը խոսեց Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին՝ այն անվանելով Հայաստանի և հայ ժողովրդի «բնական, օրինական իրավունք»։ Սակայն, ըստ նրա, այդ գործընթացը դժվարություններ է ստեղծում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության համար և կարող է «զրոյացնել» ԵԱՏՄ շուկայում Հայաստանի ունեցած առավելությունները, ինչպես նաև խզել ձևավորված առևտրային շղթաները։

ՌԴ նախագահը նաև նշեց, որ Մոսկվային անհրաժեշտ է հստակություն՝ հասկանալու համար, թե ինչպես զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Նա առանձնացրեց տեխնիկական նորմերի և ստանդարտների հարցը՝ նշելով, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կարգավորումները, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքի մասով, չեն համընկնում։

Փաշինյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի հայտնել

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և հայ-ռուսական հարաբերություններին պետք է նայել այդ նոր իրողությունների տեսանկյունից։

ԵՄ ուղղության վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վերլուծել է թե՛ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրային բազան, թե՛ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները և խախտում չի հայտնաբերել։ Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին չի տեղեկացրել միությունից դուրս գալու մտադրության մասին։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նաև նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում։ Նա բացատրեց, որ եթե խորհրդարանը չընդուներ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված օրենքը, գործընթացը կարող էր գնալ հանրաքվեի ճանապարհով։ Ըստ Փաշինյանի՝ հարցը դեռ չէր հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ այն ձևակերպել ժողովրդի առջև ։

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի համար կարևոր է այլընտրանքներ ունենալը, բայց դա ուղղված չէ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի դեմ։ Նրա խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները և պետք է զգուշորեն վերաբերվի այդ հարաբերություններին։

Պուտինը ռուսական ռազմաբազայի մասին․ «Եթե պետք չէ, վաղը կհեռանանք»

Հիմնական տարաձայնությունը մնաց նույնը

Պուտինը Փաշինյանի այս մեկնաբանության հետ չհամաձայնեց։ Նա ասաց, որ թեև Հայաստանը չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, սակայն մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է նման հայտարարություն, քանի որ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակ գտնվելը անհամատեղելի է։

Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը հասկանում է՝ մի պահի կարող է անհրաժեշտ լինել հստակ ընտրություն կատարել, սակայն, ըստ նրա, այդ պահը դեռ չի հասունացել։ Նա նաև նշեց, որ այս պահին իրական այլընտրանք դեռ ստեղծված չէ, իսկ երբ այն ստեղծվի, Հայաստանը կարող է ընտրություն կատարել՝ հանրաքվեի միջոցով կամ առանց դրա։

Պուտինն իր հերթին արձագանքեց, որ ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա՝ առաջարկելով «ստեղծել այդ հնարավորությունը» և մարդկանց հարցնել՝ ինչ են ուզում։

Ինչ ցույց տվեց հանդիպումը

Հանդիպման բաց հատվածը ցույց տվեց, որ Բիշքեկի բանակցություններից առաջ շրջանառվող հիմնական սպասումները տեղին էին: ԵՄ–ԵԱՏՄ հարաբերակցության հարցը դարձավ քննարկման կենտրոնական թեմաներից մեկը։

Տարբերությունը շեշտադրումների մեջ էր։ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումը որպես այլընտրանքներ ձևավորելու և դեռ վերջնական ընտրություն չկատարելու քաղաքականություն։ Պուտինը, հակառակը, պնդում էր, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկն արդեն իսկ խնդիր է ստեղծում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության համար։

Պատրաստեց Գոհար Սարգսյանը
Lուսանկարները` Primeminister.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/09/2026