Տնտեսություն

Թվային հարկ․ Ինչպես է Հայաստանը հարկելու Facebook-ին և մյուս ցանցային հսկաներին

Հայաստանի կառավարությունը մտադիր է հարկել Facebook, Instagram, Yandex taxi, Booking և այլ հայտնի էլեկտրոնային/առցանց հարթակները տնօրինող ընկերություններին, որոնք համացանցում, հասանելի լինելով աշխարհի գրեթե բոլոր երկրներում, գովազդային կամ տարատեսակ վճարովի բովանդակություն են մատուցում` ուղղակի կամ միջնորդավորված եկամուտ ստանալով։ Որոշ երկրներում տվյալ ընկերություններն արդեն իրենց ստացած եկամտից հարկեր վճարում են։

Առաջարկվող օրենքի նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 5-ին։ Օրենքի ուժ ստանալու դեպքում վերը նշված ընկերությունները կհարկվեն նաև Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հարկեր ոչ միայն գովազդից․ ամե՛ն ինչից

Կառավարության նիստի ժամանակ ներկայացված և քննարկման արժանացած նախագիծը հանրության շրջանում տպավորություն թողեց, թե դրանով նախատեսվում է միայն ֆեյսբուքյան գովազդները հարկել։ Սակայն օրենքը ներառում է բոլո՛ր էլեկտրոնային ծառայությունները, որ մատուցում են համաշխարհային հսկաներն իրենց հարթակներում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացատրեց, որ աշխարհում հարկման այս մեխանիզմը հայտնի է Google Tax անունով [բառացի՝ «Գուգլի հարկ»]։ Դրա տակ ընկնում են ոչ միայն գովազդները, այլև մյուս վճարովի ծառայությունները, միջնորդավճարները և այլն։

Օրինակներ

Booking և Airbnb հարթակները միջնորդավճար են վերցնում հյուրանոցներից ու հյուրատներից, որոնք իրենց ծառայությունները հյուրերին առաջարկում են հենց այս հարթակների միջոցով։ Միայն Booking.com-ում 1885 հայտարարություն է դրված Հայաստանից, Airbnb.com-ում՝ 300-ից ավելի։

Yandex taxi-ն միջնորդավճար է վերցնում տաքսի վարողներից, որոնց կապում է հաճախորդների հետ։ Տաքսի վարողին վճարվող ամեն 1000 դրամից 100 դրամը միջնորդավճար է գնում ընկերությանը։

Netflix-ը գումար է վերցնում հեռուստադիտողներից՝ իր ֆիլմերն ու սերիալները ցուցադրելու համար և այլն։ Ամսական բաժանորդագրությունը, ըստ կայքի, արժենում է 8-12 եվրո։

Սրանք այն հարթակների շարքում էին, որոնց անունները հնչեցին հենց կառավարության նիստի ընթացքում։ Եթե alexa.com հարթակում նայենք, թե որոնք են Հայաստանից ամենաշատ այցելվող կայքերը, ապա պարզ կդառնա, որ այդ հարթակների մեծ մասն առաջատարների շարքում է։

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը բացատրեց, որ խոսքը տեղական կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասին չէ․ դրանք մինչ այս էլ հարկվում էին։ Խոսքը անհատներին՝ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների մասին է։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը բացատրում է, որ գովազդների տեսանկյունից այս նախագիծը հիմնականում կաշխատի Facebook (ներառյալ նաև Instagram), Google (ներառյալ նաև Youtube, Gmail) ցանցերում, քանի որ համարժեք ռուսական ծառայություններից (օրինակ՝ Yandex) Հայաստանի գովազդատուներն օգտվում են հիմնականում գործակալությունների, ոչ թե անհատների միջոցով։ Իսկ արևմտյան ծառայությունների հետ շատ են աշխատում նաև անհատները։

«Հայաստանում շատ ֆիրմաներ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն աշխատում են անհատ «SMM-շիկների» [խմբ․ սոցիալական մեդիաների մենեջերների] հետ։ Այսինքն վարձում են ինչ-որ մեկին, ասում են՝ դու իմ համար գովազդն առ։ Ու այդ դեպքում ամբողջ գովազդային ծախսը գնում է առանց հարկերի։ Ու դա, վստահ եմ, որ բավական մեծ ծավալ է։ Այսինքն սա կարող է բավական շատ ընկերությունների վրա անդրադառնալ», – բացատրում է Պապյանը։

20 մլրդ դրամ լրացուցիչ գումար

Կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Բադասյանը հատուկ շեշտեց, որ իրենք խիստ մոտավոր կարող են հաշվարկել, թե որքան հարկեր կգոյանան այս նախագծի ընդունման դեպքում։ Ըստ նրա՝

Համաշխարհային ընկերությունները պատրաստ են վճարել հարկերը, սակայն հրաժարվել են ներկայացնել, թե որքան ծառայություն են մատուցում Հայաստանում

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով քննարկման ակտիվ մասնակիցներից էր, համոզմունք հայտնեց, որ կարգավորումը տարեկան առնվազն 20 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր կապահովի բյուջե։ Իր համոզմունքը հիմնավոր դարձնելու համար Քերոբյանը օրինակ բերեց Yandex taxi ծառայությունը, նշելով, որ եթե հարկվեն տվյալ ծառայության կողմից վարորդներից ստացված միջնորդավճարները, միայն այս մեկ ընկերության հարկը կկազմի 1 մլրդ դրամ։

Ինչ հաշվարկներով է առաջնորդվել Քերոբյանը, դժվար է ասել, սակայն Yandex taxi ծառայության տեղական մրցակիցը՝ ggtaxi-ն, 2020 թվականի ընթացքում վճարել է 78,8 մլն դրամ ԱԱՀ։

Քերոբյանն այս օրինակը ներկայացնելիս խոսեց նաև ggtaxi-ի հետ մրցակցության մասին ու նշեց, որ հայկական ընկերությունը, փաստորեն, վճարում է հարկեր, իսկ Yandex taxi-ն մինչ այս չի վճարել, և նոր օրենքը թույլ կտա նաև հավասար մրցակցային պայմաններ ապահովել տեղական ու միջազգային ընկերությունների համար։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի համար պարզ չէ՝ ինչպես են Հայաստանի իշխանությունները վերահսկելու` հարկային տվյալներին պատշաճ տիրապետելու համար։ Որպես օրինակ Պապյանը նշում է նույն ընկերությունների հետ կապված հարցեր, որոնք Հայաստանի իշխանությունները տարիներով չեն կարողանում լուծել։

Խոսքը, օրինակ, YouTube-ում սեփական բովանդակություն տեղադրող վլոգերների վարձատրության մասին է։ Վերջիններս ստիպված են զարտուղի մեթոդներ կիրառել՝ եկամուտ ստանալու համար։

Ո՞վ է ստանձնելու գլխացավանքը

Նախագծի պատմության համաձայն՝ այն կառավարությունում շրջանառվում է այս տարվա փետրվարից։ Գործադիրի նիստի քննարկման ակնարկներից պարզ է դառնում, որ ընթացքում բանակցություններ են եղել նաև համաշխարհային ընկերությունների հետ։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը բացատրեց, որ ընդունվելու դեպքում օրենքը գործելու է 2022 թ. հունվարից։ Մինչ այդ իրենք պետք է ստեղծեն ծրագրային ապահովում, որը թույլ կտա հաշվարկել, թե որքան հարկ պետք է վճարեն ընկերությունները։ Ըստ Բադասյանի՝ հենց այդ ընկերությունների վրա է ընկնելու հաշվապահական աշխատանքը։

Ինչ վերաբերում է ՀՀ քաաղաքացիների համար տվյալ ծառայությունների հնարավոր թանկացումներին, Պապյանի կարծիքով` Facebook, Instagram և նմանատիպ հարթակներում գովազդի գնի վրա ազդեցություն կունենա, քանի որ խոսքը գովազդային բյուջեներից 20% հարկի գանձման մասին է։

Մյուս հարթակների դեպքում հաշվարկի հնարավոր տարբերակներից մեկը վերաբերում է տաքսի ծառայություններին։ Եթե Yandex taxi-ի հավելվածի միջոցով պատվիրեք մեքենա ու տեղափոխման համար վճարեք 1000 դրամ, ապա դրանից 100 դրամը կմնա հենց Yandex taxi հարթակին՝ որպես միջնորդավճար։


Նոր օրենքի համաձայն՝ այդ միջնորդավճարից կգանձվի 16,67% ավելացված արժեքի հարկ։ Ձեր տված 1000 դրամի մեջ այն կկազմի ընդամենը 16,67 դրամ կամ 1,67%։ Հայաստանի ներկա թանկացումների ֆոնին օգտվողը գուցե չնկատի մոտ 17 դրամի թանկացումը, սակայն առցանց ծառայություն մատուցողի եկամուտը փաստացի կնվազի 17%-ով, ինչը չնկատել հնարավոր չէ, ուստի սա եկամտի նոր մեխանիզմներ գտնելու պատճառ կհանդիսանա։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Գրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/08/2021