Միջազգային

Դեպի աշխատանքային նոր շուկա

Եթե ռոբոտները աշխատում են, պետք է հարկեր էլ վճարեն:

Ռոբոտ հասկացությունը շատ աղոտ է, ինչն էլ դժվարացնում է սահմանումը հարկային հիմնավորման համար:

Ռոբոտների հարկման մասին գաղափարը նախորդ տարվա մայիսին առաջ էր քաշել իրավական հարցերի  հանձնաժողովի եվրապատգամավոր Մադի Դելվոն Եվրախորհրդարանի համար նախատեսված զեկույցում: Նրա զեկույցում շեշտադրվում է, որ ռոբոտները նպաստում են անհավասարության աճին, այդ իսկ պատճառով էլ, երևի թե անհրաժեշտ է պահանջել, որ ընկերությունները ներկայացնեն կանոնավոր հաշվետվություններ, թե ինչ մասշտաբների և չափերի է հասնում ռոբոտների և արհեստական ինտելեկտի ներդրումն իրենց տնտեսական արդյունքներում` հարկման և սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման նպատակով:

Հասարակությունը չափազանց բացասաբար արձագանքեց Դելվոյի առաջարկին, բացի Բիլլ Գեյթսից, որն ակնհայտորեն սատարում էր Դելվոյին: Բայց եկեք չշտապենք: Դեռ նախորդ տարի մենք տեսանք, թե ինչպես են լայն տարածում գտնում այնպիսի սարքերը, ինչպիսիք են `Google Home-ը և Amazon Echo Dot-ը (Alexa), որոնք մասամբ փոխարինում են տան օգնականներին: Սինգապուրում առանց վարորդների ավտոմատ տաքսիները` Delphi-ն և nuTonomy-ն, շուտով տաքսու վարորդներին կթողնեն առանց աշխատանքի: Իսկ Doordash ծառայությունը փոքր ինքնակառավարվող Starship Technologies ավտոմեքենաներով փոխարինում է ռեստորաններից ուտելիք բերող առաքիչներին:

Եթե այդ և նման այլ նորարարություններ, որոնք ոչնչացնում են աշխատատեղերը, հաջողության հասնեն, ապա հարկ վճարելու կոչերը էլ ավելի հաճախ կլսենք, քանզի երբ մարդիկ կորցնում են աշխատանքը, առաջանում են մարդկային խնդիրներ. մարդիկ հաճախ իրենց նույնականացնում են իրենց աշխատանքի հետ, նրանք կարող են տարիներ վատնել անհրաժեշտ մասնագիտացում ձեռք բերելու համար: Սակայն ռոբոտների հեղափոխությունը մեծ թափ է հավաքում և դրա հետ մեկտեղ էլ մեծանում է կասկածը, որ նման մոտեցումը հաջողության կհասնի: Ռոբոտների հարկման գաղափարի կողմնակիցները  հույս ունեն, որ դա կօգնի դանդաղեցնել այս գործընթացը (գոնե ժամանակավոր) և կապահովի եկամուտ, որով կֆինանսավորվի աշխատանքից հեռացված մարդկանց հարմարումը վերապատրաստման ծրագրերի միջոցով:

Մարդու առողջ կյանքի համար նման ծրագրերը նույնքան կարևոր են, որքան աշխատանքը: Էդմունդ Ֆելպսն իր «Պարգևատրվող աշխատանքը» գրքում ընդգծում է հասարակության մեջ սեփական անձի տեղի և կոչման պահպանման հիմնարար կարևորությունը: Երբ բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանք գտնելու հնարավորությունը, որպեսզի հոգ տանեն իրենց ընտանիքների մասին, բացասական հետևանքներ են ի հայտ գալիս: Ինչպես ընդգծում է Ֆելպսը, ողջ հասարակության գործունեությունը կարող է հայտվել սպառնալիքի տակ: Այլ կերպ ասած` ռոբոտաշինությունը ունի կողմնակի հետևանքներ, որոնք էլ արդարացնում են պետության միջամտությունը այս հարցին:

Ռոբոտների համար հարկ սահմանելու գաղափարը քննադատողները պնդում են, որ ռոբոտ հասկացությունը չափազանց աղոտ է, ինչն էլ դժվարացնում է սահմանումը հարկային հիմքերի համար: Քննադատները ներկայացնում են նաև արտադրության համար ռոբոտաշինության մեծ օգտակարությունը, որն անհնար է հերքել: Բայց եկեք չշտապենք և անմիջապես չբացառենք ռոբոտների համար գոնե չափավոր հարկեր սահմանելու հնարավորությունը: Հատկապես այժմ, երբ գտնվում ենք այլ աշխատանքային միջավայրի անցման փուլում: Նմանատիպ հարկը պետք է դառնա ռոբոտների հեղափոխության հետևանքների կառավարման լայնամասշտաբ ծրագրի մի մասը:

Ցանկացած հարկ, բացի համահարթ հարկից, խեղաթյուրում է առաջացնում տնտեսության մեջ: Համահարթ հարկ նշանակում է նույն չափի հարկ բոլորի համար՝ անկախ եկամուտից և ծախսերից: Բայց ոչ մի կառավարություն չի կարող համահարթ հարկ ներդնել, քանի որ նմանատիպ հարկը ավելի դժվար կվճարեն նրանք, ում եկամուտը ցածր է: Այն քամում է աղքատներին, որոնք, հնարավոր է, ընդհանրապես ի վիճակի չեն վճարել: Հետևաբար, հարկերը պետք է կապված լինեն գործունեության հետ: Պետք է շեշտադրվի հարկ վճարելու հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ, ինչպիսին էլ որ այդ գործունեությունը լինի, այն վերջիվերջո զրկվում է խթաններից:

1927թ. Ֆրենկ Ռամսեյը մի դասական աշխատանք հրապարակեց, որտեղ ապացուցում էր, որ հարկերից ստեղծված աղճատումը նվազեցնելու համար պետք է հարկեր սահմանել բոլոր տեսակի գործունեությունների համար և առաջարկեց հարկային դրույքաչափի իր տարբերակը: Իրական հարկային դրույքաչափերը որոշելիս անհնար է առաջնորդվել նրա վերացական տեսությամբ, սակայն այն ուժեղ փաստարկ է ընդդեմ այն պնդման, որ հարկերը պետք է զրոյացվեն բոլոր տեսակի գործունեությունների համար, բացառությամբ մի քանիսի, կամ էլ բոլոր տեսակի գործունեությունները պետք է հարկվեն մեկ ընդհանուր դրույքաչափով: Բացասական կողմնակի ազդեցություններ ունեցող գործունեությունները, պետք է հարկվեն ավելի բարձր դրույքաչափով, քան Ռամսեյն է առաջարկել: Օրինակ՝ լայն տարածում ունեն ալկոհոլային խմիչքների համար հարկերը: Հարբեցողությունը հասարակական լուրջ խնդիր է: Այն կործանում է ամուսնություններ, ընտանիքներ ու կյանքեր: 1920-1933թթ. Միացյալ Նահանգները փորձարկում կատարեց գործարար շուկայում: Մտցվեց ալկոհոլային խմիչքների ուղղակի արգելք: Արդյունքում պարզվեց, որ հնարավոր չէ վերացնել ալկոհոլի օգտագործումը: Ալկոհոլային հարկը, որը մտցվեց «չոր օրենքի» չեղարկման ժամանակ, նպաստեց, որ մարդիկ ավելի քիչ ալկոհոլ գնեն:

Ռոբոտների հարկման քննարկումների ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել անհավասարության աճի դեմ պայքարի այլընտրանքային տարբերակները: Այստեղ տեղին է հիշել, որ կարելի է բարձրացնել պրոգրեսիվ հարկի սանդղակները և ներդրնել «բազային եկամտի» սահման:  Սակայն այս քայլերը լայն հանրային աջակցություն չունեն: Իսկ եթե նման աջակցություն չկա, ապա այդ միջոցները, եթե անգամ դրանք իրականացվեն, ապա երկարատև չեն լինի:

Բարձր եկամուտների հաշվին հարկերի ավելացումը (սովորաբար այն տեղի է ունենում պատերազմի ժամանակ), որպես կանոն, ժամանակավոր բնույթ է կրում: Ի վերջո, մարդկանց մեծամասնության համար բնական երևույթ է դարձել այն, որ պետությունը հարկ է վերցնում ավելի հաջողակ մարդկանցից, ապա դրանով օգնում է ավելի քիչ հաջողակներին: Սակայն սա էլ վերջիններիս համար նվաստացուցիչ է: Այդպիսի օգնություն ստացողները, իրականում, որպես կանոն, այնքան էլ դա չեն ցանկանում: Քաղաքական գործիչներն այդ մասին տեղյակ են և սովորաբար իրենց նախընտրական քարոզարշավները չեն անցկացնում՝ նշելով, որ կբարձրացնեն հարուստների հարկերը աղքատների կարիքները հոգալու համար:

Ռոբոտացման հետևանքով առաջացած եկամտի անհավասարության խնդիրը մեղմելու համար անհրաժեշտ է վերափոխել հարկերը:

Արդյունքում, ռոբոտացման պատճառով առաջացած եկամուտների անհավասարության խնդիրը մեղմելու համար անհրաժեշտ է վերափոխել հարկերը: Քաղաքական տեսանկյունից ավելի ընդունելի, և, հետևաբար, ավելի կայուն կարող է լինել հարկել ռոբոտներին, այլ ոչ թե միայն բարձր եկամուտ ունեցողներին: Սա չի տարածվում մարդու անձնական հաջողության վրա, ինչպես եկամտահարկի դեպքում է, սակայն, իրականում նման մոտեցումը ենթադրում է բարձր եկամտի դեպքում բարձրացնել հարկը, եթե այդ բարձր եկամուտը ստացվել է մարդկանց փոխարեն ռոբոտներին աշխատեցնելով: Ռոբոտների չափավոր, անգամ ժամանակավոր հարկումը, որը միայն դանդաղեցնելու է հեղափոխական տեխնոլոգիաների ներդրումը, անհավասարության աճի խնդրի լուծման քաղաքականության բնական բաղադրիչն է: Այս հարկից առաջացած եկամուտները կարող են օգտագործվել ի շահ աշխատավարձի ապահովագրության, որպեսզի օգնեն նոր կարիերա սկսել այն մարդկանց, որոնց փոխարինել են նոր տեխնոլոգիաներով: Այս մոտեցումը կհամապատասխանի արդարության բնական զգացումին, ինչը նշանակում է, որ այն ամենայն հավանականությամբ կայուն կլինի:

 

Հեղինակ՝ Ռոբերտ Շիլլեր (Robert J. Shiller), Նյու Հեվըն: Շիլլերը Յելի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է: 2013թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Նյութի բնօրինակը հրապարկվել է Միջազգային քաղաքականություն և հանրություն եռալեզու պարբերականում:

Թարգմանությունը՝ Էլիզա Մկրտչյանի և Արփինե Փանոսյանի

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 14/03/2019