Կրթություն

Ուսանողական վարկեր. որքանո՞վ է պետության դերը սոցիալապես արդար

Հայաստանի կառավարությունը բարձրագույն կրթության ֆինանսավորման մասով թիրախավորել է ուսման վարկերի տոկոսադրույքների իջեցումը։ Կառավարության  2019թ. մարտին ընդունած որոշման համաձայն՝ ուսանողներին տրամադրվող վարկի տարեկան  դրույքաչափը դարձավ 9% նախկին 12%-ի փոխարեն:

Պետությունը կսուբսիդավորի վարկի 2%-ը, իսկ առավել բարձր առաջադիմությամբ ուսանողների դեպքում՝ 3%-ը։ Մեկ ուսանողի հաշվով վարկի առավելագույն գումարը սահմանված է 2.8 մլն դրամ, իսկ առավելագույն չորս անընդմեջ մասնաբաժինը՝  700 հազար դրամ:

image-7753

Զուգահեռ այս փոփոխություններին, ԱԺ-ում մշակվում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն իրենց համատեղ ասուլիսի ժամանակ նշել էին, որ առաջնային փուլում ծրագիրը կվերաբերվի մագիստրատուրայում սովորող ուսանողներին:

Հիմնավորումն այն է, որ բակալավրում սովորող 90 000 ուսանողից ընդամենը մեկ կամ երկու տոկոսն է աշխատում: Չկա վիճակագրություն, թե քանիսն են գրանցված, և որքան աշխատավարձ են ստանում: Ծրագիրը մագիստրատուրայում փորձարկելով՝ պատգամավորները նախնական հաշվարկներ կներկայացնեն կառավարությանը՝ ծրագրի արդյունավետության մասին: Մոտավոր պատկեր կստեղծվի նաև ծրագրի շնորհիվ ապահովվող հարկային մուտքերի և ստվերի կրճատման մասով:

Նախագծի շուրջ բավականին քննարկումներ են ծավալվում: Վարկավորման վերաբերյալ բացասական մեկնաբանությունները հիմնականում շեշտադրում են այն իրողությունը, որ վարկավորման փոփոխություններն ըստ էության չեն լուծում կրթության որակական խնդիրները:

Ուսանողական վարկի առկայությունը, անկախ առաջադիմությունից, հիմք չի հանդիսանում ավարտելուց հետո ավելի հեշտ աշխատանք գտնելու համար: Իսկ նորավարտ երիտասարդները բավականին բարդ են դիրքավորվում աշխատաշուկայում, մինչդեռ վարկի հիմնական գումարի մարումը սկսում է ավարտական տարուց:

Հաշվենք միասին

Ուսանողական վարկերի համակարգը պետության կողմից ներդրվել է 2013թ.` թեթևացնելու վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի բեռը: Միևնույն ժամանակ, պետության համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նպատակ ունի բարձրագույն կրթական համակարգն ավելի գրավիչ դարձնել երիտասարդների համար, ինչպես նաև յուրովի նպաստել ուսանողների շահամիտմանը:

Փորձենք թվային-հաշվարկային տարբերակով  անդրադառնալ վարկավորված ուսանողի վճարման պարտավորություններին: Որպես օրինակ դիտարկենք X համալսարանի ուսանողին, որի ուսումնական տարեկան վարձը կազմում է 600 հազար դրամ: Ուսանողը տվյալ կիսամյակում օգտվել է 300 հազար դրամ ուսման վարկից՝ տարեկան 12.69 (նոր տարբերակով` 9.4) փաստացի տոկոսադրույքով, 4,5 տարի մարման ժամկետով:

Ուսումնառության 4 տարիների ընթացքում ուսանողը մարում է միայն տոկոսագումարը, որը կազմում է 3000 (նոր տարբերակով` 2200) դրամ: Ամսական կտրվածքով պետության սուբսիդավորման չափը կազմում է 400-500 (նոր` 450-550) դրամ: Ավարտելուց հետո ուսանողի ամսական մարումները ներառում են մայր գումար՝ 11000-14000-ի չափով և տոկոսագումար՝ 2000 (նոր` 1500) դրամ, որից միայն 200-300 դրամն է սուբսիդավորվում պետության կողմից: Ստացվում է, որ 4.5 տարիների կտրվածքով ուսանողը վճարում է իր 300 000 դրամ մայր գումարը և 136 000 տոկոսագումար (նոր` 67000), որից պետությունն իր վրա է վերցնում միայն 22000 դրամը (նոր` 15000):

Օրինակն ընդամենը մեկ կիսամյակի համար անհրաժեշտ 300 հազար դրամի մասին էր: Հատկապես բարդ է այն ուսանողների համար, որոնք ավարտական կուրսում են դիմում վարկավորման ծրագրին, քանի որ հունիսին (հաշվի է առնվում, որ ուսանողն արդեն ավարտել է պաշտպանությունը) ուսանողի մարումները ներառում են և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարը: Օրինակ՝ եթե ուսանողը վարկային միջոցներից օգտվել է 900.000 դրամի չափով, որից 300.000-ը տրամադրվել է վերջին կիսամյակում, ապա ավարտելուց հետո ամսական պարտավորությունները կազմում են 25.000-30.000 դրամ:

image-7754

Ե՛վ պատկերից, և՛ հաշվարկներից երևում է, որ պետությունը սուբսիդավորում է տոկոսագումարները, սակայն չնչին չափաբաժնով: Ստացվում է, որ պետության ֆինանսական բեռը մեծ չէ, մինչդեռ ծրագրով ապահովվում է բուհերի ֆինանսավորումը, բանկերի և այլ ֆինանսական կառույցների վարկային ծրագրերի ակտիվացումը:

Եթե համեմատական անցկացնենք պետության կողմից մեկ այլ ֆինանսավորման գործիքի՝ անվճար ուսման ֆինանսավորման հետ, ապա ակնհայտ է, որ անվճար համակարգում սովորող ուսանողը ոչ մի պարտավորություն չի ունենում պետության առջև` ո՛չ ուսման ընթացքում, ո՛չ ավարտելուց հետո: Ավելին, պետությունը որպես խրախուսանք անվճար սովորող ուսանողներին տրամադրում է ամսական 5000 դրամ թոշակ: Գերազանցությունը պահպանած ուսանողների կրթաթոշակն ավելանում է 1000 դրամով:

Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները պետությունից ստանում են ուսման վարձի 50-100 տոկոսի չափով փոխհատուցում՝ կախված ընտանիքի անապահովության աստիճանից, որը սահմանվում է կառավարության որոշմամբ: Այս դեպքում, յուրաքանչյուր տարի, Կրթության և գիտության նախարարությունը սահմանում է մասնագիտական որակավորման գնահատականի շեմ, որի դեպքում ուսանողը կարող է օգտվել նպաստի կամ կրթաթոշակի ծրագրից: Ֆինանսավորման հետևյալ տարբերակը ևս ուսանողի համար ոչ մի հետագա պարտավորություն չի առաջացնում:

Դրամաշնորհ տրամադրող հիմնադրամներն ու անհատները ևս միավորահեն են և ստվերում են մնում ոչ այդքան բարձր առաջադիմություն ունեցողները, որոնք ևս ունեն կրթություն ստանալու իրավունք:

Հետևաբար հարց է առաջանում. արդյոք ներդրումը, որը կատարվում է ուսանողի կողմից ուսանողական վարկի տեսքով, տալի՞ս են այնպիսի գիտելիքներ, որոնք համապատասխանում են գործատուի և/կամ աշխատաշուկայի պահանջներին: Այս դեպքում է հնարավոր աշխատել մասնագիտությամբ՝ աճող և մոտիվացնող վարձատրությամբ, հետևաբար՝ նաև վարկային պարտավորությունները կատարելով:

Կրթության փորձագետ Սարգիս Ասատրյանցի կարծիքով՝ Հայաստանում կան լավ բուհեր, որտեղ, ուսանողը, եթե ճիշտ  մասնագիտություն ընտրի և ուսանողական վարկ վերցնի, ապա արդարացված կլինի այդ քայլը: Սակայն ընդհանուր կրթական համակարգում փորձագետն արդարացված չի համարում ուսանողական վարկը:

«Ընդհանուր պատկերը գնահատելով, կարծում եմ՝ արդարացված չի այն համատեքստում, որ ուսանողները ավարտելուց հետո  չեն կարողանալու աշխատանք գտնել, քանի որ բուհերի տված գիտելիքները տեսական են և ուսանողները պետք է հավելյալ գումար ծախսեն պրակտիկ գիտելիքներ ստանալու համար, հետևաբար վարկ մարելն իրենց համար բավականին ծանր է լինելու»,- ասում է Ասատրյանցը:

Աշխատող ուսանողների եկամտային հարկի վերաբերյալ նախագիծն Ասատրյանցը դրական է գնահատում, սակայն վերապահումով, որ այս դեպքում ուսանողները աշխատանքի պատճառով կտրվում են կրթական կարևոր գործընթացից: Սակայն Ասատրյանցը նշում է, որ աշխատանքը լիովին արդարացված կլինի, եթե դա լինի ուսանողի մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանք:

Ամփոփեց Արփի Ավետիսյանը (Արփին ուսանողական վարկավորման ծրագրի վարկառու է 2016թ.-ից: Նյութում բերված օրինակի հաշվարկը կատարվել է Արփիի վարկավորման պայմանագրում նշված բանաձևի համաձայն)

Ինֆոգրաֆիկաները Գայանե Մելիքյանի և Աստղիկ Գևորգյանի

Պատասխանատու խմբագիր Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 11/06/2019