Կրթություն

Նախադպրոցական կրթության մատչելիությունը Հայաստանում

Հարցման արդյունքները ինֆոգրաֆիկաներով

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կրթության համակարգի առաջին օղակն է։ Այս հաստատությունները նախատեսված են 0-6 տարեկանների համար, որից հետո սկսվում է դպրոցահասակ փուլը:

Հայաստանում հիմնականում գործում է նախադպրոցական կրթության ավանդական, մանկապարտեզի ձևաչափը, սակայն վերջին տարիներին բացվել են մեծ թվով դպրոցահենք նախակրթարաններ և փորձարկվում են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ։

Նախադպրոցական կրթության հիմնական նպատակն է` հիմք ստեղծել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացման համար` նրան նախապատրաստելով դպրոցին: Ոլորտի մասնագետների համաձայն՝ վաղ տարիքում երեխայի հաջող զարգացումը և որակյալ կրթությունը նպաստում են նրա կարողությունների զարգացմանը և կայուն հիմք դառնում կրթական բոլոր մակարդակների համար:

Հայաստանում նախակրթարանների գործունեության, մատչելիության, խոչընդոտների, ինչպես նաև երեխաների զարգացման համար դրանց կարևորությունը պարզելու նպատակով Հայաստանի 10 մարզերի և մայրաքաղաքի շուրջ 600 տնային տնտեսությունների անդամների շրջանում իրականացվել է հարցում:

Այն կազմակերպվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում:

«Ամփոփ Մեդիան», Սեյվ դը չիլդրեն Հայաստանի հետ համագործակցությամբ, փորձել է հարցման հաստափոր արդյունքներից դուրս բերել հարցման մասնակիցների ամենակարևոր ուղերձները և դրանք ներկայացնել 9 ինֆոգրաֆիկաների միջոցով:

Հարցման արդյունքները փաստում են, որ հարցված գրեթե բոլոր մասնակիցները թեև կարևորում են նախադպրոցական կրթությունը, սակայն նրանց 40%-ի երեխաները չեն հաճախում նախակրթարաններ (խմբ. հարցման մասնակիցները նախակրթարանը ասոցացնում են մանկապարտեզի հետ):

Երեխաների՝ նախակրթարաններ չհաճախելու պատճառները, ըստ հարցվածների, տարբեր են, սակայն տոկոսային հարաբերակցությամբ հիմնական պատճառը՝ տարածքում նախակրթարանների բացակայությունն է: Ծնողները նշում են, որ նրանք իրենց երեխաներին կտանեին պետական մանկապարտեզ՝ անկախ ծառայությունների որակից:

Չնայած այն հանգամանքին, որ ծնողների համար տարածքում նախակրթարանի առկայությունն առաջնային է, քան ծառայությունների որակը, սակայն ստորև բերված պատկերը փաստում է, որ, այնուամենայնիվ, եթե անգամ նախակրթարան կա, ապա այն ծնողներին երբեմն չի բավարարում: Չբավարարելու պատճառներից ամենաշատը նշվել է սանիտարական ու շենքային պայմանները:

ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախներից մեկը մինչև 2030թ․ բոլոր աղջիկների ու տղաների համար վաղ մանկության զարգացման, խնամքի և նախադպրոցական կրթության հասանելիության ապահովումն է։ Երեխաները դեռևս բախվում են խոչընդոտների՝ նախակրթարաններ հաճախելու պարագայում:

Խնդիրներից թերևս ամենատարածվածը երեխաներին նախակրթարան չընդունելն է: Իսկ հիմնական պատճառը տեղերի ոչ բավարար քանակն է, ինչի հետևանքով երեխաները դուրս են մնում նախակրթարաններից:

Ըստ հարցումների՝ նախակրթարաններ ընդունվելու հարցում առավել շատ դժվարությունների են հանդիպում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, իսկ ընդունվելու դեպքում, նրանք, ի տարբերություն սոցիալապես ապահով ընտանիքների երեխաների, ամեն օր  հաճախում են նախակրթարան։

Հարցումները փաստում են, որ քաղաքաբնակ երեխաները երկու անգամ ավելի են հաճախում նախադպրոցական կրթական հաստատություններ, քան գյուղաբնակները։ Միաժամանակ օրական տևողության և հաճախումների պարբերականության առումով` գյուղերի բնակիչներն ու աղ­քատ ընտանիքների երեխաներն ավելի ինտենսիվ են հաճախում մանկապարտեզ՝ ամեն օր:

Նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու տեսանկյունից շատ աշխատանք կա կատարելու հատկապես Տավուշի, Կոտայքի, Լոռու մարզերում, որտեղ համեմատած մյուս մարզերի՝ չհաճախելու ցուցանիշը բարձր է:

Չնայած այն հանգամանքին, որ Արմավիրի մարզում չօգտվողների ցուցանիշը բավականին ցածր է՝ 25%, նախակրթարանների կեսից ավելին այստեղ գործում են սեզոնային:

ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ ծրագրում կրթության ոլորտի նախատեսված գործողություններում նախատեսվում է բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70%-ի։

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը պատրաստ է տրամադրել աջակցություն` նշված գործողություններում թիրախավորելով նաև սույն հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները։

Ամփոփ Մեդիա

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/06/2019