Քաղաքական

Հունիսի 29-հուլիս 5. կոռուպցիոն դեպքերով մեղադրանք՝ 249 անձի

ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն` 2018թ. հունվար-2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 249 անձի: 

Նշված 17 ամիսների ընթացքում տվյալ մեղադրանքներն ուղղված են են եղել սոցիալական ապահովության ոլորտում ներգրավված անձանց, որոնց թվում են՝ հանրապետության բոլոր մարզերից սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժինների մասնագետներ, տեսուչներ, բաժնի պետեր, տեղակալներ, նախարարության աշխատակիցներ և այլք: 

Անապահովության նպաստների տրամադրման ոլորտում տվյալ անձինք ներգրավված են եղել տարբեր չափերի ապօրինի վարձատրությունների դիմաց կեղծ փաստաթղթերի տրամադրման մեջ, նպաստների գումարները հափշտակելու և այլ հարակից հանցանքներում, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը գնահատվել է ավելի քան 770 մլն դրամ: Նշվում է, որ այդ գումարից վերականգնվել է միայն 140 մլն դրամը: 

Այս պահին 33 անձ դատապարտվել է, իսկ 17-ի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորում, սակայն վերջիններից 12-ի նկատմամբ կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով: 

Պատվովճարի չափը կկրկնապատկվի

Վթարայինից դեպի նոր բնակարաններ

Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի 83 ընտանիքներ հուլիսի 4-ին Երևանի քաղաքապետարանից ստացել են նոր բնակարաններ։ Եվս 59 ընտանիք Երևանի քաղաքային իշխանություններից գրավոր տեղեկացվել է կառուցվող շենքում բնակարան ստանալու մասին: Մինչ շենքի շահագործման հանձնելը, բնակիչներին հնարավորություն է տրվել վթարային շենքերից տեղափոխվել վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի Երևան քաղաքի բյուջեից: Սակայն 19 բնակարանների սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում՝ տարբեր պատճառներով: Այս մասին լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նշելով, որ բնակիչներից ոմանք ակնկալում են ստանալ ավելի մեծ բնակտարածք, մի մասն էլ հրաժարվում է վարձով բնակարան տեղափոխվել։

Դեռ նախորդ տարի քաղաքային իշխանությունները վթարային շենքերի բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել էին, որ երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումն ավարտին կհասցվի 2020թ-ին: 

Պոլսո Հայոց պատրիարքարանում շարժ կա 

Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 4-ին՝ երկու թեկնածուների միջև: Մաշալյանը ստացել է 13, իսկ մյուս թեկնածուն` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ 11 ձայն: 

Վերջինս 2010թ.-ից կատարում էր Պոլսո պատրիարքական աթոռի ընթացիկ աշխատանքները՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդությունից հետո: Մութաֆյանը վախճանվեց սույն թվականի մարտին` Ստամբուլի հայկական հիվանդանոցում 11 տարի անգիտակից վիճակում գտնվելուց հետո:   

Հավանաբար այս ընտրություններից հետո պատրիարքարանը կպատրաստվի նոր պատրիարքի ընտրություններին: Տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր գալիս նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին՝ ընդգծելով, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։ 

Սևանա լճի շուրջ մտահոգություններ 

Բնապահպաններն ահազանգում են, որ վերջին օրերին Սևանա լիճը որոշ հատվածներում ձեռք է բերել կանաչ գույն, որի որպես նախնական պատճառ նշվում է ափամերձ հատվածներում կապտականաչ ջրիմուռների տարածումը:

Մասնագետները պնդում են, որ լճի որոշ հատվածներում լողալ չի կարելի, ջուր խմել` առավել ևս։ Նրանք հավաստիացնում են, որ վտանգված է նաև ձկան վերարտադրությունը։ Սևանա լճի, այսպես կոչված, «ծաղկման» պատճառների շուրջ կարծիքների փոխանակում կատարվեց հուլիսի 4-ին՝ «SOS Սևան» նախաձեռնության անդամների կողմից: Ստեղծված իրավիճակից լիճը դուրս բերելու համար բնապահապանները որոշեցին հավաքագրել բոլոր առաջարկները և փոխանցել ՀՀ կառավարությանը: 

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում առաջիկա 10 օրում ջրի կանաչ գույնը կվերանա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ լճի աղտոտումը կտրուկ ավելացել է հարակից ռեստորաններից, հյուրանոցներից և այլ կառույցներից, ինչպես նաև բնակչության կողմից: «Այս պահին Սևանի հետ կապված ամենամեծ հարցն ախտորոշումն է. պետք է հստակ հասկանալ` այդ աղբյուրները որոնք են»,- ասել է Գրիգորյանը։

Ինժեներական լաբորատորիաներ՝ 284 դպրոցներում

Կառավարությունը 834 մլն դրամ կտրամադրի հանրապետության 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծելու համար։ Շուրջ 375 մլն դրամ էլ կհատկացվի ավագ դպրոցների վերակառուցման և շենքային պայմանների բարելավման համար։

Կառավարությունը նաև կմարի ջրօգտագործող ընկերությունների տարիներ շարունակ կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը։ Ըստ հիմնավորման՝ այդ պարտքը գոյացել է դեռևս անցած տարիներից հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների արդյունքում։ Դրա պատճառով տվյալ ընկերությունների բանկային հաշիվների  վրա կիրառվել էին արգելանքներ, որը խոչընդոտում էր ոռոգման շրջանը կազմակերպելուն։

107 մլն դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների պատճառով

ՀՀ Լոռու մարզի դատախազության տվյալների համաձայն՝ 2019թ-ի առաջին կիսամյակում միայն Լոռու մարզում գրանցվել է ապօրինի անտառահատումների և անտառտնտեսության ոլորտում պաշտոնի չարաշահումների 119 դեպք, որոնցից 49-ով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի ծառահատումների փաստով պետությանը պատճառված վնասի չափը  գնահատվել է ավելի քան 102 մլն դրամ: Աղբյուրը նշում է, որ վերականգնվել է ընդամենը 600 հազար դրամ կամ վնասի 0,6%-ը:

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/07/2019