Լրահոս

Հունիսի 22-28. մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում

Հունիսի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել Հայաստանի պետական սահմանի Իջևանի հատվածում:  Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, որը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել դեռ 2017թ. հունիսի 20-ին: Իսկ Ադրբեջան է վերադարձվել՝ այս տարվա մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։

Նվազագույն աշխատավարձի բարձրացում

Հունիսի 27-ին կառավարության նիստում հավանության է արժանացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 2 պատգամավորների՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության առաջարկը: Համաձայն դրա՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում կիրականացվի փոփոխություն` ներկայիս 55 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը կբարձրացվի մինչև 63 հազար դրամ: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը կառավարության նույն նիստի ընթացքում ներկաներին տեղեկացրեց, որ նվազագույն աշխատավարձը հնարավոր է նշված շեմից էլ բարձրացնել: Ըստ նրա՝ վերջին 3 ամիսներին կատարված հետազոտությունները թույլ են տալիս եզրակացնել, որ նվազագույն աշխատավարձի շեմը հնարավոր է բարձրացնել մինչև 68 հազար դրամ։ Այս առաջարկը, ըստ Գասպարյանի, կներկայացվի ԱԺ-ում տվյալ օրինագծի քննարկումների ընթացքում:

0-18 տարեկանների անվճար բուժօգնություն

Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Առողջապահության նախարարությանը հատկացվել է ավելի քան 12 մլրդ դրամ ոլորտի առավել հրատապ և կարևոր մի շարք ծրագրերի իրականացման նպատակով

Տրամադրվող գումարով նախատեսվում է նաև 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում:

Այս պահին այդ հնարավորությունից օգտվում են մինչև 7 տարեկան երեխաները և տարբեր պատճառներով պետության արտոնյալ պայմաններից օգտվող անձինք: Նախարարության տվյալների համաձայն՝ նշված փոփոխություններից հետո արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստացող մինչև 18 տարեկան շահառուների թիվը կավելանա 200 հազարով։ 

Քոչարյանը կրկին կալանավորվեց

Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ըստ դատավոր Արմեն Դանիելյանի որոշման՝ գործի վարույթը հետ կկանչվի Սահմանադրական դատարանից և կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հանձնարարվել է նաև ետ վերադարձնել երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի վճարած գումարները։ 

կարդացեք նաև

«Մարտի 1-ի գործով». Ինչո՞ւ են դատում Ռոբերտ Քոչարյանին

Համահարթեցման ընդունում

Ազգային ժողովը հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախագծին կողմ է քվերակել 73, դեմ` 32 պատգամավոր։ Սա նշանակում է, որ 2020թ. հունվարի 1-ից Հայաստանում եկամտահարկը բոլորի համար կազմելու է 23%:

կարդացեք նաև

Համահարթեցման անհարթ հիմնավորումները

Երևանում թույլատրելի արագությունը նվազեցնելու առաջարկ

Հունիսի 26-ին ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն  առաջարկել է Երևանում երթևեկության թույլատրելի արագությունը 60-ի փոխարեն սահմանել 50 կմ/ժ։ Քաղաքապետը նշել է, որ եվրոպական շատ երկրներում նորմալ արագությունը հենց 50 կմ/ժ-ն է։ Առաջարկը հիմնավորվում է վթարների ու դրանց հետևանքով զոհերի թվի աճով։ 

Քաղաքապետը ներկայացրել է վիճակագրություն, համաձայն որի՝ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում վթարների թիվն աճել է 23.3%-ով` 343 դեպքից հասնելով 423-ի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում վթարների հետևանքով զոհվել է 67 մարդ:

Առաջարկը լայն քննարկման առիթ է դարձել։ Առաջարկին բացասական արձագանքողներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ նվազեցման արդյունքում կավելանան խցանումների քանակը՝ հավելյալ խնդիրներ առաջացնելով։ 

Այնուամենայնիվ, քաղաքապետը պատրաստվում է այս առաջարկը քննարկել ճանապարհային ոստիկանության ու մի շարք այլ գերատեսչությունների հետ:

Մոսկվայից Թբիլիսի` Երևանով 

«Արմենիա» ավիաընկերությունը ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն: Չվերթների ժամերը մոտ կլինեն «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի -Երևան չվերթների ժամերին: 

Այսպիսի անուղղակի չվերթներ Մոսկվայից Թբիլիսի իրականցվում են հունիսի 21-ից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետո, համաձայն որի՝ հուլիսի 8-ից երկու երկրների միջև ավիափոխադրումներ իրականացնելու արգելք է մտցվել: Որոշումն ընդունվել է hունիսի 20-ին՝ Վրաստանի խորհրդարանի առջև տեղի ունեցած բազմահազարանոց ցույցից հետո, որի մասնակիցները հանդես էին գալիս Վրաստանի «ռուսական օկուպացիայի» դեմ: Սակայն փողոցային դժգոհությունների անմիջական պատճառը հունիսի 19-ին Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովն էր, որի բացման իրավունքը տրվել էր Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին` նրան հնարավորություն տալով դա անել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած։ 

Այսպիսով՝ «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից օրական 2-4 չվերթ կիրականացնի դեպի Մոսկվա` կախված պահանջարկից։ Իսկ Երևան-Թբիլիսի-Երևան չվերթն օրական մեկ չվերթի փոխարեն կիրականացվի երկու անգամ: 

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 29/06/2019