Քաղաքական

Հունիսի 17-21․ Սահմանադրական դատարանում ճգնաժամային իրավիճակ

Անցնող շաբաթ փաստաբան Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի կողմից 99 կողմ և 23 դեմ ձայների բաշխվածությամբ ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Ընտրվելուց երկու օր անց` հունիսի 20-ին, ԱԺ ամբիոնից Գրիգորյանը հայտարարեց Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամային վիճակի մասին:

Գրիգորյանի հիմնավորումն այն է, որ բացի իրենից և ՍԴ դատավոր Արման Դիլանյանից, որն ԱԺ-ի կողմից ընտրվել է 2018թ․ դեկտեմբերին, այլ լեգիտիմ դատավորներ չկան: ՍԴ ներկայացնող մյուս 7 անձը` ներառյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ Գրիգորյանի, ՍԴ անդամներ են և ոչ թե դատավորներ: Մինչդեռ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված է լինում դատավորներից, որոնք ընտրվում են ԱԺ պատգամավորների կողմից: Սա է հիմք հանդիսանում Գրիգորյանի համար, հայտարարելու, որ նա ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու է նաև «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը» , քանի որ մյուս լեգիտիմ դատավորն այս օրերին արձակուրդում է։

ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնապես առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը: Սակայն, հավանաբար, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն այս հարցի շուրջ:

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում է 2018թ. մարտի 21-ից՝ ՀՀ Ազգային ժողովի որոշման հիման վրա: ՍԴ անդամ նա ընտրվել է ԱԺ կողմից՝ նույն տարվա մարտի 2-ին` ստանալով 64 կողմ և 27 դեմ ձայն: Թովմասյանն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր` Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և ներկայացնում էր իշխող Հանրապետական կուսակցության շահերը:

ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնեց նախորդ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից 9 օր անց: Վերջինս հրաժարական էր տվել, քանի որ ընտրվել էր նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական ոլորտում բարեփոխումների մեկնարկի վերաբերյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց Գագիկ Հարությունյանը և ԲԴԽ մի քանի անդամներ հրաժարվեցին իրենց պաշտոնից:

Փաստաբան Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց առաջ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։ Գրիգորյանը նաև հայտնի է, որպես 2000-ի սկզբին Բուզանդի փողոցի չորս ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան, որոնք հրաժարվում էին վաճառել իրենց սեփականությունը` հակառակ կառավարության որոշմանը, համաձայն որի այդ տարածքում պետք է իրականացներ կառուցապատում «պետական կարիքների» անվան տակ (խոսքը ներկայիս Հյուսիսային պողոտայի մասին է):

Նոր անդամներ՝ Բարձրագույն դատական խորհրդում

Հունիսի 20-ին և 21-ին Ազգային ժողողը ընտրեց ԲԴԽ նոր անդամներ: Երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: 

Գրիգոր Բեքմեզյանի օգտին քվեարկել էր 107, դեմ՝ 4 պատգամավոր։ Բեքմեզյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է և ներկայացնում է «Մարտի մեկի» գործի շրջանակներում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը։ Վիգեն Քոչարյանի օգտին կողմ քվեարկեց 114 պատգամավոր, դեմ՝ 4։ Նա 2015 թվականից զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

«Նաիրիտ» գործարանի օտարման նախապայմանը

Հաջորդ շաբաթ աճուրդի է դրվում «Նաիրիտ» գործարանը: Օտարման համար կա մեկ նախապայման։ Անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի բիզնես պլան, որի հիման վրա հնարավոր կլինի ամբողջական վերագործարկել գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասը: Այս որոշումն հունիսի 18-ին ընդունվել է Նաիրիտ գործարանի աշխատակիցների կողմից կազմված 8 հոգանոց խմբի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների խորհրդակցական ժողովի ժամանակ: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: Նշվում է, որ սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Նոր խորհուրդ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի hունիսի 19-ի որոշման համաձայն՝ ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհուրդ: Որոշման մեջ նշվում է նաև, որ խորհրդի ղեկավարը բարեփոխումների իրականացման գործընթացներում պետք է ներգրավի նաև միջազգային դոնոր և հասարակական կազմակերպությունների:

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/06/2019