Լրահոս

Հունիսի 8-14. Գլենդելից՝ Հայաստանի կառավարություն աշխատելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։ Սա նոր պաշտոն է, որ ստեղծվել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:

Նախկինում գործող Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որը ՀՀ վարչապետի աշխատակազմի մաս է կազմելու:

Մինչև Հայաստան ժամանելը Զարեհ Սինանյանը բնակվում էր ԱՄՆ-ում և հանդիսանում Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկը։ Սակայն նա իր պատրաստակամությունն էր հայտնել հրաժարվել աշխատանքից ու մեկնել Հայաստան՝ կառավարությունում բարձրաստիճան պաշտոն ստանձնելու:

ՏԻՄ ընտրություններ՝ Հայաստանի 23 համայնքներում

Հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ:

12 համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեցող 73311  քաղաքացուց, ընտրությանը մասնակցել է 35532-ը կամ շուրջ 44.4%ը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3 թեկնածուներից միայն մեկն է հաջողություն գրանցել` ստանալով բավարար ձայների քանակ:

Այս ընտրությունների արդյունքներից ամենաաղմկահարույցն ու ամենաքննարկվածն Աբովյան համայնքի ղեկավարի ընտրությունն էր։ 395 ձայնի տարբերությամբ վերընտրվեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանին։ Հիշեցնենք, որ Վահագն Գևորգյանին 4 տարի առաջ Աբովյանի համայնքապետի ընտրություններում սատարում էր գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս անգամ թե՛ Գևորգյանը, թե՛ Ծառուկյանը պնդում են, որ որևէ աջակցություն կուսակցության և նրա ղեկավարի կողմից չի եղել:

«Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտարկումների ընթացքում խախտումներ գրանցվել են և՛ նախընտրական շրջանում, և՛ ընտրական գործընթացում: Մասնավորապես՝ նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, ինչպես նաև արդյունքների հաշվարկման միտումնավոր խախտման դեպքեր։

Մեկնարկեց Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը

Հունիսի 15-ից «Armenia Airways»-ը սկսում է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթները։ Այս երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, հինգշաբթի ևշաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր: Տոմսի միակողմանի արժեքը սկսվում է 69 հազ. դրամից:

Դրական եզրակացություն՝ ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Նախագծով հնարավորություն է տրվում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին եկամտային հարկով փոխհատուցելու ուսման վարձը։ Իսկ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը, որի դեպքում սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, կսահմանի կառավարությունը։

Ավելի վաղ Ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին: Չնայած սրան՝ նախագծի հեղինակները համարում են, որ վերջնական որոշումը պետք է կայացնի խորհրդարանը։ Օրենքի նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հայաստանում ուսանողական վարկավորման ծրագրի մասին մանրամասներ կարող եք իմանալ Ամփոփ մեդիայի ուսումնասիրությունից:

Հրաժարականները շարունակվում են

Դատաիրավական ոլորտում այս շաբաթ ևս շարունակվեցին հրաժարականները։ Հունիսի 13-ին և 14-ին հրաժարական ներկայացրեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երեք անդամ` Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։

Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲԴԽ անդամ, նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։ Այսպիսով՝ Խորհրդի 10 հոգանոց կազմից հինգը հրաժարվել է իր պաշտոնից։ Հունիսի 14-ին առաջին անգամ ԲԴԽ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։  

Հայաստանում աճել է հրդեհների թիվը

Հայաստանում այս ամսվա առաջին տասնօրյակում 6,5 անգամ աճել են խոտածածկ տարածքներում հրդեհները: ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայության:

Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի՝ պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները։

Նշենք, որ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) դրամաշնորհային միջոցներով Հայաստանը ձեռք է բերել հակահրդեհային սարքավորումներով հագեցած 4 ամենագնաց: Հունիսի 14-ին մեքենաները հանձնվել են բնության հատուկ պահպանվող տարածքների օպերատորներին։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 16/06/2019