Լրահոս

Մարտի 2-8. Նախագահը տեղափոխվեց Բաղրամյան 26, կոռուպցիոն դեպքերով քրեական գործերի աճ

վարորդների գործադուլ, «Տրոյկա Դիալոգ»-ի շուրջ հետաքննական բացահայտումներ, փոփոխություններ` ԱԺ ընդունած երկու օրենքներում, քրեական գործ «Ռեստարտի» անդամների միջադեպի առթիվ

Նախագահը կրկին Բաղրամյան 26-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը Մաշտոց 47-ից դարձյալ տեղափոխվել է Բաղրամյան 26։ Այս որոշումն ԱԺ-ն ընդունել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին, իսկ մարտի 2-ին նախագահ Սարգսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել էր լուսանկար` այն անվանելով «վերջին աշխատանքային օրը Մաշտոց 47-ում»։ Վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից կտեղափոխվի Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1: Վարչապետի նստավայրը հենց այստեղ է եղել մինչ այն պահը, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ և իր նստավայրը տեղափոխեց Բաղրամյան 26։

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

Քրեական գործ «Ռեստարտի» անդամների միջադեպի առթիվ

Մարտի 4-ի կեսգիշերից հետո միջադեպ է տեղի ունեցել ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության մի քանի անդամների միջև: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, որը ևս ներկա էր այդ միջադեպին, ֆեյսբուքում հանդես էր եկել տեսահայտարարությամբ՝ նշելով, որ իրենց նպատակն էր Մալյանին նետել աղբամանը։ Վերջինս ևս տեսահայտարարության միջոցով նշել էր, որ իր վրա հարձակվել են և փորձել առևանգել, սակայն ոստիկանության աշխատողները ժամանակին կանխել են այն:

Միջադեպի առթիվ Դատախազությունը հարուցել է քրեական գործ։ Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող, իսկ միջադեպի մասնակիցների համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չհեռանալը։

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և Մալյանի միջև միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մալյանը մի քանի անգամ տեսահայտարարությունների միջոցով նեգատիվ վերաբերմունք է արտահայտել այն անձնաց կամ կազմակերպությունների հանդեպ, որոնք «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանից» կամ, ինչպես ասում են, «Սորոսի հիմնադրամից» դրամաշնորհներ են ստացել` նրանց մեղադրելով հակահայկական նախաձեռնություններում: «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը ևս դրամաշնորհ է ստացել այդ հիմնադրամից: Հիմնադրամի ղեկավարությունը նմանատիպ հայտարարություններին ի պատասխան ասել է, որ դրամաշնորհներ տրամադրվել են բազմաթիվ անձանց և կազմակերպությունների, այդ թվում պետական բուհերին, որոնց շարքում ամենամեծ մասը բաժին է հասել Երևանի պետական համալսարանին` ընդհանուր 664 հազար դոլար:

Կոռուպցիոն բնույթի դեպքերով քրեական գործերի աճ

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ 2018թ․ նախորդ տարվա համեմատ 3,6 անգամ ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերը։ 2018թ․ քրեական հետապնդման ենթարկված 960 անձանցից 470-ը եղել են պաշտոնատար անձինք կամ հանրային ծառայողներ։

Փոփոխություններ` ԱԺ-ի ընդունած երկու օրենքներում 

Ըստ մարտի 6-ի խորհրդարանական նիստում միաձայն ընդունված օրենքի, 27 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից, կարող է յուրաքանչյուր զորակոչի համար վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (200 հազար դրամ) և ազատվել քրեական հետապնդումից։ Օրենքի գործողության ժամկետը 2017թ․ի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանվեց մինչև 2019թ․ մարտի 1-ը։

Նույն օրն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  նախագիծը, որով ուսանողները հնարավորություն ունեն իրենց ուսման վարձերը վճարել նաև ամսական կտրվածքով՝ նախկին՝ կիսամյակային վճարների փոխարեն։

Վարորդների գործադուլը

Մարտի 7-ին Երևանի 250 ավտոբուսների  վարորդներ գործադուլ էին հայտարարել` մեքենաներում տեղադրվող տեսախցիկների պատճառով։

Վարորդների դժգոհությունը հարուցել էին վերջերս «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության երկու մեքենաների խցերում տեղադրված տեսախցիկները։ Այս ընկերության 100% բաժնետերը Երևանի քաղաքապետարանն է։  Ըստ քաղաքապետարանի՝ տեսախցիկները տեղադրվել են փորձնական՝ սպասարկման որակը բարելավելու նպատակով։

Վարչապետ Փաշինյանի ելույթից

«Տրոյկա Դիալոգ»-ի շուրջ հետաքննական բացահայտումները 

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP) իր լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ներգրավված է եղել կոռուպցիոն սխեմաներում, որի միջոցով լվացվել է շուրջ 9 մլրդ դոլար։

Ըստ հետաքննության՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած ընկերությունը ստեղծել է ավելի քան 70 օֆշորային ընկերություններ։ Այս ցանցի միջոցով ռուսաստանցի մեծահարուստները հնարավորություն են ստացել թաքցնել իրենց ունեցվածքը և խուսափել հարկերից։

Իսկ այդ նպատակով կազմված շինծու պայմանագրերի համար օգտագործվել են նաև հայ արտագնա աշխատողների անձնական տվյալները, որոնք տեղյակ չեն եղել այդ ամենից։

Նշվում է նաև, որ «Տրոյկա լվացքատան» առանցքային ընկերություններից փոխանցումներ են եղել հայաստանյան մի շարք բանկերի, անհատների և կազմակերպությունների հաշիվներին։ Ռուբեն Վարդանյանը մինչև 2012թ․ եղել է «Տրոյկա Դիալոգ»-ի գլխավոր բաժնետերը (40%)։ Անուհետև «Տրոյկա Դիալոգ»-ի ֆինանսական հիմքի վրա ստեղծվել է «Սբերբանկ»-ը։ Ռուբեն Վարդանյանը ներկայումս վերջինիս համաղեկավարն է։

Վարդանյանն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ «հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն,  մեկնաբանություններ ու հորինվածք» և հավաստիացրել, որ ոչինչ իրեն չի կանգնեցնի՝ իրականացնելու իր ծրագրերը։

«Այսօր մենք շարունակում ենք իրականացնել առևտրային, սոցիալ-ձեռնարկատիրական և բարեգործական ծրագրեր՝ առաջնորդվելով նույն նպատակով և համոզմունքով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցը և, հատկապես, «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը․ այս բոլորը ծառայում են աշխարհում մարդկանց համախմբմանը, աշխարհ, որտեղ դեռ ամուր հիմքերի վրա է «հարազատ – օտար» դիմակայությունը», -նշված է Վարդանյանի անունից տարածած հայտարարության մեջ։

Շաբաթվա գույժը    

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/03/2019