Քաղաքական

12 աթոռ. ինչպես է կրճատվում Կառավարության կազմը

Լուսանկարի աղբյուր` Gov.am

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել ներքին կառուցվածքում` նախարարությունների թիվը 17-ից հասցնելով 12-ի: Այս գործընթացը ենթադրում է մի քանի նախարարությունների միաձուլում, որոշ նախարարությունների լիազորությունների և գործառույթների վերաբաշխում:

Փոփոխությունները կընթանան համակարգում աշխատողների կրճատումներով, որոնք կարող են հասնել մի քանի հարյուրի: Սակայն նախաձեռնության հեղինակները հավաստիացնում են, որ այդ ամենը տեղի կունենա ամիսների ընթացքում, ինչը կարելի է օգտագործել նոր աշխատանք գտնելու համար:

Սույն փոփոխությունները կիրականացվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների հիման վրա: Փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթն ապրիլի 16-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հավանության արժանացավ:

Ո՞րն է այսպիսի լայնամասշտաբ փոփոխությունների նպատակը, որը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: Դեռ 2018թ. ԱԺ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշվում էր, որ գործող 17 նախարարությունները Հայաստանի համար «չարդարացված ճոխություն են», ինչն «անհիմն և լուրջ բեռ է հարկատուների ուսերին»։

«Ամփոփ մեդիան», ուսումնասիրելով վերը նշված օրենքում կատարվող փոփոխությունները, ներկայացնում է, թե ինչ է փոխվելու կառավարության կառուցվածքում և ինչպես դա կանդրադառնա պետական կառավարման համակարգի վրա:

Փոփոխությունների ազդեցությունը պետբյուջեի վրա

Անմիջապես նշենք, որ առաջարկվող փոփոխությունների փաթեթում նշվում է, որ ներկա պահին հնարավոր չէ գնահատել այս գործընթացների ազդեցությունը ՀՀ պետբյուջեի եկամուտների և ծախսերի վրա: Հիմնավորումն այն է, որ դեռ պարզ չէ, թե ինչ չափով կփոխվի կառավարության աշխատողների քանակը:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների «իմաստը և նպատակն ամենևին էլ, այսպես ասած, փող խնայելը չէ»: «Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել Կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա թերևս միակ նպատակն է», – նշել էր Փաշինյանը:

Փաստաթղթում նշված է, որ վերակազմակերպման գործընթացի սկզբնական փուլում միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ: Կրճատվելու են միայն պատկերում թվարկված պաշտոնները:

11 տարի գործած Սփյուռքի նախարարությունը միավորվում է Վարչապետի աշխատակազմին՝ որպես Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որը կունենա 20-25 աշխատող՝ նախկին 93-ի փոխարեն:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշել էր, որ կարճաժամկետ առումով հիմնական կրճատումները կլինեն կրկնվող օղակների աշխատողների շրջանից: «Չկրկնվող օղակներից ոչ մեկը չի կրճատվի և նրանք կստանան շանս ապացուցելու, որ իրենք նոր պայմաններում պատրաստ են և կարող են նոր չափանիշներով աշխատելու»,- ասել էր Փաշինյանը:

Միացվող նախարարությունների քաղաքացիական ծառայողները նոր մարմնում վերանշանակվելու են զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իրենց համաձայնությամբ: Եթե քաղծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա իր դիմումի համաձայն՝ գրանցվում է կադրերի ռեզերվում: Վարչապետի կողմից նաև առաջարկ է հնչել կրճատվող և վերաորակավորում ստանալու ցանկություն ունեցող աշխատակիցների համար ստեղծել վերապատրաստման ուսումնական կենտրոններ:

Ըստ Հայկական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Ասլանյանի՝ պետական համակարգում աշխատատեղերի կառավարման բազմաթիվ խնդիրներ են առկա:

«Եթե նույն աշխատանքի համար մեկ հաստիքի փոխարեն կան երեքը, ապա այդ երեք ախատողներից ոչ մեկը չի ցանկանում աշխատել, երբ տեսնում է, որ մյուս երկուսը ոչինչ չեն անում: Իսկ աշխատավարձը բոլորի համար նույնն է: Սակայն կարող էր լինել մեկ աշխատող և ստանար երեք անգամ բարձր աշխատավարձ»,- ասում է Ասլանյանը։

Նա լիահույս է, որ կառավարության կազմի կրճատման արդյունքում պետական համակարգի կառավարման արդյունավետությունը կբարձրանա, թեպետ նշում է, որ նախարարությունների քանակը ֆունկցիոնալ արդյունավետության հետ իրականում կապ չունի: «Դրանց թվի ու լիազորությունների քանակի կրճատումը կարող է լինել դրական՝ տնտեսված ծախսերով, բարձրացված աշխատավարձերով, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելով»։

image-7320

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը համոզված չէ, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները ցանկալի արդյունք կտան: Անկանխատեսելի է, թե ինչ հետևանքներ կունենան ռազմավարական տարբեր ուղղություններ ունեցող նախարարությունների միավորումը:

Փորձագետը կասկածի տակ չի դնում, որ նախարարություններում կրկնվող գործառույթները պետք է բացառել, որպեսզի համակարգն արդյունավետ աշխատի, բայց ընդգծում է, որ դրանք պետք է պարզել նախքան ռեֆորմին ընթացք տալը։

ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները ևս թիրախում են

Ֆինանսների նախարարության 2018թ. տվյալների համաձայն՝ Կառավարության կազմում գործում էր Ծրագրերի իրականացման 9 գրասենյակ (ԾԻԳ )՝ 236 աշխատողով։ Դրանց պահպանման ծախսը կազմել է 1 մլրդ 694 մլն դրամ։

Ըստ վարչապետ Փաշինյանի՝ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները (Պետական ոչ առևտրային կազմակերպություն) «կոռուպցիայի օջախներ ու պետական միջոցների վատնման վայրեր» են, ուստի դրանց հարցը ևս օրակարգային խնդիր է կառավարության համար:

Թե ինչ սկզբունքով է ընթանալու ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կրճատման գործընթացը, դեռևս պարզ չէ։ Սակայն գործընթացը մեկնարկել է: Կառավարության հունվարի 10-ի որոշմամբ՝ լուծարվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործող «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Կառավարության մարտի 29-ի որոշման համաձայն՝ լուծարվել է նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը: Երկու ՊՈԱԿ-ների դեպքում էլ գործառույթները փոխանցվել են նախարարություններին, իսկ տարեկան հատկացվող գումարները նախատեսվում է տնտեսել:

ՊՈԱԿ-ի կազմում գործած Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակից Հերմինե Կարապետյանը կրճատման փաստից մտահոգվելու պատճառ ունի. նախ՝  ՊՈԱԿ-ի լուծարումից իր գործընկերներից շատերը գործազուրկ են դարձել: «Օպտիմալացում կարելի էր իրականացնել առկա ռեսուրսները հաշվի առնելով, սակայն դա չի արվել: Դրա մասին է փաստում նաև այն, որ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագրում երիտասարդության ոլորտը համակարգող կառույց նախատեսված չէ», – ասում է Կարապետյանը: ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կրճատման գործընթացը մեկնարկել էր դեռևս նախորդ` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության օրոք: Այն ժամանակ արդեն կրճատվել և օպտիմալացվել էր 5 ԾԻԳ և 17 ՊՈԱԿ:

Պատմական ակնարկ

Հայաստանի անկախացմանը հաջորդած տարիներին նախարարությունների թիվը գրեթե յուրաքանչյուր նոր կառավարության հետ փոփոխվել է. որոշները պարբերաբար միավորվել ու առանձնացել են, որոշները՝ անվանափոխվել, որոշներն էլ՝ 1991 թ.-ից առ այսօր անփոփոխ են մնացել։

Վերջին կատեգորիային պատկանում են Պաշտպանության, Արտաքին գործերի, Առողջապահության և Արդարադատության նախարարությունները։ Այս նախարարություններից 28 տարվա ընթացքում  ամենաքիչ թվով նախարարներն ունեցել է Արտաքին գործերի նախարարությունը՝ 6 նախարար։ Ընդ որում՝ ամենաերկարակյաց նախարարները՝ Վարդան Օսկանյանն ու Էդվարդ Նալբանդյանը, արտաքին գերատեսչությունը ղեկավարել են 10 տարի։

Սփյուռքի նախարարությունն իր 11 տարիների գոյության ընթացում ունեցել է երկու նախարար, որից գրեթե տասը տարին ղեկավարել է նախարար Հրանուշ Հակոբյանը: Ի տարբերություն Սփյուռքի նախարարության՝ նույն ժամանակահատվածում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարը փոխվել է 8 անգամ։

1991թ.-ից առ այսօր ամենամեծ թվով՝ 15 նախարար ունեցել է Գյուղատնտեսության նախարարությունը։ Նույնքան էլ Կրթության և գիտության նախարարն է փոխվել, սակայն նույն անձը՝ այս դեպքում Լևոն Մկրտչյանը, տարբեր ժամանակահատվածներում նախարարի պաշտոնը ստանձնել է 4 անգամ։

1991թ.-ից մինչ այժմ գործող նախարարություններից ամենահաճախակին՝ 8 անգամ, անվանափոխվել է Ֆինանսների նախարարությունը. այն մեկ կոչվել է ֆինանսների, մեկ՝ ֆինանսների և էկոնոմիկայի, մեկ՝ էկոնոմիկայի նախարարություն։ Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները, որոնք առայժմ գործում են առանձին, նախկինում մոտ 8 տարի գործել են միասին։

Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը

Ինֆոգրաֆիկները՝ Աստղիկ Գևորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 22/04/2019