Դըրբըզեք

Ապրիլի 13-19. Հանքերի իրական սեփականատերերը կհանրայնացվեն

Հանքերի իրական սեփականատերերը կհանրայնացվեն

Հայաստանում ընդերքօգտագործող բոլոր ընկերությունները պետք է պատրաստ լինեն հանրայնացնելու իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեռ նախորդ շաբաթ դրական եզրակացություն տվեց հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման մասին կառավարության նախագծին: Ընդ որում, համաձայն այս նախագծի, հայտարարագրում պետք է նշված լինի ֆիզիկական անձանց անունները, այլ ոչ թե իրավաբանական անձանց: Բացառություն են կազմում միայն պետական, համայնքային կամ միջազգային ընկերությունները:

Նման գործընթաց պահանջվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) կողմից, որի թեկնածու անդամ երկիր է Հայաստանը: Կարգավորման անհրաժեշտությունը նրանում է, որ հանքարդյունահանող ընկերությունները Հայաստանում հիմնականում փակ բաժնետիրական ընկերություններ են, հետևաբար, նրանց տվյալները հասանելի չեն հանրությանը: Օրենքի ընդունումից հետո այդ տվյալները բաց և հասանելի կլինեն, ինչն էլ հնարավորություն կտա հանրային վերահսկողություն սահմանել տվյալ ոլորտի ուղղությամբ: Կեղծ տվյալներ լինելու դեպքում նախատեսվում են սանկցիաներ՝ զգուշացում, իսկ զգուշացումը չվերացնելու դեպքում՝ գործունեության մինչև 120 օր կասեցում:

Օրենսդրական փոփոխություններ՝ Աժ-ում

Թեժ բանավեճերի մթնոլորտում անցավ ապրիլի 16-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյա նիստը։ 71 կողմ, 40 դեմ ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները։ Նախագծին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Նախագծով կառավարության կազմում կշարունակեն գործել 12 նախարարություններ, վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակ։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև կառավարության ներկայացրած Քրեակատարողական հիմնարկներին վերաբերող օրենքի նախագծերի փաթեթը։ Նախագիծը կարգավորում է կալանավորված անձանց երկարատև տեսակցության հնարավորություն տալու, նրանց տեղափոխությունը մեկ ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ, կալանավորված անձանց նույնականացման քարտեր տալու և այլ հարցեր։

«Արարատցեմենտ»-ի աշխատողները ծանուցվել են

Ապրիլի 15-ին «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները փակել էին գործարան տանող ճանապարհը և հրաժարվում էին վերցնել ղեկավարության կողմից տրված աշխատանքից ազատման ծանուցագրերը։ Մինչ այդ` ապրիլի 12-ին, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել էր, որ ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի դիմաց սահմանվում է 22 հազար դրամ մաքսատուրք։ Մինչ այս ցեմենտի մաքսազերծման համար կիրառվել է 100 հազար դրամի չափով հսկիչ գնով մաքսազերծումը, որի հարկերը կազմել են 32 հազար դրամ։

Սակայն ընկերությունը պնդում է, որ տուրքը սահմանվում է ցեմենտի ներկրման համար, սակայն ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար  տուրք չի սահմանվում։ Կլինկեր արտադրող «Արարատցեմենտ»-ի տնօրինությունը սա հաշվարկելով, հիմնավորել է, որ այս պայմաններում կնվազի գործարանի մրցունակությունը շուկայում և որոշում է կայացրել աշխատողներին ազատել աշխատանքից։ Աշխատակիցները սակայն, պահանջում են չեղարկել ծանուցագրերը և պահպանել աշխատատեղերը։

Մեղադրանք՝ Պետական վերահսկողության ծառայության պետին

Համաձայն Ազգային անվտանգության ծառայության հայտարարության՝ մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Նա մեղադրվում է այն բանում, որ իր աշխատակիցների կողմից  կառավարվող ընկերության գործունեությանը նպաստելու համար իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ՊՎԾ շահերին դեմ, չի կատարել իր պարտականությունները: Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ ԱԱԾ որոշման համաձայն՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է: Որոշումը բավարարել է վարչապետ Փաշինյանը։

Այս մեղադրանքը պետական պաշտոնյայի նկատմամբ թերևս տարբերվում է վերջին ամիսներին նախկին կամ գործող պաշտոնյաների դեմ հարուցված գործերից կամ դատական գործընթացներից նրանով, որ այս դեպքում մեղադրանք է ներկայացվել մի մարդու, ով 2018թ. թավշյա հեղափոխության ամենա ակտիվ մասնակիցներից մեկն էր:

Սանասարյանը չի ընդունում մեղադրանքները։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է

Այս տարվա փետրվարին ՊՎԾ երեք աշխատակիցներ կալանավորվել էին` պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու մեղադրանքով։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվեցին

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ արտգործնախարարները պայմանավորվել են, որ միջոցառումներ կձեռնարկեն, որպեսզի Հայաստանում և Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատները այցելեն իրենց: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի զարգացնեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև հաղորդակցությունը լրագրողների փոխադարձ այցերի միջոցով:

Մեղադրանք՝ Միհրան Պողոսյանին

Ապրիլի 18-ին ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար, գեներալ-մայոր, գործարար Միհրան Պողոսյանի բնակարան։ Այս մասին է գրված Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ապրիլի 15-ին մեղադրանք էր առաջադրվել Միհրան Պողոսյանին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման և դրանով ծանր հետևանքներ առաջացնելու համար։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Պողոսյանը պետական բյուջեի միջոցներից հափշտակել է մոտ 44 մլն  դրամ գումար։

Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խուզարկության է ենթարկվել նաև Պողոսյանի գրասենյակը։ Պողոսյանի նկատմամբ գործողությունները տվյալ հաղորդագրության մեջ որակվել են իբրև «քաղաքական հետապնդում»: Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չէր հաղորդվում: Սակայն ապրիլի 22-ին տեղեկություն տարածվեց, որ Պողոսյանին ձերբակալել են Ռուսաստանի դաշնային սուբյեկ համարվող Կարելիայի Հանրապետությունում և պատրաստվում են արտահանձնել Հայաստան:

Կառավարության որոշումները՝ նոր աղբատար մեքենաներ, փոխհատուցում տնտեսվարողներին

Կառավարության որոշմամբ՝ քաղաքապետարանը քաղաքի աղբահանության խնդիրները լուծելու համար մեկ անձից գնում կկատարի և աղբատար մեքենաներ ձեռք կբերի: Նման որոշման պատճառն այն է, որ  Երևանի քաղաքապետարանի՝  24 աղբատար մեքենա  գնելու  գործընթացը բողոքարկել է «Սանիտեք» ընկերությունը։ Արդյունքում՝ գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, իսկ վճռի ժամկետները հստակ չեն: Այս ամենի արդյունքում Երևանում աղբահանության վիճակը վատացել է և կանոնավոր չի ընթանում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2018թ. համար 50%-ով պետությունը կփակի Մեղրու տարածաշրջանի ջրի ոռոգման վարձավճարը: Կառավարությունը նաև 50%-ով կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման համար ներդրումներ կատարող տնտեսվարողներին, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողներին կփոխհատուցի 70%-ի չափով:

«Քաղաքացու օր»

Կառավարության ապրիլի 18-ի  նիստում որոշվեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 միլիոն դրամ։ Ապրիլի վերջին շաբաթ օրը՝  որպես ՀՀ քաղաքացու օր նշելու որոշում Ազգային ժողովը կայացրել էր նախորդ շաբաթ։

ՄԻԵԴ-ի պատասխանը Մանվել Գրիգորյանի փաստաբանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի պահանջը: ՄԻԵԴ ուղարկված հայցով Գրիգորյանի փաստաբանը խնդրում էր Հայաստանի կառավարությանը պարտավորեցնել` Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, այնուհետև` Ֆրանսիա` իրենց կողմից նշված բժշկական հաստատություն՝ բուժման նպատակով:

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և պահելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար մեղադրվող Մանվել Գրիգորյանը շարունակում է կալանավորված մնալ։ Ըստ փաստաբանի՝ նրա առողջական վիճակը ծանր է։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան, սակայն դեռևս դատական նիստի օրը նշանակված չէ։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/04/2019