Սոցիալական

Մանկատներ և խնամատար ընտանիքներ

Ի՞նչ արժե երեխայի խնամքը

2018թ-ից պետությունը նախատեսում է շարունակել մանկատների բեռնաթափման քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է մանկատան երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ կամ գտնել փոխարինող, այլ կերպ ասած` խնամատար ընտանիքներ: Եթե որոշ երեխաների դեպքում նշված երկու տարբերակներն անհնար լինի իրագործել, ապա կա նաև երրորդ տարբերակ` տեղափոխել տվյալ երեխաներին ընտանեկան տիպի փոքր տներ: Երեխաներին մանկատնից խնամատար ընտանիքներ տեղափոխելով՝ պետությունը մեկ երեխայի հաշվով կրկնակի քիչ գումար է վճարում խնամող ընտանիքին, քան ծախսում է մանկատանը խնամքն ապահովելու համար:

Իրավիճակ

Շուրջ տասը տարի առաջ Հայաստանում մեկնարկեց «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդնումը», ինչը երեխաների խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ձև է:  Ծրագրի ներդնումից ի վեր առանց ծնողական խնամքի մնացած 65 երեխա խնամք է ստացել խնամատար ընտանիքներում: Նրանց մի մասը 18 տարեկանը լրանալու կամ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելու շնորհիվ արդեն դուրս է գրվել: 2017թ. տվյալների համաձայն, 21 խնամատար ընտանիքներում ապրում է 24 երեխա:

Հայաստանում կա 6 պետական և 2 մասնավոր մանկատուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող վեց  պետական մանկատները 2017թ. ապահովել են 621 երեխայի շուրջօրյա ամբողջական խնամք:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 10 տարվա ընթացքում (2007-2016թթ.) Հայաստանի պետական և ոչ պետական 8 մանկատներում երեխաների քանակը նվազել է շուրջ 27%-ով՝ 2016թ. կազմելով 810 երեխա:

Պետական 6 մանկատներից 3-ը մասնագիտացված են, այսինքն այստեղ գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, մտավոր և ֆիզիկական արատներով շուրջ 450 երեխա, ինչը կազմում է մանկատան երեխաների 68%-ը:

Ի՞նչ արժե երեխայի խնամքը

Կառավարության 2008թ. որոշման համաձայն, մեկ երեխայի խնամքի համար խնամատար ընտանիքին ամսական նախատեսված է հատկացնել այնքան գումար, որքան պետությունը ամսական հատկացնում է մանկատանը մեկ երեխայի խնամքի համար: Օրինակ, 2017թ. բյուջեով 1 երեխայի համար նախատեսված գումարը կազմում էր ավելի քան 254 հազար դրամ: Գումարը ներառում էր նաեւ մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկի վարձատրությունը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Սակայն եթե խնամատար ընտանիքը 2 երեխայի խնամք է ստանձնում, ապա ընտանիքին հատկացվող գումարը տրվում է ոչ թե 2 երեխայի հաշվարկով, այլ 1,5, ինչը կազմում է մոտ 382 հազար դրամ, իսկ 3 և ավելի երեխա խնամելու համար հատկացվում է մանկատան 2 երեխայի ծախսի չափաբաժնով` 509 հազար դրամ:

Պետական մանկատների երեխաների խնամքն ապահովելու համար 2017թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 1.9 մլրդ, իսկ խնամատար ընտանիքների 24 երեխաների խնամքի համար՝  ավելի քան 37 մլն դրամ: Խնամատար ընտանիքին հատկացվող գումարի մեջ ներառվում են երեխայի խնամքի և խնամողների աշխատավարձերի համար նախատեսված գումարները: Մինչդեռ մանկատան դեպքում՝ հատկացվող գումարը բացի երեխայի խնամքից և աշխատավարձերից ներառում է նաև վարչական և այլ ծախսեր:

Ստացվում է, որ մանկատան խնամքի տակ ապրող 1 երեխայի համար օրական հատկացումը կազմում է 8370 դրամ (2017թ. բյուջեով), մինչդեռ խնամատար ընտանիքներում 1 երեխայի համար օրական հատկացվումը 4230 դրամ է՝ 2 անգամ քիչ, քան մանկատան պարագայում: Այնինչ ոչ պետական մանկատներում, որոնք ստանում են պետական չնչին աջակցություն և ֆինանսավորվում են նվիրատվություններից՝ 1 երեխայի խնամքի ծախսը հաշվարկված է 10800 դրամ:

Իրավիճակը նույնն է 2018թ. համար. մեկ երեխայի խնամքի համար օրական հատկացումը մանկատան դեպքում կկազմի 8500 դրամ, իսկ խնամատար ընտանիքի պարագայում՝  4450 դրամ:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, պայմանագրի ձևը և այլ մանրամասներ:

Ամփոփեց Գայանե Մելիքյանը

Մենթոր` Աստղիկ Գևորգյան

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
01/02/2018