Սոցիալական

Ամուսնացողներ և ամուսնալուծվողներ. Ինչո՞ւ են փոխվել ցանկությունները

Հայաստանում ամուսնալուծությունների վերաբերյալ 2010-2016թթ. վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս կարելի է ենթադրել, որ զույգերի համատեղ կյանքի ընդհատման համար ամենախոցելի շրջաններից մեկը ամուսնության առաջին 4 տարիներն են: Բաժանությունները հատկապես շատ են 20 և ավելի տարվա տևողությամբ ամուսնությունների դեպքում: Համենայնդեպս, նշված 7 տարիների ընթացքում ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են հենց այս շրջաններում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի (նախկին ԱՎԾ) տվյալների համաձայն, ամուսնալուծվողների թիվը Հայաստանում աճել է, իսկ ամուսնացողներինը` նվազել: Գրանցվել է նաև ամուսնացողների միջին տարիքի աճ` թե’ տղամարդկանց, թե’ կանանց շրջանում:

2017թ. ամենաշատ ամուսնությունները հանրապետությունում գրանցվել են Երևանում` 6204, մինչդեռ  ամենաշատ ամուսնալուծությունները, 1000 բնակչի հաշվով, բաժին են ընկել Լոռու մարզին: Երկրում ընդհանուր 3940 ամուսնալուծություններից միայն 517-ը գրանցվել է Լոռու մարզում:

Ամուսնալուծությունների արդյունքում ամենից շատ տուժում են երեխաները: 2016թ. գրանցված 3648 ամուսնալուծություններից 776-ի դեպքում զույգերն ունեցել են 1, իսկ 1106-ի դեպքում 2 կամ ավելի երեխա: Մնացած ամուսնալուծվողները (1766 զույգ) համատեղ կյանքում երեխա չեն ունեցել:

Ամուսնության համար ամենագերադասելի տարիքը, ըստ մասնագետների, 24-25 տարեկանն է, քանի որ այս տարիքի անձինք ունենում են կյանքի անհրաժեշտ փորձ, ինչպես նաև լիովին ձևավորված օրգանիզմ, ինչը կարեւոր է ամուսնական կյանքի և վերարտադրողականության համար: Մինչդեռ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանում ամուսնության միջին տարիքն արդեն գերազանցում է նշված շեմը, ինչի արդյունքում կարող են այլ խնդիրներ առաջանալ:

Ամենամեծ խնդիրը, որին բախվում են ուշ ամուսնացող կանայք, ամուսնությունից անմիջապես հետո հղիանալն ու ծննդաբերելն է: Չնայած գիտությունն այնքան է զարգացել, որ բեղմնավորման տարբեր մեթոդներ ու հնարավորություններ են ստեղծվել, այնուամենայնիվ, դրանք կարող են ուղեկցվել մի շարք բարդություններով, առաջին հերթին` երեխաների մոտ գենետիկական խնդիրների առաջացմամբ զուտ այն պատճառով, որ ապագա մոր բեղմնավորման կենսաբանական ժամանակը սպառվել է:

Փորձագետի կարծիք



Տվյալների հավաքագրողներ` Մարիամ Առաքելյան, Տաթևիկ Հովհաննիսյան, Նարե Ասլիզադյան

Ամփոփեց Կարինե Դարբինյանը

Սույն հրապարակումը մաս է կազմում «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի, որն իրականցվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Նախագծի գործընկեր` Եվրասիա համագործակցություն հիմնադրամ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 19/06/2018