Սոցիալական

Նոր թանկացումներ 2018թ. ի՞նչ, որքա՞ն և ինչո՞ւ

Photo by Photolur

Ամանորի նախաշեմին առևտրի թոհուբոհը պասիվացրել էր 2017թ-ի թանկացումների շուրջ ծավալված թեժ քննարկումները: Քաղաքացիները որոշ ժամանակ դժգոհեցին, բայց, կարծես, հարմարվեցին նոր գներին` միգուցե հույս ունենալով, որ նոր տարում այլևս նոր թանկացումներ չեն սպասվում: Մինչդեռ 2018թ-ի առաջին իսկ օրվանից  թանկացումների ալիքը երկրում նոր թափ առավ: Այս անգամ ավելացավ թռչնամսի, կարագի, ձեթի և մի շարք այլ ապրանքների մաքսատուրքը, ինչն իր ազդեցությունը կունենա ապրանքների վերջնական գնի վրա: Բարձրացան նաև ակցիզային հարկի դրույքաչափերը սպիրտային խմիչքների, ծխախոտի և վառելիքի համար: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը որևէ հիմնավորում գների աճի համար չի տեսնում, քան այն, որ իշխանություններն այս քայլով բյուջեի խնդիրներ են փորձում լուծել:

Իրավիճակ

2017թ. օգոստոսից կարագի, խոզի և տավարի մսի գների աճին զուգահեռ թանկացան նաև կարտոֆիլը, ձուկը, կաթնամթերքը, բենզինը և մի շարք այլ առաջնային անհրաժեշտության ապրանքներ: Ըստ ԱՎԾ տվյաների, 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ամենամեծ գնաճ գրանցած ապրանքները եղել են կարագը` 40,7%, խոզի միսը՝ 40.3%, կարտոֆիլը` 29.3%, ձուկը՝ 28.2%, դիզվառելիքն ու բենզինը` 16%:

Հասարակության հիմնական զանգվածը թանկացում երևույթի տակ առաջին հերթին ընկալում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը, ինչի հետևանքով քաղաքացիներն ավելի շատ դրամական միջոցներ են ծախսում սպառողական ապրանքներ գնելու համար:

Ահա սա է պատճառը, որ մի քանի ապրանքատեսակների գների բարձրացումն ասոցացվում է համատարած թանկացումների հետ, քանի որ դրանք պարենային զամբյուղի կարևոր բաղադրիչներից են: Մինչդեռ պաշտոնական տվյալների համաձայն, գնաճի մակարդակը 2017թ-ի հունվար-նոյեմբերին կազմել է ընդամենը 0.8%:

Բացատրությունն այն է, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ մտնում է ոչ թե, օրինակ, առաջին անհրաժեշտության 50 ապրանքատեսակի գները, այլ 452 ապրանք-ծառայությունների: Եվ քանի որ մյուս` ոչ առաջնային անհրաժեշտության սպառման ապրանքատեսակներում եղել է գների նվազում, արդյունքում՝ գնաճը  ցածր ցուցանիշ է գրանցել:

«Մենք չէինք զգա նույնիսկ խոզի կամ կարագի գնի թանկացումը, եթե չունենայինք այդքան աղքատ ազգաբնակչություն: Եթե Հայաստանում միջինացված եկամուտների 42.1 %-ը ծախսվում է սննդամթերքի գնման վրա, ապա անապահով խավի եկամտի 70%-ից ավելին է ծախսվում սննդի վրա»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ինչևէ  փաստն այն է, որ  10%-ից ավելի թանկացած ապրանքների հիմնական մասն ամենօրյա սպառման նշանակություն ունեն, և հասարակական անհանգստությունը միանգամայն բնական է: Խնդիրն այն է, թե որքանով են հիմնավորված թանկացումների վերաբերյալ առաջ քաշվող պատճառաբանությունները:

Կյանքի Կարագի գինը

Քանի որ առաջանցիկ տեմպերով թանկացող ապրանքը կարագն է, ներկայացնենք դրա թանկացման «ոդիսականը»: ԱՎԾ տվյալների համաձայն՝ կարագի գինը հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 40.7%-ով՝ 1 կգ-ի դիմաց 3250 դրամից հասնելով 4700 դրամի: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2017թ. սեպտեմբերից մի քանի անգամ պարզաբանում է ներկայացրել կարագի գնի թանկացման վերաբերյալ՝ բոլոր հայտարարություններում ընդգծելով, որ 2016թ-ի կեսից  կարագի միջազգային գները բարձրացել են, և դրանով է պայմանավորված Հայաստանում կարագի գնաճը: ՏՄՊՊՀ-ն իրավացի է միջազգային գների փոփոխության փաստի մասով, սակայն Հայաստանում կարագի գների փոփոխությունը տեղի է ունեցել և տեղի է ունենում շատ անտրամաբանական ձևով:  Globaldairytrade կայքի տվյալների համաձայն՝ կարագի գինը միջազգային շուկայում 2016թ-ի դեկտեմբերին 1 տոննայի դիմաց կազմել է 4290 դոլար, այն է մեկ կգ-ը՝ 4.3 դոլար: Մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստանում կարագի գինը կազմել է 6.7 դոլար` մոտ 2.5 դոլարով ավելի:

Այնինչ 2017թ. դեկտեմբերին, երբ միջազգային շուկայում 25-30% կարագի գնի նվազում է գրանցվել` 1 կգ-ը 4.4 դոլար արժողությամբ, Հայաստանում կարագի 1 կգ-ի արժեքն աճել է մինչև 9.8 դոլար` այսինքն 5.4 դոլարով ավելի միջազգային գնից:

«Եթե տնտեսական ակտիվությունը լիներ իրական, ապա այդ պարագայում գնաճը կլիներ միայն լավ: Բայց ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ծայրահեղ ծանր ապրող քաղաքացու հոգսն ավելանում է. միջազգային շուկայի կամայական գնաճը մեր շուկայի վրա անմիջական ազդեցություն է ունենում, իսկ միջազգային շուկայի գնանկումը մեր շուկայի վրա ազդեցություն չի ունենում», – ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ոսկե ցլիկ

Ինչ վերաբերում է մսի թանկացմանը, ապա  սա հետևանք է մի  շարք հանգամանքների: Գյուղնախարարությունից հայտարարել են, որ ընթացիկ տարվա (2017թ.) անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով խոտի կերի կուտակումը քիչ է եղել, խոտը թանկ է: Ինչն էլ նշանակում է, որ մսի գինը կբարձրանա: Մյուս կողմից նախորդ տարի ավելացել է անասնագլխաքանակի արտահանումը` տեղական շուկայում բերելով գնաճային ռիսկերի: Մաքսային ծառայության տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումն աճել է մոտ 5 անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 անասուն 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ:

Դիտեք նաեւ «Ամփոփում» հաղորդումը, որի բանախոսները քննարկում են թանկացումների հետեւանքները հասարակության սոցիալապես անապահով խավի վրա

Փաստարկ

Պարենային զամբյուղի որոշ ապրանքների թանկացումները կարող են ունենալ տարաբնույթ պատճառներ, սակայն առավել կարևոր է դրանց առաջացրած հետևանքների գնահատումը ՀՀ քաղաքացիների վճարունակության և սոցիալական լարվածության առաջացման տեսանկյունից, այն էլ մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով 900 հազար քաղաքացի կամ բնակչության 29.4 տոկոսը աղքատ է: Այս ամենին զուգահեռ 2018թ-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթով՝ բյուջեով, նախատեսված չէ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում (կարդացեք նաև «Բյուջե 2018. եկամուտ, ծախս, դեֆիցիտ»)

Թանկացում կարող է լինել նաև ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքատեսակներում:  ԵԱՏՄ-ի մաքսային կանոնակարգերի ներդրման հետևանքով 2018թ. հունվարի 1-ից ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքեր կբարձրանան: Օրինակ՝ ԵԱՏՄ-ի մաքսային օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո երրորդ երկրներից թռչնամսի ներմուծման մաքսատուրքն ավելանալու է 4%-ով, կարագինը՝ 1%, ձեթինը՝ 2% և այլն:

Միևնույն ժամանակ հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը ևս բերելու է առաջնային սպառման ենթակա ապրանքների գների ավելացման:

Ակցիզային հարկի նոր դրույքաչափերը ենթադրում են, որ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը նախորդ 50%-ի փոխարեն 2018թ. դառնում է 73%, ծխախոտինը՝ 15%, բայց 1000 հատ ծխախոտի համար ոչ պակաս քան 7275 դրամ՝ գործող 5000 դրամի փոխարեն, բենզինի ակցիզային հարկը 1 տոննայի համար 25000-ից դառնալու է 40000 դրամ:

2018 թ. հունվարից  սեղմված գազի ակցիզային հարկի մեծությունը 1000 խմ-ի համար կազմում է 25 000 դրամ: Նախկինում այն կազմում էր 8330 դրամ: Այսինքն, 2018 թ. հունվարից 1000 խմ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունն ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, որը 1000 խմ գազի համար կազմում է շուրջ 3300 դրամ, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ 1000 խմ-ի համար: Հունվարի 1-ից վարորդներն արդեն 30-40 դրամ ավել են վճարում թե’ գազի մեկ խորանարդի, թե’ բենզինի մեկ լիտրի համար: Չի բացառվում, որ տարվա ընթացքում վառելիքը կրկին թանկանա, որպեսզի ակցիզային հարկի բեռը ամբողջությամբ լինի սպառողի, և ոչ թե մատակարարի ուսերին:

«Հատկապես բենզինի և սեղմված գազի թանկացումը անքննելի ազդեցություն է ունենալու թանկացման վրա: Պետությունը պետք է մնացած ապրանքների հաշվին այնպես անի, որ դրանց թանկացման բեռը մարդկանց վրա ծանր չլինի: … Այս ընթացքում մենք պետք է զարկ տանք տեղական արտադրանքին: Եթե երրորդ երկրից բերվող թռչնամիսը թանկանալու է 4%-ով, ապա պետք է ոչ թե անցնենք ռուսական հավ ուտելուն, այլ մտածենք մեր թռչնամսի արտահանման մասին»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:

Տնտեսագետ Խաչատրյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում չի ձևավորվում միջին խավ: «Գերհարուստների հնարավորությունները մեծանում են, իսկ փոքր և միջին բիզնեսով զբաղվողները չեն կարողանում ավելացնել իրենց եկամուտները եւ դառնալ հարուստներ, այլ, ցավոք, դառնում են աղքատներ, քանի որ հավասար մրցակցային պայմաններ չունեն եւ չեն դիմանում մրցակցությանը: Եվ սա պետական քաղաքականության հետևանք է», – եզրափակում է Խաչատրյանը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփ մեդիա

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 11/01/2018