Տնտեսություն

Տեսակետների բախում․ Համաճարակի ընթացքում կառավարության աջակցությունը գյուղատնտեսությանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

«Ամփոփ Մեդիան» իր գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հետ համագործակցությամբ «Տեսակետների բախում» խորագրի ներքո մեկնարկում է նոր նախագիծ։ Մենք տրամադրում ենք հարթակ տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներին երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական կարևոր իրադարձությունների վերաբերյալ իրենց մասնագիտական դիրքորոշումը/տեսակետը հայտնելու համար։

Այս խորագրի տեսակետներին զուգահեռ՝ Ampop.am կայքում կտեղադրվեն նաև նույն թեմային առնչվող լրագրողական ուսումնասիրություններ, որոնք կօգնեն լսարանին լիարժեք պատկերացում կազմել թեմայի վերաբերյալ։

Յուրաքանչյուր այսպիսի հրապարակում կներառի երկու հեղինակի տեսակետ, որոնք ոչ միշտ կլինեն հակընդդեմ, սակայն միևնույն խնդրի շուրջ տարբեր դիտարկումները միանշանակ կնպաստեն կարծիքների բազմազանության ապահովմանը։

Սույն նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք առցանց միջավայրում առկա մեծածավալ տեղեկատվական հոսքերում, որտեղ ոչ մասնագիտական տեսակետները չափազանց շատ են և հաճախ ազդում են հանրային կարծիքի ձևավորման վրա, ավելացնել մասնագիտական տեսակետներ պարունակող հրապարակախոսությունները՝ փորձելով հանրությանը զերծ պահել անառողջ վերլուծություններից։

Խորագրի առաջին թեման նվիրված է արտակարգ դրության ընթացքում կառավարության կողմից գյուղատնտեսությանը ցուցաբերված աջակցությանը։ Այս ոլորտի կարգավորման նպատակով պետությունը նախատեսեց երկու միջոցառում՝ ուղղված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Առաջին միջոցառումը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը։ Այն նախատեսված է գյուղատնտեսությամբ զբաղվող բարեխիղճ տնտեսվարողների համար, ովքեր հարկ և վարկ վճարողներ են։ Իսկ երկրորդ միջոցառումն ուղղված է Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափերին պաշտպանիչ անտառի տնկման աշխատանքներում քաղաքացիների մասնակցությանը։ Չնայած ծրագրի թիրախում գյուղատնտեսության ոլորտն է, սակայն այն չի սահմանափակում միայն գյուղացիների մասնակցությամբ։ Թեմայի լրագրողական ուսումնասիրությանը ծանոթացեք սեղմելով ԱՅՍՏԵՂ։

Իսկ այստեղ հերթականությամբ ներկայացնում ենք խորագրի առաջամարտիկներ՝ տնտեսագետ Սևակ Նազարյանի և քաղաքագետ Լուսինե Հարությունյանի տեսակետները կառավարության գործընթացների վերաբերյալ։

Ո՞ւմ տեսակետն եք կիսում

Ո՞ւմ տեսակետն եք կիսում

Տված օգուտները կավելացնեն գյուղացու խնդիրները

Սևակ Նազարյան

Համավարակի տարածմամբ և արտակարգ դրության հաստատմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը գյուղոլորտին անդրադարձ կատարեց դեռևս մարտի 26-ին՝ արտակարգ դրության 10-րդ օրը։ Սկզբունքորեն դրական այս մոտեցումը՝ կանխել գյուղոլորտում զբաղվածների վրա համավարակի բացասական ազդեցությունը, գործնականում ունի բազմաթիվ վիճելի կետեր։

Ծրագիրն, ըստ էության, միտված է ոչ թե հետևանքների վերացմանը, այլ կարծես տնտեսական անկման համաշխարհային վիճակագրությանը հակառակ՝ տնտեսության զարգացմանը զարկ տալուն։ Միանշանակ գովելի է՝ զարգացնել գյուղոլորտը, բայց մի՞թե հիմա դրա լավագույն ժամանակն է։

  • Անհրաժեշտ էր առաջնահերթ հասկանալ, թե գյուղացին, ով ունի գյուղատնտեսական արտադրանքի վրա հիմնված տնտեսություն, ի՞նչ ռիսկեր կարող էր ունենալ՝ պայմանավորված համավարակով։
  • Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների մեծ մասը մշտապես ունեն իրենց արտադրանքը իրացնելու խնդիր։ Ստեղծված իրավիճակում, երբ հավելյալ դժվարություններ կարող են առաջանալ արտադրանքի արտահանման մասով, կարող է նկատվել ներքին սպառման ծավալների անկում, պետությունը պետք է փորձեր ապահովել վերոնշյալ ռիսկերի կրճատում։

Պայմանական ընդունենք՝ գյուղացին դիմեց պետական օժանդակության ծրագրին և կարողացավ ի հաշիվ նոր անտոկոս վարկավորման մեծացնել իր արտադրանքի ծավալը:

Արդյունքում նվազագույնը 4-5 ամիս անց գյուղացին կստանա ավելի մեծ ծավալի արտադրանք, որը անհրաժեշտ է իրացնել: Հարց է ծագում․ բա ո՞ւր մնաց կորոնավիրուսը, չեզոքացվեցի՞ն արդյոք դրա հետևանքով առաջացած ռիսկերը։ Ներկայիս իրացման շուկայի նվազման ֆոնին այս ծրագրով տված օգուտները կարող են ավելացնել գյուղացու առկա խնդիրները:

Արդյունքում վարկերի ծանրության տակ արդեն ապրող գյուղացին պետության տրամադրած օգնության հետևանքով կհայտնվի նոր վարկային բեռի տակ։ Գյուղացուն անհրաժեշտ է ուղիղ օգնություն, այլ ոչ թե վերադարձվող օգնություն։

  • Գարնանացանի ժամանակահատվածում գյուղացուն կարելի էր արտոնյալ պայմաններով տրամադրել ոռոգման ջուր` ցածր արժեքով կամ հնարավորության դեպքում` անվճար, սերմեր և պարարտանյութ։ Սրանով կարելի էր էականորեն նվազեցնել գյուղացու հոգսը և թույլ տալ ստանալ արտադրանքի ցածր ինքնարժեք։
  • Պետական պատվերների միջոցով երաշխավորված արժեքով կարելի էր կազմակերպել մի շարք արտադրատեսակների արտադրություն, որով կլրացվեր պետության պարենային անվտանգության պաշարները։

Արդյունքում և՛ պետությունը, և՛ գյուղացին կլուծեին իրենց խնդիրը փոխգործակցությամբ։ Պետությունն ինքը կարող էր փորձել գտնել նոր շուկաներ՝ դրանով իսկ օժանդակելով գյուղացու արտադրանքի իրացման գործընթացին։

Առանձին մոտեցում պետք է ցուցաբերվեր սահմանների փակ լինելու հետևանքով արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների նկատմամբ։ Պետք է հաշվի առնել, որ պայմանականորեն վաղը արտագնա աշխատանքի մեկնելու հույս ունեցող քաղաքացին խուսափելու է վարկ վերցնելուց և երկարաժամկետում արդյունք տվող աշխատանքից։
Կարճ ասած, անհրաժեշտ էր լուծել գյուղացու օրախնդիրը, ոչ թե առաջարկել լուծում, որը գյուղացու համար ստեղծելու է հավելյալ բեռ` նոր վարկային պարտավորություն, որը պետք է սպասարկի` օրվա խնդիրը դեռ չլուծած։

Այսպիսի համեմատությունները բերում են այն եզրահանգման, որ կառավարությունը քայլերն իրականացնում է ոչ թե հաշվի առնելով ստեղծված ծանր կացությունը, այլ շարժվում է ոչ իրատեսական, իրավիճակից ձեռքբերումներով և զարգացումով դուրս գալու մոտեցմամբ։


Հակաճգնաժամային քաղաքականությունն ունի վերանայման կարիք

Լուսինե Հարությունյան

Գյուղատնտեսության ոլորտին առնչվող կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցները ներառում են ֆինանսական աջակցություն սուբսիդիաների և վարկերի տեսքով, ինչպես նաև ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։

Համավարակի շրջանում իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը գնահատելիս՝ անրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք։

  • Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական փաստաթղթերը գտնվում են մշակման փուլում։ Այսինքն՝ որոշումները և քաղաքականությունը կրում են իրավիճակային բնույթ, հիմնված չեն ընդհանուր հայեցակարգի վրա և տարբեր ոլորտների քաղաքականությունները կարող են կոորդինացված չլինել։
  • Կառավարություն ձևավորած քաղաքական ուժը չի դավանում հստակ գաղափարախոսության։ Գաղափարախոսության առկայությունն ավելի կանխատեսելի կդարձներ կառավարության քաղաքականությունը։ Կնվազեր նաև հասարակության ակնկալիքների և կառավարության վարած քաղաքականության մեջ առկա հակասությունները։

Գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության մշակումը բարդանում է ոլորտում ներգրավված անձանց և ձեռնարկությունների միասնական դիրքորոշման և պահանջների բացակայության պատճառով։ Արձանագրենք նաև, որ գյուղատնտեսները ոչ միշտ են ունենում հստակ պատկերացում ոլորտի լայն հիմնախնդիրների վերաբերյալ։

Համավարակի շրջանում պետական մասնակցության մեծացումը գյուղատնտեսության ոլորտում վարկային ծրագրերի միջոցով չպետք է ակտիվացվեր իբրև հակաճգնաժամային միջոցառում։ Վարկերի չափերը որոշ դեպքերում նման են սոցիալական օգնության, քան ոլորտի կայունացմանն ուղղված քայլերի։

Լավագույն մոտիվացիաններից չէ նաև ֆինանսական աջակցությունը այն ֆերմերային տնտեսություններին, որոնք կմիավորվեն ստեղծելով կոոպերատիվներ։ Ոլորտում կայուն գործող շուկաների և մշտական գնորդների բացակայությունը հիմք է հանդիսանում ասելու, որ գյուղատնտեսական կոոպերատիվների ապագան առայժմ հեռանկարային չէ։

Կառավարությունը նպատակ ունի աշխատատեղերի ստեղծումը համատեղել գյուղատնտեսության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման հետ։

Այս դեպքում բախվում ենք քաղաքականության ճիշտ ուղղվածության և գործնականում այն իրականացնելու հետ կապված խնդիրներին։ Աշխատատեղերի քանակը և աշխատավարձերը չեն կարող համապատասխանել նախկին չափերին՝ հաշվի առնելով գյուղաբնակ այն անձանց քանակը և պահանջները, որոնք սովորաբար այս սեզոնում մեկնում էին արտագնա աշխատանքի, ինչն այժմ անհնար է փակ սահմանների պայմաններում։ Հետևաբար՝ այդ ընտանիքները պետք է ստանան հավելյալ ֆինանսական օժանդակություն կամ արժանապատիվ վարձատրվող աշխատանք։

Անհրաժեշտ է նշել նաև, որ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագիրն ընդունվել է մարտ ամսին։ Այս ընթացքում, սակայն, գյուղատնտեսության ոլորտը բախվում է նոր մարտահրավերների։ Հետևաբար, հակաճգնաժամային քաղաքականությունն ունի վերանայման կարիք։

Կարևոր է նաև օգնության ծրագրի շահառուների հետ հետադարձ կապի պահպանումը ծրագրի մշտադիտարկման և ոլորտային քաղաքականության բարելավման նպատակով։

Ոչ պակաս կարևոր է անդրադարձը միջազգային համագործակցությանը համավարակի շրջանում։ Գյուղատնտեսության ոլորտում նորություն չէ պրոտեկցիոնիզմը ( տեղական արտադրանքի համար շուկայական բարենպաստ պայմանների ստեղծման և օտարերկրյա ապրանքատեսակների մրցակցության նվազեցման քաղաքականությունը)։ Համավարակը կարող է հանգեցնել գյուղատնտեսական ապրանքների սպառման դժվարությունների, որը կսրի այս միտումը։

Ճիշտ է, միջազգային կառույցները կոչ են անում չկիրառել առևտրային հավելյալ սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, դրանց կիրառումը հավանական է։ Հնարավոր է նաև տարատեսակ օգնությունների և հարկային քաղաքականության միջոցով տեղական արտադրանքի գների նվազեցում։

Երկու դեպքում էլ բախվելու ենք արտահանման հետ կապված բարդությունների հետ։ Այս խնդիրը նույնպես պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում և՛ ԵԱՏՄ-ի կողմից վարվող միասնական քաղաքականության շրջանակներում, և՛ դրանից դուրս։

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

Եթե ցանկություն ունեք ձեր ուժերը փորձել սույն նախագծում, ուղարկեք [email protected] հասցեին ձեր կենսագրությունն ու վերջին ամիսներին ձեր կողմից գրված որևէ վերլուծական նյութ։

Հավելյալ աղբյուրներ

#COVID19 #crisis #տեսակետ

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/06/2020