Տնտեսություն

Բացե՞լ, թե՞ չբացել սահմանները․ մտահոգություններ տուրիզմի շուրջ

«COVID19-ից հետո տուրիզմ կա՛»,-պնդում է One Way Tour կազմակերպության հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը և վստահեցնում՝ երկրում զբոսավարների մեծ պահանջ է լինելու։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրների միջև թռիչքների դադարեցումը, արտակարգ դրության ռեժիմը, այնուհետև հանրապետությունում տնտեսական գործունեության աստիճանական սահմանափակումներն ուղղակիորեն հարվածեցին Հայաստանի զբոսաշրջությանը։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է տուրիստական 2 կազմակերպությունների ղեկավարների տեսակետները`COVID19-ի հետևանքով Հայաստանում տուրիզմի ոլորտում ստեղծված խնդիրների և ոլորտի վերականգնման հավանականության շուրջ։

«Զբոսաշրջությունը կորոնավիրուսի պատճառով ամենամեծ վնասները կրած ոլորտն է»,-ասում է Smart Travel ընկերության տնօրեն Մարիամ Անդրոյանը։

Նրա խոսքով՝ տուրիստական կազմակերպությունները բազմաթիվ խմբային տուրերի պատվերներ էին գրանցել, նախագծեր մշակել, որոնք նախապատրաստական փուլերում էին, և այդ ամենը չեղարկվեց՝ մեծ վնասներ հասցնելով տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին։

«Օրինակներից մեկը՝ հունիս ամսին Ավստրալիայից եկող 50 հոգուց բաղկացած խումբ ունեինք․ ամրագրումներն արված էին»,-ասաց Անդրոյանը։

Բարսեղյանն էլ հավելում է․ «Քանի որ տուրիզմը սեզոնային է, մեր զբոսաշրջիկների հիմնական հոսքը սկսվելու էր մարտից։ Հաշվի առնելով 2019թ․-ի ձեռքբերումներն ու տուրիստների մեծ հոսքը՝ 2020թ․ ավելի խոստումնալից էր թվում, սակայն եղավ այն, ինչ եղավ»։

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2019-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1,9 մլն։ Սա մոտ 15%-ով բարձր ցուցանիշ է՝ 2018թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Մինչդեռ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը 15%-ով նվազել է։

 

Մարիամ Անդրոյանը զրույցի ընթացքում նշում է, որ Հայաստանում յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը 405 դոլար էր ծախսում: Հաշվի առնելով այն փաստը, որ ներգնա տուրիզմի շնորհիվ Հայաստան էր բերվում արտարժույթ, որն էլ բաշխվում էր հյուրանոցների, ռեստորանների, զբոսավարների և տուրիստական կազմակերպությունների միջև, այս տարի կխզվի շղթայական համագործակցությունը:

Տնտեսագետներն ու քաղաքական գործիչներն անթաքույց հայտարարում են, որ ներգնա և արտագնա տուրիզմը դեռ երկար կարող է գտնվել սառեցված վիճակում՝ չվերթների անորոշ ժամկետով դադարի հետևանքով։

Մինչդեռ մայիսի 7-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Վրաստանը պատրաստվում է սահմանները բացել զբոսաշրջիկների առջև:

«Մենք դա անելու ենք՝ հարևան երկրների հետ ցամաքային սահմաններում անվտանգ միջանցքներ ստեղծելով, ինչպես նաև անվտանգ միջանցքների ստեղծման հնարավորություններով՝ մեզ համար զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ երկկողմ բանակցությունների միջոցով: Այս բանակցություններն արդեն սկսվել են»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ արձանագրելով, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկ, որը կբացի իր սահմաններն ու զբոսաշրջային ենթակառուցվածքները արտասահմանից հյուրեր ընդունելու համար։

Smart travel-ի տնօրենն ասում է, որ Հայաստանի տուրիզմի ոլորտի ապագան առայժմ շատ ավելի անորոշ վիճակում է, քանի որ կառավարությունը դեռևս զուսպ է այս ոլորտում համարձակ քայլերի մասին հայտարարություններում։ Ըստ նրա, եթե անգամ արտակարգ դրությունը մայիսի 14-ից վերացվի, փակ են մնալու այն ուղիները, որոնցով զբոսաշրջիկները կհասնեն Հայաստան։

«Չկան ավիաուղիներ, չկան չվերթներ, փակ են սահմանները, հետևաբար, չկա արտագնա և ներգնա տուրիզմ»,-ասում է Անդրոյանը։

Երկու կազմակերպությունների տնօրենները վստահեցրին, որ աշխատակիցների կրճատում չեն իրականացրել՝ շնորհիվ կառավարության աջակցության 8-րդ միջոցառման։

«Պետությունը մեզ վարկ է տալիս, որ հարկ տանք»,-ժպտալով պատասխանեց Անդրոյանը:

Խոսելով կանխատեսումների մասին, Բարսեղյանն ասաց, որ հույս ունի, թե արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո, թեև ոչ մեծ ծավալներով, բայց նախ կակտիվանա ներգնա տուրիզմը։

«Իմ նախնական հաշվարկներով՝ 2-3 ամսից չվերթները վերսկսվելու են, ինչն էլ կակտիվացնի արտագնա տուրիզմը։ Պետք է լավատես լինենք։ Տուրիզմը կրկին վերելք է ապրելու և զարգանալու է»,-ասում է Բարսեղյանը։

One Way Tour կազմակերպությունը, Մաթևոս Բարսեղյանի խոսքով, արդեն իսկ մշակել է արտակարգ դրությունից հետո իրականացվելիք ծրագրերը։ Իսկ Մարիամ Անդրոյանը կարծում է, որ ոլորտը մեկուկես տարուց կրկին կծաղկի։

«Որոշ տուր կազմակերպություններ փակվելու են, շատերն աշխատանքից զրկվելու են։ Համենայնդեպս, ինձ համար այս պահին ապագան դեռ մշուշոտ է և անկանխատեսելի։ Իսկ ներքին տուրիզմը կբերի նոր առաջարկ-պահանջարկ խնդրին, որն էլ հանգեցնելու է ոլորտի լճացմանը, քանի որ բոլոր տուր կազմակերպությունները սկսելու են այդ ուղղությամբ աշխատել»,-ասում է Անդրոյանը։

Վերջինս մեզ հետ զրույցի վերջում դժգոհեց, որ կառավարությունը չունի պետական մոտեցում՝ երկիրը ներկայացնելու տեսանկյունից։

«Մեր երկրում զբոսաշրջության ոլորտը բարձիթողի վիճակում է, քիչ ներդրումներ են անում ոլորտում, իսկ հարկային դաշտի մասին խոսել ընդհանրապես չեմ ցանկանա, մինչդեռ հարևան երկրներում տեսնում ենք, թե ինչ կարևորություն է տրվում զբոսաշրջությանը իրենց երկրներում զարգացնելու համար»,-ասաց նա։

Հեղինակ Ռաիսա Պապյան

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Հավելյալ աղբյուրներ

  • Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ բիզնես ոլորտին
  • Տուրիզմը Հայաստանի տնտեսությունում
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մանրամասներն ԱՅՍՏԵՂ
  • Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 07/05/2020