Ընտրություններ

#ԱԺ2018. Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում 11 կուսակցությունների և դաշինքների համապետական ցուցակներում կանայք կազմում են 32%, իսկ տարածքային կամ ռեյտինգային ցուցակներում՝ 34%:  

Այս 11 քաղաքական ուժերից միայն «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է գլխավորում կին թեկնածու` Լուսինե Հարոյանը։ Քաղաքական ուժերի ցուցակների երկրորդ հորիզոնականում կին թեկնածուներ են ներկայացված «Հայաստանի հանրապետական» (ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան), «Լուսավոր Հայաստան» (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյան) և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» (լրագրող Մարիամ Մանուկյան) կուսակցությունների ցուցակներում։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից թե՛ համապետական, թե՛ տարածքային ցուցակներում ամենաշատ թվով կանանց ներկայացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Կուսակցության երկու ցուցակներում էլ կանայք կազմում են թեկնածուների 50%-ից ավելին (համապետական ցուցակում 51,8%, տարածքայինում՝ 53,8%)։

Կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակներում՝ ավելի քան 40%:

Եթե համեմատենք նախորդ՝ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ, ապա 2017թ. քաղաքական ուժերից և ոչ մեկի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը չի զբաղեցրել կին թեկնածու: Ավելին, կանայք չեն եղել նաև երկրորդ հորիզոնականներում: 9 քաղաքական ուժերից 4-ը կանանց ընդգրկել է 3-րդ հորիզոնականում, մյուսները մնացել են օրենքի սահմաններում` կանանց ընդգրկելով ցուցակի 4-րդ հորիզոնականում:

«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանը դրական է գնահատում գենդերային քվոտայի առկայությունը ընտրական օրենսգրքում և նշում, որ կողմ է նաև այդ շեմի բարձրացմանը, ընդհուպ մինչև 50/50 հարաբերակցություն։

«Գենդերային քվոտան գոնե ձևականորեն ապահովում է կանանց մասնակցությունը», – ասում է Գալստյանը: Նա հույս է հայտնում, որ կգա այն օրը, երբ հասարակությունը կառաջնորդվի միայն մարդու հմտություններով ու գիտելիքներով` անկախ սեռային պատկանելությունից: «Եվ կանանց ներգրավվածությունն էլ քաղաքականության մեջ կախված չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված շեմից։ Բայց մեր երկրում իրավիճակը այժմ այդպիսին չէ»: 

Ընտրական օրենսգրքի կարգավորումները

Խորհրդարանական ընտրություններին կանանց ներգրավվածությունը խրախուսվում է գործող Ընտրական օրենսգրքով, ըստ որի, նախընտրական ցուցակներում թեկնածուների 25%-ը պետք է կին լինի։

Օրենքի ձևակերպումը հետևյալն է`

«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից  յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը»:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաև, որ եթե արդեն ընտրված պատգամավորը հրաժարվում է մանդատից, պատգամավորի մանդատը տրվում է կուսակցության հերթական հաջորդ թեկնածուին։ Սակայն, եթե տվյալ պարագայում որևէ սեռի ներկայացուցիչների թիվը ստացվում է 20%-ից պակաս, մանդատը տրվում է նվազ ներկայացված սեռի թեկնածուին։

Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում նախատեսվում էր կանանց ներգրավվածության պարտադիր շեմը հասցնել 30%-ի։ Ընտրություններից հետո Աժ-ում ամեն երրորդ պատգամավոր պետք է կին լիներ։ Չնայած ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագիրը սույն թվականի հոկտեմբերի 22-ին մերժվեց Ազգային ժողովի կողմից, այնուամենայնիվ, առանց քվոտայի շեմի բարձրացման էլ, 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում կանանց մասնակցությունը միջինում 30%-ից ավելի է։

Այնուամենայնիվ, ըստ Նոնա Գալստյանի՝ քաղաքականության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում կանանց նկատմամբ խտրականությունը շոշափելի է։

«Քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությունը շատ դեպքերում միայն օրենքով սահմանված ցուցանիշն ապահովելու համար է։ Դա ես վերագրում եմ բոլոր կուսակցություններին՝ և՛ իշխող, և՛ ընդդիմադիր», – ասում է նա:

Նոնա Գալստյանը նշում  է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունն էլ կանանց սկսեց որոշ բարձրաստիճան պաշտոններում նշանակել  միայն հասարակության ակտիվ հատվածի արձագանքից հետո։

Սա, ըստ փաստաբանի, ենթադրել է տալիս, որ քաղաքական դաշտում հեռանկարային մոտեցում կանանց նկատմամբ չի ցուցաբերվում։

Պատկերը մարզային ընտրացուցակներում

Կանանց ներգրավվածության ցուցանիշը մոտավորապես նույն է մարզային ընտրացուցակներում։ Այստեղ ևս կուսակցությունները հիմնականում մնացել են օրենքի սահմաններում, միայն հազվադեպ կին և տղամարդ թեկնածուների հարաբերակցությունը գրեթե հավասար է։

Մարզերում ամենաշատ թվով թեկնածուներ ունեն «Բարգավաճ Հայաստան» և «Սասնա ծռեր» կուսակցությունները՝ համապատասխանաբար 102 և 101 թեկնածու։ Առաջինի ընտրացուցակում առաջադրվել է 30, երկրորդի՝ 33 կին թեկնածու։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հանրապետության 10 մարզերի 9 ընտրատարածքներում առաջադրել է 45 թեկնածու, որի 55,5%-ը՝ 25 թեկնածու, կին է։ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից մարզերի ընտրատարածքներում առաջադրված 48 թեկնածուներից 23-ը կամ 48%-ը կանայք են։

Ընդհանուր առմամբ, բոլոր կուսակցությունները, համեմատած նախորդ տարիների խորհրդարանական ընտրությունների, մի քանի տոկոսով ավելացրել են կանանց մասնակցությունը։

ՀՀ մարզերում ինքնաբացարկի դիմում ներկայացրած 25 թեկնածուներից 11-ը կանայք են։

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ և Womennet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը դրական է համարում կանանց 30% ներգրավվածությունը։ Ըստ նրա` սա արդեն նշանակում է, որ կանայք որոշակի ակտիվություն են ցուցաբերում քաղաքական գործընթացներում։

«Հակառակ պարագայում կուսակցությունները կբավարարվեին օրենքով սահմանված 25%-ով։ Այլ հարց է կուսակցությունների ցուցակների առաջատար հորիզոնականներում կանանց ներգրավվածությունը։ Այստեղ արդեն կուսակցությունները խնդիր ունեն։ Այսինքն՝ նրանք չունեն այնքան կին թեկնածու, որ այդ 30%-ն ապահովեն նաև ցուցակների առաջին հնգյակներում կամ տասնյակներում։ Եթե համեմատենք նախորդ տարիների խորհրդարանական ընտրությունների հետ, այս ցուցանիշն ավելին է, իսկ Երևանի ավագանու ընտրությունների համեմատ՝ հետընթաց»։

Թամարա Հովնաթանյանը նշում է նաև, որ այս ընտրություններում՝ համեմատած նախորդ տարիների խորհրդարանական ընտրությունների հետ, աճել է նախընտրական քարոզարշավներին կին թեկնածուների ակտիվությունը։

«Կին թեկնածուները հանդես են գալիս որպես խոսնակներ, տարբեր հարթակներից ներկայացնում են իրենց կուսակցությունների ծրագրերը։ Սակայն այստեղ առկա է նաև ռեյտինգային համակարգի ազդեցությունը․ կանայք «ստիպված են» երևալ, եթե ցանկանում են բավարար թվով քվե ստանալ»:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Անի Ավետիսյանը

Ինֆոգրաֆիկաները` Աստղիկ Գևորգյանի

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 07/12/2018