Կրթություն

Դիտարկում․ Նոր մոտեցումներ Ռազմագիտության դասավանդման մեջ

Լուսանկարը՝ Հրազդանի Հ․Պարոնյանի անվան հ․12 հիմնական դպրոցից

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ տարեկան մի քանի անգամ կազմակերպվում են ցամաքային, օդային և ծովային զորավարժություններ՝ տարբեր պետությունների մասնակցությամբ: Եվ մենք ապրում ենք մեկ տասնյակից ավելի ծխացող հակամարտությունների տարածաշրջանում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որքան էլ որ որոշ քաղաքական առաջնորդներ այն համարեն ավարտված։ Ահա այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է ռազմական գործին տիրապետելը։

Արցախյան 2-րդ պատերազմը բացահայտեց, որ «Նախնական զինվորական պատրաստություն» (Ռազմագիտություն) առարկայի չափորոշիչները հնացել են, և որոշակի փոփոխությունների կարիք է առաջացել: Առարկայի դասավանդման ձևի, դասավանդող մասնագետների պատրաստվածության, առարկայական չափորոշչի բարեփոխման հարցը բազմիցս բարձրացվել էր ռազմական փորձագետների կողմից:

Վերը նշված մտահոգությունը կիսում էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ում։ Մասնավորաես ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեռ նախորդ տարվա նոյեմբերի սկզբին ներկայացրել էր դպրոցներում նախնական զինվորական պատրաստության և քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերն ու դրանց անհրաժեշտությունը։

Դրանից երեք ամիս անց՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ն իր կայքում տեղադրեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Իր բովանդակությամբ ու արդիականությամբ այն կարելի է համարել ժամանակի պահանջ: Նոր չափորոշիչն ունի երկու կարևոր բնութագրական կողմ՝ մասնագիտական հիմունքների ուսուցում և դաստիարակություն:

Առարկայի չափորոշչի նախագծում մանրամասն ներկայացվում է 8-12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ձեռքբերման ուղիները, կարողությունների ձևավորմանն ու հմտությունների զարգացմանը նպաստող համակարգված և հետևողական քայլերը:

Տեսական դասընթացին զուգահեռ սովորողներն անցնելու են նաև մարտավարական-ֆիզիկական, այդ թվում նաև հոգեբանական պատրաստվածության հիմունքներ:

10-12-րդ դասարաններում առաջարկվում է, որ սովորողը կտեղեկանա մարտավարական տարբեր խնդիրների առանձնահատկություններին՝ պայմանավորված նաև մեր երկրի լեռնային տեղանքով, կուսումնասիրի լեռնային հատուկ պատրաստություն առանձին բաժինը:

image-15254
Ինֆոգրաֆիկան՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից

Կարևորվել է նաև տեղեկատվական ու կապի անվտանգության մասին գիտելիքների ձեռքբերումն ու յուրացումը: Այս գործընթացը հիմնվելու է դպրոցի ու պաշտպանական համապատասխան կառույցների համալիր համագործակցության վրա: Ուսումնական գործընթացի մաս են կազմելու գործնական դասերը՝ ճամբարային պարապմունքները, արտադասարանական խմբակների կազմակերպումը, ինչպես նաև զորամաս այցելությունները:

Կարող ենք փաստել, որ նախագիծը կազմվել է հաշվի առնելով ռազմագիտության ոլորտում վերջին իրավիճակային զարգացումները, գիտության ու տեխնիկայի ընձեռած հնարավորությունները:

Ու թեև նախագիծը կարգավորում է ավագ դպրոցում ռազմագիտության դասավանդման մեխանիզմները, սակայն սրանում նշված չեն միջին մասնագիատական հաստատությունները: Ստացվում է, որ միջին մասնագիտական հաստատություններում շարունակելու են դասավանդել նախկին մոտեցմամբ, իսկ մասնագետները լինելու են նորից պահեստազորի սպաները: Սակայն այստեղ ոչ պակաս կարևոր խնդիր է հենց նրանց վերապատրաստումները՝ որպես հոգեբաններ, մանկավարժներ:

Լավ կլիներ նաև նախագծում տեղ գտներ ռազմագիտություն առարկայից համապետական օլիմպիադաների կազմակերպումն ու խրախուսումը, ինչը ևս կնպաստեր տեսական և գործնական գիտելիքների խորացմանը (այդպիսի օլիմպիադա կազմակերպելու փորձ եղել է): Իսկ հետագա քննարկման համար կառաջարկեի դիտարկել ռազմագիտությունը որոշ դպրոցներում և բուհերում իբրև ավարտական քննական առարկա:

Հեղինակ՝ Աննա Մկրտչյան

Աննան Հայոց պատմության դասախոս է, հետազոտող։

Կարդացեք նաև

#տեսակետ

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/03/2021