Կրթություն

Տեսակետների բախում․ Կրթական պրոցեսի վրա ազդող արտառոց պայմանները

Լուսանկարը՝ UNICEF Armenia/2020/Galstyan

Նոր կորոնավիրուսի ցուցանիշները վերջին երկու շաբաթվա ընթացքում ակնհայտ աճ են գրանցում՝ անկախ դպրոցներում սահմանված դասապրոցեսի կազմակերպման նոր կանոններից։ Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, մարտից սկսած դպրոցականների կրթվելու իրավունքը լիարժեք չի իրականացվում։ Եվ այս խնդիրը միայն Հայաստանում չէ։ Վարակի տարածման վիճակագրությունը հուշում է նաև, որ նոր  կանոնները կարծես նույնպես չեն արդարացնում։ Ինչպե՞ս է սա անդրադառնում կրթական պրոցեսի վրա, և ի՞նչ հավելյալ խնդիրներ կարող են առաջանալ առաջիկայում։

Ստորև ներկայացնում ենք երիտասարդ ուսուցիչներ Սիփանի ու Աննայի տեսակետներն այս հարցերի վերաբերյալ։ Յուրաքանչյուրի տեսակետն արժեքավոր է, քանի որ հիմնված է սեփական փորձի վրա։

Մասնակցեք նաև քվեարկությանը՝ Ձեր ձայնը տալով այն հեղինակին, ում դիրքորոշումն այս հարցում առավել հոգեհարազատ է ձեզ։

[poll id=”14315″]

Կրթվել առանց պայմանների

Սիփան Հայրապետյան

Կրթության կազմակերպման արտառոց պայմանների մեկնարկից անցել է արդեն երկու շաբաթ, սակայն դեռ հայտնի չէ, թե որքան կաշխատեն դպրոցները՝ հրապարակված ուղեցույցի կանոնները պահպանելով։

Իսկ թելադրվող պայմանները չեն դադարում հարցեր առաջացնել։

Մասնավորապես, մտահոգություններ առաջացրին դպրոցներում մի քանի ժամ շարունակ դիմակ կրելու պարտադիր պահանջը, ուսուցիչների թեստավորման հապճեպ կազմակերպումը (նոր ուսումնական տարվա մեկնարկին ուսուցիչների զգալի մասը դեռ չէր հասցրել թեստավորվել, իսկ շատ պոլիկնինիկաներում թեստավորման պահանջը մեծ կուտակումներ և հերթեր էր առաջացրել), սոցիալական հեռավորության պահանջից բխող դժվարությունները (դասերի կազմակերպում միջանցքներում, բակերում, դասարանների կիսում և այլն)։

Մարտ ամսից ի վեր կորոնավիրուսը մեծ ազդեցություն է գործում կրթության ոլորտի վրա։ Նախ հարկ է նշել, որ դպրոցներն առաջին անգամ փակվեցին նաև հանրային պահանջի ճնշմամբ։

COVID-19-ի տարածման առաջին իսկ օրերին, երբ երկրում կար վարակի մի քանի գրանցված դեպք, սոցիալական ցանցերում, հարցազրույցներում և այլուր ԿԳՄՍՆ-ն բազում հարցեր (երբեմն պահանջներ) էր ստանում դպրոցների աշխատանքը կասեցնելու վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարը, որ մինչ այդ հայտարարում էր, որ անհանգստանալու ոչինչ չկա, անսպասելիորեն հրահանգեց փակել դպրոցները՝ հայտարարության մեջ շեշտելով «մեր երեխաների առողջությունն ամենից կարևորն է» թեզը։

Այնուհետև ի սկզբանե անվնաս թվացող հեռավար ուսուցումը, որի շուրջ որոշ տեղերում արդեն խոսվում էր որպես հնարավոր այլընտրանք, սկսեց երևալ իր ամենաբացասական կողմերով։

Ժամեր շարունակ համակարգչի առջև կենտրոնացած աշխատելը ոչ միայն անսովոր էր ուսուցիչների համար, այլև հոգնածություն և առողջական խնդիրներ էր ենթադրում։ Հեռավար ուսուցումը հավելյալ ծանրաբեռնվածություն էր ինչպես ուսուցիչների, այնպես էլ ուսումնական գործընթացում ներգրավված ծնողների համար, ինչի հետ կապված դժգոհություններն ավելի ու ավելի սկսեցին արտահայտվել ֆեյսբուքում և այլուր։ Միաժամանակ շատ արագ պարզ դարձավ, որ հնարավոր չի լինելու իրականացնել ուսումնական ծրագիրը բավարար չափով։

Այսպիսով, հեռավար կրթության չարդարացված լինելու պայմաններում առաջին հայացքից սեպտեմբերի 15-ից դասերը սահմանված կարգով սկսելու որոշումը հասկանալի էր։ Մի կողմից իշխանությունը ցույց էր տալիս, որ հասկանում է հեռավար ուսուցման անարդյունավետությունը, մյուս կողմից փորձում էր սահմանել խստագույն պահանջներ վարակի տարածումը կանխարգելելու համար, և ըստ այդմ, որոշումը պայմանավորված էր իշխանության վարկանիշը նվազագույն կորուստների տանելու միտումով։

Իրականության մեջ սահմանված պահանջները գրեթե հնարավոր չէ իրագործել։

Դասարանում սոցիալական հեռավորության սահմանված կարգը չխախտելու համար դպրոցների զգալի մասը չուներ համապատասխան տարածք, իսկ երկրորդ հերթը ֆինանսական խնդիրներ կառաջացներ։ ԿԳՄՍ-ն շատ արագ ցույց տվեց, որ չի պատրաստվում հավելյալ աշխատաժամանակ ավելացնել ուսուցիչների համար և վճարել դրա դիմաց և առաջարկեց կիսված դասարանի՝ յուրաքանչյուր խմբի հետ շաբաթական երեք օր, 6-օրյա գրաֆիկով աշխատելու տարբերակը։ Այս պարագայում կրկին առաջանում է ծրագրային նյութը ամբողջությամբ և հիմնովին ուսումնասիրել չկարողանալու խնդիր, իսկ ծնողների վճարների հաշվին գոյատևող մասնավոր դպրոցների համար՝ կիսով չափ վճարվելու վտանգ, քանի որ դպրոցին ամսական կամ տարեկան վարձ վճարող աշակերտը շաբաթվա մի մասն անց է կացնում տանը և առկա հեռանկարում դեռ չունի բաց թողնված ուսումնական պրոցեսը լրացնելու հնարավորություն։

Սակայն հանրության շրջանում ամենից առավել ոչ միանշանակ վերաբերմունքի արժանացավ դպրոցում պարտադիր դիմակ կրելու որոշումը։ Բազում ծնողներ և մանկավարժներ իրենց մտահոգությունն արտահայտեցին երեխաների՝ դասարանում մի քանի ժամ դիմակով գտնվելու վերաբերյալ։

Դժգոհ էին նաև ուսուցիչները ողջ աշխատանքային օրվա ընթացքում դիմակով աշխատելու և դաս վարելու հեռանկարից։ Բացի այդ, հայտնի է, որ դիմակներն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ ճիշտ են դրվում։ Այսօր ՀՀ-ում դպրոց ընդունվող երեխաների զգալի մասի տարիքը չի գերազանցում 6 տարեկանը, և նման արտառոց պայմաններում դասապրոցես իրականացնող ուսուցիչները դժվար են պատկերացնում, թե ինչպես է հնարավոր զուգահեռաբար հետևել դիմակները ճիշտ կրելու կարգին (հատկապես ցածր դասարաններում երեխաները կարող են հաճախ ձեռքերով դիպչել դիմակին, դնել այն որևէ տեղ կամ գցել, վերցնել և նորից կրել և այլն)։

Սահմանված պահանջների իրագործման անհնարինությունը կարճ ժամանակում կարող է կա՛մ կրթությունը վերադարձնել հեռավար կարգավիճակի (ինչի հավանականությունն էլ ավելի աճեց վարակի գրանցված դեպքերի վերջին օրերի զգալի աճին զուգահեռ), կա՛մ ստիպել իշխանությանը, այսպես ասած, «բաց թողնել» իրավիճակը և հետ կանգնել սահմանված նոր կարգից, որն առայժմ քաղաքական որոշում է և զուրկ է կրթական բավարար հիմնավորումներից։


Դպրոցների փակումը բացասաբար է ազդում  երեխաների վրա

Աննա Մկրտչյան

Քովիդ-19 համավարակի հետևանքով ողջ աշխարհում դպրոցների փակումն աննախադեպ վտանգ էր երեխաների կրթության, պաշտպանության և բարեկեցության տեսանկյունից:

Թեև չկան բավարար փաստեր վարակի փոխանցման դինամիկայի վրա դպրոցների փակման ազդեցութան մասով, ինչը հնարավորություն կտար գնահատական հնչեցնելու համար, սակայն վստահ կարող ենք ասել, որ դպրոցների փակման բացասական ազդեցությունը երեխաների բարեկեցության և ուսումնառության վրա պատշաճ կերպով փաստագրված է:

Կրթության ընդհատումը ծանր հետևանքներ է թողնում տնտեսությունների և հասարակությունների վրա, այդ թվում` խորացող անհավասարություն, առողջության վատթարացում և սոցիալական համախմբվածության թուլացում: Եվ այստեղ երեխայի լավագույն շահը պետք է ունենա գերակա կարևորություն:

Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրվեց ավանդական սեպտեմբերի 1-ից երկու շաբաթ անց՝ կրթության կազմակերպման արտառոց պայմաններով ու կանոններով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած հեռավար համապետական ծնողական ժողովի ընթացքում փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ մինչև ուսումնական տարվա սկիզբը՝ բոլոր ուսուցիչները պետք է պարտադիր թեստավորվեն։

Ուսուցիչների թեստավորումն սկսվեց սեպտեմբերի 3-ից, սակայն ոչ բոլորը հասցրեցին թեստավորվել մինչև ուսումնական տարվա մեկնարկը: Մեր հանրապետությունում կան 30 հազար ուսուցիչներ: Այստեղ մտահոգիչն այն է, որ ուսուցիչներից շատերի Covid-19-ի թեստավորման հերթը հասավ այն ժամանակ, երբ ուսումնական տարին արդեն մեկնարկել էր, և թեստավորումները կազմակերպվում էին դասապրոցեսին զուգահեռ։ Իսկ ինչ, եթե նրանց թվում լինեն վարակված անձինք:

Այսօր դպրոցներում համաճարակային կանոնների վերահսկողության գործընթացը տրված է ՀՀ կրթության տեսչական մարմնին, որն իրականացնում է այցելություններ դպրոցներ և հետևում գործընթացի բնականոն ընթացքին։

Չնայած ԿԳՄՍ-ի մշակած ուղեցույցին, այնուամենայնիվ ՀՀ-ում այսօր կան դպրոցներ, որոնք, չունենալով անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ կամ տարվա ընթացքում բնության արհավիրքներից տուժած լինելու պատճառով, ի վիճակի չեղան սկսել նոր ուսումնական տարին և միանգամից անցան հեռավար կրթության: Դրանցից էր, օրինակ, Շիրակի մարզի Քարաբերդ համայնքի դպրոցը։

Այստեղ խնդիրն այն է, որ տեսչական մարմնին տուգանք նշանակելու կամ որևէ պատժամիջոց կիրառելու իրավասություն չի տրված: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է կարգավորվելու դպրոցներում դիմակ չկրելու դեպքերը:

Օր օրի ավելացող հարցերի թվում է նաև այն ուսուցիչների հարցը, որոնք մեկ առարկա են դասավանդում և նրանց վարակման դեպքում պարզ չէ թե ով է փոխարինելու:

Մյուս կարևոր կողմն այս իրավիճակում ծնողական համայնքն է։ Նրանց մի մասը դեմ է իրենց երեխային դպրոց ուղարկելու պահանջին, քանի որ վստահ է, որ դպրոցում երեխաները չեն կարողանում ճշտորեն պահել անհրաժեշտ հիգիենիկ պայմանները, դիմակները խանգարում են նրանց դասերի ժամանակ: Որոշ ծնողներ բարձրաձայնում են իրենց բողոքը՝ ցանկանալով ստանալ պատկան մարմինների ուշադրությունն ու միջամտությունն առ այն, որ երեխաները դիմակ կրելու պատճառով ունենում են գլխացավեր և թուլություն: Նրանք անգամ պահանջում են մասնագիտական եզրակացություն, թե արդյոք մի քանի ժամ դիմակով դասի նստելը չի վտանգի երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը։

Բարձրաձայնման արժանի մյուս խնդիրը կապված է տրանսպորտային միջոցների ոչ բավարար քանակի հետ: Որևէ արձագանք այս խնդրի մասին դեռ չկա պատկան մարմինների կողմից: Եթե տրանսպորտային միջոցների քանակի ավելացում չի նախատեսվում, դա ևս կարող է պատճառ դառնալ համավարակի կորի աճին, ինչը ենթադրում է, որ լիովին հեռավարին անցումն այնքան էլ հեռու չէ:

Իրավիճակի բարելավման ուղղությամբ տեղին կլիներ նշել նաև այն, որ ԿԳՄՍ-ն առողջապահության նախարարության հետ համատեղ սկսեր երկրում գործող բոլոր ուսումնական հաստատություններում դասավանդող մասնագետների թեստավորում: Վերահսկողության բարձրացման տեսանկյունից լավ կլիներ նաև ուսումնական հաստատություների շրջակայքում ավելացվեր հսկիչ ծառայություն իրականացնող մարմինների կամ ուժերի թիվը:

#Տեսակետ

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

Եթե ցանկություն ունեք ձեր ուժերը փորձել սույն նախագծում, ուղարկեք [email protected] հասցեին ձեր կենսագրությունն ու վերջին ամիսներին ձեր կողմից գրված որևէ վերլուծական նյութ։

Կարդացեք նաև

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/09/2020