Կրթություն

Տեսակետ․ Մասնագիտական կողմնորոշո՞ւմ, թե՞ կուտակած միավորներ

Խմբագրի անունից․ հոկտեմբերի 10-ին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների:

Սույն նախագծով, դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական, ոչ պետական, բոլոր դիմորդների համար նախատեսվում է ապահովել ընդունելության միևնույն պայմանները։

Սա, իհարկե, չափազանց կարևոր նախաձեռնություն է, ինչը գուցե հնարավորություն կտա խուսափել դիմորդների այնպիսի դժգոհություններից, որոնք տեղի ունեցան այս՝ 2020-2021 ուստարվա ընդունելության քննություններից հետո։ Իսկ որո՞նք էի դժգոհության հիմնական պատճառները, և ինչպե՞ս կարելի էր դրանցից խուսափել։ Իր տեսակետով կիսվում է Ղազարոս Թեքնեջյանը։ Ընթերցելուց հետո, քվերակության միջոցով, կարող եք ձեր դիրքորոշումն արտահայտել տվյալ տեսակետի շուրջ։

[poll id=”14379″]

Կրթությունը չպետք է լինի ինքնանպատակ

Ղազարոս Թեքնեջյան 

2020-21 թթ․ բուհական ընդունելությունը մի քանի էական տարրերով տարբերվեց նախորդ տարիների ընդունելություններից, ինչը բուռն քննարկումների պատճառ դարձավ դիմորդների և հասարակության շրջանում։

Խնդիրն այն էր, որ եթե նախկինում առաջնային և, ըստ երևույթին, միակ կարևոր նախապայմանը բուհի ընդունելության քննություն(ներ)ի արդյունքում դիմորդի կուտակած միավորներն էին, ապա այս տարի բացի հավաքած միավորներից կարևորվեց նաև ընդունելության հայտում դիմորդի կողմից նշված մասնագիտությունների հիերարխիան։

Ի՞նչ է դա նշանակում։ Եթե նախկինում բուհի տվյալ ֆակուլտետ ընդունվում էր այն դիմորդը, ով հավաքել էր ամենից բարձր միավորները, ապա

այս անգամ առանձնակի կարևորվեց, թե տվյալ մասնագիտությունը դիմորդի հայտում ինչ դիրք է զբաղեցնում։

Արդյունքում եղան իրավիճակներ, երբ չնայած դիմորդը կուտակել էր բարձր միավորներ, սակայն հայտում տվյալ մասնագիտությունը, օրինակ, 4-րդ տողում նշելու պատճառով չէր ընդունվել այդ ֆակուլտետ, ի տարբերություն մյուս դիմորդների, ովքեր երբեմն հավաքելով անհամեմատ ցածր միավորներ՝ ընդունվել էին տվյալ ֆակուլտետ, քանզի իրենց կողմից ներկայացված հայտերում տվյալ մասնագիտությունը գրավել էր ավելի բարձր դիրք՝ 1-ին, 2-րդ կամ 3-րդ։

Հետևաբար, այս մոտեցմամբ ԿԳՄՍ նախարարությունն առաջնահերթություն էր տվել դիմորդի մասնագիտական կողմնորոշմանն ու մոտիվացիային՝ սովորելու հենց այդ մասնագիտությունը և հետո միայն կարևորել քննության ընթացքում դիմորդի հավաքած միավորները։

Այս մեթոդի որդեգրմամբ՝ ՀՀ-ն առաջին անգամ կարևորեց և առաջնայնություն տվեց ապագա ուսանողի մասնագիտական կողմնորոշմանը։ Անշուշտ, կարևոր է, թե դիմորդը նախքան բուհ ընդունվելն իր գիտելիքների ու հմտությունների բազայով որքանով է պատրաստ սովորել այս կամ այն ֆակուլտետում, սակայն պակաս կարևոր չէ նաև, թե դիմորդն ինչ մասնագետ է ցանկանում լինել ու ինչ դիրք է ցանկանում զբաղեցնել աշխատաշուկայում։

Կրթությունը չպետք է լինի ինքնանպատակ։ Եվ միայն դիմորդի հավաքած միավորները հաշվի առնելն ու նրա մասնագիտական կողմնորոշմանը տեղ չտալը, անշուշտ, ճիշտ մոտեցում չէ։

Ուստի, գաղափարի ու մեթոդի ընտրությունն ու մասնագիտական կողմնորոշման կարևորության նման կերպ ընդգծումը խրախուսելի է։ Սակայն այս գաղափարը գործնականում կիրառելու ընթացքում առաջացան որոշակի խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին առաջացրին դժգոհության ալիք։

Մասնագիտական կողմնորոշման և ընդունելության մեթոդի փոփոխության մասին տեղեկատվական պակաս

Ավագ դպրոցների համակարգի ներդրումը ենթադրում է, որ այդ երեք տարիների ընթացքում աշակերտը, սովորելով այս կամ այն հոսքում, պետք է ձևավորի հստակ տեսլական իր մասնագիտական ուղղվածության հարցում։

Ենթադրվում է, որ ավագ դպրոցի վերջին տարում աշակերտն արդեն պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել՝ արդյոք ցանկանո՞ւմ է շարունակել ուսումը։ Եթե այո, ապա ո՞ր քոլեջում, ուսումնարանում, բուհում և ի՞նչ մասնագիտությամբ։

Սակայն այսօր տիրող իրավիճակը բացարձակ չի խոսում այն մասին, որ դպրոցն ավարտած շրջանավարտը հստակ պատկերացում ունի վերոնշյալ հարցերի շուրջ, ու հետևաբար ավագ դպրոցը, որ պետք է նպաստեր մասնագիտական կողմնորոշմանը, չի հաջողել։

Դրան զուգահեռ մեկ այլ սովորույթային խնդիր է մասնագիտության ընտրությունը ոչ թե շրջանավարտի, այլ ծնողների, ընտանիքի մյուս անդամների կողմից՝ հիմնվելով ոչ թե շրջանավարտի ցանկության, այլ տվյալ մասնագիտության թվացյալ պահանջվածության և այլ գործոնների վրա։

Այս տարի բազմաթիվ դիմորդների դժգոհության հիմնական պատճառը ընդունելության կարգի նման կտրուկ փոփոխության մասին տեղեկատվության հասանելի կամ հասկանալի չլինելն էր։

Հասանելի ու հասկանալի լինելու դեպքում, որոշ դիմորդների պնդմամբ, նրանց մի մասը հայտերի այլ հերթականությամբ՝ մասնագիտություններն այլ կերպ դասավորելով, կդիմեր բուհ։ Այս պարագայում բուհ ընդունվածների ցուցակներն էականորեն կտարբերվեին ներկայիս ցուցակներից, ուստի դժգոհության ալիքն այլ տեսք կունենար կամ առհասարակ չէր լինի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պետք է նշել, որ ընդունելության համար ընտրված մոդելը խրախուսելի է ու միտված կրթական նոր որակի՝ առաջնություն տալով մասնագիտական կողմնորոշմանը։

Սակայն ընդունելության ձևաչափի փոփոխության մասին տեղեկատվության ոչ բավարար հասանելիությունն ու դպրոցի շրջանավարտների մասնագիտության կողմնորոշման հարցում անպատրաստ լինելը հանգեցրեցին դժգոհությունների։

Ցանկացած փոփոխություն իրականացնելու պարագայում անհրաժեշտ է դրա մասին տեղեկատվությունը հասանելի ու հասկանալի դարձնել առնվազն թիրախային խմբին ու համոզված լինել, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները վերջինիս նման փոփոխությունների պատրաստելու համար։

#տեսակետ  

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

Եթե ցանկություն ունեք ձեր ուժերը փորձել սույն նախագծում, ուղարկեք [email protected] հասցեին ձեր կենսագրությունն ու վերջին ամիսներին ձեր կողմից գրված որևէ վերլուծական նյութ։

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/10/2020