Կրթություն

Հայոց պատմության դասավանդման նոր խնդիրները պատերազմից հետո

2020 թվականը կրթական համակարգի համար առանձնապես դարձավ տեխնոլոգիական նորամուծությունների փորձարկումների և նախադեպը չունեցող մարտահրավերների դիմագրավման տարի: Կորոնավիրուսի փորձությունը դեռ չհաղթահարած՝ կրթական համակարգը ստիպված էր դիմագրավել պատերազմին: Այդ օրերին գիտակցվեց կրթության, որպես գոյության առաջնահերթ պայմանի անհրաժեշտությունը և ակնհայտ դարձան տարիներ ի վեր թույլ տրված բացթողումներն ու թերացումները:

Ռազմահայրենասիրական կոչերով ոգեշնչված մեր զինվորն իր արյան գնով պաշտպանեց հող հայրենին: Փաստորեն, մենք կրկին ապավինեցինք միայն մեր զինվորի բազկի ուժին՝ մոռանալով ամենակարևորի մասին, որ հերոսների արյամբ սրբագործված մեր հայրենիքի սահմաններն անհրաժեշտ էր պահել կրթված հասարակություն ձևավորելով և խելամիտ ու հեռանկարային դիվանագիտություն վարելով:

Դեռևս 1991-1994 թթ-ի Արցախյան պատերազմից հետո անհրաժեշտ էր գիտակցել, որ պատերազմները վերաբերում են ոչ միայն բանակներին, այլ նաև՝ պետություններին: Սակայն այս իրողության առաջ մոտ 30 տարի մեր պետությունն ու հասարակությունը աչք էին փակել:

Հիմնական դպրոցում 9-րդ դասարանի Հայոց պատմության գրքից հատված 

previous arrow
next arrow
Slider

 

Վերոնշյալի համատեքստում խիստ մտահոգիչ է դարձել նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ապագա մեկնաբանումը հայոց պատմության դասագրքերում: Տարիներ շարունակ մայիսի 9-ի հաղթանակը տոնախմբած մեր հասարակությունը և հատկապես երիտասարդությունը այսօր կանգնած է նաև լուրջ հոգեբանական մարտահրավերի առաջ: Անգամ պատերազմի օրերին սովորողների մոտ անընդունելի ու խորթ էր հաղթողի կարգավիճակի փոխակերպումը: Այս մասին է վկայում սեփական փորձը։ Եվ այս պարագայում ոչինչ չէր մնում, քան անցյալի հաղթական պատմությամբ սերնդին կրթելը:

Փյունիկի պես վերածնվող հայ ժողովուրդը Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց դժվարին պայմաններում ստեղծեց պետականություն ու փոխանցեց մեզ: Ուստի, 21-րդ դարի տեխնոլոգիական ռեսուրսները հնարավորություն են ընձեռում արագ ինքնակազմակերպվել: Միաժամանակ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ սերտել այլևս պատմություն դարձած այս պատերազմի դասերը, այն պայմանով, որ չպետք է թերագնահատել թշնամուն և խույս տալ իրականությունից:

Պատահական չէ, որ պատերազմի օրերին մեր սովորողների մոտ մեծացավ Հայոց պատմության տարբեր հարցերի շուրջ հետաքրքրությունն ու հետևողականությունը:

Վերոնշյալի համատեքստում արդիական են դառնում մերօրյա հերոսների մասին պատումները, որոնք պետք է ներառվեն առաջիկա տարիներին հրատարակվելիք դասագրքերում, և որոնց վրա այս ընթացքում մի տեսակ ստվեր է ընկել: Դրանք մեծապես կօգնեն մատաղ սերնդի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ավելին՝ պարտվածի բարդույթը կփոխարինվի մարտնչած հերոսի կերպարով, որը մինչև արյան վերջին կաթիլն իր հաղթական պայքարն է մղել թշնամու դեմ:

Ուստի, անհրաժեշտ է մշակել պատմության դասավանդման նոր մարտավարություն և շարժվել նոր պահանջներով: Մեր կրթական համակարգում թիրախային է լինելու որակի բարձրացման պահանջը: Ստեղծված իրավիճակում հաջորդ առաջնահերթ նպատակը պետք է դառնա գիտելիքահեն տնտեսության ձևավորումը, որը հնարավորություն կտա մեր ունեցած գիտական ներուժը պահել ու ծառայեցնել ի շահ հայրենիքի:

Առաջնահերթ նպատակներից հաջորդը պետք է դառնա հայրենական ռազմարդյունաբերության զարգացումը՝ որպես անվտանգության հիմնական երաշխիք և գործոն՝ չմոռանալով, իհարկե, որ զենքի ուժով ձեռք բերված հաղթանակները պահվում են միայն ճկուն դիվանագիտության, հզոր պետության և դիմակայուն տնտեսության ձևավորմամբ:

Հեղինակ՝ Աննա Մկրտչյան

Աննան Հայոց պատմության դասախոս է, հետազոտող։

Կարդացեք նաև

#տեսակետ #դասերպատերազմից

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/01/2021