Առողջապահություն

Հայաստանի պոչամբարները. վտանգները երկրի և բնակչի համար

Բնապահպաններն ահազանգում են Հայաստանում առկա պոչամբարների՝ բնության ու մարդկանց առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին: Հայաստանում խնդիրն ակնառու է, քանի որ պոչամբարների կառուցումն ու դրանց մեկուսացումը շրջակա միջավայրից կատարվում է հիմնականում ոչ միջազգային չափորոշիչների համաձայն: Ամփոփ մեդիան լրագրողական ուսումնասիրության միջոցով փորձեց պարզել Հայաստանի պոչամբարների վտանգները, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ու բնակչության առողջության վրա:

Ի՞նչ է պոչամբարը

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Իրավիճակ

Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա: Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում:

Նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը որոշում էր ընդունել, որով սահմանվում էր, որ պոչամբարները պետք է կառուցվեն բնակավայրերից, ջրամբարներից, այլ կարևոր ենթակառուցվածքներից հեռու, սակայն փաստաթղթում հստակ չի նշվում, թե ինչ հեռավորության մասին է խոսքը:

Համաձայն նույն որոշման՝ մարդկանց, կենդանիների, շենքերի անվտանգությունն ապահովելու համար պոչամբարները պետք է ունենան մեխանիկական պաշտպանիչ գոտի: Դրանք պետք է առանձնացած լինեն  սանիտարական գոտով: Սա անհրաժեշտ պայման է պոչամբարների վտանգները նվազեցնելու համար:

«Վտանգավոր օբյեկտները պետք է ունենան իրենց սանիտարական գոտիները, որոնց սահմանների շուրջ չպետք է լինի բնակչության անմիջական գործունեություն, չպետք է լինեն քաղաքներ, բնակավայրեր: Սակայն դա չի պահպանվում Հայաստանում», – ասում է ԵՊՀ դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Հարություն Մովսիսյանը:

Հայաստանի ամենամեծ պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզում: Խոսքն Արծվանիկի պոչամբարի մասին է, որը համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: Արծվանիկի մեջ կուտակվում են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները:

Ծավալով երկրորդը` Թեղուտի պոչամբարն է` կառուցված 2014թ.: Այն նախատեսված է 180 մլն խմ արդյունաբերական աղբի համար:

Վերջին տվյալներով՝ հանրապետության միայն 21 պոչամբարներում ավելի քան 1 մլրդ տոննա արդյունաբերական թափոն է կուտակվել:  Պոչամբարներում կուտակվող թափոնները չեն հարկվում Հայաստանում: Սակայն 2021 թ. հունվարի 1-ից ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար գործելու է բնապահպանական հարկ: Այն սահմանված է 2018թ. ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքով, համաձայն որի՝ բնապահպանական հարկը գործելու է և, ըստ վտանգավորության դասակարգման, թափոնների համար տարբեր սակագներ են նախատեսված:

Օրինակ՝ տարբեր գնահատականներով՝ պոչամբարներում կուտակված թափոնները դասվում են 2-րդ և 3-րդ վտանգավորության: Դրանց 1 տոննայի դիմաց նախատեսվում է հարկել շուրջ 120 դրամ: Մասնագետները պնդում են, որ սահմանված գները ցածր են և ոչ բավարար պոչամբարների առաջացրած բնապահպանական վնասը փոխհատուցելու համար:

«Նույնիսկ 1-ին խմբի համար սահմանված 250 դրամը բավական չէ բնապահպանական վնասը փոխհատուցելու համար: Այս թափոնների համար պետք է գործի ինչպես տեղադրման, այնպես էլ հետագա պահպանման վճարների գանձման համակարգը: Մետաղական հանքավայրերի թափոնները, անկախ նրանց տեսակավորումից, վտանգավոր թափոններ են», – ասում է  երկրաբան Մովսիսյանը:

Նրա կարծիքով՝ դրույքաչափերը սահմանելիս հեղինակները հավանաբար հաշվի են առել, որ թափոնակույտերում արդեն իսկ կուտակված են ահռելի քանակությամբ թափոններ: «Դրանց համար այսօր սահմանել վճարներ և դա դնել ներկայիս սեփականատիրոջ վրա, ամեն դեպքում սխալ է, ուստի սահմանված դրույքաչափի նվազեցմամբ միգուցե փորձել են լուծել այս խնդիրը»», – կարծում է երկրաբանը:

Միայն  2017թ. հանքարդյունաբերության ոլորտի  17 խոշոր հարկ վճարող ընկերություններ կատարել են ընդհանուր 55 մլրդ  606 մլն դրամի վճարում, ներառյալ՝ հարկային, մաքսային և այլ պետական վճարները: Այնինչ, մասնագետները համոզված են՝ եթե բնապահպանական հարկեր գործեին նաև պոչամբարներում կուտակվող թափոնների համար, ապա ավելի շատ գումար կմտներ պետբյուջե, քան հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարվող տարեկան հարկերն ու այլ վճարները միասին վերցրած:

Հայաստանի հանքերի շահագործման թափանցիկությունը

Պոչամբարների բացասական ազդեցությունը

Շրջակա միջավայրի վրա պոչամբարների ունեցած բացասական ազդեցության մասին բնապահպանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են: Մասնավորապես նշվում է, որ Սյունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում ծանր մետաղների և մկնդեղի քանակը զգալիորեն գերազանցում է  թույլատրված միջազգային չափանիշները: Այսպիսի եզրահանգման են եկել Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի աշխատակիցները՝ կատարած ուսումնասիրությունների հիման վրա: Մասնավորապես՝ Ախթալայում ապրող ավելի քան 84%, իսկ Ալավերդիում ապրող ավելի քան 75% երեխաների օրգանիզմում կապարը գերազանցել է սահմանային մակարդակը:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Ախթալայում ծանր մետաղների տարածվածության մի քանի պատճառ են հայտնաբերել: «Իրավիճակը Հայաստանի Ախթալա քաղաքում. Հանքարդյունաբերության  բնապահպանական և առողջապահական հետևանքները» զեկույցում նշվում է, որ թունավոր նյութերի աղբյուր են հանդիսանում  Նազիկի պոչամբարն ու վերամշակող գործարանից պոչերի արտանետումն Ախթալա գետ:

Քաջարան քաղաքում և դրան մոտ Լեռնաձոր գյուղում էլ հետազոտված 17 երեխայի մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել: Այս դեպքում ևս մատնանշվում է պոչամբարի ազդեցության մասին և այս անգամ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ուսումնասիրության մեջ:

Պոչամբարները գյուղացիների կողմից օգտագործվում են իբրև արոտավայր և այգի: Չգործող պոչամբարների տարածքներում գյուղացիները միրգ-բանջարեղեն են աճեցնում  ու անասուններին արածացնում:

Պատմական ակնարկ

Հանքարդյունաբերության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի վրա պոչամբարների ունեցած բացասական հետևանքները պարզելու համար դեռևս 2000-ականների սկզբին մի քանի հետազոտություն է արվել: Ամերիկյան համալսարանի 2001թ. արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ախթալայի բնակեցված տարածքների հողի նմուշների 28%-ի մեջ կապարը գերազանցել է առավելագույն թույլատրելի քանակը: Ըստ ավելի ուշ արված հետազոտությունների՝ հողի նմուշներում մկնդեղի գերազանցում է արձանագրվել:

Հայաստանի հանքարդյունաբերական կենտրոնը համարվող Քաջարանի հողերում էլ ուսումնասիրողները ծանր մետաղների առկայություն են հայտնաբերել, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանը: Հողերում, օրինակ, մոլիբդենի քանակը գերազանցել է թույլատրելի սահմանը 10 անգամ:

Ծանր մետաղների գերազանցում նաև պոչամաբարների տարածքներում աճեցված բանջարեղենում է հայտնաբերվել: Օրինակ՝ Դարազամի, Ղջիի և Փխրուտի պոչամբարների տարածքում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ տարածքներում աճեցվող բանջարաբոստանային մշակաբույսերում ծանր մետաղների առավելագույն քանակ կա:

Փաստարկ

Հետազոտություններ չկան, որոնք կփաստեն հանքարդյունաբերության ու հիվանդությունների տարածվածության միջև ուղիղ կապը, սակայն եղած տվյալները որոշակի պատկեր ստեղծում են:  «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» վիճակագրական բաժանմունքի հավաքագրած տվյալները փաստում են, որ Հայաստանի հանքարդյունաբերության գլխավոր տարածաշրջաններում՝ Սյունիքում և Լոռիում, օրինակ, մեծ տարածվածություն ունի թոքի քաղցկեղը: Դրա առաջացման պատճառների շարքում հանքարդյունաբերության գործոնն է մատնանշվում: Մասնագետների խոսքով՝ Լոռու և Սյունիքի որոշ համայքներում հայտնաբերված ծանր մետաղները, մասնավորապես՝ մկնդեղը, մարդկանց օրգանիզմում հիվանդություների առաջացման պատճառ կարող է դառնալ:

«Մկնդեղը և կապարը կարող են ուռուցքի առաջացման պատճառ հանդիսանալ: Արյան մեջ կապարի պարունակության անգամ չնչին գերազանցումը հանգեցնում է երեխաների մտավոր զարգացման  գործակցի նվազեցման, ուշադրության կենտրոնացման տևողության նվազեցման, գիտելիքների յուրացման վատթարացման», – ասել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:

Ապացուցված է, որ մկնդեղը կարող է հանգեցնել նաև սրտի, արյունատար, մարսողական, շնչառական համակարգերի հիվանդությունների առաջացման:

Առողջապահության նախարարության՝ Ամփոփին ուղարկված ուսումնասիրությունների համաձայն՝ Սյունիքի մարզի առանձին համայնքներում արյան շրջանառության, նյարդային համակարգի հիվանդությունների և նորագոյացությունների հիվանդացության ցուցանիշները 2014 թ.-ին՝ 2012-ի համեմատ, Կապան և Մեղրի համայքներում ավելացել են մեկ անգամ, իսկ բնածին արատները՝ նույնքան անգամ նվազել են:

Քաջարանում արյան շրջանառության հիվանդությունների տարածվածության ցուցանիշը գրեթե նույն մակարդակի վրա է. նորագոյացությունների հիվանդացության ցուցանիշը բարձրացել է  1,2 անգամ, բնածին արատները՝ նվազել են: Չնայած դրան, նախարարությունից պնդում են՝  Սյունիքի մարզում, այլ մարզերի հետ համեմատած, հիվանդացությունն աճել կամ նվազել է համամասնաբար՝ «առանց առանձնահատուկ կամ արտահայտված աճի միտումների»:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփ մեդիա թիմ

ՈՒշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 15/05/2018