Սոցիալական

Սյունիք․ անվտանգային իրավիճակը սոցիալ-տնտեսական ցուցանիշների անկման պատճառ

Աղբյուր՝ Stop Kadr Studio

2020 թ․-ին Քովիդ-19 համավարակը և 44-օրյա պատերազմը խիստ ազդեցություն ունեցան Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա։ Հատկապես Սյունիքում պատերազմը փոխակերպեց իրավիճակը, ինչն էլ առաջացրեց սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրներ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թ․-ին Սյունիքի բնակչությունը կազմել է 135.851 մարդ` 2020 թ․-ի համեմատությամբ նվազելով մոտավորապես 1500 բնակչով։ Պատճառները տարբեր են։ Հիմնական շեշտադրումը միգրացիան է, վերջինս էլ սահմանային անվտանգության չապահովվածության հետևանք է։

Loading...

Loading…

Ինչպես ներկայացնում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մասնագետները, պետության տեսանկյունից բնակչության նվազման հիմնական պատճառներն են՝

  • Բնակչության ծերացումը՝ իր հետևանքներով,
  • Մեկ շնչին ընկնող ծախսերի ավելացումը՝ հատկապես գյուղական վայրերում,
  • Ապագա տնտեսական աճի հնարավորության նվազումը,
  • Ազգային անվտանգության խնդիրը։

Ընդգծելով նախորդ երկու տարիների վիճակագրությունը՝ ժողովրդագրագետները նշում են՝ «2020 թ. պատերազմի բացասական ժողովրդագրական հետևանքներն անհրաժեշտ է դիտարկել բոլոր ժողովրդագրական ցուցանիշների տեսանկյունից»։

Բնակչության թվաքանակի բացասական դինամիկային զուգահեռ փոխվեց նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Սյունիքում 2020 թ-ին, պաշտոնական տվյալների համաձայն, տեղի բնակչության ընդամենը 6%-ն է զբաղված եղել․ ընդ որում, քաղաքային զբաղվածությունն ավելի ակտիվ է եղել, քան գյուղականը։ Բացի արտաքին միգրացիայից, Սյունիքում նկատվել է նաև ներքին միգրացիա․ այն էլ ոչ միայն գյուղական բնակավայրերից դեպի քաղաքային, այլև Սյունիքից դեպի ՀՀ այլ մարզեր։

 

Հանքարդյունաբերությամբ պայմանավորված՝ Սյունիքում հիմնական զբաղվածները նշված ժամանակահատվածում եղել են տղամարդիկ։ Կրկին, ոլորտային հիմքով, Սյունիքում աշխատավարձը բարձր է եղել, սակայն, հրապարակված վերջին տվյալների համաձայն, 2020 թ․-ին միջին ամսական զուտ աշխատավարձը կազմել է 135 960 դրամ (ինֆոգրաֆիկայում ներկայացված են նաև կին-տղամարդ առանձին ցուցանիշները)։

Վերլուծելով նախորդ երկու տարիների փոփոխությունները՝ նկատում ենք, որ 2021 թ․-ին 2020-ի համեմատ գործազրկությունը մասնավորապես աճել է երիտասարդների շրջանում՝ 11․5%-ով։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից ունեցած մեկնաբանությունների համաձայն՝ 2011-2021 թթ․-ի ընթացքում երիտասարդների թիվը նվազել է 25%-ով: Մասնագետները ներկայացնում են NEET-ի մակարդակը (Not in Education, Employment or Training)․ եզրույթը վերաբերվում է 16-34 տարեկան երիտասարդներին, որոնք տնտեսական, սոցիալական և քաղաքական բնույթի տարբեր գործոններով պայմանավորված՝ ոչ աշխատում են, ոչ էլ սովորում։ Հայաստանում NEET-ի մակարդակն ամենաբարձրն է տարածաշրջանում, ուստի վերջինս հիմք ընդունելով՝ կարելի է ենթադրել, որ միայն Սյունիքում չէ երիտասարդների գործազրկության ցուցանիշը բարձր։

Անդրադառնալով կենսաթոշակառուներին՝ 2021 թ-ի առաջին կիսամյակում 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ վերջիններիս թիվը մարզում աճել է 0․6%-ով, մինչդեռ հատկացվող կենսաթոշակը նվազել է 0,9 %-ով։

Պետությունը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նաև անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին՝ տրամադրելով ընտանեկան, սոցիալական և այլ տիպի նպաստներ։ Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընտանեկան նպաստառուների* թիվը նվազել է, փոխարենն աճել է սոցիալական նպաստառուների** թիվը։

Ծանոթություն

Ընտանեկան նպաստառու*

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային (28.00) միավորից:

Սոցիալական նպաստառու**

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային (28.00) միավորից:

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/04/2022