Սոցիալական

Վայրի սառույցի վրա սահելու հաճույքը․ մեկտեղելով էսթետիկան ու էքստրիմը

Լուսանկարում՝ Վիկտորյա Կարապետյան

Սպորտն ու արվեստը Մանե Մկրտչյանը սկսել է համադրել, երբ 4 տարեկան էր։ Ազատության և ճախրելու զգացողությունները Մանեին ուղեկցել են 11 տարի շարունակ։ Պրոֆեսիոնալ գեղասահորդուհու կարիերան հանգամանքների բերումով է ընդհատվել․ Երևանում գեղասահքի միակ գործող դպրոցը փակվել էր։

«Տեղափոխվել էինք մարզահամերգային համալիր, մեկ-մեկ Կարապի լճի վրա էինք պարապում։ Կարճ ասած՝ պայմաններ չկային։ Հիմա Հայաստանում դանդաղ, բայց զարգանում է գեղասահքը։ Երկու դպրոց կա, որոնք լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Մանեն։

Պրոֆեսիոնալ գեղասահքը թողնելուց հետո էլ ոչ պրոֆեսիոնալ, այսպես ասած, սիրողական մակարդակով է սահում։ Անկեղծանում է՝ ազատության զգացողությունը, որ միշտ ունեցել է սառույցի վրա սահելիս, այս տարի՝ վայրի սառույցի վրա, աննկարագրելի ուժեղ էր։

«Մոտ 20 տարի է՝ սահում եմ, բայց առաջին անգամ այս տարի վայրի սառույցի վրա բարձրացա։ Սոցցանցում Արմաղանի գագաթին արված լուսանկար տեսա, գրավեց ու սկսեցի պրպտել։ Պարզվեց՝ կա Scream of soul ընկերություն, որը էքստրեմալ տուրեր է կազմակերպում Հայաստանում։ Գրեցի էջին ու այնպես ստացվեց, որ էքստրեմալ սպորտաձևերի սիրահար մի խումբ մարդկանց հետ գնացինք Սևան։ Առաջին անգամ Սևանում զգացի վայրի սառույցի ուժը»,- պատմում է Մանեն։

Մանեի՝ Սևանում արված տեսանյութը կարճ ժամանակահատվածում մեծ թվով դիտումներ ունեցավ։

Loading...

Loading…

Վայրի սառույցի վրա առաջին քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո Մանեն սկսեց փնտրել Հայաստանի այն լճերն ու ջրամբարները, որոնք ձմռանը սառում են։ Հաջորդ կանգառն Ազատի ջրամբարն էր։

Մանեն հաճախ է իր մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում Հայաստանի տարբեր լճերից ու ջրամբարներից։

Ինչպես ինքն է ասում, այդկերպ փորձում է և՛ գեղասահքի հանդեպ մեծացնել հետաքրքրությունը, և՛ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել։

Որ ներգնա տուրիզմը նաև այս ձևով կարելի է զարգացնել, համոզվել է նաև արկածային զբոսաշրջություն կազմակերպող Scream of soul-ի ներկայացուցիչ Վիկտորյա Կարապետյանը։ Վիկտորյան պրոֆեսիոնալ գեղասահորդուհի չէ, բայց գեղասահքի մեծ սիրահար է։

«Վերջին տարիներին երիտասարդների շրջանում բավականին մեծացել է գեղասահքի հանդեպ հետաքրքրվածությունը։ Վերջին երկու տարում Քովիդը զգալիորեն նպաստեց, որ մարդիկ փորձեն Հայաստանը ճանաչել։ Ներգնա տուրիզմի զարգացումն իր հերթին նպաստեց այս ուղղության զարգացմանը»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Վիկտորյան։

Քովիդի բացասական ազդեցությունները մասամբ կոմպենսացնելու փորձը Scream of soul-ի մոտ, ինչպես Վիկտորյան է ասում, հաջողվել է․

«2021 թ․-ից որոշեցինք տուրեր կազմակերպել դեպի ՀՀ այն լճերն ու ջրամբարները, որոնք, որպես կանոն, ձմռանը սառչում են։ Վայրի սառույցի վրա սահել ցանկացողներին տրամադրեցինք չմուշկներ՝ իհարկե, անվտանգության կանոները խստորեն պահպանելով։ Ու մարդկանց անմիջապես գրավեցին լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք հրապարակում էինք «դեպքի վայրից»։ Հետո սկսեցին գրել մեզ, միանալ տուրերին», – ասում է Վիկտորյան։

Արդեն երկրորդ տարին է՝ դեկտեմբերի կեսերից մինչև փետրվարի կեսերը՝  ամեն շաբաթ, նրանք խումբ են տանում որևէ սառած լիճ կամ ջրամբար։

Լուսանկարում՝ Մանե Մկրտչյանը

Սևանա, Արմաղանի և Պարզ լճեր, Ազատի և Ապարանի ջրամբարներ, Հրազդան գետ․․․սրանք այն հասցեներն են, որոնք, որպես կանոն, ձմռանը մինչև 7 սմ սառույցի շերտով են պատվում։

«Լիճը կամ ջրամբարը, բնականաբար, հավասարաչափ չի սառչում։ Նախօրոք չափում ենք սառույցի հաստությունը, գծում ենք սահմաններ, հետո միայն թույլատրում ցանկացողներին սահել՝ խստորեն զգուշացնելով, որ գծված սահմանները չանցնեն»,-մանրամասնում է Վիկտորյան։

Կատակում է՝ այս գործում ակտիվ ներգրավվածությունը եթե չլիներ, դժվար թե իմանար, որ, օրինակ, ջրամբարներում սառույցի շերտն ավելի հաստ է լինում, քան լճերում, կամ, որ Ապարանի ջրամբարը կարող է 20 սմ-ոց սառույցի շերտ կապել։

Loading...

Loading…

Վիկտորյան երբևէ պրոֆեսիոնալ գեղասահքով չի զբաղվել։ Ասում է՝ ոչ ոք իրեն սահել չի սովորեցրել, բայց կամքն ու սերն առ գեղասահքն իրենց գործն արել են։ Վիկտորյան Մանեի հետ Scream of soul-ի միջոցով է ծանոթացել։ Պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ գեղասահորդուհիները վերահաստատում են՝ վայրի սառույցի վրա սահելու հաճույքը, որը ձևավորում է կամք, տալիս ճախրելու զգացողություն և պարգևում գեղագիտական հաճույք, ոչնչի հետ չեն փոխի։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Տեսանյութը Վիկտորյայի և Մանեի անձնական արխիվներից

#COVID19 #Տուրիզմ

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/03/2022