Առողջություն Սոցիալական

COVID-19-ի վնասները մարզաշխարհում. Օլիմպիական խաղերին Հայաստանից 6 մարզիկ է մասնակցում

Դահուկավազորդ Միքայել Միքայելյան՝ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցներից

Ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, բաց երկնքի տակ մարզվելու հաճույքը Աշոցքի մարզիկները ոչ մի բանի հետ չեն փոխի։ 2020 թ-ին՝ հանրապետական լոքդաունի շրջանում, աշոցքցիների հանդեպ բնության առատաձեռնությունն առավել քան ակնհայտ դարձավ։

Մինչ Երևանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում ապրող մարզիկներն անհամբեր մարզասրահների բացմանն էին սպասում, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը՝ ընկերների հետ, ամեն օր մարզվում էր։

«Անիվավոր դահուկներով ամեն օր պարտադիր վազում էինք, սար էինք բարձրանում․․․ Եթե բարձրադիր գոտիներում մարզվում ես, թթվածնի քաղց է առաջանում։ Հետո՝ ցածրադիր գոտում մրցումների ժամանակ, դրա դրական ազդեցությունն անմիջապես զգում ես»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Միքայելը։

Դահուկավազքի Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն, օլիպիական խաղերի մասնակից Միքայելը մարզասրահ նախքան քովիդն էլ գրեթե չի հաճախել․ այն, ինչ պետք է աներ մարզասրահում, անում էր սեփական տան` մարզասրահի վերածված ձեղնահարկում։

«Դահուկավազքն այն սպորտաձևերից է, որ ամենօրյա մարզումներ է պահանջում։ Անգամ ամռանը եթե 1-2 օր չես մարզվում, ձմռանը` մրցումների ժամանակ, դրա հետևանքը զգում ես, դիմացկունությունդ անմիջապես ընկնում է»,- ասում է մարզիկը։

Պեկինում այս տարվա փետրվարի 4-20-ը կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա 6 մասնակից, որոնցից չորսը՝ դահուկորդներ․ Միքայելը նրանցից մեկն է։

Loading...

Loading…

Հուրախություն մարզիկների ու մարզասերների, այս խաղերը չչեղարկվեցին․ թեկուզ բավականին խստացված պայմաններում, բայց կկայանան։ Աշխարհի գավաթի խաղարկությունն, օրինակ, որը պետք է կայանար դարձյալ այս՝ 2022թ․ հունվարի 12-ին Ֆրանսիայում, չեղարկվեց։ Համավարակով պայմանավորված՝ Ֆրանսիան փակել էր սահմանները։

Սպորտի ոլորտում COVID-19-ի առաջացրած ամենամեծ խնդիրը, թերևս, փակ մարզասրահներն ու սահմաններն էին։


Կարդացեք նաև․ Արի՛ խոսենք Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից


2020թ․ մտցված սահմանափակումները հետզհետե սկսել են հանվել, բայց դեռ կան երկրներ, որոնք չեն շտապում բացել սահմանները։

Մարզվե՛լ, թեկուզ բաց երկնքի տակ

2020թ․ առաջին կեսին, երբ համավարակը մտավ Հայաստան, ուժի մեջ մտան առաջին սահմանափակումները․ մարզաշխարհն այդ սահմանափակումների ազդեցությունն անմիջապես զգաց։ Մեկը մյուսի հետևից չեղարկվեցին տեղական ու միջազգային առաջնությունները, տարբեր սպորտաձևերից Հայաստան բերվող մեդալների թիվը կտրուկ նվազեց։

«2020 թ-ին բոլոր միջոցառումները հետաձգվել են, ուսումնամարզական գործընթացն էլ՝ խաթարվել, քանի որ փակ էին բոլոր մարզասրահներն ու մարզադահլիճները։ Միջազգային առաջնությունների հետ կապված լուրջ խնդիր կար, քանի որ երկրների սահմանները փակ էին։ Իսկ ահա 2021 թ․-ին խոչընդոտներ առանձնապես չեն եղել»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը։

Քանի դեռ մարզասրահներ ու մազադահլիճներ հաճախելու հնարավորություն չկար, մարզիկներն ու մարզիչները մարզվելու այլընտրանքային ուղիներ էին փնտրում։ Բացօթյա տարածքներում մարզվում էին նաև դահլիճային մարզաձևերում հանդես եկող մարզիկները։

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հաստատում է՝ ըմբիշները թեկուզ դժվարությամբ, բայց բացօթյա տարածքներում էին մարզվում։

Մոտ 1,5 տարի մեկուսացած էին մարզվում նաև գեղասահորդները։ Ով որտեղ կարողանում, մարզավիճակը պահում էր, կարևորը՝ սառույց լիներ։

«1,5 տարի գրեթե ոչ մի մրցման չենք մասնակցել, ուսումնամարզական հավաքներ էինք միայն կազմակերպում, որ մարդիկ գոնե մեկուսացած պարապեն։ Հետո էլ, երբ առաջնությունները վերսկսվեցին, դեպքեր եղան, որ COVID-19-ով հիվանդ լինելու պատճառով մեր մարզիկները չկարողացան մասնակցել։ Օրինակ՝ 2021թ․ Շվեդիայում կայացած գեղասահքի աշխարհի առաջնությանը հենց դրա համար չմասնակցեցին Սլավիկ ու Սամվել Հայրապետյանները»,- ասում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։

COVID-19-ով վարակված լինելու պատճառով միջազգային առաջնություններին մասնակցելու հնարավորությունից միայն գեղասահորդները չէ, որ զրկվել են։

Մարզիկը միակ տուժողը չէր

Ռոքսանա Զախարյանը մի քանի տարի է՝ կանոնավոր կերպով մարզասրահ է հաճախում։ COVID19-ով պայմանավորված սահմանափակումների ամենասկզբում՝ մարզասրահների փակ լինելու շրջանում է, որ չի հաճախել մարզասրահ։ Ասում է՝ վարակվելու վախ չի ունեցել, քանի որ և՛ ինքն էր զգոն, և՛ մարզասրահի կոլեկտիվը․ համոզվել էր` հակահամաճարակային կանոնները պահպանվում էին։

Այդուհանդերձ, համավարակը շատերին էր հետ պահում մարզասրահ հաճախելու որոշումից` հատկապես 2020 թ․-ին։

«Մարդկանց մոտ վախ կար սկզբում։ Երբ սկսեցինք բացատրել, որ ջուրն անվտանգ է, ցույց տվեցինք, թե ինչպես ենք պարբերաբար ախտահանում մարզասարքերը, իրենց ևս տվեցինք այդ հնարավորությունը, կամաց-կամաց սկսեցին ակտիվանալ հաճախումները։ Վստահության ձեռբքերման ընթացքը տևեց մոտ 3 ամիս՝ 2020թ․ հուլիսից մինչև սեպտեմբեր»,- «Ամփոփ Մեդիա»-ին պատմում է «Ինսպորտ» մարզաառողջարանային համալիրի տնօրեն Դավիթ Հայրապետյանը։

Դավիթը նշում է` 2020-ից հետո ընդհանուր շրջանառությունը մոտ 20-30%-ով նվազել է։ Թե որքանով է համավարակն ազդել, որքանով` պատերազմը, դժվարանում է ասել․

«Մենք հիմա պայքարում ենք, որ չփակվենք, պատկերավոր ասած՝ եկամուտ չենք ստանում»։


Կարդացեք նաև․ Տոկիո 2020. հետևություններ և հայացք դեպի Փարիզ 2024


Հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր սահմանափակումների հետ կապված` մտահոգություններն ավելացել են։ Ասում է` խնդիր է լինելու այն հաճախորդների հետ, ովքեր պատվաստված չեն, ՊՇՌ էլ չեն բերելու։

«Այդ դեպքում ստիպված ենք լինելու գնալ դատարան, քանի որ նրանց հետ արդեն իսկ պայմանագիր ունենք կնքած, այսինքն՝ մի կողմից մուտքը չենք կարող արգելել, մյուս կողմից էլ՝ նոր սահմանափակումներից ելնելով` չենք կարող թույլ տալ ներս մտնել։ Անելանելի վիճակ է լինելու»։

Մարզաշխարհի ներկայացուցիչները համավարակի ընթացքին հետևում են նաև հիմա՝ զուգահեռաբար վերականգնում 2020-2021 թվականներին կրած վնասները։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկան՝ Կարինե Դարբինյանի

Լուսանկարը Միքայել Միքայելյանի անձնական արխիվից

#COVID19 #Beijing2022

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/02/2022