Առողջություն

Տոկիո 2020. հետևություններ և հայացք դեպի Փարիզ 2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերն ուշացան, սակայն կայացան։ Հայաստանն այն 205 երկրներից մեկն էր, որն այս տարի ուղևորվեց Ճապոնիա՝ մասնակցելու տարվա խոշորագույն մարզական իրադարձությանը։

Աշխարհի լավագույն մարզիկների և մարզական թիմերի մրցության արդյուքում մեդալներ նվաճեցին 93 երկրների ներկայացուցիչներ։ Վերջնարդյունքում լավագույն հնգյակը գլխավորեցին ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։

Հայաստանն այս տարի նվաճեց 2 արծաթ և 2 բրոնզ՝ գրավելով 69-րդ հորիզոնականը։

Սա հետխորհրդային տարիներին մեր երկրի գրանցած լավագույն արդյունքը չէ։ 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն իր դիրքը բարելավել էր՝ հասնելով 42-րդ հորիզոնականին։ Վերջինս պայմանավորված էր ոչ այնքան մեդալների քանակով, որքան որակով՝ մեկ ոսկու և երեք արծաթի առկայությամբ։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով Տոկիոյում մեր պատվիրակության գրանցած ցուցանիշներին, ասում է, որ արդյուքները գոհացնում են, թեև կարող էր ավելի լավ լինել։ Հավելում է՝ նվազագույնը երկու ոսկի նվաճելուն շատ մոտ էինք, սակայն, նման մրցաշարերում մեծ դեր ունի նաև մարզիկների սպորտային բախտը։

Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակալի դարձան Հայաստանի օլիմպիական պատմության մեջ․ երկար դադարից հետո՝ 41 տարի անց, Արթուր Դավթյանի գրանցած ցուցանիշը մարմնամարզությունում Հայաստանի համար ապահովեց բրոնզե մեդալ։

Հետխորհրդային շրջանում տեղի ունեցած օլիմպիական խաղերում մեր երկիրը հաջողություններ է գրանցել մասնավորապես ծանրամարտում և ըմբշամարտում, մինչդեռ ԽՍՀՄ տարիներին հայ մարզիկները մեծ հաջողությունների էին հասնում նաև այլ սպորտաձևերում։

ու էլի COVID-19

Նախորդ տարիների համեմատ Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկայացավ ավելի քիչ՝ 17 մասնակցով։ Քանակական այս ցուցանիշը Հրաչյա Ռոստոմյանը հիմնականում կապում է Քովիդ-19 համավարակի տարածման հետ․ վարկանիշային որոշ մրցաշարեր չեղարկվեցին՝ մի շարք մարզիկների թողնելով առանց օլիմպիական խաղերի ուղեգրի, որոշներն էլ անցկացվեցին խիստ սահմանափակումներով թե՛ մարզիկների, թե՛ լրատվամիջոցների, թե՛ հյուրերի համար։

Ռոստոմյանը վստահ է, որ եթե բոլոր մրցաշարերը կայանային, Հայաստանը նվազագույնը 28 ներկայացուցիչ կունենար այս Օլիմպական խաղերում։

Քովիդ-19-ը խնդիրներ ստեղծեց նաև այն մարզիկների համար, որոնք արդեն պատրաստվում էին այս խոշոր մարզական իրադարձությանը։ Կարանտինային պայմաններում անհնար էր շարունակել բնականոն մարզումները։

Ուղևորությունը դեպի Տոկիո մեկ տարով հետաձգվեց՝ կրկին կորոնավիրուսի պատճառով։

Սպորտային լրագրող և Տոկիոյի օլիմպիական խաղերի ականատես Լիանա Մկրտչյանը նշում է՝ ամենամեծ տարբերությունն այն էր, որ մրցաշարերն անցկացվում էին առանց հանդիսականների։

«Ինչպես ֆուտբոլի, այնպես էլ օլիմպիական խաղերի դեպքում առանց երկրպագուների ամեն ինչ ուրիշ է ու շատ տխուր։ Չկան մարդիկ, որոնք կարձագանքեն, կծափահարեն, կգնահատեն մարզիկի ելույթն ու գրանցած արդյունքները»,- ասում է նա։

Ըստ Լիանայի՝ առանց երկրպագուների պատկերը լրիվ այլ է, քանի որ Օլիմպիական խաղերը հայտնի են ոչ միայն որպես ուժեղագույն մարզիկների հավաքատեղի, այլև մշակութային համախմբվածություն ստեղծող իրադարձություն։ Լրագրողը պատմում է, որ Տոկիոյում մարզիկները Օլիմպիական ավանը լքում էին միայն մարզվելու նպատակով։ Երբեմն կարողանում էին այցելել մյուս մրցումներին և քաջալերել հայաստանյան թիմերի անդամներին։

Լրագրողներն էլ Տոկիո մեկնելուց դեռ 14 օր առաջ երկու հավելվածներ էին ներբեռնել։ Առաջինն ամեն օր առողջական վիճակի ստուգման համար էր, երկրորդը՝ տվյալ մարդու շփման շրջանակը վերահսկելու՝ կորոնավիրուսով վարակվող մարդկանց շրջանակը նվազագույնի հասցնելու համար։ Կարևոր էր այն, որ Հայաստանը կանաչ գոտում էր ընդգրկված, ուստի մեր երկրի ներկայացուցիչները Տոկիոյում կարանտինի շրջան չեն անցել։

Պատրաստվելով 2024թ․ փարիզյան խաղերին

Հրաչյա Ռոստոմյանի պնդմամբ՝ այժմ նրանք մոռացված հինը վերադարձնելու ուղին են ընտրել։ Հայաստանն արդեն իսկ սկսել է լուրջ քայլեր անել ջրացատկում և սուսերամարտում՝ հանձինս տաղանդաշատ երիտասարդների։ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը նաև վստահ է, որ սպասվող մյուս՝ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը մեդալի հավակնորդներ կունենա հրաձգությունից։

«Երիտասարդներ ունենք, որոնք արդեն բարձր արդյունքներ են գրանցում այս սպորտաձևերում և վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում արդեն նվազագույնը ռեյտինգային ներկայացուցիչներ կունենանք Օլիմպիական խաղերում»,- ասում է Ռոստոմյանը։ Մինչդեռ խաղային մարզաձևերին Հայաստանի օլիմպիական մասնակցությունը նա դեռ այդքան էլ իրատեսական չի համարում։

Ըստ Ռոստոմյանի՝ Օլիմպիական կոմիտեն արդեն իսկ սկսել է հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանի մասնակցության ծրագրի քննարկումները։ Պատրաստվելու համար մնացել է երեք տարի, քովիդը դեռ չի նահանջել։

Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

ՏԵՍ ՆԱԵՎ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/08/2021