Առողջություն Տնտեսություն

Պատվաստումային տուրիզմ կամ նոր իրավիճակ զբոսաշրջության ոլորտում

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանում մեկամյա դադարից հետո ներգնա և արտագնա տուրիզմի ակտիվացում է նկատվում։

Պատվաստումների շնորհիվ կորոնավիրուսի բացասական հետևանքները համեմատաբար նվազում են՝ հնարավորություն տալով երկրներին վերագործարկել տնտեսության համար անհրաժեշտ զբոսաշրջային ոլորտը։

Հայաստանի քաղաքացիների համար Եվրոպական միության մուտքի և ելքի սահմանափակումները չեղարկելու որոշումը կարևոր է հայաստանյան տուրընկերությունների և օպերատորների համար փաթեթներ ամրագրելու և միջազգային համագործակցության վերադառնալու տեսանկյունից։ Այս որոշման համաձայն Հայաստանը դասվել է «ապահով» երկրների շարքին։

Loading...

Loading…

Պատվաստումային տուրիզմ

Հայաստանում տուրիզմի խթանումն ու զարգացումը ՀՆԱ-ին աճ ապահովող գործոններից մեկն է, որը, սակայն, ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, 2020 թ. չունեցավ դրական ցուցանիշ՝ գրանցելով 7․6% տնտեսական անկում։

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը նախորդ տարվա տուրիստական շուկան համարում է «քնած»՝ որպես պատճառ առանձնացնելով ոչ միայն կորոնավիրուսը, այլև պատերազմը։ Ոլորտը բավականին տուժել է, բայց նույնիսկ այդ ընթացքում թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածը փորձել են ելքեր գտնել՝ օգտվելով ներքին տուրիզմի ընձեռած հնարավորություններից։

«Երբ սկսվեց կարանտինով պայմանավորված սահմանափակումների քայլ առ քայլ թուլացումը, հետո արդեն վերացումը, այդ ժամանակ խնդիր դրվեց զբոսաշրջության վերականգնումը սկսել ներքին զբոսաշրջությունից, որն էլ առաջընթացի և զարգացման հետ մեկտեղ 32% նվազում գրանցեց»,- ասում է Մեխակ Ապրեսյանը և ավելացնում, որ ներքին զբոսաշրջությունը միշտ էլ կարևորվել է՝ որպես գերակա ուղղություն, և կորոնավիրուսի շրջանում դրա վերականգմանը գնում էր ողջ աշխարհը՝ այլ տարբերակ չունենալով։

Չնայած միջազգային զբոսաշրջության լայն հնարավորություններին՝ որոշ եվրոպական և տարածաշրջանային երկրներ նախընտրելի ուղղություններից են համարում նաև Հայաստանը։

ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի որոշումը ևս նպաստավոր է տուրիզմի ակտիվացման գործում։ Ըստ հրամանի՝ Covid-19-ի դեմ կարող են պատվաստվել նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք նախատեսում են մնալ 10 օր և ավելի ՀՀ-ում։ Արդյունքում՝ ձևավորվում է պատվաստումային տուրիզմը, որի շնորհիվ արդեն նկատվում է իրանցիների մեծ հոսք դեպի Հայաստան։

Ըստ EuroNewsTravel-ի՝ պատվաստումային տուրիզմը փորձում են ակտիվացնել նաև Ռուսաստանը, Բալին, Մալդիվները, ինչպես նաև ամերիկյան մի քանի նահանգներ՝ Նյու Յորքը, Արիզոնան և Ֆլորիդան:

Զբոսաշրջության վերականգնում

2021 թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ ավելացել է 28․1%-ով։ Հայաստանն ընդունել է 86, 524 զբոսաշրջիկ, որոնք մեծամասամբ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իրանից են։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային կոմիտեի հրապարակած զեկույցի համաձայն՝ մինչ կորոնավիրուսյան համաճարակը զբոսաշրջիկների հոսքն ավելացել էր նաև Գերմանիայից, Ֆրանսիայից և Ասիական երկրներից՝ Հնդկաստանից, Ֆիլիպիններից։

Loading...

Loading…

Մասնագետները հույս են հայտնում, որ ցուցանիշն աստիճանաբար կբարձրանա՝ հաշվի առնելով սահմանափակումների մեղմացումը, սակայն չեն ակնկալում շատ բարձր թվեր։ Պատճառը ոչ միայն դեռևս տարածվող համավարակն է, այլև Հայաստանի հասանելիությունը միջազգային զբոսաշրջային շուկային և տեղաշարժի հնարավորությունը։

«Հայաստանը ծովի ելք չունի, սահմանների մեծ մասը փակ են, իսկ գլխավորն օդային հաղորդակցությունն է՝ Հայաստան հասնելու հնարավոր միջոցը, բայց վերջինս այնքան էլ մրցունակ և ճկուն չէ աշխատաշուկայում»,- ասում է Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Սակայն մեծ դադարից հետո միջազգային ավիաընկերությունները կարծես հետաքրքրություն ունեն չվերթներ իրականացնել դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով։ Լեհական, հունական ավիաընկերությունները, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել էին հաղորդակցությունը Հայաստանի հետ, մեկ ամիս է, ինչ կանոնավոր չվերթներ են իրականացնում։

Հայաստանյան ավիահաղորդակցությունը, որը հիմնականում սպասարկվում է Արևելյան Եվրոպայի շուկաների կողմից, 2019 թ․ ՀՀ-ից չվերթներ է իրականացրել եվրոպական 34 ուղղություններով՝ համագործակցելով օտարեկրկյա 6 նոր ավիաընկերությունների հետ։ Այդ ամենի արդյունքում՝ 2020 թվականին նախատեսվում էր չվերթներ իրականացնել 12 նոր ուղղություններով, սակայն սահմանափակումների պատճառով փակվեցին բոլոր թռիչքները։

Որտե՞ղ են հանգստանում ՀՀ քաղաքացիները

Թեև տուրիզմը փորձում է կայունացնել դիրքերը համաճարակային կանոններին համապատասխան, այնուամենայնիվ, կորոնավիրուսի «Դելտա+» շտամը նոր վտանգներ է առաջացնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նոր շտամի դեպքերի վերաբերյալ արդեն 92 պետություններում, որն էլ նոր սահմանափակումների հիմք է հանդիսացել։ Մասնավորապես, Գերմանիան արգելել է ճանապարհորդությունները վիրուսակիր երկրներից, ինչպիսիք են Պորտուգալիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը։

Տարածաշրջանային հարևան Վրաստանում ևս գրանցվել է «Դելտա+» շտամի դեպքերի կտրուկ աճ։ Վրաստանը հայաստանցիների համար հանգստի հիմնական ուղղություններից է, և երկար դադարից հետո սահմանները երկկողմանիորեն բաց են երկու երկրների քաղաքացիների համար՝ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում։ Այնուամենայնիվ, վիրուսի առկայությունը տուրիզմի համար ռիսկեր է պարունակում, բայց քանի դեռ կոշտ սահմանափակումներ չեն պարտադրվել, կանոնների պահպանմամբ հնարավոր է ճանապարհորդել։

ՀՀ քաղաքացիների համար արտագնա տուրիզմի հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են՝ մեծամասամբ մուտքի արտոնագրերի ստացման պատճառով։

Վերջին շրջանում հայաստանցիների կողմից պահանջված ուղղությունը Եգիպտոսն է։ «Այս պահին առանձնապես մեծ ընտրություն չունենք։ Եգիպտոսը գլխավոր հանգստավայրն է, քանի որ մատչելի և էժան է, ինչպես նաև վիզայի տրամադրումն է հեշտ»,- ասում է տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը և ավելացնում, որ հիմնականում նախընտրելի են ծովային ուղղությունները՝ Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թունիսը և Հունաստանը։

Հայաստանցիները հանգստավայրերն ընտրում եմ նաև պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով։ Այդ երկրների ցանկը գլխավորում են Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։

Համաշխարհային և հայաստանյան փորձագետները տուրիստական շուկայի արագ կայունացում չեն ակնկալում՝ սահմանելով ժամկետներ ամեն երկրի համար․ Հայաստանի դեպքում կանխատեսվում է առնվազն երկու տարի՝ վերադառնալու գոնե 2019 թ․նտիրող իրավիճակին։ Տուրիստական շուկայում 2019 թվականին լավագույն ցուցանիշն է գրանցվել՝ համեմատությամբ նախորդ տարիների։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Գրաֆիկները՝ Հռիփսիմե Հայրապետյանի

#COVID19 #Տուրիզմ

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/07/2021