Կրթություն

Գեղասահքը Հայաստանում․ որո՞նք են սպորտաձևի զարգացման հիմնական խնդիրները

Նադյա Վարդանյան, 11 տարեկան

Գեղասահքը համեմատաբար նոր զարգացող սպորտաձև է նորանկախ Հայաստանում։ Համացանցում «Գեղասահքը Հայաստանում» կամ «հայ գեղասահորդները» բառակապակցությունները որոնելու դեպքում շատ քիչ տեղեկություն կարելի է ստանալ, իսկ հանրագիտարանային աղբյուրները հետազոտելու ընթացքում հնարավոր է գտնել միայն խորհրդային շրջանի հայ գեղասահորդների մասին նյութեր։

Թեև շատ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Չինաստանում, գեղասահքը կարևորվել է վաղուց, անկախ Հայաստանում այս սպորտաձևի առաջին մասնագիտական դպրոցը կանոնավոր կերպով վերսկսել է աշխատանքներն ավելի քան 5 տարի առաջ․ 1971 թ-ին հիմնադրված գեղասահքի դպրոցը, սահադաշտ չունենալու պատճառով, երկար տարիներ դադարեցրել էր իր գործունեությունը։

11-ամյա Նադյա Վարդանյանն արդեն շուրջ 6 տարի է, ինչ զբաղվում է գեղասահքով։ Մինչ գեղասահքի դպրոց հաճախելը, մեկ տարի մարզվել է Կարապի լճում գտնվող սահադաշտում։ Պայմանները ոչ պրոֆեսիոնալ են եղել, բայց ամեն կերպ փորձել է պահպանել մարզավիճակը։

Դպրոցի գործարկումը լուծեց մեկ խնդիր՝ եթե ժամանակին սառույցին սահելու համար գեղասահորդներն ունեին միայն ձմեռային շրջան, հիմա կա սահադաշտ, բայց դեռևս չլուծված խնդիրներ։

«Ինչպես ցանկացած այլ մասնագիտության մեջ, գեղասահքում հատկապես, մարզչի մանկավարժական փորձն ու մեթոդաբանությունը որոշիչ նշանակություն ունեն, քանի որ այն պահանջում է համակարգված մոտեցում։ Թեև դպրոցում կան լավ մարզիչներ, այնուամենայնիվ, մենք լուրջ մասնագետների կարիք ունենք, որոնք իրենց փորձով կլրացնեն առկա բացերը»,- ասում է Կատարինան։

Անցնող ամիս «Երևանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և Երևանի գեղասահքի և հոկեի մարզադպրոցի օժանդակությամբ ռուս գեղասահորդ, սպորտի միջազգային վարպետ Անդրեյ Գրյազևը մեկամսյա մասնագիտական դասեր անցկացրեց գեղասահքով զբաղվող հայ երեխաների համար։ Թեև մարզումներն անցկացվում էին ամեն օր, սակայն առաջադրանքներում հմտանալու համար շատ ավելի երկար ժամանակ ու աշխատանքային համառություն է հարկավոր՝ ուսուցանող մասնագետի վերահսկողությամբ։

«Մեկ ամիսը կարճ շրջան է թե՛ սովորեցնելու, թե՛ կիրառմանը հետևելու համար։ Միայն սահելը, թռիչքներն ու պտույտները չեն, որ ամբողջացնում են գեղասահքը և, բնականաբար, այս ընթացքում դժվար էր ամբողջովին ներկայացնել գեղասահքում կիրառվող նոր մոտեցումներն ու քայլերը»,- մանրամասնում է փորձառու գեղասահորդը։

Անդրեյ Գրյազև

Գրյազևը շեշտում է, որ գեղասահքը զարգանում է օր օրի ու միջազգային փորձը, մրցումներն ու առաջնություններն են մեծամասամբ նպաստում գեղասահորդի մասնագիտական կայացմանը։

«Չորս տարեկանից զբաղվում եմ գեղասահքով և հասցրել եմ սահել տարբեր գեղասահորդների ուղղորդմամբ թե Ռուսաստանում և թե արտերկրում։ Մասնագիտական փորձառությունն ու նոր մասնագետների հետ շփումներն են օգնել ինձ զգալ սահքը»,- ասում է Գրյազևը։

Նա նկատում է՝ հայ պատանիները խիստ ուշադրությամբ են հետևում նրա յուրաքանչյուր առաջադրանքի ներկայացմանը, բայց միայն իր օրինակը բավարար չէ․ անհրաժեշտ են ռեսուրսներ և հետևողականություն։

Նադյայի մայրը՝ Կատարինան նույնպես դա է շեշտում՝ նշելով, որ զարգացած երկրներում գեղասահքի առաջընթացը պայմանավորված է նաև առանձին նեղ մասնագետների՝ հատուկ խորեոգրաֆների, պտույտների, թռիչքների առանձին մասնագետների առկայությամբ, իսկ հայաստանյան փորձում սահելու հետ կապված ամեն դետալ ներկայացվում է մեկ մասնագետի կողմից։

Գեղասահքի մարզադպրոցում սովորում է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 450 աշակերտ՝ 4-15 տարեկան, որոնք մարզվում են ամեն օր երեկոյան ժամերին՝ սառույցի պարապմունք, խորեոգրաֆիա և պար։ Ամենամյա մրցումներ ևս անցկացվում են, սակայն, մարզաձևում դրանք պիտի լինեն շարունակական։

Տեղեկատվական ակնարկ։ 2019 թվականից սկսած՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում գործում է գեղասահքի բաժին։ Բացման առաջին տարում այս մասնագիտությունն ընտրել և ընդունվել է 3 ուսանող՝ 1 առկա և 2 հեռակա տեղաբաշխմամբ։ Նախորդ տարի դիմորդ չի եղել։ Բակալավրիական կրթության շրջանականերում մարզումներն անցկացվում են Երևանի գեղասահքի և հոկեյի մարզդպրոցում, իսկ մասնագիտական պարապմունքները վարում է գեղասահորդ Գայանե Խաչատրյանը։

Գեղասահքի մարզադպրոց այցելող սաների ծնողները պատմում են, որ տարիներ շարունակ դիմել են տարբեր նախարարությունների, պետական կառույցների՝ խնդրելով վերապատրաստված մասնագետներ հրավիրել Հայաստան, թրեյնինգներ ու դասեր անցկացնել գեղասահորդների համար։ Վերջիններս առաջարկել են նույնիսկ վճարել կազմակերպչական ծախսերի համար, սակայն որևէ դրական արձագանք չեն ստացել։ Ծնողներն արձանագրում են, որ այլ սպորտաձևեր պատշաճ ուշադրության են արժանանում, իսկ գեղասահքը, որը ոչ պակաս կարևոր է, մնում է լուսանցքում։

Կատարինան պատմում է, որ աղջկան՝ Նադյային, մրցումների է ուղարկում սեփական միջոցներով, գնում է չմուշկներ, պատվիրում անհրաժեշտ հանդերձանք՝ չունենալով ոչ մի պետական հովանավորչություն, մինչդեռ դուստրը միջազգային մրցումներում պարգևներ է ստանում՝ ներկայացնելով Հայաստանը։ Այսպիսի իրավիճակում են հայտնվել նաև այլ ծնողներ, որոնք սեփական միջոցներով են փորձում գեղասահքը «զարգացնել» Հայաստանում։

Տարիների փորձը կուտակելով՝ ծնողներն առանձնացրել են մարզաձևի զարգացման չորս կարևոր քայլ՝ վերապատրաստել հայ մասնագետներին, կազմակերպել դասընթացներ, հրավիրել գեղասահքի միջազգային ճանաչում ունեցող մարզիկների և մարզիչների և տեղեկատվական արշավների միջոցով հանրայնացնել գեղասահքը։ Նրանք շարունակում են հուսալ, որ իրենց առաջարկները առաջիկայում կարժանանան պետական այրերի ուշադրությանը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/11/2021