Տնտեսություն

Հայաստանի քայքայված վերելակային տնտեսությունը

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մայիսի 9-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի վթարը  կրկին պատճառ դարձավ՝ հանրության շրջանում բարձրաձայնելու մայրաքաղաքի քայքայված վերելակային տնտեսության մասին: Այս անգամ վերելակի չորս թոկերից մեկը պոկվել էր, ինչի պատճառով էլ վերելակը սովորականից ավելի արագ էր իջել առաջին հարկ: Բարեբախտաբար տուժածներ չկան, բայց խոսքը ֆիզիկապես տուժածների մասին է: Թե ինչ հոգեբանական հարված են ստացել այն չորս քաղաքացիները, որոնք վերելակում էին խափանման պահին, միայն իրենք գիտեն:

Մայրաքաղաքի բնակիչների բարձրացրած դժգոհությունների հիման վրա, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շտապեց տեղեկացնել քաղաքի բնակիչներին, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից խնդիրն ուշադրության կենտրոնում է, և որ մշակվում է ծրագիր՝ վերելակներն ամբողջությամբ փոխարինելու ուղղությամբ, բայց նաև առանձնահատուկ նշեց. «Այս հարցում նաև մեզ հետ պետք է լինեն բնակիչները»:

«Ամփոփ Մեդիան» վերջին ամիսներին ուսումնասիրում էր Հայաստանի վերելակային տնտեսությունը` պարզելու` հնարավո՞ր է արդյոք և ի՞նչ ժամանակահատվածում՝ համայնքային ներկա հատկացումներով կամ բնակիչների մասնակցությամբ հին վերելակները փոխարինել նորերով: Վերջին դեպքը զուգադիպեց այս ուսումնասիրության ավարտի հետ:

Իրավիճակ

Երևանի Շերամի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ 24-ամյա Հասմիկն ասում է, որ իրենց մուտքի վերելակը հաճախ է խափանվում։ Թեև մասնագետների այցից հետո վերելակը սկսում է աշխատել, սակայն դա տևում է մինչև մեկ ժամ:  

Հասմիկն ասում է, որ շենքի բնակիչները քաղաքապետարան բողոքներ չեն ներկայացնում, քանի որ վթարից հետո սովորաբար մասնագետները կարգավորում են։ «Ճիշտ է` վտանգավոր հետևանքներ չեն եղել, բայց եղել են դեպքեր, որ անջատումից մարդիկ են մնացել մեջը, այնքան ժամանակ, մինչև որ դուրս կբերեն իրենց»:

Խափանումներով աշխատող վերելակը 9 հարկանի շենքի բնակիչներին և նրանց տուն այցելողներին ծառայում է մոտ 40 տարի` շենքը շահագործման հանձնելու պահից: Խափանման դեպքում այն դժվարություններ է առաջացնում առաջին հերթին բարձր հարկերում բնակվող տարեցների և հաշմանդամություն  ունեցող անձանց և նորածին երեխա ունեցողների համար։

Երևանի բազմաբնակարան շենքերում հաճախ կարելի է հանդիպել խափանվող կամ ընդհանրապես չգործարկվող վերելակների` հատկապես այն շենքերում, որոնք Խորհրդային ժամանակներից ժառանգած բնակարային ֆոնդի մաս են կազմում:  

Վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է: Իսկ Հայաստանի, այդ թվում` մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում վերելակների 96%-ն արդեն անցել է տարիքային այդ շեմը, իսկ որոշները նույնիսկ 50 տարվա վաղեմություն ունեն։

Այնուամենայնիվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ)՝ վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն «Ամփոփ Մեդիային» ասում է, որ վերելակների գործարկման օրացույցային տարիները բավարար չեն դրանք փոխելու որոշում կայացնելու համար։

Հովհաննիսյանը հիմնավորում է իր խոսքերը նրանով, որ տարիների ընթացքում վերելակները վերանորոգվում են, փոխվում են անվտանգության հանգույցները, ինչն էլ «երկարացնում է» վերելակների կյանքը։

«Բայց, համաձայն եմ, որ վերելակների մաշվածությունն այսօր ակնառու է, ժամանակն է` հաշվի առնելով դրանց տեղադրման տարեթվերը  և փորձաքննության արդյունքները, աշխատանքներ տարվեն վերելակները փոխելու ուղղությամբ»։

Հայաստանի վերելակների անսարքության, վթարների ու խափանումների պատճառով տուժած քաղաքացիների թիվը, ըստ ԱԻՆ-ի, 2012-2017թթ. ընթացքում հասնում է 9-ի` 4 զոհ և 5 մարմնական վնասվածք: 2018թ. ընթացքում շահագործվող վերելակներում տեղի է ունեցել 2 դժբախտ դեպք, երկուսն էլ` մահվան ելքով:

Ու թեև 2013-2016թթ. ընթացքում Հայաստան է ներմուծվել թվով 521 վերելակ, դրանցից ոչ մեկը չի օգտագործվել հին վերելակներն արդիականացնելու նպատակով: Ներմուծված վերելակներից տեղադրվել են շուրջ 270-ը, այն էլ՝ միայն նորակառույց շենքերում:

Վերելակների վերահսկման մեխանիզմը

Ըստ օրենքի` վերելակները փորձաքննության պետք է ենթարկվեն ամեն տարի։ Բացասական եզրակացության դեպքում ԱԻՆ-ից տեղեկանք է ուղարկվում համատիրություն։

Լուսինե Հովհաննիսյանը նշում է, որ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գործառույթներն ավարտվում են փորձաքննությունն իրականացնելով: Վերահսկողություն իրականացնել պարտավոր են համատիրությունները։

«Երբ վերելակին տրվում է փորձաքննական բացասական եզրակացություն, մենք օրինակը տրամադրում ենք լիազոր մարմնին՝ նախարարությանը, որի ստորաբաժանումը նախարարի դիմումի հիման վրա կարգադրագիր է ուղարկում  համատիրություն»։

Բացասական եզրակացություն ստացած վերելակը չպետք է շահագործվի մինչև չվերանորոգվի կամ նոր վերելակ չտեղադրվի։ Համատիրությունը պարտավոր է դադարեցնել բացասական եզրակացություն ստացած վերելակների աշխատանքը։ Սակայն միշտ չէ, որ այս պարտավորությունն իրականացվում է։

Կարգադրի չկատարման դեպքում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է տուգանք։ Սակայն վերահսկողության համակարգերն այնքան էլ լավ չեն գործում։ Մյուս կողմից, օրինակ՝ բարձրահարկ՝ 13 և ավելի հարկ ունեցող շենքերի վերելակների աշխատանքը դադարեցնելուն կարող են դեմ լինել նաև բնակիչները։

Ի դեպ, օրենքը պատասխանատվություն է սահմանում նաև արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում վերելակները չգրանցելու և տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննություն չիրականացնելու համար, սակայն պետական հսկողության մեխանիզմները այստեղ էլ են թերանում:

Համաձայն ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Հայաստանում գործող վերելակների ավելի քան 25%-ը փորձաքննության չի ենթարկվում: Օրինակ՝ 2018թ. Երևանում գրանցված 5645 վերելակներից փորձաքննություն անցել է 4087-ը։

Նոր նորքի շենքերից մեկի վերելակն է. բարձ հարկերում ապրող տարեցներն այլևս բակ իջնելու հնարավորություն չունեն, քանի որ վերելակը վթարային է: Նրանք չեն կարող իրենց թոշակից անհրաժեշտ գումար հատկացնել, որպեսզի վերելակն ամբողջությամբ ենթարկվի վերանորոգման: Մասնագետների գնահատմամբ` վերանորոգման համար կպահանջվի յոթանիշ թվով գումար, այն էլ այն դեպքում, եթե անհրաժեշտ մասերը հնարավոր լինի հայթայթել:

Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, սակայն, պնդում են, որ չեն կարողանում վճարել տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննության վճարները:

Իսկ թե որ վերելակներն են փորձաքննության ենթարկվում և որոնք` ոչ, դժվար է կռահել, քանի որ վերելակներում փորձաքննության վերաբերյալ եզրակացություններ առկա չեն, որպեսզի բնակիչներն էլ օգտվելիս առավել իրազեկ և ապահով լինեն:

Մեկ այլ խնդիր է պիտանի համարվող վերելակների վերանորոգումը, քանի որ վերջիններս տեխնիկական այնպիսի մասերի պակաս ունեն, որոնք այլևս չկան արտադրությունում:

Փաստացի

Երևանի քաղաքապետարանը 2019թ. բյուջեով վերելակների հիմնանորոգման համար նախատեսել է 31 մլն դրամ՝ 2017 և 2018թթ-ին նույն նպատակով հատկացված 104 և 109 մլն դրամի փոխարեն։

Գումարի նվազումը քաղաքապետարանը հիմնավորում է նրանով, որ նախատեսում է վերելակների հիմնանորոգման փոխարեն նախաձեռնել հին վերելակների փոխարինման ծրագիր, համաձայն որի՝ քաղաքում հին վերելակներ չպետք է մնան։ Ծրագիրը պետք է իրականացվի մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ, այսինքն՝ քաղաքապետարանը պարտատոմսեր կթողարկի և կտեղաբաշխի պարտատոմսերի շուկայում, որոնցից հավաքագրված միջոցները կուղղվեն վերելակների ձեռքբերման ու փոխարինման աշխատանքներին։

Սրա վերաբերյալ մայիսի 10-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, Մարությանը ասել էր հետևյալը.

«Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր հարցն է՝ մենք փոխարինենք վերելակը, և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենցն է լինելու»,- հայտնեց քաղաքապետը:

Հայաստանի մարզերում  վերելակների անվտանգ գործարկումն ավելի բարդ է, քան Երևանում։ Մարզերի վերելակները ևս տարեկան փորձաքննություն պետք է անցնեն, սակայն այստեղ փորձաքննության չենթարկվող վերելակների թիվն ավելի մեծ է։ Վերահսկողության մեխանիզմները ևս այստեղ առավել թույլ են։

Լուսինե Հովհաննիսյանը նշում է, որ մարզերում առկա են հիմնականում նույն խնդիրները, ինչ մայրաքաղաքում. «Միակ տարբերությունն այն է, որ Երևանում վերելակներն ավելի շատ են»,- նշում է Հովհաննիսյանը։

Ամփոփեց Անի Ավետիսյանը

Տվյալների մշակումն ու ինֆոգրաֆիկան՝ Կարինե Դարբինյանի

Պատասխանատու խմբագիր՝  Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/05/2019