Տնտեսություն

էներգետիկ կախվածությունն ու սակագների շուրջ անվերջ սակարկումը

Լուսանկարները Ֆոտոլուրի / Photos by Photolure

Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներն այս տարվա փետրվար ամսից իրենց սպառած 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն նախկինից 10 դրամ ցածր սակագին: Այս առաջարկն առաջին անգամ հնչեցվեց հունիսին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը նշել էր, որ այս փոփոխությունը կվերաբերի 110-120 հազար անապահով ընտանիքների: Սակագնի փոփոխությունը կատարվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ (ՀԾԿՀ) դեկտեմբերի 27-ի որոշման հիման վրա. հիմնավորումը՝ հանրապետությունում «էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորված ընդհանուր դրական արդյունքներն» են։

Էլեկտրաէներգիա. իջեցված սակագին

Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձավ 30, իսկ գիշերայինը` 20 դրամ: Նշենք, որ սոցիալապես անապահով ընտանիքները սպառած էլեկտրաէներգիայի համար 2017թ-ից արդեն 5 դրամ պակաս էին վճարում:

Անփոփոխ են մնացել բնակչության հիմնական հատվածի համար սահմանված սակագները` 45 և 35 դրամ, թեև, ՀԾԿՀ-ի նույն որոշման մեջ նշվում է, որ սակագնի 0,37 դրամով նվազեցում քննարկվել է բոլոր սպառողների համար, որը, սակայն չի ընդունվել:

Էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը, որը 1992-93թթ. եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար, համոզված է, որ Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել բոլորի համար, այն էլ՝ 10 դրամով:

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նախկին պաշտոնյան նշում է, որ դրա համար անհրաժեշտ են մի շարք սկզբունքային գործողություններ. օրինակ՝ կորուստների կրճատում, աշխատավարձերի վերանայում, ներդրումների ճիշտ կազմակերպում, արդյունավետության բարձրացում և այլն։

Կորուստների տոկոսը, ըստ փորձագետի, ուռճացված է. ինչպես գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի դեպքում։ Նրա վստահեցմամբ՝ ՀԾԿՀ-ն սակագին է սահմանում՝ խախտելով մատակարարման ցանցում կորուստների հաշվարկման մեթոդիկան։

«2016 թ-ից մինչև հիմա կորուստների պլանային-հաշվարկային մակարդակ է ընդունվում 2015թ-ի ցուցանիշը՝ 11.03%: Եվ սա այն դեպքում, երբ 2017թ. էլեկտրաէներգիայի կորուստը կազմել է 8%։ Իսկ դա նշանակում է, որ 2018թ. մոտ 8%-ի փոխարեն՝ հիմքում դնելով 11.03%-ը, ՀԷՑ-ը մոտավորապես 6 մլրդ գերշահույթ պիտի ունենար»,-ասում է Արզումանյանը: Նրա խոսքով՝ միայն այս հանգամանքը թույլ է տալիս սակագինն իջեցնել 1.5-2 դրամով։

Էլեկտրաէներգիայի սակագինը մեծապես կախված է նաև նրա ստացման աղբյուրներից՝ ատոմակայանից, ՋԷԿ-երից և ՀԷԿ-երից։ Այսինքն՝ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում որքան մեծ է ատոմակայանի մասնաբաժինը, այնքան մեծ է հավանականությունը, որ սակագինը ցածր կլինի, քանի որ ամենացածր սակագնով էներգիան ՀԷՑ է առաքում հենց ատոմակայանը։

Եվ, չնայած այն հանգամանքին, որ այս տարի ատոմակայանը մոտ 24%-ով քիչ էլեկտրաէներգիա է արտադրել, այնուամենայնիվ, էլէներգիայի սակագինը հնարավոր է եղել պահպանել և չբարձրացնել:

Էլէներգիայի աստիճանական բարձրացումը, ըստ Արզումանյանի, տեղի է ունեցել տարբեր պատճառներով։ Մասնավորապես, երբ 2011թ. սեպտեմբերի 8-ին փոքր ՀԷԿ-երի առավելագույն հզորությունը 10 մեգավատտից հասցվեց 30 մեգավատտի, և այդ որոշման արդյունքում  26.4 մեգավատտ դրվածքային հզորությամբ ՁորաՀԷԿ-ն ավտոմատ ընդգրկվեց փոքր ՀԷԿ-երի շարքում, ինքնաբերաբար ավելացավ նաև նրա առաքած էլէներգիայի գինը՝ 5 դրամ/կՎտժ-ից դառնալով 28.6 դրամ/կՎտժ։ Եվ, քանի որ ՀՀ էներգահամակարգում զգալի դեր ունեցող այդ աղբյուրից էլէներգիան ՀԷՑ-ը սկսեց գնել 5-6 անգամ թանկ, սպառողների վրա ևս այդ թանկացումն անմիջական ազդեցություն ունեցավ։ (Սակագինը բաձրացվեց ոչ անմիջապես, այլ՝ 2013-ին՝ ավելանալով 8 դրամով, կազմելով՝ 38դրամ/կՎտժ)։

Էլեկտրաէներգիայի սակագնի հաջորդ թանկացումը նախատեսվում էր 2015թ. օգոստոսի 1-ից: ՀԾԿՀ-ի 2015թ. հունիսի 18-ի որոշման համաձայն՝ սակագինը թանկացվեց շուրջ 7 դրամով կՎտ/ժ-ի համար: Այս որոշումը հանգեցրեց բողոքի զանգվածային ցույցերի, որը մեկնարկեց հունիսի 19-ին և տևեց 5 օր` ստանալով «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանական հատուկ ստորաբաժանումները ձեռնարկեցին հատուկ գործողություններ՝ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների դեմ, ինչի հետևանքով ձերբակալվեց 200-ից ավելի քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, իսկ շուրջ երեք տասնյակ մարդ՝ հոսպիտալացվեց։ Սակայն քաղաքացիների բողոքն անհետևանք չմնաց, և որոշվեց սակագնի ավելացումը սուբսիդավորել՝ Որոտան ՀԷԿ-ի վաճառքի գումարներով։ Այսինքն՝ սպառողների փոխարեն ավելացված գումարը վճարեց կառավարությունը՝ Որոտան ՀԷԿ-ի վաճառքի գումարից:

Պատմական ակնարկ

2002թ. էլէներգիայի պետական չորս ցանցերի՝ «Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ընկերությունների միավորման արդյունքում ստեղծվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ-ը) և նույն թվականին այն վաճառվեց բրիտանական «Midland Resources Holding»-ին։ Վերոհիշյալ ցանցերի մասնավորեցման մասին օրենք ՀՀ ԱԺ-ն ընդունել էր վաճառքից գրեթե մեկ տարի առաջ` 2001թ. հուլիսին: Այդ ժամանակ էլէներգիայի ցերեկային սակագինը 25 դրամ էր, որը պահպանվեց մինչև 2009 թվականը՝ չնայած որ 2006-ից ՀԷՑ-ի սեփականատերը փոխվել էր. այն ձեռք էր բերել ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» խումբը։

Սակագնային տատանումները սկսվեցին 2009-ից, երբ ՀԷՑ-ի ներկայացրած հայտի հիման վրա ՀԾԿՀ-ն սպառողներին վաճառվող էլէներգիայի ցերեկային սակագինը 25-ից դարձրեց 30։ Հաջորդ թանկացումը եղավ 2013-ին՝ 8 դրամով։ Սակագինը գագաթնակետին հասավ 2015-ին` կազմելով 48.78 դրամ։ Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց գրեթե երկու ամիս անց «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց ՀԷՑ-ի ակտիվները։ ՀԷՑ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ 2017-ի ապրիլից ընկերության 70% բաժնետեր է հանդիսանում «Տաշիր կապիտալ» ընկերությունը, 30%-ի բաժնետերը` «Liormand Holding Limited» ընկերությունը։

Հայաստանին մատակարարվող ռուսական գազը նույնպես հետաքրքիր դինամիկա է ունեցել 20 տարվա ընթացքում։ 1997թ. օգոստոսի 30-ին ստեղծված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 45%-ը պատկանում էր  ՀՀ կառավարությանը: 1997թ. սպառողների համար 1 խ/մ գազի սակագինը 51 դրամ էր:  Սակայն, ժամանակի ընթացքում, այս 45%-ը փուլ առ փուլ հանձնվեց ռուսական «Գազպրոմ»-ին, իսկ գազի սակագինը սկսեց բարձրանալ։ Աղմկահարույց գործարքների շարքում էր 2006թ. Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի հանձնումը «Գազպրոմ»-ին, ինչի շնորհիվ գազի գինը չբարձրացավ Հայաստանի սպառողների համար։ 2007թ. «Գազպրոմ»-ին անցավ նաև Իրան-Հայաստան գազատարի՝ Հայաստանով անցնող 40 կիլոմետրանոց հատվածը:

Այս գործարքների արդյունքում՝ 2008թ. «ՀայՌուսագազարդ»-ի՝ ՀՀ-ին պատկանող բաժնեմասը կազմում էր 20%, ինչն էլ 2013թ. վաճառվեց «Գազպրոմին» և «ՀայՌուսագազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»: Այսպիսով՝ Հայաստանը վերջնականապես կորցրեց այս ոլորտում իր վերահսկողությունը։  

Այդ ամբողջ ընթացքում ռուսական գազի գինը թե՛ Վրաստան-Հայաստան սահմանին, թե՛ Հայաստանի ներսում պարբերաբար փոփոխվել է։ Սահմանային գնի ու սպառողներին վաճառվող սակագնի միջև շեշտակի տարբերություն սկսեց նկատվել 2004թ-ից, երբ գազի գինը սահմանին 1000 խ/մ դիմաց կազմում էր 55 ԱՄՆ դոլար, իսկ սպառողներին հասնում` 121 ԱՄՆ դոլարով։

Որպեսզի գազի սահմանային գինն անցանկալի փոփոխություններ չկրի և գազի ներքին սպառողի համար գազի գինը մնա անփոփոխ, տրամաբանական լուծումը գազի այլընտրանքային աղբյուր ունենալն է։ Այս պարզ թվացող ճշմարտության համար, սակայն, կա խոչընդոտ։ Խնդիրն այն է, որ 2013թ. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով՝ բացի ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ»-ի՝ Հայաստանին պատկանող վերջին 20% բաժնեմասի վաճառքից, սույն փաստաթղթով ամրագրվել է նաև, որ Հայաստանը պարտավորվում է մինչև 2043թ. որևէ այլ երկրից գազ չգնել, ինչպես նաև ռուսական գազը չարտահանել երրորդ երկիր։ Այս փաստը, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած գործարքները, էներգահամակարգի մաս-մաս հանձնումը Ռուսաստանին, Էդվարդ Արզումանյանի խոսքով, վերացրեց Հայաստանի էներգետիկ անկախությունը։

Գազի «հարուստ պատմությունն» ու գնային թռիչքը

2019թ. Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պաշտոնական հայտարարությունը վերջնականապես հաստատեց, որ Վրաստան-Հայաստան սահմանին ռուսական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց Հայաստանը կվճարի 165 դոլար՝ գործող 150 դոլարի փոխարեն։ Նույն օրը՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց՝ գազը սահմանին կթանկանա, բայց հայաստանյան սպառողների համար գինը կմնա նույնը:

Ներկայումս սպառողը 1 խ/մ-ի համար վճարում է 139 դր., սոցիալապես անապահով ընտանիքները՝ 100 դր.: Ըստ Փաշինյանի՝ սպառողների համար գազը չի թանկանա ներքին կարգավորումների շնորհիվ, միաժամանակ դրանց արդյունքում ՀՀ-ն պարտք չի կուտակի «Գազպրոմ»-ին  կամ այլ գործարքով չի ապահովի գազի սակագնի նվազեցումը, ինչպես դա կատարվում էր նախկինում:

Ներքին կարգավորումները ենթադրում են ծախսերի կառուցվածքի վերանայում, առկա անարդյունավետությունների վերհանում և արդյունավետության որոշակի բարձրացում։ Այս մասին «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որն ընդգրկված էր գազի ու էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խմբում:

Մանուկյանը նշում է, որ այս պահին ՀԾԿՀ-ն դեռ ուսումնասիրություններ է իրականացնում, բայց նա վստահ է, որ սահմանին գազի գնի 10% բարձրացումը, որն այլ պայմաններում կարող էր հանգեցնել բնակիչների համար սակագնի բարձրացման, այս պարագայում նման հետևանք չի ունենա, «քանի որ արդյունավետության բարձրացման առկա ուղիները կփոխհատուցեն այդ հնարավոր էֆեկտը», – ասում է Մանուկյանը:

Էդվարդ Արզումանյանը, որը ևս ընդգրկված էր վերոհիշյալ աշխատանքային խմբում, այն համոզմունքին էր, որ ներքին սպառողի համար հնարավոր էր նվազեցնել գազի սակագինը, այն էլ՝ 10%-ով, եթե տվյալ ոլորտը տնօրինողները ճիշտ հաշվարկեին կորուստները, որոշեին գազի կալորիականության չափը, աշխատավարձերն ավելի խելամիտ սահմանեին և արդյունավետ ներդրումներ կատարեին: Ըստ նրա՝ սահմանին գազի գնի թանկացումից հետո, նշված փոփոխություններն էլ ավելի կարևոր են, որպեսզի խնայողությունների հաշվին՝ ներքին սպառողի համար հնարավոր լինի անփոփոխ թողնել սակագինը:

«Ամփոփ Մեդիայի» երկու զրուցակիցներն էլ փաստում են,  որ «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին կարգավորումների շարքում մեծ դեր է ունենալու կորուստների կրճատումը։ Նրանք համակարծիք են, որ էներգետիկ համակարգում կորուստները շատ են, հաճախ՝ չհիմնավորված։

Ինչևէ, գուցե այս տարի գազի թանկացման շուրջ մտահոգություններն անցել են, սակայն 2020թ.-ի համար դրանք կարող է կրկին առաջանալ, հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև գործում է մինչև 2019թ. ավարտ:

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ Էդուարդ Արզումանյանը ևս չի բացառում, որ եթե հայաստանյան սպառողը չարդարացնի «Գազպրոմ»-ի սպասելիքները՝ գազի սպառման ծավալի առումով, և վերջինս չստանա կանխատեսվող շահույթը, ապա Վրաստան-Հայաստան սահմանին գազի գինը կարող է բարձրանալ։ Իսկ այդ դեպքում կհաջողվի՞ սպառողների համար անփոփոխ պահել սակագինը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը

Ինֆոգրաֆիկաների հեղինակ և պատասխանատու խմբագիր` Աստղիկ Գևորգյան

Փորձագետի կարծիք



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 05/02/2019