Առողջություն Սոցիալական

Ինչպե՞ս է կազմակերպվում վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժումն ու ինտեգրումը

Լուսանկարները՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի արխիվից

Հայկ Ժամկոչյանի զինվորական ծառայությունը սովորականից տարբերվում էր։ Նա Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից էր, ով իբրև ժամկետային-պայմանագրային պետք է ծառայեր 3 տարի՝ վերջում պետբյուջեից ստանալով մեծ գումար։

Հայկը բանակ զորակոչվեց 2018թ. հունվարի 28-ին։ Ժամկետային ծառայության այլընտրանքային տարբերակն ընտրելու հարցում Հայկին օգնել էր հայրը, բայց սահմանված երեք տարին ծառայել այդպես էլ չհաջողվեց․ Արցախի դեմ Արդբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում դիպուկահարի կրակոցից ստացած վիրավորումը ընդհատեց Հայկի ծառայությունը։

Արդեն երեք ամիս է՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Զինվորի տանը, Հայկը պայքարում է նորից քայլելու համար։ Կենտրոնում այժմ բուժվող 300 վիրավորներից 15-ը նույն խնդիրն ունեն՝ ողնուղեղային վիրավորում։

«Զինվորների զգալի մասը տարբեր մասշտաբի ու խորության պոլիտրավմաներով են՝ գլխուղեղի ու ողնուղեղի շատ ծանր վիրավորումներից մինչև մաշկի փափուկ հյուսվածքի վիրավորումներ։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10 վիրավոր ունենք, ովքեր արթուն կոմայի մեջ են»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Կենտրոնի գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տղաների բուժումն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար իրականացվում է թիմային աշխատանք։ Վերականգնող բժիշկն ընտրում է նեղ մասնագետներին, որոնք հիվանդի վիճակը գնահատելուց հետո անցնում են բուժման պլանավորմանն ու իրականացմանը։

Կախված վիրավորման տեսակից ու ծանրությունից՝ վերականգնողական բուժման տևողությունը տարբեր է։ Արդեն իսկ դուրսգրված տղաների մի մասը դեռ երկար ժամանակ բժիշկների հսկողության տակ կմնա։

Ողնուղեղային և գլխուղեղային վնասվածքներով զինվորները Կենտրոնում շարունակական բուժում են ստանալու՝ տարին 2-3 անգամ։ Այդ ընթացքում բժիշկներն աշխատելու են ինչպես մնացորդային երևույթները վերացնելու, այնպես էլ՝ օրգանների ֆունկցիոնալությունը բարձրացնելու ուղղությամբ։

«Եթե տեսնում ես, որ որևէ մեկի մոտ առաջխաղացման հնարավորություն դեռ կա, ոչ մի դեպքում չպետք է ընդհատես բուժումը։ Սա այն ոսկե ժամանակահատվածն է, որ շատ կարևոր է հատկապես նյարդաբանական խնդիրների դեպքում։ Կարող է երկու ամիս աշխատես պացիենտի հետ, մեկ էլ տեսնես՝ մատը շարժում է։ Նշանակում է՝ աշխատելու տեղ դեռ կա» ,- ասում է բժշկուհի Պողոսյանն ու շեշտում՝ վերականգնողական բուժման կարևոր նպատակներից մեկը տղաների մոտ ինքնուրույնությունը զարգացնելն է»։


Այդուհանդերձ, լինում են իրավիճակներ, որոնք փոխելը բժիշկների ուժերից վեր է լինում։ Նման դեպքերում առաջնային է դառնում հիվանդին իրավիճակի հետ հաշտեցնելը։ Սա, ըստ բժշկուհու, վերականգնողական բուժման մյուս՝ ոչ պակաս կարևոր նպատակն է։ Այն օգնում է տղաներին կրկին ինտեգրվել հասարակությանը՝ առանձնապես հոգեպես։

Համատեղելով վերականգնողական բուժումն ու սոցիալական ինտեգրումը

Տղաների հետ աշխատող թիմի բոլոր անդամները մասնագիտականից զատ, նաև տղաների հոգեվիճակը փոխելու ուղղությամբ են աշխատում։ Գլխավոր վերականգնող բժիշկն արդյունքից գոհ է․ ասում է՝ Կենտրոն գալուց կարճ ժամանակ անց տղաների դեմքին հանգստություն, վարքագծում՝ ինքնավստահություն է նկատվում։

Նրանց սոցիալական ինտեգրումը հեշտացնելու նպատակով Կենտրոնում ստեղծվել է «Մեկ պատուհան» ծրագիրը։ Վերականգնողական բուժմանը զուգահեռ՝ տղաները, ըստ նախասիրությունների ու կարողությունների, նոր հմտություններ են ձեռք բերում, ցանկության դեպքում՝ նաև աշխատանք։

Հայկը, օրինակ, քարտեզագրություն ու կադաստրային գործ է ուսումնասիրում հիմա, բայց որոշել է մոտ օրերս Java ծրագրավորում ուսումնասիրել, հետագայում էլ կրթությունը շարունակել բուհում։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնագետների խնդիր, ինչպես նշում է Պողոսյանը, չկա։ «Ցանկացած զինվոր այստեղից պետք է դուրս գա բուժված։ Կարիքների գնահատումից հետո բուժման հետ կապված ոչ մի խնդիր չպիտի լինի»,- ասում է Լուսինե Պողոսյանը։

Այդ ուղղությամբ արդեն աշխատում են. նպատակ ունեն աջակիցների օգնությամբ վետերանների հոսպիտալ հիմնել, որը կզբաղվի բացառապես նրանց խնդիրներով։ Կենտրոնում պրոթեզարան բացելու որոշումը այդ մեծ նպատակի մաս է կազմում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ստեղծված պրոթեզավորման կենտրոնը կունենա նաև քայլքի գերժամանակակից լաբորատորիա։

Հիմնադրամի տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց պրոթեզավորման և բուժման նպատակով այնքան գումար կհատկացվի, որքան անհրաժեշտ կլինի։ «Ամփոփ Մեդիան» Հիմնադրամից պարզել է, որ այդ նպատակով արդեն ծախսվել է ավելի քան 600 000 ԱՄՆ դոլար։

Կենտրոն դիմած, պրոթեզավորման կարիք ունեցող տղաների կարիքները գնահատել, պրոթեզավորման գործընթացն արդեն մեկնարկել է։ Տղաների համար ավելի ֆունկցիոնալ ու հարմարավետ պրոթեզներ ընտրելու համար Կենտրոն է հրավիրվել հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը։

Վիրավորների պրոթեզավորմանը նախորդող ու հաջորդող բոլոր փուլերը կիրականացվեն Կենտրոնի մասնագետների օգնությամբ ու հսկողությամբ։

Այստեղ վերականգնողական բուժում ստանալ կարող են նաև այլ բժշկական կենտրոններում պրոթեզավորված կամ պրոթեզավորման պատրաստվող տղաները։

Պրոթեզավորման հիմքում անհատական կարիքներն են

«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնում իր հերթին սպասող Դավիթ Սահակյանն արդեն որոշել է՝ վերականգնողական բուժումը Զինվորի տանն է անցնելու։

Դավիթից բացի, ստորին ու վերին վերջույթների պրոթեզավորման նպատակով «Ինտերօրթո» է դիմել արդեն 64 շահառու։ Նրանց բոլորի պրոթեզավորումը կիրականացվի նախարարության տրամադրած հավաստագրերի հիման վրա, այսինքն՝ պետական պատվերով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ամփոփ Մեդիային» փոխանցել են, որ նախնական գնահատմամբ՝ 2020թ. Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունի մոտ 135 հոգի։ Նրանց կարիքների գնահատման համար ստեղծվել է բազմամասնագիտական թիմ։ Շուրջ 90 զինծառայողի կարիքներ արդեն գնահատվել են։

«Ինտերօրթո» դիմած շահառուների մեծ մասի կարիքների գնահատումն արված է. 50-ն արդեն բուժամարզական պրոթեզներով են։

Կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Պետրոսյանը բուժամարզական պրոթեզների նշանակությունն այսպես է բացատրում. «Ամպուտացված վերջույթը ձևափոխվում է, սովորաբար՝ այտուցվում, ջլոտ դառնում։ Դա, կախված տարիքից, առողջական վիճակից, տևում է 3-6 ամիս։ Ուստի նվազագույնը 6 ամիս տղաները պետք է կրեն բուժամարզական պրոթեզներ»։

Ամպուտացված վերջույթին չի թույլատրվում դնել բուժամարզական պրոթեզ այնքան ժամանակ, քանի դեռ վերքը չի լավացել։ Դրանք փոխարինվում են հիմնական պրոթեզով ծայրատի վերջնական ձևավորումից հետո միայն։

Շահառուներին պրոթեզավորելու են «Ինտերօրթոյի» մասնագետները։ Որպեսզի տղաներից յուրաքանչյուրի համար հնարավորինս հարմարավետ ու ֆունկցիոնալ պրոթեզ ընտրվի, Կենտրոն է հրավիրվել ՌԴ-ում Ottobock գերմանական ընկերության տնօրեն, տեխնիկ-օրթոպեդ Տիգրան Ղարիբյանը։

Պրոթեզները հավաքվում են տեղում՝ «Ինտերօրթոյի» մասնագետների կողմից, սակայն բոլոր դետալները պատվիրվում են Ottobock-ից։

Պետրոսյանն ասում է, որ պրոթեզների ֆունցիոնալությունը մեծապես կախված է մարդու ապրելակերպից. որքան լավ մարզավիճակում գտնվի պացիենտը, այնքան հեշտ կհարմարվի պրոթեզին։ «Այս պրոթեզներն իրենց լայն ֆունկցիոնալության շնորհիվ հարմարավետություն են ապահովում, բայց դա զգալու համար պետք է անընդհատ մարզել ծայրատը, հետևել ապրելակերպին»,-հավելում է նա։

Վերջին պատերազմի ընթացքում վերջույթը կորցրած զինծառայողների ու քաղաքացիական անձանց համար նախատեսված պրոթեզները, Պետրոսյանի գնահատմամբ, կարող են 80 %-ով կատարել բացակայող վերջույթի ֆունկցիան։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկան՝ Անի Ավագյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/03/2021