Առողջություն

Թարմացված․ Ի՞նչ է հայտնի Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին

Լուսանկարը՝ Ալեքսեյ Կուդենկո/ ՌԻԱ Նովոստի

Մեկ տարուց ավելի Հայաստանը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, համաճարակով պայմանավորված ճգնաժամի մեջ է։ Եվ, ի տարբերություն շատ այլ երկրների, այն նաև պարտադրված պատերազմի միջով անցավ, ինչը հանգեցրեց կորոնավիրուսի առավել ակտիվ տարածմանն ու վարակվածների շրջանում ծանր դեպքերի աճին։

Մեկ տարվա ընթացքում միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության շուրջ 190 հազար դեպք կամ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածները կազմել են բնակչության 6%-ը։ Նրանցից առողջացել են ավելի քան 170 հազարը, մահացել՝ 3450-ը կամ 1.8%-ը։

Ճգնաժամը չի ավարտվել։ Հակառակը, վերջին մեկ ամսվա ընթացքում թե՛ COVID-19-ից մահերի, թե՛ նոր դեպքերի թվերը Հայաստանում կտրուկ աճել են։

Մարտ ամսվա 25 օրերի ընթացքում օրական միջին հաշվով հաստատվել է 650 նոր դեպք և 10 մահ։ Մինչդեռ ողջ փետրվար ամսվա ընթացքում օրական միջին հաշվով հաստատված նոր դեպքերը 183-ն են եղել, մահվան ելքերը՝ 4-ը։ Այսինքն, փետրվար ամսվա համեմատ մարտին 255 %-ով ավելացել են նոր դեպքերը և 150 %-ով՝ կորոնավիուսային մահերը։

Հնարավո՞ր է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստվել Հայաստանում

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը տրվեց շնորհիվ Ռուսաստանի Դաշնության «Ուղիղ ներդումների հիմնադրամի» նվիրաբերած SPUTNIK V տեսակի պատվաստանյութերի փոքր խմբաքանակի։ 2060 դեղաչափ պատվաստանյութը՝ 1030 անձի համար (մեկ անձին ներարկվում է երկու դեղաչափ պատվաստանյութ), նախատեսված է COVID-19-ով վարակված անձանց սպասարկող բուժաշխատողների պատվաստման համար։ Մարտի դրությամբ արդեն պատվաստվել է մոտ 600 բուժաշխատող՝ նրանց շարքում՝ նաև ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Այս կամ այլ պատվաստանյութերի լրացուցիչ խմբաքանակների ներմուծման մասին հստակ տեղեկություն չկար մինչև մարտի 28-ը, երբ հայտնի դարձավ, որ Հայաստան է ներկրվել COVID-19 դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

Այս խմբաքանակը նախատեսված է ռիսկի խմբերի, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների շրջանում կամավորության սկզբունքով պատվաստում իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով:

ՀՀ ԱՆ-ի տարածած գրառման համաձայն, AstraZeneca պատվաստանյութի ձեռքբերման որոշումը կայացվել է այս տարվա հունվարին իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով պատվաստանյութի հասանելիությունն ու գնի մատչելիությունը, թեև Հայաստանի անունից պատվաստանյութեր արտադրող ընկերությունների հետ բանակցող COVAX FACILITY նախաձեռնությունը Հայաստանին առաջարկել էր նաև բրիտանա-ֆրանսիական Sanofi/GSK, գերմանական Pfizer/Biotech և ամերիկյան Novavax  պատվաստանյութերը։

Ինչ է COVAX FACILITY նախաձեռնությունը

«Ամփոփ Մեդիայի» հարցմանն ի պատասխան, ԱՆ-ից տեղեկացնում են, որ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով՝ Հայաստանը 2020 թ․-ի սեպտեմբերին համաձայնագիր է կնքել COVAX FACILITY միջազգային նախաձեռնության հետ։

COVAX FACILITY-ին ղեկավարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կառույցների կողմից։ Այն երաշխավորում է աշխարհի տարբեր երկրների համար՝ հարուստ, թե աղքատ, COVID-19-ի դեմ պատավաստանյութերի հասանելիության ապահովում։ Նախաձեռնության պատասխանատուները այս կամ այն երկրի փոխարեն բանակացություններ են վարում պատվաստանյութ արտադրողների հետ և նրանց պարբերաբար պատվաստանյութեր առաջարկում։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներկրումը Հայաստան հնարավոր է դարձել հենց այս նախաձեռնության միջոցով։

Ովքեր կպատվաստվեն առաջին հերթին, և ում է այն հակացուցված

Loading...

Loading…

 

AstraZeneca պատվաստանյութի շուրջ սկանդալային լուրերը

Համաձայն Observer.com լրատվականի՝ AstraZeneca-ի մեկ դեղաչափի արժեքը մոտ 4 դոլար է։ Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերին, հայտարարվեց նաև ռուսական Спутник V-ի արժեքը՝ 10 դոլար և գերմանական Pfizer-ինը՝ 20 դոլար։

Ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի արժեքը, որոշ աղբյուրների համաձայն, տատանվում է 10-50 դոլարի սահմանում (ընկերության համահիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով Հայաստանում առավել հայտնի է որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր)։

Սակայն միևնույն ժամանակ միջազգային մամուլն ակտիվորեն հրապարակում է AstraZeneca-ի շուրջ ծավալվող սկանդալային լուրեր` պատվաստանյութի հնարավոր վտանգների մասին։ Ինչպես հաղորդում է ռուսական RBC լրատվականը, վերջին շաբաթներին AstraZeneca-ից դադարել են օգտվել մի շարք ԵՄ և այլ երկրներ։

Պատճառը մարտի կեսերից տարածվող աղմուկն է այն մասին, թե պատվաստումից հետո առանձին դեպքերում գրանցվել է արյան մակարդում և տրոմբոցիտների քանակի նվազում: Նշվում է, որ նույնիսկ մահվան դեպք է գրանցվել։ Սակայն, ի պատասխան սկանդալային լուրերի՝ AstraZeneca-ն տարածեց հայտարարություն առ այն, որ պատվաստանյութն ամենևին վտանգավոր չէ։

Հայաստանի առողջապահական գերատեսչությունից «Ամփոփ Մեդիային» պատասխանել են, որ կորոնավիրուսային վարակի դեմ առաջարկվող որևէ պատվաստանյութ չի կարող հիվանդության առաջացման կամ մահվան պատճառ դառնալ։

Ու թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սկսել է ուսումնասիրել պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները, Առողջապահության նախարարության մարտի 28-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ AstraZeneca պատվաստանյութն ունի ԱՀԿ կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն, իսկ ԱՄՆ-ում AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ մարտի 25-ի հայտարարության համաձայն՝ «պատվաստանյութն ապահովում է COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետությամբ, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի ու հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետությամբ»։

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը

Չնայած պատվաստվելու գործընթացն աշխարհում արդեն սկսվել է, այնուամենայնիվ, որոշ հարցեր դեռ պատասխան չունեն։

Ըստ ԱՀԿ-ի՝  պատմության մեջ ոչ մի պատվաստանյութ այսքան արագ կլինիկական փորձարկման և նախապատրաստական փուլ չի անցել, ինչպես COVID-19-ի դեմ պատվաստանյութերը։

Դրանք տարբեր արդյունավետություն ունեն, օրինակ SPUTNIK V-ի արդյունավետությունը, ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների, 92 % է։ AstraZeneca-ի և Pfizer-ի դեպքում այն գնահատվել է մոտ 80 %։

Միևնույն ժամանակ, դեռ բացառված չէ, որ պատվաստանյութի համապատասխան խմբաքանակն ընդունելուց հետո` անձը կրկին չի վարակվի այս վիրուսով։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն այս փուլում չեն կանխում վիրուսի շրջանառությունը։ Հետևաբար, անկախ պատվաստված լինելուց, դիմակ կրելը պարտադիր է, քանի որ հնարավոր է վարակվել և վարակի աղբյուր դառնալ։

Սակայն պատվաստումը նվազեցնում է հիվանդության բարդացումը և 100%-ով կանխում մահվան ելքերը։ Սա փաստում է նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը և վստահեցնում, որ պատվաստանյութերը չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն, քանի որ դրանցում չկա կենդանի վիրուս։

Հեղինակ՝ Անի Ավագյան

Ինֆոգրաֆիկը՝ Սուրեն Դեհերյանի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/03/2021