Առողջություն

Շտապ կանչ․ Հարությունը COVID-ի դեմ պայքարի առաջնագծում /տեսանյութ/

Հարություն Սահակյան

Հարություն Սահակյանն արդեն տասը տարի է աշխատում է Երևանի «Շտապբուժօգնության» ծառայությունում՝ որպես վարորդ։ Սակայն խոստովանում է, որ հատկապես վերջին ամիսներին ղեկի առջև անցկացրած նրա յուրաքանչյուր րոպեն դարձել է առավել լարված ու պատասխանատու:

Մարտի 1-ին Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից հետո մարդիկ սկսել են ավելի հաճախ հավաքել «1-03» հեռախոսահամարը։

Եթե մինչ համաճարակը «Շտապբուժօգնության» շենքում հեռախոսները զնգում էին օրական միջինը 700 անգամ, ապա այս օրերին դրանց թիվն առնվազն կրկնապատկվել է։ Զանգերի մոտավորապես մեկ չորրորդը խորհրդատվություն ստանալու նպատակով են, մնացածը՝ կանչեր են, որոնք պետք է սպասարկել։

Համաճարակի տարածման ու արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողներին զուգահեռ առաջնագծում են նաև «Շտապբուժօգնության» վարորդները։ Նրանցից մեկը 47-ամյա Հարությունն է։

Հարությունի 24-ժամյա հերթապահությունն սկսվում է առավոտյան 9-ից։ Հարությունին և նրա մի քանի տասնյակ գործընկերներին է վստահված հնարավորինս արագ, անվտանգ և կարճ ճանապարհով բուժաշխատակիցներին կանչի վայր հասցնելը։

Ambulance_Driver02
Ambulance_Driver01
Ambulance_Driver3
previous arrow
next arrow

 

Օրվա առաջին կանչի սպասարկումից հետո «Շտապբուժօգնության» ծառայության կենտրոնակայան վերադառնալով՝ Հարությունը զարմացել էր՝ կայանատեղիում հերթապահ մի քանի այլ վարորդների տեսնելով։

Նա ասում է, որ հազվադեպ է ստացվում նման հանդիպում աշխատանքային ժամերին։ Սովորաբար կանչերի քանակն այնքան շատ է, որ մեկից մյուսի արանքում կայանատեղի վերադառնալու ժամանակ չի մնում։

«Շատ լարված աշխատանք է, հանգստանալու և ընդմիջելու ժամանակ էլ առանձնապես չենք ունենում»,- խոստովանում է՝ ամենադժվարը բավարար չափով չքնելն է։

Հարությունը մի քանի բառ էր հասցրել փոխանակել գործընկերների հետ, երբ նրանց խոսքն ընդհատեց «Շտապբուժօգնության» շենքի ճակատային հատվածում ամրացված բարձրախոսից թվեր հնչեցնող ձայնը։ Նախ հնչեց «03», քիչ անց՝ նաև «05» համարը։

Այս կարճ հրահանգը բավարար էր, որ Հարությունի երկու գործընկերները «զրուցարանից» արագ մոտենային շտապօգնության մեքենաներին՝ դրանք մեկնման պատրաստելու։

Հարությունինը «010» համարի մեքենան է։

«Մեզ շատ են հարցնում՝ ո՞նց է լինելու էս ամենի վերջը»,- ասում է նա, – «ուր գնանք, մոտենում, հարցուփորձ են անում։ Ստացվում է, որ ժողովուրդը հույսը մեզ հետ է կապում։ Ե՛վ տեղափոխման, և՛ հաղորդակցության, և՛ բուժման առումով «շտապօգնությունը» ոնց որ փրկություն լինի մարդկանց համար»։

Հարություն Սահակյանն աշխատում է բժիշկ Վլադիմիր Ստեփանյանի և բուժքույր Ռիմա Գևորգյանի հետ։ Այսպիսի «եռյակը» կոչվում է բրիգադ։ «Շտապբուժօգնության» ծառայությունն այսօր ունի շուրջ 50 բրիգադ, որոնք հերթափոխով սպասարկում են մայրաքաղաքի բնակիչներին։

Հարությունի համար իրենց եռյակը վաղուց արդեն ոչ թե բրիգադ է, այլ՝ ընտանիք։ Ասում է՝ 24 ժամ միասին աշխատելուց հետո, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ միմյանց հասկանում են այնպես, ինչպես իրենց մտերիմներին։

Ambulance_Driver5
Ambulance_Driver4
Ambulance_Driver6
Ambulance_Driver7
previous arrow
next arrow

 

«Ե՛վ ուրախ, և՛ տխուր դեպքերի եմ ականատես լինում։ Պատահում է՝ ընտանիքից մեկը վարակված է, հիվանդ է, արդեն շնչահեղձ է լինում։ Նրանց հետ հավասար ապրում եմ էդ վիճակը»։

Ու չնայած դժվարություններին, Հարությունը փորձում է հնարավորինս դրական ու թեթև անցկացնել աշխատանքի այս փուլը։

«Մարդ կա շատ ծանր ա տանում ամեն բան, մտածում ա՝ վա՜յ, վարակակիրը էստեղ կպավ, էնտեղ կպավ, ես փորձում եմ թեթև տանել, էդպես ավելի հեշտ է»։

Ասում է՝ գալիս է պահ, որ շատ է հոգնում, ուզում է թողնել ամեն ինչ ու գնալ, բայց հետո մտածում է, որ իրավիճակն ի վերջո անցողիկ է, իսկ միջավայրը, որն իրեն շատ հարազատ է, մնայուն։

«0-10, 0-10», բարձրախոսից հնչում է արդեն ծանոթ ձայնը։

Կանչի գնալու հերթը Հարությունինն է։

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ հեղինակի

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#Covid19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/06/2020