Առողջություն

Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը

Լուսանկարը՝ Photolure

Չինական Ուհան քաղաքում միանման գանգատներով պացիենտների օր օրի աճող թիվը բժիշկներին ահազանգեց վարակի նոր տեսակի ծագման մասին։ Վարակիչ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար, նախ և առաջ, վարակվածների մոտավոր թիվը պարզել էր պետք։ Ինչպես վարակիչ այլ հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս համաճարակային պատկերը ստանալուն օգնում է թեստավորումը։

Ախտորոշիչ թեստերի արտադրությունը Չինաստանում մեկնարկեց այն բանից հետո, երբ Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտը պարզեց նոր կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը։

Չինաստանում և Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածմանը զուգահեռ՝ մեծացավ նաև թեստերի պահանջարկը։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Ավստրալիան, որոնք ունեին տեղում թեստերի արտադրություն կազմակերպելու հնարավորություն, արտադրեցին։

Բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, COVID-19-ի ախտորոշիչ թեստեր առայժմ ձեռք են բերում այլ երկրներից։

Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար թեստերի առաջին խմբաքանակը ձեռք բերելու մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր հունվարի 31-ին։ Խոստացված խմբաքանակը՝ 200 հատ թեստ, փետրվարի սկզբին արդեն Հայաստանում էր։

Թեստավորվողների շրջանակը փետրվար-մարտին խիստ սահմանափակ էր։ Թեստավորվելու համար անձը պետք է բավարարել հետևյալ երեք պայմաններից առնվազն մեկին.

  • ժամանած լիներ համաճարակաբանական առումով լարված երկրից,
  • շփված լիներ հաստատված դեպքի հետ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ,
  • ունենար կլինիկական ախտանիշեր՝ ջերմություն, հազ, շնչառության դժվարացում։

Հայաստանում թեստավորում անվճար հիմունքներով մինչ այժմ կատարվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և մարզերում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից՝ բժշկական ցուցումով։

Ապրիլի առաջին կեսին, երբ ավելացան թե´ձեռքբերված թեստերի քանակը, թե´ թեստավորման տեխնիկական հնարավորությունները, ընդլայնվեց նաև թեստավորվողների շրջանակը։

Առկա խմբերին ավելացան`

կասկածելի դեպքերի հետ շփում ունեցած բուժաշխատողները,
թոքաբորբ ախտորոշումով բոլոր հիվանդները,
հղիները,
այն ծննդկանների երեխաները, ովքեր ծննդաբերելուց առաջ սուր շնչառական վարակ են ունեցել։

Թեստերի պաշարները Հայաստանում

Ապրիլի վերջից՝ Հայաստանում օրական արվում է ավելի քան 1000 թեստ։ «Ամփոփ Մեդիային» Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն, մայիսի 19-ի դրությամբ ԱՆ պահեստներից մեկում եղել է ավելի քան 6800 թեստ, իսկ մեկ այլ պահեստում մայիսի 20-ի դրությամբ՝ մոտ 41 հազար թեստ՝ լեհական, ռուսական և չինական արտադրության։

Նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորաշման համար աշխարհում լայնորեն կիրառվում են ՊՇՌ թեստերը։ Սա ախտորոշման մինչև այժմ հայտնի ամենամատչելի ու հուսալի մեթոդն է։ ՊՇՌ մեթոդով հնարավոր է մեծ ճշգրտությամբ ախտորոշել ինֆեկցիոն հիվանդությունները, այդ թվում՝ նոր կորոնավիրուսային հիվանդությունը՝ դեռևս ինկուբացիոն շրջանում։

COVID-19-ի ախտորոշման համար օգտագործվում են նաև սերոլոգիական թեստերը։ Հարևան Իրանում արտադրվում է թեստերի այս տեսակը, որը նաև արտահանվում է։ Սերոլոգիական ախտորոշման մեթոդով հնարավոր է որոշել՝ մարդը նախկինում հիվանդացած եղել է, թե՝ ոչ։ Ախտորոշման այս մեթոդը բացի հարևան երկրից, կիրառել են Չինաստանը, Սինգապուրը և այլն։

Տեղական թեստերը՝ այլընտրանքային տարբերակ

Չինական ծագման բժշկական պարագաների շուրջ ինտրիգները կորոնավիրուսի ֆոնին ակտիվացել են։ Չինաստանից ձեռք բերված պարագաների ու սարքավորումների որակի հանդեպ անվստահություն են հայտնել Նիդեռլանդները, Իսպանիան, Թուրքիան և այլ երկրներ։ Եվրոպական մի շարք երկրներ էլ հրաժարվել են չինական ապրանքներից։

Այդուհանդերձ, Չինաստանը շարունակում է մնալ կորոնավիրուսից տուժած երկրներին բժշկական նշանակության պարագաներ մատակարարող հիմնական երկրներից մեկը։ Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Հայաստանը ևս անհրաժեշտ բժշկական պարագաների մի մասը ձեռք է բերում Չինաստանից։ Զուգահեռ փորձ է արվում տեղում կազմակերպել անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների, ակնոցների, բժշկական արտահագուստի արտադրություն։

Նախատեսվում է նաև մի քանի օրից Հայաստանում մեկնարկել  կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման համար օգտագործվող ՊՇՌ թեստերի արտադրություն։ Նման առաջարկով Կառավարությանը դիմել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Քննարկելուց և առաջարկին հավանության տալուց հետո գործադիր մարմինը ինստիտուտին 100 000 ախտորոշիչ թեստ է պատվիրել՝ պետբյուջեից հատկացնելով 550 հազար դոլարին համարժեք դրամ։

Արտադրության համար անհրաժեշտ նյութերն արդեն Հայաստանում են։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշել է, որ թեստերի արտադրության մեջ օգտագործվելիք նյութերն արդեն փորձարկել են և համոզվել, որ սպասելիքները կարդարանան։

Քանի որ նմանատիպ արտադրությամբ երբևէ չեն զբաղվել, Առաքելյանը դժվարանում է ասել, թե ինչ ժամանակահատվածում կհաջողվի պատվիրված 100 000 թեստն արտադրել։ Նախնական հաշվարկով՝ հնարավոր կլինի օրական մոտավորապես 1000 թեստ արտադրել և բավարարել ներքին պահանջարկը։

Առաքելյանն ասում է, որ ՊՇՌ թեստերի մի քանի նախատիպ արդեն պատրաստ է, և լաբորատոր փորձարկում է իրականացվում։ Դրանց ճշգրտությունը ստուգելու համար արդեն թեստավորված հիվանդներին կվերաթեստավորեն։ Փորձարկումները հաջող անցնելուց անմիջապես հետո կմեկնարկի արտադրությունը։

ՊՇՌ թեստերի տեղում արտադրելու նպատակահարմարությունը պայմանավորված է, առաջին հերթին, աշխարհում դրանց սակավությամբ, ապա՝ արժեքով։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում է, որ մեկ թեստի ձեռքբերման համար պահանջվում է 30 դոլար, տեղական արտադրության հաջողության պարագայում դրա արժեքը զգալիորեն կնվազի։

Յուրաքանչյուր երկիր, որտեղ կա նման արտադրություն, հիմնականում սեփական պահանջարկն է փորձում բավարարել։ Երբեմն երկրները թեստավորման ծավալը չեն կարողանում մեծացնել թեստերի սակավության պատճառով։

Այսինքն՝ չի բացառվում, որ ներքին շուկայից զատ, արտաքին շուկայում ևս հետաքրքրություն առաջացնի Հայաստանում նախատեսվող արտադրությունը։

Թեստավորումը՝ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոց

Վարակիչ հիվանդությունների դեպքում թեստավորման նպատակը փոխանցման շղթաները կոտրելն է, այսինքն՝ վարակի տարածումը կանխելը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցը թեստավորումն է համարում։

Մասսայական թեստավորման արդարացված լինելու շուրջ կարծիքները տարբեր են։ ԱՀԿ-ն ի սկզբանե առաջարկում էր թեստավորման համար հիմք ընդունել ախտանշանների առկայությունը։ Հայաստանը տևական ժամանակ այդ սկզբունքով էր առաջնորդվում։ Բայց օրինակ՝ Հարավային Կորեան, Գերմանիան, Սինգապուրը, որոնք ակնհայտ հաջողություններ են արձանագրել թե´ վարակի կանխարգելման հարցում, թե´ մահերի անհամեմատ փոքր թվով, մասսայական թեստավորման ռազմավարությունը որդեգրել են առանց հապաղելու՝ իրենց երկրներ վարակի մուտք գործելուն պես։ COVID-19-ին հաղթելու հարցում այդ երկրներին օգնել են նաև զուգահեռ մտցված սահմանափակումները։

Ի տարբերություն վերոնշյալ երկրների, Իտալիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան սահմանափակվեցին թեստավորման նեղ շրջանակով։ Այդ երկրներում թեստավորման հիմքը հիվանդության ախտանշանների առկայությունն էր։ Մեծ Բրիտանիան, թեև ի սկզբանե ստեղծեց իր դիագնոստիկ համակարգը, այդուհանդերձ հապաղեց այն կիրառել։

Երկրների մեծ մասում, ուր մուտք է գործել կորոնավիրուսը, մարդկանց թեստավորում են մասնագիտացված կլինիկաներում, հիվանդանոցներում։ Այս հարցում ևս տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն։ Գերմանիայում, Կանադայում, Հարավային Կորեայում, ԱՄԷ-ում թեստ հանձնել ցանկացողներն իրենց վարակված լինել-չլինելը կարող են ստուգել հատուկ այդ նպատակով բացված կենտրոններում։ Այդ երկրները նման ռազմավարություն են ընտրել նաև նրա համար, որ նվազեցնեն հիվանդանոցային այցի ժամանակ վարակվելու հավանականությունը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկաները՝ Գայանե Մելիքյանի

Հավելյալ աղբյուրներ

  • Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ բիզնես ոլորտին
  • COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում
  • Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
  • Մինչև հունիսի 13-ի «չիկարելիները»․ ամենաշատ քննարկվող հարցերի պատասխանները

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/05/2020