Առողջություն

COVID-19-ը պատճառ չէ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորման համար

Լուսանկարը՝ Armaids.am

Մարինայի ամուսնու մոտ ՄԻԱՎ վարակը հայտնաբերվել է 2013թ․-ին՝ Մոսկվայում։ Վարակը ձեռք է բերել ներարկիչի միջոցով՝ թմրանյութեր օգտագործելու հետևանքով։ Արդեն չորրորդ տարին է նա հաշվառված է Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում [ՁԻԱՀ-ի կենտրոն], որն էլ կազմակերպում է նրա շարունակական բուժումը։

Մարինան [անունը նրա խնդրանքով փոխված է] մինչև վերջերս գոհ էր այս կենտրոնի աշխատանքներից, սակայն վերջին շրջանում ամուսնուն բուժող բժշկի հետ ունեցած տհաճ միջադեպը նրան խիստ հիասթափեցրել է։ Ըստ նրա՝ պատճառը վերջին երկու ամիսներին ՁԻԱՀ-ի կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներն են, որի արդյունքում մասնագետների մի մասին ազատել են աշխատանքից, ինչն էլ ազդեցություն է ունեցել կենտրոնի պացիենտների բնականոն բուժման ընթացքի վրա։

Մարտի կեսերին Մարինայի ամուսինը՝ թոքաբորբով հիվանդ, ստացիոնար բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, սակայն այստեղից նրան տեղափոխեցին մեկ այլ հիվանդանոց՝ կորոնավիրուսով վարակվածների բուժումը կազմակերպելու համար։ Սակայն, բուժանձնակազմից վատ վերաբերմունք ստանալով, Մարինան որոշում է ամուսնուն տուն տանել՝ տան պայմաններում բուժումը շարունակելու համար։

Տանը ամուսնու վիճակը վատթարանում է։

«Գնացի ՁԻԱՀ-ի կենտրոն՝ օգնություն խնդրելու։ Ամուսնուս բուժող բժշկին ազատել էին գործից։ Նոր բժշկուհին դեղահաբեր նշանակեց։ Ասացի՝ ամուսինս ի վիճակի չէ անգամ ջուր խմել, ինչպե՞ս եմ նրան դեղահաբեր տալու։ Բժշկուհին պատասխանեց, թե տարեք վերակենդանացման բաժանմունք», -սրտնեղած պատմում է Մարինան։

Զարմանալով բժշկուհու նման սառնասիրտ վերաբերմունքից, Մարինան դիմում է իր ծանոթին, որն էլ միջնորդում է՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրինության հետ կապ հաստատել։

«Մեզ պատշաճ կերպով ընդունեցին։ Պարզվեց ամուսնուս մոտ արդեն սուր թոքաբորբ էր, բժշկին անհրաժեշտ էր կապ հաստատել ՁԻԱՀ-ի կենտրոնի իրեն բուժող բժշկուհու հետ՝ խորհրդատվություն անցկացնելու համար։ Բժշկուհին պետք է գար հիվանդանոց [խմբ․ դեպքը տեղի է ունեցել մինչև արտակարգ ռեժիմի խստացումը], բայց չեկավ, պատշաճ կերպով չզբաղվեց ամուսնուս խնդրով, պարզապես ինչ-որ էպիկրիզ ուղարկեց բժշկին և վերջ, այն էլ՝ նախկին բժշկի կատարած վերջին հետազոտություններից»,-պատմում է Մարինան։

Նա պատմում է, որ բժշկուհուն դուր չէր գալիս, որ Մարինան համառորեն փորձում էր իրենից իմանալ իր ամուսնու՝ ՄԻԱՎ-ի բուժման փուլի մասին տեղեկություններ։ «Ես նրան ասում եմ՝ ներկայացրեք ինձ ամուսնուս առողջական վիճակը։ Ինչո՞ւ չեք եկել հիվանդանոց։ Նա իրեն վատ էր զգում։ Բայց չէ՞ որ նրա տված խորհրդատվության հիման վրա պետք է Գրիգոր Լուսավորչում կազմակերպեն թոքաբորբի հետագա բուժումը։ Ես այսպես չեմ թողնի»։

Այս պահին ամուսնու առողջական վիճակը փոքր ինչ բարելավվել է։

«ՄԻԱՎ վարակն ինձ համար նման է մյուս հիվանդություններին․ հիասթափվել չի կարելի։ Հիվանդություն է, բոլորի մոտ էլ ինչ-որ խնդիրներ կան։ Պարզապես պետք է պրոցեդուրաներին պարտաճանաչ կերպով մասնակցել։ Երբ իմացա, որ ամուսինս ՄԻԱՎ ունի, պանիկա չստեղծեցի։ Որոշեցինք պայքարել հիվանդության դեմ», -ասում է Մարինան։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2019 թթ․ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3785 դեպք, որոնցից 488-ը՝ 2019թ․ ընթացքում։

2019 դեկտեմբերի տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ով ապրող 2567 անձ վերցված է դիսպանսերային հսկողության։ Նրանց մեծ մասը ստանում է անվճար բուժում։

Իրավիճակը ՁԻԱՀ-ի կենտրոնի շուրջ

2020թ․-ի հունվարի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց ՁԻԱՀ-ի կենտրոնի պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման հանձնված գույքը հետ վերցնել, կենտրոնը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» հետ։ Որոշումից 26 օր անց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով լուծարվեց ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ պայմանագիրը։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ պայմանագիրը լուծարվում է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Սակայն, որոշումից մի քանի ամիս առաջ՝ 2019թ․ հոկտեմբերին, ՁԻԱՀ-ի կենտրոնի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն ԱՆ-ի անունից շնորհակալություն հայտնեց և հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ, «ինչպես նաև առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի և բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի, բարեխիղճ աշխատանքի, արդյունավետ գործունեության ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին և ողջ անձնակազմին» պարգևատրեց պատվոգրերով:

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենի ազատման օրը կենտրոնի աշխատակազմը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր․«Նախարարի կողմից տնօրենին ազատման քայլը կենտրոնի անձնակազմը դիտարկում է որպես արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցնելու փորձ, ինչն անընդունելի է»,- և հավելում,- «Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհաամաձայնությունը Կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ»:

Վեճի հիմնական առարկան

Եթե ամփոփ, ապա համաձայն կառավարության որոշման, երկու կենտրոնների միավորման նպատակն է կենտրոնների ավելի արդյունավետ կառավարումը։ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները համաձայն չեն այդ որոշման հետ, պնդելով, որ հետևանքները բացասական են լինելու ՁԻԱՀ-ի կենտրոնի և նրա պացիենտների համար։

Աշխատակիցները պնդում են, որ կառավարության որոշումն ընդունվել է չզեկուցվող հարցերի շարքով, մինչդեռ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չի տրվել։ Նրանց մի մասը փետրվարի վերջին օրերին իր դժգոհությունը հայտնում էր կառավարության շենքի առջև։

Մարտի 2-ին որոշման հետ անհամաձայն աշխատակիցները հրավիրվեցին Ազգային ժողով՝ մասնակցելու այս թեմայով ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը։

Սույն հանդիպմանը ներկա էր նաև նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը, որը ներկաներին ասել էր, որ կառավարությունը նման որոշում է կայացրել, որովհետև, այսպես թե այնպես, ՁԻԱՀ-ի կենտրոնը ստացիոնար բուժում չի իրականացնում, իսկ ՄԻԱՎ վարակակիրների բուժումն իրականացվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

«․․․մենք փորձում ենք կառավարումը դարձնել կենտրոնացված, բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված»,- ասում էր Լուսինե Քոչարյանը, – «Այս կղզիացած ծառայությունները պետք է ապակենտրոնացնել»։

Նա նաև հավելել էր էր, որ ՁԻԱՀ-ի կենտրոնն ունի լավ սարքավորումներ, լավ ծառայություններ է մատուցում․ «Ինչո՞ւ դրանից չօգտվեն Հեպատիտ C-ով մարդիկ, կամ այլ վարակիչ հիվանդություններ ունեցողները»:

Նա նաև հավաստիացրել էր, որ շենքը, անձնակազմը, ծառայություները մնալու են նույն տեղում, փոխվելու է միայն հաշվապահությունը. «Լինելու է մեկ տնօրեն՝ մի քանի փոխտնօրենով․ սա է ընդամենը: ՊՈԱԿ-ը դառնալու է ՓԲԸ, հետո՝ երկու ՓԲԸ միավորվելու են», – ասել էր Քոչարյանը:

ՁԻԱՀ-ի կենտրոնի արդեն նախկին աշխատակից, համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը, որին աշխատանքից ազատել են մարտի 5-ին՝ սեփական դիմումի համաձայն, ասում է, որ նախարարությունը պնդում է, թե միացումը լավացնելու է բուժման որակը, բայց թե ինչպես՝ դա չի նշում։

«Եթե միայն երկու գործող, այն էլ տարբեր գործառույթներ իրականացնող վարչական միավորներ են իրար միանում, ինչպե՞ս է դա արվելու։ Նախարարությունը չի տալիս խնդրահարույց հարցերի պատասխանները»,-«Ամփոփ մեդիայի» հետ զրույցում ասում է համաճարակաբանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ նախարարության աշխատակիցներն իրար հակասող և չհիմնավորված պատասխաններ են տալիս այն հարցերին, թե ինչպես են օգտագործելու ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքավորումները, եթե կենտրոնը գտնվելու է ներկայիս հասցեով։ Ինչպե՞ս են խտրականությունը վերացնելու, ինչպե՞ս են շահելու պացիենտները, արդյոք դա նպաստելո՞ւ է տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, կատարվելո՞ւ է արդյոք հաստիքների և աշխատակիցների կրճատում։

Հովհաննիսյանն ասում է, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի 108 հոգուց բաղկացած աշխատակազմի կեսից ավելին այդպես էլ չհամակերպվելով նման որոշման հետ, իրենց ազատման դիմումներն են ներկայացրել, որն էլ ընդուվել է կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։ Ըստ Հովհաննիսյանի՝ գործառույթներ կան, որ այս պահին տեղի չեն ունենում։

Խոսելով ծառայությունների ինտեգրման մասին, Հովհաննիսյանն ասում է, -«Նախարարը մեզ ասում է, թե մենք պարփակված ենք մեր կենտրոնով, սակայն երկրում մեր կոլեկտիվի նման ինտեգրված մակարդակ ոչ մի հիմնարկ չունի»։

Կենտրոնի՝ արդեն նախկին աշխատակիցներն ասում են, որ երկու կենտրոնների միավորման հարցը մեկ ամսում չի որոշվել, այն քննարկվում էր արդեն երկրորդ տարին։ Նրանք հավաստիացնում են, որ բազմիցս խնդրել են նախարար Արսեն Թորոսյանին բաց քննարկում կազմակերպել նաև աշխատակիցների հետ, որպեսզի իրենք էլ իրենց առաջարկները ներկայացնեն, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին համաճարակաբանը պնդում է, թե որոշումը կայացվել է առանց արդյունավետության և ծախսարդյունավետության գնահատման, ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի կարծիքի, ռիսկերի գնահատման, որն էլ կհանգեցնի սխալ ախտորոշումների, մահվան դեպքերի ավելացման, անկառավարելի համաճարակի։

Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանը, որը մասնագիտությամբ տնտեսագետ, ասում է. «60 հոգի ազատված են, իրենց լրացնող մասնագետների միայն մի մասը ունենք, բայց բոլոր ստորաբաժիններում կան փոխարինողներ։ 7-8 բաժին են, որից միայն համաճարակաբանական բաժնում փոքր-ինչ խնդիր ունենք, բայց բաժնի աշխատանքները կատարվում են»։

Ըստ նրա՝ բոլոր գործառույթներն իրականացվում են, և ոչ մի պացիենտ այս ընթացքում չի տուժում։ Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ մեկ ամսից այս խնդիրներն էլ կկարգավորվեն։ «Հաստատ կունենանք էլ ավելի որակյալ ծառայությունների մատուցում»,- ասում է նա։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն «Ամփոփ մեդիայի» թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ ներկայիս իրավիճակը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի շուրջ ստեղծված, միացման գործընթացին չի խանգարի։

«Միավորման աշխատանքները չեն սառեցվի։ Մենք շարունակում ենք՝ երկու հաստատությունների միավորումն իրավական ընթացակարգով։ Մեկնարկել է վարչական խնդիրների կարգավորումը, իրականացվում են ազատված աշխատակիցների հետ գույքի հանձնում-ստացում և այլն»,-ասում է նա։

Հեղինակ Ռաիսա Պապյան

Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 29/03/2020