Առողջություն Իրավունք

Հայաստանում խախտվում է պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը

Երբ պացիենտի բժշկական հետազոտության կամ բժշկի աշխատասենյակում նրա գանգատները ներկայացնելիս, ինչպես նաև նույն պացիենտի ախտորոշման մասին բժշկական անձնակազմի քննարկմանը ներկա են լինում այլ անձինք (օրինակ՝ այլ պացիենտներ), խախտվում է պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը:

Առողջապահական ոլորտի փորձագետներն արձանագրում են՝ հայաստանյան բժշկական պրակտիկայում առողջական վիճակի մասին տվյալներին վերաբերում են անփութորեն․ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի հիմնահարցերը շարունակում են մնալ խիստ արդիական:

Անձի առողջական վիճակի վերաբերյալ տվյալների խախտումները մի քանի շերտերում կարելի է դիտարկել:

Գաղտնիության իրավունքի խախտում. բժշկական էթիկա

Պացիենտի առողջական վիճակին վերաբերող տվյալների գաղտնիության հարցերը կարգավորված են համաշխարհային իրավական պրակտիկայում: Մինչդեռ Հայաստանում առողջությանը վերաբերող տվյալների պահպանումը, ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ղեկավար Ժենյա Մայիլյանի, հայաստանյան մշակույթում չկա։

«Վերջերս բժիշկների վերապատրաստման նպատակով մարզային այցի էինք. բժիշկներից մեկը դուրս եկավ հիվանդասենյակից ու փոքր համայնքի 20 բժիշկների ներկայությամբ հայտարարեց՝ Գոհարի հարսի մոտ հիվանդությունը հաստատվեց»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Մայիլյանը և հետևություն անում․ «Չեմ կարծում, թե դա միտումնավոր արվեց. մեր մշակույթի մի մասն է ամեն ինչ իրար պատմելը»։

Ըստ Մայիլյանի՝ խնդիրը համընդհանուր է և բնորոշ է ոչ միայն մարզերին:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրմամբ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի խախտման դեպքերն առավել հաճախ հանդիպում են բնակչության խոցելի խմբերում։  Այդպիսիք են, օրինակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց օգտագործողները, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և այլն։

«Եթե մարդը գրիպ է ու դրա մասին իմանում են այլ անձինք, նրան դրա համար չեն խտրականացնում: Բայց, երբ խոցելի խմբերի դեպքում է առողջական տվյալը հասանելի դառնում, դրանից հետո կտրուկ փոխվում է հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ», – նշում է Մայիլյանը:

Իրավապաշտպանն ասում է, որ խոցելի խմբերի դեպքում առողջական տվյալի գաղտնիության չպահպանումը վնասում է տվյալ անձին:

«Մեր պրակտիկայում եղել է դեպք, երբ կնոջ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունն անզգուշորեն տարածվել է համայնքում, դրանից հետո նա չէր կարողանում ոչ աշխատանք գտնել, ոչ երեխային մանկապարտեզ տանել։ Արդյունքում՝ ստիպված էր փոխել բնակության վայրը»:

Մայիլյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ անձի բժշկական կամ ամբուլատոր քարտի վրա մեծ կարմիր տառերով գրված է եղել «ՄԻԱՎ»: «Երբ հարցնում էինք՝ ինչո՞ւ եք այդպես գրել, ասում էին՝ «դե որ այդ անձի հետ աշխատող բժիշկը զգույշ լինի»: Մինչդեռ հիվանդությունները կոդավորում ունեն, կարող է կոդավորումով գրել, մասնագետն էլ իմանա՝ որևէ խնդիր չի առաջանա»:

Ժենյա Մայիլյանի խոսքով՝ կազմակերպությունը պատրաստում է զեկույցներ, որտեղ արձանագրում են խոցելի խմբերի առողջական տվյալների գաղտնիության խախտումները: Ըստ այդմ՝ ձևավորվելու է աշխատանքային խումբ, որն զբաղվելու է այդ հարցով:

Պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը պաշտպանված է օրենքով

2020 թվականին ընդունվել և ուժի մեջ է մտել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով, ի թիվս այլնի, տրվել է «բժշկական գաղտնիք» հասկացության սահմանումը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվել են բժշկական գաղտնիքը և դրա մշակմանը ներկայացվող պահանջները:

Ըստ փոփոխության՝ ընդհուպ մինչև բժշկական հաստատություն դիմելու փաստը համարվում է բժշկական գաղտնիք:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը դրական է գնահատում օրենքի փոփոխությունը, բայց ուշադրություն է հրավիրում կիրառության վրա:

«Շատ լավ է, որ երկու տարի առաջ սահմանվեց բժշկական գաղտնիք եզրույթը, բայց գործնականում կիրառության մեջ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ հղիների հաշվառման գործընթացը. այնպես է շրջանառվում այդ փաստաթուղթը բժշկական հաստատությունում, օրինակ՝ սեղանին դրված է ու այլ անձն ակամայից կարող է կարդալ մեկ ուրիշի առողջական վիճակի մասին տեղեկությունը, իսկ հղիների հաշվառման առաջին էջում գրված է մարդու ՄԻԱՎ-ի ստատուսը»:

Ըստ փորձագետի՝ բուժհաստատության աշխատակցի աշխատանքային պայմանագրում պետք է նշված լինի բժշկական գաղտնիքը պահպանելու պարտավորությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ամփոփ Մեդիային» տեղեկացնում է, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրում բժշկական գաղտնիք համարվող տվյալներին տիրապետող անձի պարտականությունները նշելը պարտադիր չէ։

Տեսչական մարմինը նաև նշում է, որ չունի տեղեկատվություն՝ արդյոք Հայաստանում բժշկական գաղտնիք խախտող որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր լուծարվել է։

Օրենքը երաշխիք չէ. մշակույթն է պետք փոխել

«Անգամ կատարյալ օրենքների առկայությունը չի կարող երաշխիք լինել ցանկալի արդյունքի հասնելու համար», – վստահեցնում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

«Ընտանիքներով են գալիս բժշկի, բժիշկները ընտանիքների հետ են խոսում. Մշակութային հարց է, ոչ թե կանոնակարգերի բացակայության: Երկու կողմն էլ՝ թե՛ բժիշկը, թե՛ պացիենտը նորմալ են այդ ամենին վերաբերում։ Հարկավոր է հասարակական իրավագիտակցություն ձևավորել»,- ասում է Մելիք-Նուբարյանը:

Մասնագետը նշում է հետևյալ իրավիճակները․ պոլիկլինիկայում նույն սենյակում բժիշկը պացիենտին բուժօգնություն, խորհրդատվություն է տրամադրում մեկ այլ բժշկի ներկայությամբ․ հաճախ պայմաններ չկան, որ բժիշկն առանձին խորհրդատվություն տա, բժշկի սեղանին դրված են անալիզի պատասխաններ կամ թղթերը սեղաններին ցաքուցրիվ են, կարող է բուժքույրը կամ որևէ երրորդ անձ կարդալ:

«Հիվանդության պատմությունների հասանելիությունը բարձր է կողմնակի անձանց համար: Բժիշկն աշխատում է, պացիենտի պատմագիրը դրված է սեղանին, շտապ կանչ եղավ, գնաց այլ պացիենտի մոտ», – ասում է Մելիք-Նուբարյանը:

Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ որքան էլ օրենք փոխվի, արդյունավետություն չի լինի, պետք է գաղտնիության պահպանման պահանջի մշակույթ ձևավորել:

«Մարդիկ պետք է իմանան, որ իրենց առողջությանը վերաբերող հարցերը շատ նուրբ հարցեր են: Շատ կարևոր է, որ օրենքներից բացի մշակութային դաշտում փոփոխություն լինի, կարևոր է դրա մասին խոսելը: Մարդիկ պետք է գիտակցեն, որ նորմալ չէ ո՛չ առողջության տվյալի մասին ասելը, ո՛չ թույլ տալը, որ ասեն: Երբեք չեմ լսել, որ բժշկական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվության ենթարկված լինեն»:

Բժշկական գաղտնիքը հանրայնացնելը՝ քրեորեն հետապնդելի արարք

Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելու, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելու համար նախատեսվում է պատիժ։

Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

«Տարիներ առաջ, երբ մարզում տղան պետք է ամուսնանար, ծնողները գնում էին պոլիկլինիկա ու աղջկա հիվանդության պատմությանն էին ծանոթանում, որպեսզի պարզեին՝ ում են հարս տանում: Բժիշկն էլ պատմում էր, իսկ մարդիկ դրան ուշադրություն չէին դարձնում»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալութան պետ Գևորգ Հայրապետյանը:

Ըստ նրա՝ տարիներ առաջ խնդիրը համակարգային էր: Շատ քչերը գիտեին անձնական տվյալների գաղտնիությունը պահելու կարևորության մասին:

«Նախկինում նաև խնդրի մասին չէին խոսում, չէին բարձրաձայնում, հիմա նման խնդիր չկա», – վստահեցնում է Գևորգ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Քովիդի պայմաններում, երբ մի քանի դեպքում տեղի ունեցավ բժշկական տվյալների արտահոսք, գործակալությունը առիթ ունեցավ կազմակերպել մի քանի հարյուր բուժաշխատողների ուսուցում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում:

«Ի տարբերություն ամենօրյա աշխատանքի՝ Քովիդի ժամանակ շատ տարբեր դերակատարներ կային, բոլորի հետ դասախոսություն կազմակերպեցինք, թե ինչպես է պետք վարվել անձնական տվյալների հետ»:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի մասնագետների բարձրաձայնած խնդիրներին, Գևորգ Հայրապետյանը նշում է՝ գործակալությունը բողոքներ չի ստացել: «Մեզ չեն բողոքել, խորհրդատվության համար էլ չեն դիմել: Եթե մեկն էլ ասի, գոնե վիճակագրություն կձևավորվի, որ նման խնդիր կա»:

Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանն ասում է, որ ամենատարածված դեպքերից է, երբ հղի հարսի ամբուլատոր քարտից քաղվածք վերցնելու համար գալիս է նրա սկեսուրը։

«Տվյալ անձին մենք չենք ճանաչում, քանի որ սովորաբար այլ բուժհիմնարկում են հաշվառված: Ցանկացած պարագայում տեղամասային թերապևտը նախ հեռախոսով ճշտում է՝ արդյոք համաձայն է տվյալ փաստաթուղթը տրամադրենք ներկայացած անձին, նոր միայն տրամադրում է: Թեպետ զգուշացնում ենք, որ հաջորդ անգամ այլևս որևէ փաստաթուղթ չենք տրամադրելու», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է Դուրգարյանը։

Բժշկական գաղտնիքի վերաբերյալ կարգավորումներ

Սոցիալական իրավունքի փորձագետ Տաթև Թոխյանի կարծիքով՝ թեև Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, թե հաղորդումներ են պատրաստվում իրազեկման առումով, բայց բուժաշխատողների շրջանում բժշկական գաղտնիքի պահպանումը շարունակում է խնդրահարույց մնալ:

Ըստ նրա՝ հարկավոր է համապատասխան որակավորման դասընթացների միջոցով իրազեկումն իրականացնել: «Շատ դեպքերում բուժաշխատողները չեն գիտակցում, որ մարդու առողջական գաղտնիքը տարածում են երրորդ անձանց շրջանում: Պացիենտներին ևս պետք է իրազեկել՝ ինչ է բժշկական գաղտնիքը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ հարցումներ է ստացել քաղաքացիներից ու կազմակերպություններից: Մասնավորապես, հարցադրումը եղել է հետևյալը՝ ինչ կարգով և որ մարմիններին կարող է փոխանցվել բժշակական գաղտնիք համարվող տվյալը: ՀՔԱՎ-ը նշվածի կապակցությամբ ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման կարգ, այն դեպքերում, երբ պացիենտի համաձայնությունը առկա չէ, գոյություն չունի:

Բնակչության օգնության և սպասարկման մասին օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը և այն մարմիններին, երբ առանց պացիենտի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալը կարող է փոխանցվել:

«Բայց քանի դեռ այդ կարգը գոյություն չունի, ստացվում է, որ այդ մարմինները, բժշկական գաղտնիքին տիրապետող անձինք առանց իրավական հիմքի են փոխանցում տվյալները», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց ՀՔԱՎ ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը:

Հանրային քննարկման էր դրվել բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու կարգը սահմանելու նախագիծը: Սակայն, ըստ Ղազարյանի, նախագիծը չի նախատեսում մերժման հիմքեր:

Բնակչության օգնության և սպասարկան մասին օրենքը սահմանում է այն սուբյեկտները, որոնք իրավասություն ունեն առանց պացիենտի համաձայնության դիմելու և ստանալու տվյալը։ Այս պարագայում պատճառաբանված որոշում պետք է ներկայացվի, նշում է Ղազարյանը: «Մինչդեռ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքը, որը ևս սահմանում է բժշկական գաղտնիք հասկացությունը, պատճառաբանված որոշման պահանջ չի պարունակում, ինչը խնդրահարույց է»,- պարզաբանում է նա:

Ըստ Ղազարյանի՝ հնարավոր է՝ շաբլոնային ձևակերպումներով, առանց պատճառաբանության, առանց անհրաժեշտության ներկայացվեն դիմումներ, որոնք կապ չունենան վարույթային գործողության հետ, և բուժհաստատություններից ստանան բժշկական տվյալներ, որոնք օգտագործվեն այլ նպատակներով:
Այդ պատճառով պետք է կարգը լինի և հստակ երաշխիքներ նախատեսված լինեն, ինչպես նաև պատճառաբանված որոշման պահանջ լինի:

Ոստիկանությունը, հետաքննության մարմինները, բժշկասոցիալական փորձաքննություն իրականցնող մարմինները ամենօրյա ռեժիմով դիմում են բուժհաստատություններ բժշկական տվյալներ ստանալու համար: Եթե այդ կարգը դեռ հաստատված չէ, պացիենտները համաձայնություն չեն տալիս․ ստացվում է՝ առանց ընթացակարգի այդ տվյալները տրամադրվում են:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի դերը

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման նպատակներից է նաև պացիենտների տվյալների պահպանման պատշաճ կազմակերպումը: Առողջապահության ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ այս համակարգը կարող է օգնել առողջական տվյալների գաղտնիության որակապես ավելի բարձր պահպանման:

Սեղաններին դրված թղթային պատմագրերից ու մատյաններից անցում կատարելով էլետրոնային Արմեդ համակարգի՝ անձի առողջական տվյալները հասանելի կդառնան միայն մուտքի հնարավորւթյուն ունենալու դեպքում: Այդուհանդերձ, ըստ փորձագետների, ցանկացած համակարգ, որքան էլ կատարյալ լինի, պարունակում է վտանգներ, որոնք հարկավոր է կանխատեսել և կանխարգելել նախքան հանրության լայն շրջանում կիրառելը։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի

#AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/06/2022