Իրավունք Տնտեսություն

Հնդիկները հեռանում են․ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մարեց

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Հնդկաստանի քաղաքացի Հելլեն Հիրան Հայաստանում է արդեն 6 տարի։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհին ապրում է ուսանողական հանրակացարանում, սակայն իր համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու ցանկությամբ սկսեց փնտրել վարձով բնակարան։ Հենց այստեղ էլ ի հայտ եկան դժվարությունները։ Ասում է, որ բնակարանները շատ են, միայն թե ոչ հնդիկների համար։

Հելլենի խոսքը դժվար չէ հիմնավորել․ անհրաժեշտ է ընդամենը այցելել List.am կայք։ Այստեղ տեղադրված անշարժ գույքի վարձակալության մասին հայտարարություններում քիչ չեն այնպիսինները, որոնք հստակ նշում են՝ հնդիկներին բնակարանը չի տրամադրվի։

Այդպիսի հայտարարություններ է տեղադրել նաև անշարժ գույքի գործակալ Անին։ Ասում է՝ ունի այնպիսի հաճախորդներ, որոնց չվիճարկվող պայմաններից մեկն է հնդիկներին բնակարան չտրամադրելը։ Պատճառները տարբեր են։ Անին նշում է դրանցից մեկը․

«Ես ազգային, ռասսայական խտրականություն չունեմ, ինձ համար միևնույն է, բայց իմ էսքան տարվա փորձը ցույց է տվել, որ հնդիկը մտավ բնակարան՝ դու էլ չես կարողանում էդ բնակարանում իրանից հետո մնացած հոտը հանել։ Ոչ թե իրենք են խնդիրը, այլ իրենց ճաշերի, յուղերի հոտերը»։

Նույն կայքի հայտարարություններից մեկում գրված է․ «Հնդիկները, պարսիկները, առավելապես անբարոյականները՝ չզանգե՛ն»։

«Ամփոփ մեդիայի» թղթակիցը կապ հաստատեց սույն հայտարարության հեղինակի հետ՝ հասկանալու այս բացառությունների հիմնավորումը։ Ներկայացանք որպես հնդիկ ծանոթի համար բնակարան փնտրող հայ, ինչին ի պատասխան բնակարանի տերը շտապեց նշել․

«Շովինիստ չեմ, բայց չի լինի, ցանկություն չունեմ, իրենց ապրելակերպը ինձ դուր չի գալիս»։

Տվյալ անձը վստահ է՝ եթե մի տանը ապրել է հնդիկ, ապա այդ տունն այլևս վաճառքի ենթակա չէ․ «Եթե տեղյակ եք՝ ամբողջ աշխարհում ա տենց», – ասում է նա։

Վերջինս մերժման պատճառների ցանկում նշում է սպեցիֆիկ հոտը, մաքրությունը, բազմամարդ հավաքներ կազմակերպելը։

– Ինձ թեպետ չեք ճանաչում, բայց հայ եմ, ինձ կտրամադրե՞ք վարձով։

– Տունը մեծ է, մենակ չես կարող ապրել։

– Չէ, օրինակ իմ ընտանիքի հետ գամ։

–  Հայի ընտանիքով ինչքան էլ ուզեք՝ չեք կարա էդ հոտը ստեղծել, էդքան մռու բան ուտեք` կմահանաք։

Ի տարբերություն զրուցակցի՝ Հռիփսիմե Մարգարյանն ասում է, որ կտրամադրի իր տունը ցանկացած մեկին՝ անկախ ազգային պատկանելությունից։ Խոստովանում է, որ իր տան առաջին վարձակալները հենց հնդիկներ են եղել, որոնց հետ, սակայն, մեկ ամիս անց պայմանավորվածությունը չեղարկել է։ Ասում է՝ տունը շատ վատ էին պահում։ Բայց նրանցից հետո վարձակալները ևս հնդիկներ են, որոնք բնակվում են արդեն 6 ամիս։ Այս անգամ տան տերը ոչ մի դժգոհություն չունի․ «Մարդուց է գալիս, ազգությունը կապ չունի։ Հայը կարող է տունը շատ ավելի վատ վիճակով վերադարձնել»։

Փաստորեն, մինչ անհատներին առնչվող դժգոհությունը վերագրվում է ողջ հնդիկ ազգին՝ Հելլեն Հիրան և իր մի շարք այլ հայրենակիցներ դադարեցնում են փնտրտուքները՝ հարմարվելով հանրակացարանային պայմաններին։

Այնուամենայնիվ հայտարարությունների շարքում կան նաև այնպիսիք, որ շեշտում են միայն հնդիկներին տրամադրելու պատրաստակամությունը։ Գործակալն ասում է՝ տան տերն է որոշում այդ պայմանը․ հնդիկներն ավելի թանկ են վճարում, պատրաստ են մի քանի ամսվա կանխավճար թողնել։

– Փաստորեն՝ հնդիկների և հայերի համար տները տարբեր գներ են ունենում։

-Դե հա, 10-20․000 դրամի տարբերություն է լինում։

Իրավական ու բարոյական կողմերը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խնդիրը դիտարկում է որպես էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված խտրական վերաբերմունք․ «Իհարկե մասնավոր տարածք է և անձը սեփականությունը կարող է տնօրինել ինքնուրույն՝ իր հայեցողությամբ, բայց նման հիմքերով մերժումներն ակնհայտ խտրական վերաբերմունք են պարունակում, որի դեպքում տուժողը կարող է դիմել դատարան»։

Իրավապաշտպանը նշում է՝ խնդիրը միայն իրավական ոլորտում չէ․ կարևոր է հանրային իրազեկումը։

«Հանրությունը պիտի հասկանա, որ սա անթույլատրելի երևույթ է, սա ամոթ է։ Նույն բնակարան վարձակալությամբ տալուց հրաժարվողները կարող են հպարտանալ հայկական սփյուռքի առկայությամբ։ Բա սփյուռք ունեցող ժողովուրդը, որ կոնկրետ փաստերով իր մաշկի վրա զգացել է՝ ոչ խտրական վերաբերմունքը ինչ ազդեցություն է ունենում (Երբ մարդը կարողանում է գոյատևել, ինտեգրվել, ապրել) և խտրականությունը ինչի է հանգեցնում (Հետապնդումներ, հալածանքներ, ընդհուպ ցեղասպանություն), կարո՞ղ է նման վարք դրսևորել»,- ասում է Սաքունցը։

Վերջինիս խոսքով՝ բացառիկ լեգիտիմություն ունեցող կառավարությունը պետք է հետամուտ լինի այս խնդրին, հանդես գա ուղերձներով, կոչերով։ Սաքունցը վստահ է՝ չի կարող պետությունը լինել առանց ժողովրդավար արժեքների, իրավական պետությունը՝ առանց մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի մտածելակերպ, մշակույթ ձևավորվելու։

Հնդիկները Հայաստանում՝ թվերով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության խոսնակ Նելլի Դավթյանը նշում է, որ այսպիսի կարծրատիպերի ձևավորումը սկսվեց հնդիկների մուտքը ՀՀ հեշտացնելու գործընթացից հետո։

Կառավարության 2018թ.-ի նոյեմբերի ընդունած որոշմամբ Հայաստանի ու Հնդկաստանի միջև վիզային քաղաքականության դյուրացմամբ պայմանավորված հնդիկների հոսքը Հայաստան մեծ թափ ստացավ։ Նրանց հնարավորություն տրվեց վիզա ստանալ ինչպես դեսպանություններում, այնպես էլ սահմանային անցակետերում, կամ էլեկտրոնային տարբերակով։

«Այդ շրջանում ապատեղեկատվություն էր տարածվում, թե Հայաստանում 40․000 և ավելի հնդիկ է բնակվում․ երբեք այդպիսի բան չի եղել։ Դեպի Հայաստան հնդիկների մուտքը արտացոլող թվերը պիտի համեմատել ելքը ցույց տվող թվերի հետ։ Միայն այդ դեպքում է հնարավոր տեսնել իրական պատկերը»։

Սահմանահատումների քանակը ներկայացնող վիճակագրական հաշվետվության համաձայն, 2018 թ-ին Հայաստան մուտք է գործել Հնդկաստանի 31․213 քաղաքացի, հեռացել՝ 27․490-ը։ Այս դեպքում ՀՀ-ում մնացած հնդիկների թիվը կազմում է 3723, սակայն արդեն 2019 թվականի առաջին 9 ամիսներին իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվում՝ արձանագրելով բացասական սալդո․ հնդիկների՝ Հայաստան մուտքի թիվը կազմում է 28․741, ելքինը՝ 29․345։

 

Միգրացիոն ծառայությունում այս երևույթը կանխատեսելի են համարում․ «Բնական հետաքրքրություն էր առաջացել, հետո արդեն մեր երկրի պայմանների, աշխատաշուկայի հնարավորությունների, առհասարակ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի հետ ծանոթանալով՝ այդ հետաքրքրությունը հետզհետե մարեց»։

Հայաստանաբնակ հնդիկների քանակի մասին հայերի պատկերացումներն ուռճացված են: Նելլի Դավթյանի հավաստմամբ՝ անարդարացիորեն շահարկվում են նաև հնդիկների՝ հայաստանյան աշխատաշուկան գրավելու մասին խոսակցությունները։

«Երբևէ չի եղել իրավիճակ, որ գործատուն կանգնի ընտրության առաջ՝ վերցնել հային, թե հնդիկին, ու ընտրի վերջինիս։ Լրացվել են տարիներով թափուր մնացած այն հաստիքները, որոնք մեր հայրենակիցներին չեն հետաքրքրել։ Այս մասին և՛ պաշտոնական վիճակագրությունն է խոսում, և՛ հնդիկ աշխատուժ ունեցող գործատուները կհավաստեն»,-ասում է Դավթյանը։

Իրավիճակը՝ հնդիկի աչքերով

Հելլենը, որ ուսումնառության տարիներին հայերեն է սովորել և իր մասին պատմում է ոչ այնքան սահուն, բայց հասկանալի հայերենով, նշում է՝ Հայաստանը շատ է սիրում, հայերին՝ նույնպես։ Ասում է՝ բարի են իր նկատմամբ, վատ վերաբերմունք լինում է, բայց քիչ․ երթուղայինում երբեմն կոպիտ վերաբերմունք, սուպերմարկետներում՝ երկար ու տարօրինակ հայացքներ։ Խոստովանում է՝ մի փոքր ճնշող է, բայց, միևնույն է՝ սերը Հայաստանի նկատմամբ չի պակասում։

Հելլենին առաջին անհանգստացնողը բնակարանի խնդիրն է եղել, երբեմն էլ քաղաքից դուրս տուրերին չի կարողանում մասնակցել․ հայերը չեն ցանկանում։ Բայց մնացած դեպքերում բողոքելու առիթ չունի, եթե աշխատանքի, գումար վաստակելու առումով Հայաստանը հարմար լիներ՝ կմնար։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/01/2020