Իրավունք

Ինչպե՞ս է գործելու երթևեկության խախտումներով վերբեռնվող առցանց հարթակը

Հավանաբար վեց ամսից բոլոր նրանց համար, ովքեր խիստ են վերաբերվում երթևեկության խախտումներ կատարող վարորդներին և նկատած խախտումներն էլ նկարահանում ու տեղադրում են սոցիալական ցանցերի իրենց էջերում, կգործի միասնական հավելված։

Այստեղ պատշաճ գրանցվելուց հետո հնարավոր կլինի տեղադրել տեսաձայնային նյութեր, կամ այլ կերպ ասած՝ ներկայացնել հաղորդումներ երթևեկությունը խախտած ավտոմեքենաների վերաբերյալ։ Սկզբնական շրջանում այն կիրառելի կլինի մայրաքաղաքի և մայրուղիների դեպքում, այնուհետև կընդլայնվի նաև այլ բնակավայրերի համար։

Ըստ էության, հարթակը ստեղծվում է յուրաքանչյուր քաղաքացու համար, ով իր բջջային հեռախոսով կարձանագրի երթևեկության խախտումը և պատրաստ կլինի կիսվել դրանով իրավապահ մարմինների հետ՝ աղբյուրի չբացահայտման պայմանով։ Անձը կգաղտնազերծվի միայն քաղաքացու գրավոր համաձայնության դեպքում։

Սույն հարթակը կհանդիսանա պետական սեփականություն և կունենա հատուկ մշակված համակարգ, որպեսզի մինիմալի հասցվի տվյալների տեղադրման կրկնությունների ու անտեղի բողոքների քանակը։ Համենայնդեպս, այսպես են ներկայացնում օրենքի նախագծի հեղինակները՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանը: Տեղադրված և հաստատված իրավախախտումների մասին հաղորդումների հիման վրա կհարուցվեն վարչական վարույթներ։

Օրենքի նախագիծը թեպետ հոկտեմբերի 23-ին արդեն ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, սակայն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այն որակել են որպես «գործ տալու» և «հարևանին վատություն անելու» նախագիծ։ Խմբակցության համար համոզիչ չեն նախագծի հեղինակների պարզաբանումները, ուստի նրանք դեմ են քվեարկել նախագծի ընդունմանը։

Ի՞նչ օրենք է սա

Նախ պետք է հստակեցնել, որ սույն նախաձեռնության շրջանակներում արդեն իսկ առկա օրենքում կատարվել է փոփոխություն։ Այսինքն, լրացում է կատարվել 2008թ․-ից գործող «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում։

Գործող օրենքում ավելացվել են մի քանի հոդվածներ, որոնցով էլ կկարգավորվեն նախատեսվող առցանց համակարգի, դրանում գրանցված անձանց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև այս համակարգում առկա տեսաձայնային հաղորդման հիման վրա վարչական վարույթների հարուցումը։

Սույն օրենքից բացի Կառավարությունը դեռ պետք է ընդունի համապատասխան որոշում՝ սահմանելով միևնույն անձի կողմից նույն ավտոմեքենայի վերաբերյալ տրվող հաղորդումներ ներկայացնելու քանակը։ Առայժմ քննարկվում է մեկ անձի կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական միայն մեկ հաղորդում, իսկ տարեկան ոչ ավելի, քան 10 հաղորդում տեղադրելու հնարավորությունը։

«Սա ամենևին չի նշանակում, որ ոստիկանությունը կամ մեկ այլ մարմին դրսևորում է անգործություն կամ թուլություն, դրա համար էլ այս նախագիծն ենք առաջարկել։ Հակառակը՝ սրանով մենք այդ մարմինների և քաղաքացիների միջև ստեղծում ենք համագործակցության նոր հարթակ և, ըստ էության, քաղաքացիներին անմիջական մասնակից ենք դարձնում տվյալ իրավահարաբերություններում իրենց դերակատարությունը ունենալու»,- Ամփոփ Մեդիային ասում է նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։

Նա հիշեցնում է, որ այսօր էլ յուրաքանչյուր քաղաքացի կարող է վարչական իրավախախտման վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին, մինչդեռ շնորհիվ թվային տեղեկատվական տեխնոլոգիաների՝ գործընթացն ավելի համակարգված և արագ կկատարվի։

Երևան, մեր օրեր

Այնուամենայնիվ, սույն առաջարկը խնդրահարույց է համարում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Ըստ նրա՝ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն անձնական տվյալների գաղտնիության պահպանության կարևորությունից։ Դրա հետևանքով համակարգում կտեղադրվեն այնպիսի չմշակված նյութեր, որոնց միջոցով հնարավոր կլինի նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կհայտնվեն տվյալ պահին փողոցում և մեքենայում՝ ներառյալ վարորդը։ Մինչդեռ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների մասին ծանուցումները վարորդներին ուղարկվում են անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելով՝ հաշվի առնելով հատուկ մշակված սկզբունքները, որտեղ առկա է բացառապես խախտում թույլ տված մեքենայի պետհամարանիշը:

«Հենց տեսանկարահանման պահին արդեն իսկ մենք իրականացնում ենք անձնական տվյալների մշակում։ Անկախ նրանից մենք կնկարահանենք ու կպահենք դա մեզ մոտ, արդեն իսկ դա անձնական կյանքի միջամտություն է։ Մշակումը և՛ հրապարակումն է, և՛ նկարահանելը, և՛ ոստիկանություն ուղարկելը։ Բայց վնասը, բնականաբար, էլ ավելի մեծ է լինում, երբ մենք տարածում ենք դա սոցցանցերում»,-ասում է նա։

Դոյդոյանը հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս է հնարավոր կարճ ժամանակահատվածում բարձրացնել քաղաքացիների իրավական գրագիտությունը, որպեսզի համակարգում նյութեր տեղադրողները պահպանեն ուրիշների անձնական տվյալների գաղտնիությունը։

Դոյդոյանի հետ Գաբրիելյանը համամիտ չէ։ Վերջինս պնդում է, որ այս համակարգի միջոցով իրավախախտում կատարած քաղաքացիներն անգամ պետության պաշտպանության ներքո կհայտնվեն։

«Ասածս գուցե անտրամաբանական թվա, բայց երբ նույն բողոքողներն իրենց բջջային սարքերով արձանագրում են իրավախախտումներ և տեղադրում ֆեյսբուքյան էջեր, դա հասանելի և բաց է դառնում բոլորի համար, և անձն իր իրավախախտման համար հանրայնորեն ենթարկվում է պարսավանքի։ Մեր առաջարկած համակարգի դեպքում տվյալները հրապարակման ենթակա չեն և կարող են ոստիկանություն փոխանցվել միայն առցանց ուղիղ կապի միջոցով», – պարզաբանում է Գաբրիելյանը։

Ֆեյսբուքում գործում է «Մի արեք այսպես» խումբը, ուր հաճախ են տեղադրվում խախտումների վերաբերյալ նկարներ և տեսանյութեր, իսկ երբեմն էլ ոստիկանության ուշադրությունը գրավելով՝ նշված մեքենաների նկատմամբ հարուցվում են վարչական վարույթներ։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ղահրամանյանն Ամփոփ Մեդիային ասում է, որ նմանատիպ նախաձեռնություններ կան մի շարք երկրներում։ «Օրինակ Մոսկվայում՝ «Помощник Москвы» հավելվածը, Սինգապուրում և Բեյրութում ևս կան նման մեխանիզմներ։ Իսկ Ամերիկայում քաղաքացին կարող է զանգել և պատմել տեսածը, և դրա հիման վրա էլ ոստիկանությունը կարող է տուգանել իրավախախտում թույլատրած վարորդին», – ասում է Ղահրամանյանը։

Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ քաղաքացի-պետություն իրավահարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

կրկին Երևան, կրկին մեր օրեր

Սերգեյ Ղահրամանյանն ընդգծում է, որ այս համակարգը «գործ տալու» բնույթ չունի․ «Գործ տալն այն է, երբ մարդուն իր չարած բանի համար զրպարտում, տուգանում են, իսկ սա մարդու արած բանի համար են ահազանգում․․․», – նշում է նա և հավելում, որ այս նախագծով խախտումները ոչ թե կավելանան, այլ կնվազեն։

Ղահրամանյանը լիահույս է, որ այս համակարգի կիրառումը զսպող դեր կունենա վարորդների համար, քանի որ խախտումների մեծ մասն արվում են գիտակցաբար՝ թե՛ մայթերին կայանելը, թե՛ հանդիպակաց գոտով երթևեկելը։

Պատգամավոր Գաբրիելյանն իր հերթին հավաստիացնում է, որ Կառավարությունը պարտադիր սահմանելու է, թե որ իրավախախտումների դեպքում կկարողանան օգտատերերը տեղադրել իրենց էլեկտրոնային հաղորդումները։ Սա, ըստ նրա, արվում է հաշվի առնելով այն փաստը, որ կան փողոցներ, որոնց դեպքում վարորդներն այլընտրանք չունենալով են կատարում խախտումներ՝ հաշվի առնելով փողոցի առանձնահատկությունները։

Հեղինակ` Կարինե Կիրակոսյան

Պատկեր՝  Գայանե Մելիքյան

Լուսանկարները՝ Վարդուհի Արամյանի անձնական պահոցից

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 03/12/2019