Առողջություն

ՀՀ-ում անպտղությունը հատել է սահմանային ցուցանիշը՝ սոցիալ-բժշկականից վերածվելով ազգային անվտանգության խնդրի

Illustration by Cornelia Li

Անուշ Մկրտչյանի առաջին բալիկը ծնվեց 10 տարի առաջ։ Մինչ այդ նա 8 տարի երեխա չէր կարողանում ունենալ և երբ արդեն արտամարմնային բեղմնավորում էր պլանավորում, իմացավ, որ հղի է։

«Երբ առաջին բալիկս ծնվեց, արդեն 10 միլիոն դրամ պարտք ունեինք։ Հիմա ապրում ենք վարձով, ոսկեղենս 18 տարի է գրավ է դրված։ Բուժումները շատ դժվար էին տրվում ու թանկ էր նստում՝ պարտքեր, վարկեր։ Մի բանկից վարկ էինք վերցնում, մյուսին տալիս։ Մի քիչ ավել էինք վերցնում, որ մի դեղի կամ մի բուժման ծախս հոգայինք», – պատմում է Անուշը։

Այժմ նա է օգնում անպտղություն ունեցող կանանց՝ համակարգելով ֆեյսբուքյան «Արտամարմնային բեղմնավորման աջակցություն» փակ խումբը, որն ունի շուրջ 1300 անդամ։

Մասնակիցները հիմնականում անպտղություն ունեցող կանայք են։ Փակ խմբում օգնում են միմյանց խորհուրդներով, կիսվում իրենց փորձով։

«Ունենք աղջիկներ՝ 25 տարեկանից սկսած, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ։ Խնդիրը 30-40% դեպքերում տղամարդուց է, ու հղիանալու միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն է։ Կան կանայք, ովքեր ֆինանսական պատճառներով դեռ չեն կարող դիմել արտամարմնային բեղմնավորման և հետևում են խմբին, որ պետական կամ այլ հովանավորչական ծրագրեր լինեն, դիմեն։ Դրանց մասին տեղյակ լինելուն պես խմբում անմիջապես տեղեկացնում եմ»,- ասում է Անուշը՝ նշելով, որ անպտղություն ունեցողները տարեցտարի ավելանում են։

Եվ՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ կա առաջնային անպտղության նվազում, փոխարենը աճում է երկրորդային անպտղությունը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021 թ․-ին կատարված քանակական հետազոտության տվյալներով՝ Հայաստանում ավելի քան 3000 հարցվածների շրջանում ընդհանուր անպտղությունը կազմում է 17%, ինչը 5%-ով բարձր է 2014թ-ին արձանագրված ցուցանիշից։ Անպտղության ցուցանիշը հատկապես բարձր է քաղաքաբնակների շրջանում։

Համաձայն ԱՀԿ-ի, ընդհանուր անպտղության սահմանային ցուցանիշը 15%-ն է։ Այս դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն և սոցիալ-բժշկական խնդրից վեր է ածվում ազգային անվտանգության հիմնախնդրի:

Անպտղության տարածվածության ցուցանիշները տարբեր երկրներում տատանվում են 8-25%-ի սահմանում: Չինաստանում, որի բնակչությունը գերազանցում է Հայաստանի բնակչությանը շուրջ 500 անգամ, անպտղությունն ավելի ցածր է՝ 12%։ Հայաստանն իր փոքրաթիվ բնակչությամբ հատել է ԱՀԿ-ի նշված ցուցանիշը և առաջ անցել աշխարհի մեծաթիվ բնակչություն ունեցող շատ երկրներից։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը, համեմատելով 2021 և 2009 թվականների հետազոտությունների տվյալները, նշում է, որ տղամարդկանց մոտ երկրորդային անպտղությունը 12 տարիների ընթացքում շեշտակի է աճել՝ 8 անգամ։

Եթե 2009-ին տղամարդկանց մոտ երկրորդային անպտղությունը կազմել է 2.2%, ապա 2021-ին՝ 17․6%։

Երկրորդային անպտղությունն աճել է նաև կանանց շրջանում, բայց ընդամենը 2 տոկոսով՝ 11%-ից հասնելով 13%-ի։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռուզան Մարտիրոսյանն ասում է, որ թեպետ երկրորդային անպտղությունը աճ է գրանցում, բայց կա դրական միտում առաջնային անպտղության ցուցանիշներում։

Տղամարդկանց շրջանում առաջնային անպղության ցուցանիշները գրեթե չեն փոխվել (2009թ․-ին՝ 2․3% , 2021թ․-ին՝ 2․2%), դե իսկ կանանց շրջանում նվազել են (2009թ․-ին՝ 5%, 2021թ․-ին՝ 1․3%)։

Առաջնային անպտղություն ախտորոշվում է այն զույգերի մոտ, որոնք 12 կամ ավելի ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության։

Ցավոք, նշված դրական միտումն առայժմ որևէ ազդեցություն չունի Հայաստանում պտղաբերության մտահոգիչ ցուցանիշների վրա, ինչն արդեն շուրջ երրորդ տասնամյակն է իջել է ԱՀԿ կողմից արդեն իսկ կրիտիկական համարվող 2.1 գործակցից։ Դա նշանակում է, որ Հայաստանում գրեթե 30 տարի պարզ վերարտադրություն՝ սերունդների փոխարինում, տեղի չի ունենում։

Անպտղության հաղթահարումը սովորաբար երկար տարիների բուժում և/կամ արտամարմնային բեղմնավորման առնվազն մի քանի փորձ է պահանջում։ Անուշի խոսքով, այս ճանապարհին շատերը կորցնում են երիտասարդ տարիները, առողջությունը, դառնում են նյարդային, հոգեպես անկայուն։

«Այս պարագայում խմբում ես ավելի շատ իրենց հույսն ու հավատն եմ․ չեմ թողնում թուլանան, հանձնվեն, «զենքերը վայր դնեն»։ Միշտ ասում եմ՝ պատկերացրեք՝ փողոցով քայլում եք․ դա ձեր կյանքի ընթացքն է, եթե հանկարծ ընկնում եք, չեք մնում ասֆալտին պառկած, վեր եք կենում, ձեզ թափ եք տալիս ու ճանապարհը շարունակում»։

Պետական աջակցություն

Հայաստանում երկու և ավելի տարի անպտղություն ունեցող 20-35 տարեկան կանայք իրավունք ունեն օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։

Ընդ որում՝ 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը։

38-ամյա Անժելան (անունը փոխված է) «Ամփոփ Մեդիա»-ին ասում է, որ տարիքի պատճառով չի կարող օգտվել պետական աջակցությունից։ Նա 18 տարի է երեխա չի կարողանում ունենալ։ Ասում է, որ այս տարիների ընթացքում հսկայական գումարներ է ծախսել։ Ֆինանսական միջոցներն էլ այլևս թույլ չեն տալիս փորձել արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ։

«Հրաշքի եմ սպասում, հույս ունենք, որ պետությունը կվերանայի այս շեմը, 35 տարեկանից բարձր կանայք շատ ունեն դրա կարիքը։ Արհեստական բեղմնավորման միայն նախապատրաստական փուլը 1 միլիոն 200 հազար դրամ է»,- ասում է Անժելան։

Անուշ Մկրտչյանն էլ է հաստատում, որ 35 տարեկանից բարձր կանանց շրջանում արտամարմնային բեղմնավորման պետական ծրագրից օգտվելու մեծ պահանջ կա․

«Նրանք միլիոններով վարկերի տակ են՝ ֆեյսբուքյան խմբի մասնակիցների մեծ մասը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն։ Մարդիկ տուն-տեղ, մեքենա են վաճառում կամ գրավ դնում։ Մարդ կա մեր խմբում՝ տունը գրավ է դրել, որ փոխնակի միջոցով բալիկ ունենա»,- ասում է Անուշը։

Պետական աջակցությունից կարող են օգտվել նաև սահմանամերձ բնակավայրերի մեկ երեխա ունեցող և առնվազն երկու տարի երկրորդային անպտղություն ունեցող զույգերը։ Այս հնարավորությունից ևս կարող են օգտվել 20-35 (ներառյալ) տարեկան կանայք։

Պետական աջակցությունից կարող են օգտվել նաև 28-42 տարեկան անզավակ կանայք, որոնք չունեն «անպտղություն» ախտորոշում։ Նրանց համար կարող է կատարվել սերմնավորման 6 անվճար փորձ, սակայն նրանք չեն կարող օգտվել արտամարմնային բեղմնավորման ծրագրից։

ԱՆ ներկայացուցիչ Ռուզան Մարտիրոսյանի խոսքով, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը սկսվել է 2019-2020 թթ․-ից, իսկ մինչ այդ շատ սահմանափակ ծառայություններ են մատուցվել։ Ծրագրի վերջին ընդլայնումները տեղի են ունեցել 2023 –ի հունվարին և նոյեմբերին։

Նրա խոսքով, 2019 թ․-ից մինչև 2023-ի նոյեմբեր ամիսները, երբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն ավելի հաճախ սկսեցին կիրառվել, այս նպատակով ավելի քան 3 միլիարդ դրամ հատկացվեց պետբյուջեից։

Անպտղության պատճառները

Ըստ Ռուզան Մարտիրոսյանի, անպտղության պատճառների մասին հնարավոր է միայն ենթադրություններ անել։ Կարող է ոչ առողջ ապրելակերպը պատճառ լինել, նաև սեռավարակներն են նպաստում տղամարդկանց մոտ անպտղության զարգացմանը։

«Անպտղության նվազման հարցում կարևոր է հատկապես սեռավարակների կանխարգելումը, հորմոնալ մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը, ընտանիքի պլանավորումը», – ասում է նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ ամուսնությունը գրանցելուց հետո 3 ամսվա ընթացքում զույգերը պոլիկլինիկայում կարող են անցնել մի շարք հետազոտություններ, որոնք ուղղված են նաև անպտղության կանխարգելմանը։

«Պատճառները բազմազան կարող են լինել, բայց կոնկրետ ասել, թե ինչով է պայմանավորված, որ մեր երկրում այսքան կտրուկ աճ կա, հնարավոր չէ․ հետազոտությունն այդ ինֆորմացիան չի տալիս։ Դրա համար պետք է ավելի թիրախային հետազոտություն անել և վեր հանել պատճառները»,- ասում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը։

Առկա հետազոտությունները քանակական են, պատճառները վերհանված չեն, սակայն հետազոտության շրջանակներում հարցված տղամարդիկ իրենց կարծիքն են հնչեցրել՝ հիմնականում որպես պատճառ նշելով բորբոքային հիվանդությունները, սեռավարակները, ընդհանուր հիվանդություններն ու տարիքը։
Նարինե Բեգլարյանի կարծիքով, կարելի է ենթադրել, որ սեռավարակները կարող են ձեռք բերված լինել աշխատանքային միգրացիայի հետևանքով։

«Նաև ֆիզիկական ակտիվության պակասը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, ժամանակին բուժօգնություն չստանալը, մեծ հավանականությամբ, կարող են հանգեցնել անպտղության», – ասում է Նարինե Բեգլարյանը։

Հարցված կանայք որպես պատճառ նշել են կեսարյան հատումը, հղիության արհեստական ընդհատումը և տարիքը։

Հայաստանում ամուսնացողների և երեխա ունեցողների միջին տարիքը բարձրացել է, վերջին տարինեներին կտրուկ ավելացել են կեսարյան հատումները։

Հեղինակ` Լիլիթ Հարությունյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Տվյալների մշակումը՝ Կարինե Դարբինյանի

Կարդացեք նաև՝  Փոխնակ մայրության պահանջարկը մեծացել է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/03/2024