Սոցիալական

Արդյունքը փոխում է վերաբերմունքը․ կանանց ֆուտբոլի ներուժը Հայաստանում

Կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար, Հայաստան-Հորդանան 1-1, ապրիլի 10, 2021թ․

Հայաստանի կանանց ազգային ֆուտբոլի հավաքականից 30-ամյա Անի Ղուկասյանն արդեն շուրջ տասը տարի է զբաղվում է ֆուտբոլով։ Սկզբում հանդես է եկել «Ֆուրման» ակումբում, լուծարվելուց հետո՝ տեղափոխվել «Քոլեջ», այնուհետև խաղացել է Բելառուսիայում և Ուկրաինայում, որից հետո «վերջին կանգառը» եղել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը։ Նա ընդգրկված է նաև Հայաստանի կանանց ազգային ֆուտբոլի հավաքականի կազմում։

«Մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլ խաղալ։ Մորաքույրս նույնպես զբաղվում էր ֆուտբոլով, իր հետ գնում էի պարապմունքների, բակում եղբայրներիս հետ մշտապես խաղում էի։ Մեծ սերն է դրդել ընտրել ֆուտբոլը»,- ասում է Անին։

Ընտանիքը բավականին հանգիստ է ընդունել Անիի ընտրությունը։ «Քննադատություններ, իհարկե, եղան դպրոցում, բակում, բայց երբ տեսան իմ առաջընթացը, հաջողությունները, վերաբերմունքը փոխվեց, սկսեցին ուրախանալ ինձ համար»։

Կանանց ֆուտբոլը բազմաթիվ երկրներում վաղուց խորթ մարզաձև չի ընկալվում հանրության կողմից, և գրանցում են բավականին լավ արդյունքներ։ Հայաստանում այն դեռևս առաջին, սակայն հաստատուն քայլերն է անում դեպի մեծ խաղ։ Եվ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կարծես շատ լուրջ է տրամադրված։

Այս պահին Հայաստանում կա կանանց մինչև 17 տարեկանների և մինչև 19 տարեկանների Ազգային ֆուտզալի հավաքական և Ազգային ֆուտբոլի հավաքական։

image-15845
Կանանց ազգային հավաքականը Հայաստան-Հորդանան խաղից րոպեներ առաջ

 

ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ կանանց ֆուտբոլում հաջողությունները նկատելի են. «Հայաստանում երբեք չի եղել, որ ֆուտբոլում միաժամանակ 4 հավաքական լինի ձևավորված, սա առաջին անգամ է։ Փոքր հավաքականներում առաջընթացը դեռ այդքան տեսանելի չէ, քանի որ ծրագիրը նոր ենք սկսում, և եթե մենք աշխատենք մեր մշակած ռազմավարությամբ, պատանեկան հավաքականների մասով առաջընթացը տեսանելի կլինի 2-3 տարուց»։

Թադևոսյանն ամենամեծ առաջընթացը համարում է Կանանց Ազգային հավաքականի «վերածնունդը». այն բաղկացած է սփյուռքահայերից, օտարերկրացի և հայաստանաբնակ ֆուտբոլիստներից։

«Շատ հզոր հավաքական ունենք հիմա։ Շատ ուրախ եմ, որ վերջապես Կանանց ազգային հավաքականը կա ու ոչ թե կա ուղղակի լինելու համար, այլ կա, որովհետև նպատակներ ունի, որոնք պետք է իրականացնել»,- ասում է նա։

image-15846
Հավաքականի պաշտպաններից՝ 19 համարի ներքո խաղացող Արմինե Խաչատրյանը

 

Հավաքականն իր գործունեությունը վերսկսել է շուրջ 8 տարի դադարից հետո՝ 2020-թ-ին Լիտվայի հետ խաղով. «Շատ նկատելի էր տարբերությունը, մենք այլևս այն հավաքականը չենք, որը սովոր էր լսել՝ նորմալ է 18-0, 20-0 հաշվով պարտվելը։ Ոչ, մենք չենք պարտվելու, այլ հաղթելու ենք, քանի որ պոտենցիալը կա, և ցանկացած խաղ, կապ չունի՝ ով է մրցակիցը, դուրս ենք գալու հաղթանակելու տրամադրվածությամբ»,- ասում է Թադևոսյանը։

…ոչ, մենք չենք պարտվելու, այլ հաղթելու ենք…, դուրս ենք գալու հաղթանակելու տրամադրվածությամբ

image-15847
Գոոոոոոոոոոոոոոոոոլ

 

Կանանց ֆուտբոլը զարգանում է նաև տղամարդկանց ֆուտբոլի օգնությամբ․ դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, իսկ այդ հարցում կարևոր դեր ունեն գործող ֆուտբոլային ակումբները։

ՈՒԵՖԱ-ն նույնպես այն մտքին է, որ այլ կերպ հնարավոր չէ արագ զարգացնել կանանց ֆուտբոլը։ Այդ իսկ պատճառով ըստ լիցենզավորման չափանիշների՝ շուտով բոլոր այն ակումբները, որոնք  կցանկանան ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի լիցենզավորում, պարտադիր պետք է ունենան կանանց թիմեր։

«Այս դեպքում ակումբ-ֆեդերացիա փոխօգնությունը շատ կարևոր է։ Արդյունքում, դա կդառնա Ա կատեգորիայի արտոնագրման պահանջ ՝ այսինքն չես կարող գումար տալ [հեղ․ անդամավճար] ու չունենալ․ կանանց թիմ ունենալը պարտադիր է»։

image-15848
Հայաստանի և Լիբանանի ազգային հավաքականների ավագները փոխանակվում են հավաքականների տարբերանշաններով

 

Ապրիլի 7-12-ը Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար, որը կազմակերպել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ի հովանու ներքո, և այն կրում էր Our Game («Մեր խաղը») անվանումը։ Մրցաշարին մասնակցում էին կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։ Մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին Երևանում և Չարենցավանում։

Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ Our Game մրցաշարի փոխչեմպիոն:

image-15849

«Our Game՝ «Մեր խաղը», սա մեր ռազմավարության կարգախոսն է. մեր խաղն է, մենք էլ կարող ենք խաղալ, ու մեր ձևով ենք խաղալու։ Ահռելի մեծ աշխատանք է իրականում, ինչքան շատ մարդ մեզ օգնի, ավելի շատ կզարգանա կանանց ֆուտբոլը Հայաստանում։ Խաղերը մեզ մեծ փորձ տվեցին՝ թե՛ թիմին և թե՛ մարզչին՝ Պարոն Սանամյանին, ով կարճ ժամանակ է կանանց ֆուտբոլում, բայց արդեն ամբողջովին մեզ հետ է»,- ասում է Թադևոսյանը։

image-15850

Նմանատիպ մրցաշարերն ունեն նաև սոցիալական նպատակ, որ մարդիկ կանանց ֆուտբոլին նորմալ վերաբերվեն, ինչպես տղամարդկանց ֆուտբոլին։

image-15851

Կանանց ազգային հավաքականի մարզիչ Արմեն Սանամյանը մրցաշարի ընթացքում ընդհանուր կատարած աշխատանքից գոհ է։ Գլխավոր մարզիչը հավաքականի առաջնային նպատակը համարում է խաղակցվածությունը ֆուտբոլիստների միջև, ինչպես նաև ֆիզիկական լավ պատրաստվածությունը։

«Իհարկե, տարբերությունները շատ են տղամարդկանց ֆուտբոլից։ Ես պատրաստ էի բարդ իրավիճակների։ Բարեբախտաբար, մենք շատ արագ իրար հասկացանք։ Մեր աղջիկները դեռևս կիսապրոֆեսիոնալ են, բայց կարծում եմ միասին երկար աշխատելու դեպքում կհասնենք պրոֆեսիոնալի մակարդակին»։

Անին միայն դաշտի խաղով չի բավարարվում։ Նա հետևում է գերմանական, անգլիական ու ամերիկյան կանանց ակումբների խաղերին և երազում՝ մի օր այնտեղ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալու մասին. «Անգամ այդ ակումբների խաղացող կանանց համար է դա երազանք, որովհետև իրենց մոտ շատ զարգացած է ֆուտբոլը, հարյուրավոր կանանցից կարող է ընտրվեն ընդամենը 20-ը»։

Անիի նպատակներից են հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, ինչպես նաև «Ալաշկերտի» կազմում Չեմպիոնների լիգայում հանդես գալը։ Վերջնական նպատակը կանանց ֆուտբոլի մարզիչ դառնալն է։

image-15852

Մայիսին հաստատվեց կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման F խմբի հանդիպումների խաղացանկը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է ԱԱ 2023 որակավորման հենց այս խմբում։ Համաձայն հաստատված խաղացանկի հավաքականի պաշտոնական առաջին հանդիպումը կայանալու է Նորվեգիայի կանանց հավաքականի հետ՝ սեպտեմբերի 16-ին։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում հավաքականը դաշտում կհանդիպի նաև Լեհաստանի, Ալբանիայի, Կոսովոյի, Բելգիայի և Նորվեգիայի հավաքականների հետ։

ՀՖՖ ներկայացուցիչ Աննա Թադևոսյանն ասաց, որ իրենց ռազմավարության մեջ մտնում է նաև բոլոր մարզերում «Տաղանդների խումբ» ստեղծելը , որի անդամները կմարզվեն հատուկ ծրագրով, հատուկ մարզիչների հետ ու պատրաստ կլինեն բոլոր հավաքականների համար։

«Մոտ 2-3 տարուց ունենալու ենք բոլոր տարիքային խմբերի հզոր հավաքականներ։ Մեր մարզային ներկայացուցիչները մեզ շատ են օգնում գտնելու տաղանդների»։

image-15853
Հավաքականի կիսապաշտպան Նենսի Ավեսյանը, 7 համար

Թադևոսյանի կարծիքով` հիմնական խնդիրը մտածողության մեջ է, որը շատ արագ չի կարող փոխվել։ «Բայց դա անլուծելի չէ, կարևորը՝ ՀՖՖ ղեկավարությունը կարևորում է կանանց ֆուտբոլը, եթե դա չլիներ, դժվար թե հասնեինք այս ամենին: Մնացած խնդիրներն առօրյա են, որոնք շատ արագ կարող ենք լուծել և շարունակել աշխատել մեր ծրագրով»։

image-15854
Աննա Թադևոսյանը հավաքականի ավագ Օլգա Օսիպյանին է փոխանցում մրցաշարի «Լավագույն խաղացող» արձանիկը

 

Հիմա առաջնայինը Ազգային հավաքականին արժանի մասնակցությունն է Աշխարհի առաջնության որակավորման փուլում, իսկ գերնպատակը՝ եզրափակիչ փուլ դուրս գալն է. «Իհարկե, բարդ է, մենք նոր ենք, բայց և վստահում ենք մեր թիմի ուժերին, մեր նոր մարզչին, մարզչական շտաբին և հուսով ենք, որ կհասնենք այդ նպատակներին։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Լուսանկարները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Լուսանկարների հեղինակ՝ Հակոբ Բերբերյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/04/2021