Սոցիալական Քաղաքական

Ի՞նչ արժե հայրենիքին ծառայելը կամ ՊՆ-ի ներկա/նախկին առաջարկները

Խմբագրություն․ վերջին տարիներին Պաշտպանության նախարարությունը հաճախ է հանդես գալիս զինվորական ծառայությանը վերաբերող այնպիսի առաջարկներով, որոնց հիմքում, հավանաբար, մեկ նպատակ կա՝ բանակում ծառայությունը ֆինանսական տեսանկյունից այնքան գրավիչ դարձնել, որ պարտադիր զինծառայողների մոտ ցանկություն առաջանա անցնել պայմանագրային ծառայության այն գիտակցմամբ, որ այդ ծառայության մաս կարող է կազմել նաև մարտական գործողություններին մասնակցությունը։ Այդպիսին էր «Ես եմ» ծրագիրը, որը հաստատվել էր նախորդ իշխանությունների կողմից 2017թ․-ին։ Այժմ «Ես եմ»-ին գալիս է փոխարինելու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը՝ ՊՆ-ի ներկայիս ղեկավարության առաջարկով։ 

Ինչևէ, նախորդ առնվազն վեց-յոթ տարիների ընթացքում այսպիսի բազմաթիվ առաջարկներ են եղել, սակայն ոչ բոլորն են օրենսդրական նախագիծ դարձել, իսկ նախագծի փուլ հասածներից ոչ բոլորն են ԱԺ-ում ընդունվել։ Բացի այդ, կան օրենսդրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ մտնելուց հետո չեն արդարացրել սպասելիքները։ Համենայնդեպս, այդպես են ասում ոլորտի պատասխանատուները, օրինակ, «Ես եմ» ծրագրի մասին, որը կդադարի գործել 2023թ․-ի հունվարի 31-ից։

«Ամփոփ Մեդիան» սույն նյութով անդրադառնում է դրանցից մի քանիսին՝ նախ՝ ներկայացնելով վերջին շրջանում ամենաակտիվ փուլում գտնվող նախագծերն ու ընդունված օրենսդրական փոփոխությունները՝ հնարավորություն տալով ընթերցողին տեղեկանալ, թե ըստ ոլորտի պատասխանատուների՝ որքան արժե հայրենիքին ծառայելը, իսկ որոշ դեպքերում նաև՝ չծառայելը։

Կառավարությունն ընդլայնում է զինծառայությունից տարկետում տրամադրելու շրջանակները բարձրագույն ուսումնական հաստատություններում որոշ մասնագիտություններ ուսուցանողների համար։

Տարկետման իրավունք կստանան բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտություններն ընտրած զորակոչիկները:

Վերջիններս չեն զորակոչվի մինչև 28 տարեկանը լրանալը, նախկին 27 տարեկանի փոխարեն:

Այսպիսի փոփոխություններ կատարվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում, որոնք խորհրդարանն ընդունել է հոկտեմբերի 5-ին։

Փոփոխված տարբերակում նշվում է, որ տարկետման իրավունք տրվելու է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին:

Ակադեմիական տարկետման իրավունք կստանան բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններում` բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Իսկ, այսպես կոչված՝ արտոնյալ բուհերն ու սահմանված մասնագիտությունների ցանկը որոշելու է Կառավարությունը: Այս պահին այն դեռ հայտնի չէ։

Խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարզաբանել էր, թե ինչու են առաջարկել տարկետումը տրամադրել մինչև 28 տարեկանը լրանալը, նախկին 27-ի փոխարեն։

Ըստ նրա, հանրակրթության տևողությունը 12 տարի դառնալուց հետո «ակադեմիական տարկետում» ունեցող ասպիրանտուրայի ուսանողների համար խնդիր էր առաջանում՝ ուսումը չավարտած զորակոչվել զինծառայության։

Պատճառն այն էր, որ տարկետման ժամկետը ուժը կորցնում էր ուսանողի տարիքով պայմանավորված, այն դեպքում, երբ տվյալ ուսանողը դեռ սովորում էր ասպիրանտուրայի երկրորդ կուրսում։

Այս փոփոխություններով Կառավարությունը կարծես աստիճանաբար հետքայլ է անում տարկետման դեմ պայքարի օրենսդրական կարգավորումներից

Դեռևս 2017 թվականի նոյեմբերին 6-րդ գումարման խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով խստացվեց ակադեմիական տարկետում ստանալու իրավունքը։

Օրենսդրական փոփոխություններով՝ տարկետման իրավունք ստացան միայն նրանք, ովքեր ՊՆ-ի հետ կնքեցին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայության անցնելու պայմանով:

Այդ նախագծին դեմ էր քվեարկել այն տարիներին ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, որի անդամներն էին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները: Այս փոփոխությունները փողոց էին հանել հարյուրավոր երիտասարդների, որոնք պայքարում էին ակադեմիական տարկետման իրավունքի համար:

«Հանուն գիտության զարգացման» շարժման շրջանակներում ուսանողներն ու նրանց միացած գիտաշխատողներն անհնազանդության մի շարք ակցիաներ իրականացրին, սակայն, միևնույն է, խորհրդարանն ընդունեց կառավարության հեղինակած փոփոխությունները:

2017թ․ օրենքում արված փոփոխություններից հետո Հանրապետական կառավարությունը որոշում ընդունեց` սահմանելով «Ես եմ» ծրագրի դրույթները: Այդ ծրագիրն ընտրած զորակոչիկների համար ծառայության ժամկետ սահմանվեց 3 տարին, որի առաջին 6 ամիսը` ուսումնական զորամասում։

Մնացած 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է ծառայությունն իրականացներ մարտական դիրքերում։

Ծառայության ավարտին նրա հաշվին փոխանցվում էր շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանար օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան գնելու, գյուղատնտեսության ոլորտում կամ ուսման վարձը վճարելու համար:

Չնայած այս փոփոխությունները կատարվել են վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման շրջանից առաջ, սակայն դրանց իրագործումը բաժին հասավ նրա ղեկավարման տարիներին:

Բայց ինչպես նշվում է  2022թ․ օգոստոսին ՊՆ-ի կողմից քննարկման դրված մեկ այլ նոր օրենսդրական նախագծում` այս տարիների ընթացքում զինակոչիկների մոտ «Ես եմ» ծրագիրը լայն հետաքրքրություն չի առաջացրել, որի պատճառով էլ մասնակիցների ակնկալվող քանակը չի ապահովվել։ Նշվում է նաև, որ 2021-2022թթ. զորակոչերին ծրագրում ընդգրկվելու ոչ մի դիմում չի ստացվել: Ըստ սույն փաստաթղթի, տվյալ ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը 3 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ․ հունվարին:

Փոխարենն առաջարկվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն էլ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց թե՛ Կառավարությունում, թե՛ խորհրդարանում՝ վստահեցնելով, որ այն նպատակ ունի բարձրացնել պայմանագրային զինծառայության անցնելու գրավչությունը:

Ինչպե՞ս

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսները լրանալուց հետո ծրագիրը նախատեսում է Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ 5 տարի ժամկետով:

Ընդ որում, պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ժամկետից շուտ ծառայությունից արձակվելու դեպքում՝ Կառավարությունը սահմանում է 5 մլն դրամ պատվովճար ստանալու իրավունք։ Գումարը տնօրինվելու է՝ ըստ զինծառայողի հայեցողության:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ զորակոչվելուց և 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց և «որպես զինվոր թրծվելուց հետո» Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող և օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր սոցիալական երաշխիքներից ու արտոնություններից:

Նախարարը շեշտել է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նաև սոցիալական կոմպոնենտ ունի։

«Դիցուք, 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է դառնալ պայմանագրային զինծառայող և այդ օրվանից վաստակել շուրջ 316 հազար դրամ աշխատավարձ, եթե ծառայությունը մարտական է: Մարտական հերթապահություն կատարելու պարագայում՝ ընդհուպ 380 հազար դրամ աշխատավարձ, և դա 5 տարի շարունակ: Վերջում էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար և այդ գումարն էլ կարող է տնօրինել ցանկացած ուղղությամբ»,- ասել է նա:

Ծրագրի ներդրմամբ դադարեցվելու է «Ես եմ» ծրագիրը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հավանաբար, առաջիկա օրերին ԱԺ-ն նախագիծը կընդունի նաև երկրորդ ընթերցմամբ, քանի որ Irtek համակարգում արդեն առկա է օրենքի նոր խմբագրությամբ տարբերակը, որում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնելու 2023թ․ հունվարի 31-ից։

Լրացում․ Դեկտեմբերի 7-ին 91 կողմ, 0 դեմ ձայներով Խորհրդարանն ընդունեց պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» նոր համակարգին վերաբերող օրենքի նախագիծն ամբողջությամբ։

Դեռևս 2019 թ․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր արագացված ընթացակարգով զինծառայության կարգ, որի դեպքում քաղաքացին, վճարելով 10 միլիոն դրամ, կազատվեր երկու տարվա պարտադիր զիծառայության պարտավորությունից` ծառայելով ընդամենը մեկ ամիս:

Նախագծի հեղինակը 10 միլիոն դրամ պետական տուրքի չափ էր որոշել` հաշվի առնելով երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա միջին աշխատավարձի չափը: Նախագիծը հանրային բուռն քննադատությունից հետո դուրս եկավ շրջանառությունից:

Նշենք նաև, որ գործող իշխանությունը չերկարաձգեց նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը` այն հիմնավորմամբ, որ սա դարձել է բանակից խուսափելու օրենք, երբ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները, վճարելով բացակայած զորակոչերի քանակին համապատասխան պետական տուրք, ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Այս օրենքում վերջին փոփոխություններն արվել էին 2017-ի դեկտեմբերին` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2019-ի դեկտեմբեր: Փոփոխություններով բարձրացվեցին նաև քրեական հետապնդումը դադարեցնելու դրույքաչափերը. եթե մինչև 2015 թվականը գործող օրենքով՝ մեկ զորակոչից խուսափելու համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով գումար, ապա փոփոխություններով այն դարձավ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափ։

Այս օրենքի գործողության ժամկետի ավարտից հետո պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը և Մխիթար Հայրապետյանը նոր կարգավորում էին առաջարկում զինվորական ծառայությունից խուսափած և դրա համար հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների համար:

Օրենսդիրներն առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին [պահեստազորի դեպքում՝ մինչև 35] լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ, և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում:

Նախագծով առաջարկվում էր քրեական հետապնդումը դադարեցնել, եթե հետախուզվողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության երկու տարի ժամկետով:

Ստացվում էր, որ ոչ թե իշխանությունները դեմ էին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կարգավորումներին՝ այն համարելով բանակից խուսափածների օրենք, այլ պարզապես բարձրացնում էին դրույքաչափերը:

Եթե նախորդ դեպքում քաղաքացին 18-ից մինչ 27 տարին լրանալը բացակայած 18 զորակոչի համար պետք է վճարեր 3 միլիոն 600 հազար դրամ (1000 x 200 x 18), ապա առաջարկվող փոփոխությունների դեպքում պետական տուրքը գրեթե կկրկնապատկվում էր՝ դառնալով 5-5,5 միլիոն դրամ (պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձ, հավելավճարներ):

Այս նախագիծը ևս դուրս եկավ շրջանառությունից: Եվ ահա 2021-ի մայիսին կառավարությունը մարդասիրության և համերաշխության սկզբունքներից ելնելով՝ համաներում հայտարարեց, ի թիվս այլ հանցանքների, նաև քրօրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ:

Նախագծի քննարկմանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց` համաներման ակտից հետո իր և գործընկերների հեղինակած նախագծին վերադառնալու են, պարզապես պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել են:

Պատգամավորի մատնանշած նախագիծը չհայտնվեց շրջանառության մեջ, փոխարենն օրակարգ եկավ հեղափոխական կառավարության մեկ այլ առաջարկ, համաձայն որի՝ խոշոր գումարի դիմաց հնարավոր է զորացրվել պարտադիր զինծառայությունից՝ առաջին 4.5 ամիսը ծառայելուց հետո։

Խոսքը 24 մլն դրամ վճարի մասին է, ինչը այս նյութը հրապարակելու պահին հավասարազոր է 60 000 ԱՄՆ դոլարի։ Ըստ սույն առաջարկի հեղինակների, գումարն ուղղվելու է պայմանագրային զինծառայողների վարձատրության բարձրացմանը:

Սակայն պարզ չէ` այդպես զինծայություն անցած անձինք պետք է համարվեն զինապա՞րտ, թե՞ զինծառայությունից ազատված, վերջիններս ընդգրկվելո՞ւ են պահեստազորում, թե՞ ոչ, և արդյոք պատերազմական իրավիճակում ենթակա՞ են զորակոչի:

Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Կառավարությունը սույն առաջարկի վերաբերյալ։

Դեռևս 2019 թվականից հանրության շրջանում լայնորեն քննարկվում էր զինծառայության ժամկետը կրճատելու, մասնավորապես՝ առաջնագծի զինծառայողների համար զինծառայությունը 1.5 տարի սահմանելու հարցը: Վարչապետ Փաշինյանը պարբերաբար խոսում էր պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու մասին: Այդ մասին նա խոսել էր նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Հարցը նաև տեղ գտավ Կառավարության 2021 թվականի ծրագրում:

2021 թվականի ապրիլի 19-ին էլ Վայոց ձորի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, թե զինծառայության ժամկետների կրճատման տարբեր գաղափարներ կան, օրինակ՝ կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի բոլորը այդ մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն, և պրոֆեսիոնալ բանակ լինի:

Եվ չնայած Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է, որ Կառավարությունը մտադիր է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային զինծառայողների, սակայն այդպես էլ չի հստակեցվում, որ այն լինելու է ի հաշիվ ժամկետային զինծառայողների վճարած գումարի:

Նշենք նաև, որ 2022թ․ հոկտեմբերի 13-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել նախագծերի փաթեթ, որի համաձայն՝ ատեստավորված պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կբարձրանա:

Կառավարության որոշմամբ կսահմանվի․

  • Ատեստավորման կարգը,
  • Մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը,
  • Ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը,
  • Վճարման և հաշվարկման կարգերը,
  • Հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` սա պրոֆեսիոնալ բանակ ունենալուն ուղղված բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է` առաջիկայում նախատեսվում է, որ պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները կդառնան 25 օր։

Այսպիսով, այլևս եռամսյա հավաքներ չեն լինի, հավաքները կդառնան 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտների համար:

Նախատեսվում է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն ստեղծել նաև կանանց համար:

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան, Սուրեն Դեհերյան
Պատկերազարդումն ու ինֆոգրաֆիկը՝ Անուշ Բաղդասարյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/11/2022